Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

«ՎԱՆԵՑՈՒՑ ԵԹԵ ԹԻՖԼԻՍԵՑԻ ՍՏԱՑՎԵՑ, ԱՊԱ ԼՈՌԵՑԻ ԷԼ ԿՍՏԱՑՎԻ»

«ՎԱՆԵՑՈՒՑ ԵԹԵ ԹԻՖԼԻՍԵՑԻ ՍՏԱՑՎԵՑ, ԱՊԱ ԼՈՌԵՑԻ ԷԼ ԿՍՏԱՑՎԻ»
27.11.2009 | 00:00

2009-ի նոյեմբերի 29-ին լրանում է հայ մեծ գիտնական, ճարտարապետության դոկտոր, ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի ակադեմիկոս, արվեստի վաստակավոր գործիչ ՎԱՐԱԶԴԱՏ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ծննդյան 100-ամյակը։
Այս տանը` Սարյան 13, տարիներ շարունակ հաճախ եմ եղել, վայելել մեծ վանեցու անզուգական երգը, զրույցը, հյուրասիրությունը և... նարդին։ Տարիուկես էր մնում, որ դառնար 100, բայց կյանքում ընդամենը մեկ անգամ հիվանդացած նահապետի խոփը քարին դեմ առավ։ Հանդիպեցի զավակին` տեղեկատվական տեխնոլոգիաների մասնագետ, լրագրող, ԽՍՀՄ պետմրցանակի դափնեկիր, տեխնիկական գիտությունների թեկնածու Ռաֆայել Հարությունյանին։ Հուշերով լի զրույցից ծնվեց էս հոդվածը, որը սիրով հանձնում եմ «Իրավունքը de facto»-ի խմբագրությանը։
Հրաչյա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ
Սարյան փողոցում իր համեստ հնարավորություններով կառուցած մենատանն ապրեց 1938 թվականից մինչև 2008 թվականը։ Այստեղից էլ գնաց «հավերժ ճամփորդի ցուպը ձեռքին»։ Ապրեց` առավելագույնը տալով ընկերներին, գործընկերներին ու հարևաններին։ Նրա հարևաններն էին Թումանյանի այրին` տիկին Օլգան, և նրա դուստրերը` Աշխենն ու Թամարը, Մարտիրոս Սարյանն իր տիկնոջ` Լուսիկի հետ և նրանց երկու զավակները` Սարիկն ու Զարիկը, մեծաքանքար ճարտարապետ Ռաֆայել Իսրայելյանն իր Սոֆյա տիկնոջ ու հինգ զավակների հետ, տաղանդավոր նկարիչներ, քույր և եղբայր Աննա և Սլավա Պարոնյանները, Հայաստանում դիզայնի բարձրագույն դպրոցի հիմնադիր Աշոտ Միրզոյանը, հայկական տառատեսակների անխոնջ նորարար Կարո Տիրատուրյանը, հրաշալի գրաֆիկ և գեղանկարիչ Հակոբ Կոջոյանն ու բազմավաստակ քանդակագործ Արա Սարգսյանը։ Հարևանն էր նաև «Անուշ» օպերայի անզուգական Սարոն` Ավագ Պետրոսյանը։ Ապրեց` կիրառելով իր իսկ ստեղծագործած կենսակերպը։ Նախ` ամեն ինչում լինել չափավոր։ Չափավոր ծխել, չափավոր օգտագործել ալկոհոլ։ Հետևել իր սեփական օրգանիզմի թելադրանքին, նույնիսկ այն դեպքում, եթե դա հակասում է բժշկագիտության խորհուրդներին։
Աշխատում էր ամեն օր, առանց շաբաթ և կիրակի օրերի ընդմիջումների։
Ամեն Աստծու օր արթնանում էր ժամը 6-ն անց 30-ին, խմում իր ավանդույթ դարձած սև սուրճն ու մեկուկես ժամ զբաղվում գիտական աշխատանքով։ Առավոտյան այդ աշխատանքներով ստեղծեց իր շուրջ 40 մասնագիտական գրքերն ու շուրջ 700 հոդվածները։ Թեթև նախաճաշից հետո աճապարում էր ճարտարապետության ամբիոն, այնուհետև, կեսօրից հետո ժամը մոտավորապես 3-ին` ճարտարապետների միություն։ Քննարկումների ու կինոցուցադրումների օրերին ճարտարապետների միությունում էր լինում նաև երեկոյան ժամերին։
