Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«Ողջունում եմ որոշումը, որն արգելելու է «աստղերին» և «մոլորակներին»՝ համերգի ժամանակ հանդես գալ ոչ կենդանի կատարումներով»

«Ողջունում եմ որոշումը, որն արգելելու է «աստղերին» և «մոլորակներին»՝ համերգի ժամանակ հանդես գալ ոչ կենդանի կատարումներով»
17.03.2009 | 00:00

ԵՐԵՔ ՀՈԲԵԼՅԱՆ ՄԵԿ ՏԱՐՈՒՄ
Կոմիտասի անվան լարային քառյակն այս տարի նշում է միանգամից երեք հոբելյան: Քառյակի համերգային գործունեությունը հիմնականում ծավալվելու է այս համատեքստում: Մենք զրույցի ենք հրավիրել քառյակի առաջին ջութակ, ՀՀ ժողովրդական արտիստ ԷԴՈՒԱՐԴ ԹԱԴԵՎՈՍՅԱՆԻՆ:
-Մաեստրո, Դուք ամիսներ առաջ նախապատրաստվում էիք մենահամերգներով մեկնելու Թուրքիա և Բրազիլիա: Պատմեք, խնդրեմ, այդ մասին: Եվ հետաքրքիր է իմանալ՝ ինչպե՞ս եք Ձեզ զգում քառյակից դուրս՝ մենակատարի դերում:
-Առաջ մենահամերգները կրում էին պարբերական բնույթ, և ես ավելի հաճախ էի ելույթներ ունենում: Հիմա և՛ քառյակի գործերով եմ ծանրաբեռնված, և՛ կոնսերվատորիայի նվագախմբային ֆակուլտետի դեկանի պարտականություններով, ու արդեն քիչ ժամանակ է մնում մենահամերգների համար: Ինչ վերաբերում է Ձեր նշած համերգներին, ասեմ, որ Թուրքիայում մենահամերգը կայացավ աշնանը: Հետո պատասխան այցով այստեղ եկավ Ստամբուլի կոնսերվատորիայի պրոֆեսորը: Իսկ Բրազիլիա չմեկնեցի, որովհետև դա համընկավ քառյակի՝ նախօրոք ծրագրված համերգի հետ, որը կայացավ Հունաստանում: Եթե ես գնայի Բրազիլիա, որտեղ, ի դեպ, չեմ եղել, ուրեմն քառյակը պիտի զրկվեր Հունաստան գնալու հնարավորությունից:
-Այսինքն, Դուք մենակատարի Ձեր շահը ստորադասում եք քառյակի շահի՞ն:
-Իհարկե, այն բանից հետո, երբ Ավետ Գաբրիելյանի առաջարկով ես երկրորդ ջութակից դարձա առաջին, միշտ գերադասել եմ քառյակի շահը: Գուցե կոպիտ հնչի, բայց ասեմ, որ երբ երկրորդ ջութակ էի, ավելի շատ պատասխանատու էի միայն ինձ համար: Քառյակի պատասխանատուն Ավետ Գաբրիելյանն էր: Իսկ երբ դարձա առաջին ջութակ, արդեն ամեն բան փոխվեց:
-Կոմիտասի քառյակի նոր անդամը՝ ջութակահարուհի Սյուզի Երիցյանը, այս կարճ ժամանակահատվածում կարողացե՞լ է լիովին ինտեգրացվել Ձեր կոլեկտիվին:
-Ժամանակի սղությունը հաշվի առնելով՝ պիտի ասեմ՝ այո: Բայց կարծում եմ, որ նա դեռ երկար ճանապարհ ունի անցնելու, ինչպես որ ես եմ անցել ժամանակին: Այս աշնանը կլրանա քառյակում իմ աշխատելու 40 տարին, որից 6-ը եղել եմ երկրորդ, 34-ը՝ առաջին ջութակ: Ընդհանրապես, այս տարին մեզ համար հոբելյանական է. լրանում է Ավետ Գաբրիելյանի` 110, Կոմիտասի անվան քառյակի՝ 85, և իմ համեստ՝ աշխատանքային 40-ամյա հոբելյանը: Ավետ Գաբրիելյանի հոբելյանին նվիրված համերգը, հավանաբար, կկայանա մայիս ամսին, մյուսները՝ տարվա ընթացքում:
