Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

ՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՐԴԱՇԽԱՐՀԻ ՆՈՐԸՆԾԱ ՀՄԱՅՔԸ

ՀԱՅԿԱԿԱՆ ԶԱՐԴԱՇԽԱՐՀԻ ՆՈՐԸՆԾԱ ՀՄԱՅՔԸ
10.06.2011 | 00:00

Թերթ առ թերթ սևեռում է ուշադրությունդ միջնադարի հայ մարդու արարած կերպարվեստի կոթողների վրա Քյուրքչյան-Խաչերյան ստեղծագործական երկմիասնության տասնամյա տքնաջան աշխատասիրության փայլուն արգասիք «Հայկական զարդարվեստ» ստվարածավալ գիրք-ալբոմը։
Ակնահաճո պատկերների մանրամասներում ինքնաբերաբար խորասուզվելով` գոհանում ես մեր միջնադարյան զարդաշխարհի բազմազանությամբ հիանալու այս հնարավորությամբ։ Առաջին անգամ մեկ տասնյակից ավելի առանձին բաժիններով, բարձրարվեստ միահյուսմամբ ներկայացված են մեր հանրահայտ տաճարներն ու եկեղեցիները, խաչքարերն ու գրքերը, աշխարհիկ ու կրոնական կեցության ամենատարբեր բաղկացուցիչների գեղաոճ հարդարանքի բնութագրական զարդահնարքները։ Հրայր Բազե Խաչերյանի 800-ից ավելի բարձրորակ լուսանկարներով հայոց միջնադարի մեկուկես հազար տարվա ընթացքում ստեղծված անզուգական մշակութագանձանակին բնորոշ խորհրդանիշներն են պարզորոշ հստակվում։ Արմեն Քյուրքչյանի հազարից ավելի նմուշների վարպետ վերամշակումներով տարանյութ կերտվածքներում սփռված վարդյակների, կենդանական, բուսական ու թռչնային զարդերի, երկրաչափական բազմապիսի համակցությունների գծային անթերի պատկերներն են ցայտուն մատուցվում։ Ավելին, մեկտեղվելով «Craftology» ՍՊԸ-ի հրատարակած «Հայկական զարդարվեստ» գիրք-ալբոմին կցված խտասալիկում (CD), զարդարվեստի ներկայացված այլազան գծային նմուշներից ոչ կոմերցիոն նպատակներով օգտվելու հնարավորություն ընձեռում լայն մտահորիզոն ունեցող ընթերցողներին։
Կերպարվեստասեր հանրությանն անուղղակիորեն մասնակից դարձնելով իրենց բազմամյա հնագիտական արշավանքներին` գրքի հեղինակները մտովի տեղափոխում են նրանց Երևանից Վենետիկ, Վիեննայից Նոր Ջուղա, Անթիլիասից Նյու Յորք, Հռոմից Էջմիածին, Կոստանդնուպոլսից Սարդարապատ։ Ժամանակագրական ու թեմատիկ դասդասմամբ ազգագրության ու պատմության թանգարաններում, մատենադարաններում գտնված հայկական մշակույթի հարուստ նյութի գեղարվեստական պատկերագրերով` ակնածանք ներշնչում երբևէ ապրած հայ մարդու նրբագեղ ճաշակի, իրեն շրջապատող միջավայրը բարձրարվեստ զարդարելու նախանձելի հմտությունների հանդեպ։ Աներևույթ ուղևորությունը Մակարավանքից Նորատուս, Այրիվանքից Սանահին, Կեչառիսից Նորավանք և այլուր մեր նախնիների ավանդած անխամրելի գանձերը խարխլված ազգային ինքնությամբ նորօրյա ժառանգներին հանրաճանաչելու տագնապդ են ահագնացնում, երբ ձեռագիր մատյանների նախշազարդումների, մանրապատումների ոսկեղենիկ էջերի գունագծային նրբերանգներն ես փորձում կապակցել մեկ ամբողջության մեջ։ Տեսադաշտդ ու ներաշխարհդ գեղեցկացրած խորհրդանշական բազմապիսի պատկերների համեմատական խորազննումով որսում ես հեթանոսական ու քրիստոնեական դավանանքների, միջազգային երբեմնի փոխշփումներով պայմանավորված ինչ-ինչ աղերսներ։ Եվ տեսական, գիտահետազոտական հավատընծա պարզաբանումներ ես որոնում