Այդտեղ ծավալվում էին թեժ քննարկումներ, օրինակ, հիշողությանս մեջ տպավորվել էին այն քննարկումները, որոնք վերաբերում էին Սուրբ Սարգիս եկեղեցին երիզող բնակելի շենքի կառուցման թույլտվությանը, որը ղեկավարության ճնշման տակ տվել էր քաղաքի գլխավոր ճարտարապետը։ Ահա այսպիսի ժողովրդավարական մթնոլորտ էր ստեղծվել ճարտարապետների տանը։
Գաղթի դաժան ճանապարհներին հրաշքով փրկված Վարազդատն իր առաջին դաստիարակությունը կյանքի ճանաչողական հարցերում ստացավ Թիֆլիսի Ծիրանավորի որբանոցում։ Տեղի դպրոցն ավարտելիս պատանի Վարազդատը մի առիթով իր մասին ասել էր` վանեցուց դարձա թիֆլիսեցի։
Ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանն իր կյանքի համալսարաններն ավարտեց իրեն այնքան հարազատ դարձած Լոռիում` Շնողի, այնուհետև Արճիսի դպրոցներում ուսուցչություն անելիս։ Վանեցի Վարազդատը կյանքի իմաստնություններին կաթիլ առ կաթիլ հասու եղավ «միամիտ» լոռեցիներից։ Այդ առիթով լոռեցու իմաստունությամբ հասունացող ապագա ակադեմիկոսն ասել էր` վանեցուց եթե թիֆլիսեցի ստացվեց, ապա լոռեցի էլ կստացվի։
Ինչպես կանխորոշեր, որ Ծիրանավորի որբանոց հյուր եկած հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի ողջ մնացած հարազատները (բանաստեղծի տունը, Թիֆլիսից Երևան տեղափոխելուց հետո, դարձավ նրա հոգեկան հանգրվանը), նրա ամենափոքր դուստրը` Թամարը, դառնալու են իր ընտանիքի ամենահոգեհարազատ մարդիկ։
Լոռու հոյակապ ճարտարապետական կոթողները ստիպեցին ավստրիացի հետազոտող Յոզեֆ Ստրժիգովսկուն ի լուր աշխարհի գրելու հայ ճարտարապետության ինքնատիպության ու նրանից սկիզբ առնող եվրոպական տաճարների ճարտարապետական փոխառումների մասին։ Միգուցե հենց Սանահի՞նն ու Հաղպա՞տն էին այն զորեղ ազդակները, որոնք մղեցին երիտասարդ ուսուցչին բռնելու ճարտարապետ-հետազոտողի խրթին ու անորոշություններով լեցուն ուղին։ Ազգերի բարեկամության և մշակույթների սիմբիոզ քարոզող համայնավարական գաղափարախոսության պայմաններում նա սկսեց պայքարել հայ ճարտարապետության ժառանգորդության հիմունքներն ամրապնդելու համար։ Նրա նվեր ստացած գրքերում հաճախ կարելի է հանդիպել այսպիսի մակագրությունների` Թորոս Թորամանյանի գործի անխոնջ շարունակողին, հայ ճարտարապետության թորամանյանական մշակին։
Փաստորեն, ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանը եղավ XX դարի իրադարձությունների թատերաբեմի վարագույրը փակողը։ Գիտակցելով այդ` իր «Արվեստակից ժամանակակիցներս» գրքում նա հանգամանորեն, խումբ առ խումբ ներկայացնում է ուսուցիչներին, հասակակից ընկերներին և աշակերտներին։ Առանձին խումբ են կազմում այս նույն երեք սերունդները սփյուռքահայության շրջանում։ Չմոռանանք նաև