-Մշակույթի նախարարությունն ինչ-որ քայլեր է ձեռնարկում՝ հասարակությանը դասական երաժշտությանը մերձեցնելու ուղղությամբ: Բավարա՞ր եք գնահատում այդ քայլերը` որպես երկարատև թմբիրին հաջորդած արթնացումի նախանշաններ:
-Ընդհանրապես կասեի, որ մեր հասարակությանը բնորոշ է ծայրահեղություններին տուրք տալը: ՈՒ սա կարող է ունենալ և՛ բացասական, և՛ դրական երանգ: Մինչ մշակույթի նախարարության գործունեության մասին խոսելը կցանկանայի օգտագործել հնարավորությունը և անդրադառնալ մի խնդրի. գովելի է, որ ինձ համար անհայտ մի անձնավորություն անվճար ավտոբուսներով մարզերից Երևան է բերում ուսանողների: Բայց արդյո՞ք մեր մայրաքաղաքում այդ ավտոբուսների միակ կայանատեղին կոնսերվատորիայի շքամուտքի դիմացի նեղլիկ, միակողմանի փողոցը պիտի լիներ: ՈՒրախ կլինեի, որ այս հարցով լրջորեն զբաղվեին պատկան մարմինները: Ինչ վերաբերում է նախարարությանը, ասեմ, որ երբ կանայք են ինչ-որ ոլորտ ղեկավարում, անպայման հատուկ ուշադրություն է դրսևորվում այդ ոլորտի նկատմամբ` վատ իմաստով: Ես չեմ հասկանում. այն բոլոր ոլորտները, որ ղեկավարում են տղամարդիկ, զե՞րծ են թերություններից, նրանք անթերի՞ են կատարում իրենց բոլոր գործերը: Ինչո՞ւ են որոշ թերթերում քննադատում մշակույթի նախարարի գործունեությունը: Լավը տեսնելու ունակություն էլ պիտի ունենաս, օբյեկտիվության համարձակություն պիտի ունենաս: Եվ ասեմ, որ պետք չէ կասկածել իմ օբյեկտիվությանը, որովհետև ո՛չ այս, ո՛չ անկախ Հայաստանի մշակույթի նախորդ նախարարների օրոք չեմ արժանացել որևէ պետական պարգևի: Ես հետևում եմ Հասմիկ Պողոսյանի աշխատանքներին: Այն, որ նա գնում է մարզեր, զբաղվում տարբեր խնդիրներով` սկսած գրադարաններից մինչև այլ ոլորտներ, խոսում է նրա խառնվածքի մասին: Կարող էր ուղարկել իր տեղակալներին կամ այլ պաշտոնյաների, բայց անձամբ ինքն է գնում: Ես վաղուց եմ ճանաչում նրան և գիտեմ, որ այլ կերպ չէր էլ կարող լինել: Նա այնպիսի ընտանիքի, այնպիսի հոր զավակ է, որ չի կարող այլ վերաբերմունք ունենալ մշակույթի նկատմամբ: Առաջ փառատոն անցկացնելու բոլոր փորձերը մեզանում ձախողվում էին` հազար ու մի պատճառաբանությամբ. ֆինանսներ չկան, դահլիճները զբաղված են, քաղաքական խնդիրներ կան և այլն, և այլն: Հիմա շարժ կա, ստատիկ վիճակ չէ: Իրար հետևից անցկացվում են տարբեր փառատոներ: Անգամ մտածում ես` արդյոք մարդը կհասցնի՞ մասնակցել բոլորին: Ֆինլանդիայի մի փոքրիկ քաղաքում` Կուխմոյում, մենք մասնակցում էինք կամերային երաժշտության միջազգային փառատոնի, որի ընթացքում օրը երեք համերգ էր լինում` առավոտյան, ցերեկը, երեկոյան: Այդպես էին անում, որպեսզի ունկնդիրը հասցնի բոլորին ներկա լինել: Վերջում մի գալա համերգ-մարաթոն կազմակերպվեց, որը տևեց երեկոյան ժամը 7-ից մինչև առավոտյան 7-ը: Բուֆետն աշխատում էր ամբողջ գիշեր. կարելի էր լսել համերգը, հետո դուրս գալ, սնվել, գլուխը հանգստացնել, ապա կրկին վերադառնալ դահլիճ ու լսել համերգի շարունակությունը: Մեզ մոտ էլ հիմա քայլեր են արվում, որպեսզի մարդը կարողանա լսել դասական երաժշտություն, և նույնիսկ դեպքեր են եղել, երբ ես ցավով ստիպված եմ եղել մի համերգից հրաժարվել, որպեսզի կարողանամ ներկա գտնվել մեկ այլ համերգի: Ասեմ նաև, որ ողջունում եմ մշակույթի նախարարի որոշումը, որն արգելելու է «աստղերին» և «մոլորակներին»՝ համերգի ժամանակ հանդես գալ ոչ կենդանի կատարումներով: Այդպիսի ելույթներ կարելի է լսել տանը նստած՝ առանց տոմսի համար 10-15 հազար դրամ վճարելու:
-Կոմիտասի անվան քառյակը պարբերաբար համերգներ է ունենում Հայաստանի մարզերում: Առաջիկայում սպասվո՞ւմ են այդպիսիք:
-Քանի որ տարին մեզ համար հոբելյանական է, անշուշտ, պիտի ունենանք համերգներ: Բայց այս տարի որոշել ենք տուրք տալ ոչ թե քանակին, այլ որակին: Հաճախ ստիպված ենք լինում քանակի հետևից ընկնել, որովհետև ունենում ենք քանակի պլան` տարին նվագել որոշակի թվով համերգներում: Բաներ կան, որոնց ես համաձայն չեմ. սա դրանցից մեկն է:
-Ո՞վ է իջեցնում այդ պլանը:
-Երևի ֆինանսական պլանն իջեցնում է ֆինանսների նախարարությունը, հետո համապատասխան նախարարությունները, ըստ այդմ, սահմանում են պլանը: Այնքան էլ լավ չեմ պատկերացնում: Խորհրդային տարիներին հյուրախաղերի մեկնողին օրապահիկ էին տալիս` 2 ռուբլի 50 կոպեկի չափով: Այսօր մենակատարը Հայաստանի մարզ գնալու և համերգ ունենալու դեպքում ստանում է մոտ 700 դրամ օրապահիկի գումար, որով նա քիչ թե շատ նորմալ տեղում կարող է ընդամենը երկու գավաթ սուրճ խմել և մնացած օրն անցկացնել խիստ դիետայով, ապա «վայելուչ տեսքով» ներկայանալ հանդիսականին: Այսօրվա գներով մարդն ուղղակի չի կարող այդ գումարով մեկնել համերգների: Նույնիսկ իր տանը, երբ կինն է խոհանոցում պատրաստում օրվա ուտելիքը, հնարավոր չէ բավարարվել 700 դրամով: Այս խնդիրը վաղուց պետք է վերանայվեր: Մանավանդ, երբ իմանում ես, որ պատգամավորներն իրենց գործուղումների ժամանակ ստանում են 200 դոլար օրապահիկ:
-Իսկ մասնավոր հովանավորները ոչինչ չե՞ն ձեռնարկում այս ուղղությամբ:
-Մի առիթով ասել եմ, ուզում եմ կրկնել, որ մինչ օրս Կոմիտասի քառյակի հանդեպ միայն մեկ հոգի է հովանավորչություն կատարել: Դա Արկադի Վարդանյանն է, որին կրկին հայտնում եմ իմ շնորհակալությունը: Նա հիմա գտնվում է Հայաստանում, և գուցե հարցազրույցը կարդա ու լավ զգա իրեն այս խոսքերից: Ի դեպ, այն, որ նա գտնվում է Հայաստանում, վկայում է մեր հանրապետությունում առկա դրական տեղաշարժերի մասին: Առաջ նրան թույլ չէին տա մտնել Հայաստան, անմիջապես կձերբակալեին:
Զրուցեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 4933

Մեկնաբանություններ