Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

9-ի 9-ի, հարկ վճարողի ու Պուտինի կենացը

9-ի 9-ի, հարկ վճարողի ու Պուտինի կենացը
09.09.2024 | 15:25

Վարչապետ Փաշինյանը մեկ օրում երեք «կենաց խմեց»:

Մեկը՝ հարկ վճարողների, մյուսը՝ «Զանգեզուրի միջանցքը» կյանքի կոչելու, երրորդն էլ՝ Վլադիմիր Պուտինի «ազատության»:

Առաջինով թամադաներին հորդորեց զինվորների կենացին հավասար բաժակ բարձրացնել թիվ մեկ հերոս՝ հարկ վճարողների համար:

Երկրորդով՝ նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի համար գիտակից հայերիս համբերության բաժակը լցրեց ու հայ ազգի արյունը խմեց:

Երրորդով էլ՝ ստորագրությունը հետկանչելով Պուտինին ձերբակալության օրդերից ձերբազատեց:

Այն, որ հարկ վճարողը հերոս է, առաջին անգամ չէ, որ լսել ենք:

Որ Հայաստանը «Գուբերնիա» սարքող «կայսրին» մի օր կարելի է կոշտ քննադատել ու մեղադրել, իսկ օրեր անց քծնել, նրա հանդեպ հարգալից վերաբերմունք պահանջել ՝ ևս չենք զարմանում:

Չենք զարմանում, որովհետև փաստ է՝ վարչապետի նեղ օրվա լավ ընկերը, իր փրկիչն ու պահապան պապան Պուտինն է, որի հետ գծած-գրած, համաձայնեցված է ամեն մի քայլ ու սցենար:

Չենք էլ զարմանում սկսած հնչող ձևական քննադատություններից, մեղադրանքներից, հակառուսական տրամադրությունների գեներացումից, միջպետական հարաբերությունները ճգնաժամից, վերջացրած «Հռոմի ստատուտ» ստորագրելուց ու երկու ամիս անց Պուտինին Միջազգային Քրեական Դատարանի կալանավորման օրդերի աջակցմանը հրաժարվելուց:

Քանզի այսօր պետք է պարզվի, որ Հայաստանը հետ է վերցրել իր ստորագրությունը Եվրախորհրդի հռչակագրից և հրաժարվել է Վլադիմիր Պուտինի նկատմամբ ՄՔԴ-ի կալանավորման որոշումն իրագործելուց:

Ավելի վաղ Մոնղոլիան հրաժարվել էր կատարել ՄՔԴ-ի կողմից Պուտինին ձերբակալելու հրամանը, այդ իսկ պատճառով վերջինս պաշտոնական այցով գտնվելով այնտեղ, ձերբակալվելու փոխարեն աննախադեպ ընդունելության արժանացավ:

Եվրախորհրդի սեպտեմբերի 6-ի հրապարակված փաստաթղթում նշվում են այն երկրները, որոնք սատարել են հռչակագիրը, սակայն Հայաստանը, որը ստորագրել էր նախագիծը, վերջնական ցանկում չկա։

Այս մասին են վկայում ԵԽ կայքում հրապարակված փաստաթղթի վերջնական տարբերակի տվյալները։

Պաշտոնական մեկնաբանություն այս հարցի վերաբերյալ դեռևս չի եղել։

Ինչ վերաբերում է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, ապա վարչապետը հաստատեց, որ «փաստաթղթից դուրս գալու կարիք չի տեսնում»:

Վերջինս նոյեմբերի 9-ի հայտարարության մասով իր պրիմիտիվ կռուտիտներով սուտի շուստրի կխաղա, լոլոներ կկարդա, բայց այդ լակմուսի թղթի դենոնսացման ու իր ստորագրությունը հետ կանչելու որոշմամբ հանդես չի գա:

Ընդհակառակը՝ անոնսեց Հայաստանով անցնող ճանապարհների անվտանգությունը որևէ մասնավոր կազմակերպությանը հանձնելու հնարավորության մասին:

Այս պահին քննարկվում է Հայաստանի Հանրապետության պետական սահմանի որոշակի հատվածում պետական սահմանի պահպանությունը կոնցեսիոն պայմանագրով մասնավոր ընկերության հանձնելու հարցը:

Իսկ դա նշանակում է, որ ՀՀ-ն պաշտոնապես ճանաչում է այն փաստը, որ իր սուվերեն տարածքում անկարող է անվտանգություն ապահովել և իր սուվերեն իրավունքը զիջելով այդ պարտականությունը հանձնում է ինչ-որ մասնավոր կազմակերպությանը, որն ավելի վստահելի է, քան ՀՀ անվտանգության մարմինները:

Իսկ ով կբացառի, որ նման բան թույլ տալուց հետո, այն հիմք չի հանդիսանա, որպեսզի հաջորդիվ Ադրբեջանը կամ մեկ այլ երկիր, հարց չբարձրացնի՝ ասելով, որ եթե Հայաստանն անկարող է իր մի հատվածում անվտանգություն ապահովել, և այդ փաստը պաշտոնապես ճանաչում է, ապա ինչ երաշխիք կա, որ իր մյուս հատվածներում կարող է նման գործառույթ իրականացնել:

Հետևաբար՝ մյուս հատվածներում նույնպես միջազգային մասնավոր ընկերություններ պետք է անվտանգություն ապահովեն:

Եվ սրան պատրաստ է գնալ մի մարդ, որը խոսոմ էր սուվերենության մասին:

Ինչ է սա, եթե ոչ Հայաստանի սուվերենության աստիճանի իջեցում:

Ստացվում է՝ հիմա պետք է տեսնենք, թե արտաքին խաղացողների կոմպրոմիսի կամ պայքարի արդյունքում ու՞մ առաջարկած կազմակերպությունը պետք է Հայաստանում անվտանգություն ապահովի:

Իսկ «Զանգեզուրի միջանցքի» հարցով, եթե ժամանակին նոյեմբերի 9-ի 9-րդ կետով որպես համարժեք կամ հակակշիռ պահանջ դրվել էր «Լաչինի միջանցքը», այսինքն՝ եթե չտանք Սյունիքով ճանապարհ Ալիևը կփակի Լաչինի միջանցքը, ապա հիմա ոչ Լաչինի միջանցք կա, Արցախում ոչ հայ կա, բայց չգիտես ինչու քննարկվում է Սյունիքի ճանապարհի վերահսկողության հարցը։

Եվ դա նորմալ է, որովհետև Փաշինյանն իր ստորագրությունը հետ չի կանչել:

Իսկ եթե հետ չի կանչում ստորագրությունը, նշանակում է, որ ուզի թե չուզի պետք է 9-րդ կետը կատարի։

Եթե վերջինս հրաժարվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության այն դրույթներից, որոնք վերաբերվում են Արցախին ու Լաչինի միջանցքին, դա չի նշանակում, որ նույն հայտարարության 9-րդ կետի կատարումից՝ այն է Սյունիքով անցնող ճանապարհից հրաժարվել են Ռուսաստանն ու Ադրբեջանը։

Նա Մոսկվային և Բաքվին անգամ չի ակնարկում, որ պետք է նրանք նախ և առաջ կատարեն նախորդող 8 կետերը՝ ստեղծեն այն ստատուս-քվոն, որը կար մինչև Լաչինի միջանցքի փակումն ու Արցախի հայաթափումը, որից հետո Երևանը կկատարի Սյունիքի ճանապարհի վերաբերյալ իր ստանձնած պարտավորությունները։

Ստացվում է՝ հերիք չէ, որ հետ չի կանչում այդ հայտարարության տակ դրված իր ստորագրությունը, բայց նաև չի էլ պահանջում մնացած կետերի կատարումը։

Իսկ դա նշանակում է, որ եթե դու չես անում դա կամ դրանք քեզ պետք չեն, ուրեմն մյուս կողմերը պետք է հրաժարվեն իրենց ուզածից:

Իսկ եթե չես կատարում վերոնշյալ հայտարարության քո մասով պարտավորությունները, ապա չի բացառվում որ մի օր Ադրբեջանը ուլտիմատում դնի ու պահանջը չբավարարվելուց հետո հայտարարի, որ միակողմանի գնում է կատարելու նոյեմբերի 9-ի 9-րդ կետը:

Իսկ դա նշանակում է, որ մի գեղեցիկ օր գալու է ու մտնի Հայաստանի տարածք՝ մինիմում օկուպացնելով Սյունիքի հարավը:

Դե հա, մենք հույսներս դրել ենք Իրանի կարմիր գծերի վրա:

«Հյուսիսից, հարավից, արևելքից կամ արևմուտքից ցանկացած սպառնալիք մեր հարևանների տարածքային ամբողջականությանը կամ սահմանների փոփոխությունը բացարձակապես անընդունելի է և «կարմիր գիծ» է Իրանի համար: Մեր հարևանների տարածքային ամբողջականությունը մեր կարմիր գիծն է։ Անընդունելի է նաև Սյունիքի ճանապարհների նկատմամբ օտարերկրյա վերահսկողությանը», - կասի Իրանի ԱԳ նախարարը:

Հայաստանում Իրանի դեսպանն էլ վրադիր պետք է ասի, թե՝ «Հայաստանի մասին ոմանց երազանքներն ու երազները, այդ թվում՝ միջանցքի մասին, իրականություն չեն դառնա»:

ՈՒշագրավ է, որ Իրանն ավելի մտահոգ է ՀՀ-ին սպառնացող վտանգներով քան ՀՀ ղեկավարությունը։

Անգամ ՌԴ-ին, որպես շահառու, Իրանն ակնարկեց միջանցքի անթուլատրելիությունը:

Ինչևէ, չենք զարմանում:

Կարիք էլ չկա զարմանալու, երբ այդուհանդերձ շուտով լսենք միջանցքի տրամադրման մասին «ֆինդուֆլուշկեքով» փաթեթավորված հեքիաթները:

Իշխանությունների կողմից տեղեկատվական դաշտ նետված մոդելը, թե մասնավոր պահնորդական ընկերության կարող է հանձնվել ճանապարհի պահպանությունը, ըստ էության, նշանակում է միջանքի տրամադրում:

Ընդ որում՝ նշված մոդելի իրականացումը ենթադրում է մի շարք կարևոր ու նախադեպային փոփոխություններ ՀՀ գործող օրենսդրությունում, որոնք դառնալու են հայկական անկախ պետականության դեմոնտաժի գործընթացի իրական մեկնակետ:

Ինչևէ, որոշումը կայացված է:

Պարզապես անհրաժեշտ է վերահսկողության հարցն այնպես լուծել, որ Իրանը չգրգռվի, ու որ «Մեղրին չպայթի Երևանի կենտրոնում:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2989

Մեկնաբանություններ