Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

«Որտեղ կուզես ապրիր, բայց մեռնել պարտավոր ես Հայաստանում»

«Որտեղ կուզես ապրիր, բայց մեռնել  պարտավոր ես Հայաստանում»
08.05.2012 | 00:00

ԵՊԲՀ-ի ուսանողական խորհրդարանի նախաձեռնությամբ, Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շրջանակներում, ԵՊԲՀ-ում ցուցադրվեց «Վանա ծովուն արշալույսը» ֆիլմը:

Ֆիլմի գլխավոր հերոսը` 80-ամյա Կարապետը, որի մայրը հրաշքով փրկվել էր 1915-ի ջարդերից, փորձում է իր ամերիկացիացած սերունդների մեջ պահպանել կորուսյալ հայրենիքի հիշողությունը: Ամեն տարի ապրիլի 24-ին Թուրքիայի դեսպանատան դիմաց նա այրում է այդ երկրի ազգային դրոշը: Կարապետի արարքը զայրացնում է որդուն` Տիգրանին, որը ստիպված է հոր պատճառով տուգանքներ մուծել, և անհասկանալի է 17-ամյա թոռանը, որը սիրահարված է ԱՄՆ սովորելու եկած թրքուհի համակուրսեցուն:

Սերունդների բախում: Գենետիկ հիշողություն: Ցեղասպանությունն ու դրա հետևանքները: Ինչպես նշեց ֆիլմի ռեժիսոր ՎԱՀԱՆ ՍՏԵՓԱՆՅԱՆԸ` այս պատմությունը ծնվում է երեք սերունդների բախման արդյունքում և, ամենակարևորը, վեր է հանում հարցեր, որոնք օրախնդիր են և լուծում են պահանջում:

Ֆիլմում նկարահանվել են տարբեր երկրներից հրավիրված դերասաններ` Ժան-Պիեռ Նշանյան (ԱՄՆ), Արեն Վաթյան (ՌԴ), Արևիկ Մարտիրոսյան (Ֆրանսիա): Գլխավոր դերում Կարեն Ջհանգիրյանն է: Գյունըշը Զանի դերում թրքուհի է: «Որոշեցինք, որ ճիշտ կլիներ հենց թրքուհու խաղը, դա ավելի համոզիչ է, քան եթե թրքուհուն հայ մարմնավորեր,- մեզ հետ զրույցում ասաց Վահան Ստեփանյանը:- Նա համաձայնեց, իհարկե, երկար մտածելուց հետո, բայց երբ եկավ Երևան, ասաց, որ ճիշտ որոշում է ընդունել»: Մեր հարցմանը` թուրք դերասանուհու մասնակցությունն անախորժությունների առիթ չի՞ տվել, և հնարավո՞ր է, որ ֆիլմը ներկայացվի նաև Թուրքիայում, ռեժիսորը պատասխանեց, որ խնդիրներ չեն եղել, Թուրքիայում կցուցադրեն, եթե հրավեր լինի:

Հետաքրքրվո՞ւմ են այսօր մեր երիտասարդները այս և նման ֆիլմերով: Բժշկական համալսարանի պլաստիկ վերականգնողական և միկրովիրաբուժության ամբիոնի կլինիկական օրդինատոր ԶԱՔԱՐ ԽՈՋԱԲԱՂՅԱՆԻ խոսքով` մարդու կյանքը դատարկ գիրք է, որի ամեն էջին ամեն օր մի բան ես գրում. ինչ գրես ու ինչպիսի սյուժե տաս, այդպես էլ կզարգանա: «Երիտասարդության հետաքրքրությունն առավելապես պայմանավորված է մթնոլորտում որևէ ինֆորմացիայի խտությամբ,- ասաց նա:- Խոսքս լայն զանգվածներին է վերաբերում, որովհետև առանձին անհատներ իրենց անձնական նախաձեռնությամբ, մասնագիտության կամ այլ հանգամանքների բերումով, այսպես թե այնպես, առնչվում են իրենց փնտրածին: Ինչ վերաբերում է կոնկրետ ֆիլմին, դահլիճում ներկա բոլոր երիտասարդները հուզված և տպավորված էին, անգամ արտասվողներ կային: ՈՒրեմն հետաքրքրությունը կա, ընդ որում, պահանջարկն է բարձր, ընդամենը պետք են բավարար տարածում և լուսաբանում»: Զաքար Խոջաբաղյանի համոզմամբ` ֆիլմն ուղղված է լայն լսարանին, առավելապես հայ ու հատկապես դրսում բնակվող հայ հանդիսատեսին:

Սեպտեմբերին «Վանա ծովուն արշալույսը» կցուցադրվի Վենետիկի կինոփառատոնի շրջանակներում` մրցութային ծրագրում: Մինչ այդ կշարունակի ներկայացվել հայ հանդիսատեսին:

Ֆիլմը նկարահանվել է չորս երկրում` Հայաստան, Թուրքիա, Ֆրանսիա և ԱՄՆ: Ռեժիսորներն են Արտակ Իգիթյանը և Վահան Ստեփանյանը, սցենարիստները` Արմեն ու Արեն Վաթյանները:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1950

Մեկնաբանություններ