նրանց, ովքեր Երևանի ճարտարապետական մայր դարբնոցում իրենց ուսումը ստանալուց հետո նշանավոր մասնագետներ են դարձել աշխարհի տարբեր երկրներում։ Ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանն իր ուսուցիչներ է համարում Թորոս Թորամանյանին, Ալեքսանդր Թամանյանին, Նիկողայոս Բունիաթյանին, Գաբրիել Տեր-Առաքելյանին, Հովսեփ Օրբելուն, Հարություն Զաքարյանին, Կարո Հալաբյանին, Սամվել Սաֆարյանին, Գևորգ Քոչարին, Միքայել Մազմանյանին, Մարտիրոս Սարյանին, Հակոբ Կոջոյանին, Արա Սարգսյանին, Երվանդ Քոչարին, Մարկ Գրիգորյանին, Հովհաննես Մարգարյանին, Զավեն Բախշինյանին, Նիկոլայ Տոկարսկուն, Անատոլի Յակոբսոնին, Լևոն Լիսիցյանին, Մանվել Կապուտիկյանին, Վահագն Տեր-Ավագյանին։
Լրագրային հոդվածի ծավալը հնարավորություն չի ընձեռում ավելի մանրամասն անդրադառնալու այս հարցին։ Ընթերցողներից նրանք, ովքեր կցանկանան ավելի մանրամասն ծանոթանալ, առաջարկում ենք ակադեմիկոս Վարազդատ Հարությունյանի արդեն գործող ինտերնետ-կայքը. www.architectacademic.org:
Ողջ կյանքն ապրում էր երազանքով` մի օր հնարավոր լինի այցելել իր հարազատ վաթանը։ Այդպիսի հնարավորություն ստեղծվեց արդեն բավական առաջացած տարիքում։ Վերադարձավ Երևան տխուր հուշերով` բերելով նաև որոշակի քանակով տառեխ։ Չխոստովանեց, սակայն ես հասկացա, որ մարեց վերջին հույսը մի օր Վանը տեսնելու անկախ Հայաստանի ծածանվող դրոշի տակ։ 1997 թվականին էլ ինձ ուղարկեց Վան, որպեսզի Հայ դատի էստաֆետը հանձնվի ոչ թե խոսելով, այլ մեր պապերի հողի վրա երդվելով։ Նույնը ես եմ անելու իմ զավակների համար։
Վարազդատ Հարությունյանը կյանքի վերջին 11 տարին ապրեց առանց իր 63 տարվա կյանքի ընկերուհու` վանեցի Գոհարի։ Նրա մանկությունն էլ որբանոցում էր անցել, պատանեկությունը` Դոնի Ռոստովում։ Նրանց համակուրսեցիների կարծիքով` Վարազդատն այդպիսի գագաթների չէր հասնի, եթե թիկունքին Գոհարի նման «Վանա բերդ և ամրոց» կյանքի ընկերուհի չունենար, որը միշտ վառ պահեց ընտանիքի, օջախի կրակը, հասարակությանը տվեց երկու հայրենասեր զավակներ` օջախի ավանդույթներով տոգորված։ Այս ամենի լուռ վկան են այսօր Սարյան 13 հասցեի տունն ու համեստ հուշատախտակը։
Ամուսնական զույգն իրար կողքի քնած է հավերժական քնով, ու նրանցից մեկն անցավ փառքի փորձությունով, որպեսզի հանգչի իր կյանքի երկարամյա ընկերուհու կողքին։ Նա մեր ազգի մեծերին ժողոված Պանթեոնից գերադասեց ընտանեկան գերեզմանոցը Թոխմախում, ուր իրենց հայրենի Վանից հետո հողին են հանձնված վանեցի մայրը` Կալիփսեն, վանեցի զոքանչը` Կատարինեն, եղբայրը` ժողովրդական արտիստ Արծրունի Հարությունյանը, վերջինիս տիկինը` Սոֆյան։
Նրա սիրելի Գոհարը չէր շտապեցնում, սպասեց մինչև Վարազդատն իր առաքելությունները հասցնի տրամաբանական վախճանին։

Դիտվել է՝ 3560

Մեկնաբանություններ