Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

Հետաքրքիր պատմություններ Պետրոս Դուրյանի կյանքից

Հետաքրքիր պատմություններ Պետրոս Դուրյանի կյանքից
21.01.2024 | 18:31

ՀՊԱՐՏ ՊԱՏԱՆԻՆ

Դուրյանը մեծանում էր աղքատության մեջ: Սկյուտարի ճեմարանում, որտեղ սովորում էր նա, ունևորների զավակները ուսման համար վճարում էին, չունևորները՝ ոչ։

Այսպիսի մի կարգ կար, որ ճաշարանում չունևորները սպասարկում էին վճարունակ աշակերտներին, որ հետո իրենք էլ օգտվեին այդ սեղանից։

Դուրյանը երբեք ճաշարան չէր գնում։ Հպարտ պատանին փակվում էր դասասենյակում ու գիրք էր կարդում:

ԱՆԶԳՈՒՅՇ ԿԱՏԱԿ

Դերասանուհի Ազնիվ Հրաչյան պատմում է, որ 1870 թ․ ամառային մի օր դերասանուհիներով նստած են լինում, երբ ներս է մտնում երկարահասակ, մաշված շորերով ու գունատ Դուրյանը՝ թևի տակ իր «Թատրոն կամ թշվառներ» ստեղծագործությունը։ Դերասանուհիները կատակով իրենցից մեկին՝ Թերեզային, ասում են՝ քուկինդ (քոնը) եկավ՝ ակնարկելով, թե Դուրյանն անտարբեր չէ նրա նկատմամբ։ Թերեզան էլ ասում է, որ իրեն պետք չէ, գունատ է, շուտով կմեռնի։

Աղջիկները չեն էլ կասկածում, թե Դուրյանը լսել է իրենց, բայց նրա մահից հետո, երբ տպագրվում է «Լճակը», Ազնիվ Հրաչյան, կարդալով «Մին՝ դողդոջ է գույն չունի, մյուսն էլ ըսավ՝ կմեռնի» տողերը, հիշում է Թերեզայի խոսքերը։

Որքա՜ն զգույշ պետք է լինել մարդկանց մասին խոսելիս, կարելի է միայն պատկերացնել, թե աղջկական կատակը որքան է ցավեցրել հիվանդ ու զգայուն բանաստեղծին:

ԾԵԾ ԹԱՏՐՈՆԻ ՊԱՏՃԱՌՈՎ

Դուրյանի հայրը տանել չէր կարողանում թատրոնը։ Դուրյանն առաջին անգամ թատրոնին առնչվել է դպրոցական տարիներին, երբ աշակերտներով ֆրանսերենից պիես են թարգմանում և բեմադրում։ Երբ հայրն իմանում է, որ որդին թատրոնում պիտի խաղա, քարը ձեռքին շտապում է թատրոն։ Բարեբախտաբար մյուս որդին ավելի շուտ է հասնում, Պետրոսին քաշում է հետնաբեմ ու զգուշացնում այդ մասին։

Տանը որդիները ծեծ են ուտում թատրոնի համար։

Երբ մի քանի տարի հետո Պետրոսը՝ որպես դերասան, թատրոն է մտնում, այդ դեպքի հիշողությունը դեռ թարմ էր, բայց աշխատավարձի առկայությունը փոքր-ինչ հանգստացնում է հորը։

ԲԱԽՏԱԿԻՑ ԸՆԿԵՐՆԵՐ

Պ. Դուրյանի մտերիմ ընկերն էր Վարդան Լութֆյանը, որը նույնպես բանաստեղծ էր և նույնպես հիվանդ էր թոքախտով։ Նրա մահվան սնարի մոտ Պետրոսը խնամում էր նրան ու գրականագետ Արշակ Չոպանյանի վկայությամբ՝ ուտում նույն ամանից՝ նրա հետ մեռնելու համար։

1871 թ․ Վարդանը մահացավ։ Սա ծանր կորուստ էր Պետրոսի համար, որին ընդամենը մեկ տարվա կյանք էր մնացել։

Ո՞Վ Էր Նա

Գրականագետները գլուխ են կոտրում հասկանալու համար՝ Դուրյանի սիրային բանաստեղծությունները երևայությա՞ն ծնունդ են, թե՞ իրական հարաբերությունների արձագանքներ։

Ասում են, որ Պիստոս-Արաքսյա անունով դերասանուհին փոխադարձաբար սիրել է Դուրյանին ու «Զնե պաշտեմ» բանաստեղծությունը նրան է նվիրված։

Բանաստեղծը գրել է միայն անվան առաջին տառը՝ Պ։

Ես կը պաշտեմ զ՚իմ Պ…

Ինձ կը բավե իր սրտին

Մեկ ճառագայթը միայն,

Եվ մեկ վարդն իր ժպիտին:

Գայանե ՊՈՂՈՍՅԱՆԻ ՖԲ էջից

Դիտվել է՝ 7804

Մեկնաբանություններ