մշակույթի պատմության ծանրափոր հատորյակներում։ Խորհրդահայ արվեստաբան, պատմագիտության դոկտոր Ասատուր Մնացականյանի (գրական անունը` Ասատուր Շեմս) «Հայկական զարդարվեստ» աշխատության (1955 թ.) լուսաբանումներով իրազեկվում ես հիմնական մոտիվների ծագումնաբանությանը, լրացնում ես իմացությունդ ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտի հրատարակած «ԿփպՐՍՌ տՏ ՌրՑՏՐՌՌ ՈՐՎվրՍՏչՏ ՌջՏոՐՈջՌՑպսՖվՏչՏ ՌրՍցրcՑՉՈ» (1979 թ.) նկարազարդ ուսումնասիրությամբ։ Վերջինիս ձևավորման տպավորությամբ` անվերապահորեն ընդունում ես Քյուրքչյան-Խաչերյան համագործակցության գեղարվեստական պատկերավորության անուրանալի արժեքավորությունը` դժվարությամբ համակերպվելով միայն գրքի կազմին զետեղված փոքրատառ գրության հետ։ Միջնադարյան հայ զարդարվեստի առինքնող արտաքին գրավչության ամբողջական արդիաոճ մատուցմանը հաղորդակցվելով` նորանոր հարցականների պատասխանները փնտրել-գտնելու անհրաժեշտություն ես զգում։ Որքան ընդլայնում ես իմացությանդ սահմանները, այնքան անիրական է դառնում համապարփակ իրազեկման հավանականությունը միջնադարի հայ մարդու երևակայությունն ու միտքը սնած հնագույն ակունքների։ Անգերազանցելի է մնում բազմատաղանդ Մոմիկի ու Ռոսլինի, Տրդատի ու Իգնատիոսի, Թորոս Տարոնացու ու Ռստակեսի, անհայտ մնացած մյուսների արվեստը, որի անգամ մասնակիորեն մեզ հասած տարբեր քերթվածքների վեհապանծ ներգործությամբ գլխիկոր ընդունում ես ներկայիս անկատարությունդ` անկախ շնորհաշատ նախնիներիդ հմտությունների գաղտնարաններում իմաստնանալու անդուլ ջանադրությունից։
Գիտատեխնիկական զարմանահրաշ թվացող հայտնագործություններով առայժմ անմեկնելի են մնում Երկիր մոլորակի քսանմեկերորդ դարի բնակիչներիս համար մարդկության կենաց ծառի «նախապատմական» կոչված արմատների տարածական ու ժամանակային առեղծվածները։ Երբեմն մոլորվում ենք նույնիսկ ամենապարզ հարցականների պատասխանների որոնումներում։ Զորօրինակ, ե՞րբ է մարդ արարածն սկսել հատուկ ուշադրություն դարձնել իրեն շրջապատող միջավայրի գրավչությանը, ինչպե՞ս է նրանում ձևավորվել պատկերացումը գեղեցիկի մասին, ե՞րբ է իր անձի, բնակավայրի, կացարանի, կենցաղի հարդարումը օրգանական պահանջ դարձրել։ Որքան ընդլայնվել են մեթոդաբանական-հետազոտական համակարգերի ընձեռած հնարավորությունները, այնքան խարխլվել են հնագետների ստուգաբանության մանրամշակ, բազմաճյուղ վարկածների իրատեսական հիմքերը։ Մեզ հայտնի առաջին «հնագետը»` Բաբելոնի արքա Նաբոնիդն է դեռևս պեղումներ ձեռնարկել Քրիստոսի ծննդից 6 դար առաջ` ըստ երևույթին, նախնյաց հողածածկ գանձերը հայտնաբերելու ակնկալությամբ։ Նյութական մշակույթի վաղնջական արժեքների բացահայտման տարերային բուռն հետաքրքրությունը, ընդամենը մի քանի հարյուրամյակ առաջ (մարդկության կենսագրության մեջ` մի ակնթարթ) կանոնակարգված գիտահետազոտության վերաճելով, պատմական անիմանալի անցյալի նյութական-առարկայական ապշեցուցիչ մասունքներ ի հայտ բերեց երկրի ընդերքից։ Շարունակական պեղումներով հնավայրերում գտնվեցին քարե, բրոնզե և երկաթե դարերից շատ ավելի վաղ ստեղծված տարանյութ ձեռակերտերի ամբողջական ու ծվատված նմուշներ, որոնք իրական հիմք տվեցին առարկայական որոշակի պատկերացում կազմելու հնագույն քաղաքակրթությունների հասարակական-քաղաքական-մշակութային բովանդակության ճերմակ էջերից շատերը գաղտնազերծելու, հնագույն մարդկանց ու պատմության ասպարեզից իսպառ անհետացած ազգերի մոտավոր նկարագրերը լիարժեքացնելու։ Նկատելիորեն հստակվեցին մերօրյա մարդկության մշակութային ոճամտածողության աներևակայելի խաչաձևումներն ու զարգացման ընթացիկ պատկերը։ Գտածո իրեղեն մեծաքանակ վկայագրերի տարբեր հատկանիշների շրջահայաց վերծանումը մի շարք գիտությունների սկզբնավորման հզոր ազդակ դարձավ։ Հատկապես հարստացավ հին աշխարհի ու միջնադարի կենսամատյանը, որի հայկական մասնաբաժնի ինքնատիպության հնամենի կերպարը երևութականացնելու առաջին արտահայտությունները եղան Ակներ (Որնակ) գյուղի մոտ 1871-ին Ալ. Երիցյանի պեղած 23 դամբարանները (վաղ երկաթի դար), առաջին ծանրակշիռ բացահայտումը` միջնադարյան Հայաստանի մայրաքաղաք Անիի շենշող համապատկերը` Նիկողայոս Մառի ղեկավարած արշավախմբի կողմից։ Հ. Օրբելու, Թ. Թորամանյանի, Ս. Տեր-Ավետիսյանի, Կ. Ղաֆադարյանի, Բ. Պիոտրովսկու լայնածավալ որոնումների արդյունքում Հայկական լեռնաշխարհում հնագույն կյանքի անհամար «պատմիչ-գտածոներ» հպարտություն ներշնչեցին Դվինում, Արտաշատում, Գառնիում, Էրեբունիում, Արգիշտիխինիլիում, Վաղարշապատում, Ամբերդում և այլուր ապրած մեր նախնիների գեղեցիկի զգացողության ու արարման նրբահմուտ ունակությունների հանդեպ։
Արմեն Քյուրքչյանի արդիաոճ հարդարանքով ու խնամքով մշակված գծանմուշներով առանձնակի կարևորվում են Հրայր Բազե Խաչերյանի լուսանկարներում ցայտուն արտացոլված գեղագիտական ոճամտածողության գունագծային ելևէջների դարավոր բարձրարժեք դրոշմները ավերակված Անիի Մայր տաճարի ու քաղաքապարսպի, Աղթամարի վանքի ու ապարանքի, Զվարթնոցի ու Դվինի, Նոր Ջուղայի տապանաքարերի ու Մշո Սբ. Կարապետ եկեղեցու նախշաքանդակ շքամուտքի, Մուղնու Սբ. Գևորգ եկեղեցու խոյակներն ու սյուները, ասեղնագործ խաչքարերը` աշխարհով մեկ տարածված կամ բարբարոսաբար ոչնչացված։ Գրերի գյուտից ի վեր զարգացող ձեռագրարվեստի կոթողային նմուշներում անզեն աչքով երբեմն նկատելի են երկրային ու երկնային կեցության, հին ու նոր հավատալիքների փոխներթափանցումները։
Նորընծա գիրք-ալբոմում ամփոփված կենցաղային կիրառության ամենատարբեր առարկաների, հուշակոթողների, գրքերի, զարդերի և նյութական մշակույթի այլևայլ արտահայտությունների անզուգական վարպետությունը հեռավոր հեռուները մտովի սլանալու մղում է արթնացնում, կորսված քաղաքակրթության հանիրավի մոռացված բացառիկ արժեքավորությունը վերահաստատելու անկեղծ ցանկություն։ Գուցե` ենթագիտակցաբար, ազգային ինքնագիտակցության իսպառ մթագնումը կասեցնելու հրամայականով։ Հակառակ դեպքում, ավելորդ ու ապարժեք մի զարդ կդառնա հայոց կենաց ծառն ազգերի ներկայիս այգեստանում, Տիրոջ անեծքից չորանալու ենթակա սաղարթախիտ, բայց պտղազուրկ մի թզենի։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ


Դիտվել է՝ 10643

Մեկնաբանություններ