ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Ներկան խեղված արժեքներով

Ներկան խեղված արժեքներով
14.11.2023 | 21:34

Էս ո՞նց եղավ, էս ու՞ր հասանք, էս ի՞նչ օրն ընկանք,

բա մեր հայու էթնոգենը, արիականությունը, ազգային դիմագիծը, մեր հազարամյա պատմությունը, մեր միաբանությունը, մեր թասիբն ու նամուսը, բա մեր խիղճն ու ինքնասիրությունը:

Բա մեր աստվածատուր հայրենիքը, մեր սուրբ հողն ու ջուրը:

Բա մեզ սա հարի՞ր էր, մենք արժանի էի՞նք նման ողբերգության, խարանի, ստորացման ու նվաստացման:

Զայրույթով ու ափսոսանքով նման խոսքեր ասում է թե՛ իրոք հասկացող-տառապողը, թե՛ կեղծ հայրենասերը, և թե՛ կեղծավոր ու դեմագոգ՝ «հներն» ու «նորերը»:

Զարմանք, ափսոսանք, փոշմանում, ինքնարդարացում, հանդուրժում, համակերպում:

Սա է մեր ազգին բնորոշ:

Ու այսպես շարունակ 5-րդ դարից սկսած ողբում ենք, սգում, տառապում ու տվայտվում, բայց առ այսօր այդպես էլ դասեր չենք քաղում ու չենք խրատվում:

Ողբալուն զուգընթաց էլ՝ մեղադրում, անիծում, հալածում ու անվանարկում ենք մեկմեկու, չէ որ դրանք մեզ մոտ հոյակապ են ստացվում:

ՈՒ այսպես շարունակ ճիշտ չենք ընկալում անցյալը, ճիշտ չենք գնահատում ներկան, մեր ազգային պարզունակությամբ, միամտությամբ և մերկանտիլիզմով էլ, որը քարշ ենք տվել դարերով մինչ օրս՝ նոր, ավելի դաժան ճակատագիր ենք մեզ սահմանում, խարանի արժանացնում, մեր իսկ ձեռքերով էլ մեր ապագան դժոխքի վերածում:

Փորձը ցույց է տալիս, որ գրեթե բոլոր ժամանակներում մեր հարձակողական ամենաուժեղ զենքը՝ հանապազոր քֆուրն է, պաշտպանողականը՝ Աստված կանչելը, աղոթք անելն ու մոմ վառելը:

Իսկ անհատապես՝ բոլորս սուրբ ենք, ոչ մեկս մեղավոր չենք, բոլորիս խիղճը մաքուր է, ճակատներս՝ պարզ:

Դրա համար էլ այսքան արհավիրքներից հետո էլ՝ ո՛չ մեղավոր կա, ո՛չ դավաճան, ո՛չ պատասխանատու, և ո՛չ էլ պատժվող կամ պատժող:

Մեղավորներ եք փնտրու՞մ, պատճառներ եք ուզում լսե՞լ:

Ասեմ, լսե՛ք ցավալի փաստեր:

Բացառապես մենք ենք մեր դժբախտությունների ու անհաջողությունների պատճառն ու մեղավորը:

Եվ այո՛, մեզ հասնում է:

Հասնում է նման դառն ու անդառնալի իրականությունը, նման տխուր ու ամոթալի կարգավիճակը:

Մենք չենք սիրում ո՛չ մեր հայրենիքը, ո՛չ էլ՝ պետությունը։

Մենք առ այսօր չենք էլ գիտակցում մեզ բաժին հասած անկախության ու պետականության գինը:

Չենք հասկացել ձեռք բերած հաղթանակի գինը, մենք մսխել ենք այն:

Չենք հասկացել, որ հաղթելը դեռ տեր լինելուն հավասար չէ:

Առ այսօր չենք հասկացել, որ մինչ պետության ու հայրենիքի շահն առնվազն մեր անձնական շահին հավասար չդիտարկենք և այն անձնապես չպաշտպանենք՝ արժանի չենք լինելու ո՛չ անկախությանը, ոչ պետականությանը և ո՛չ էլ միջազգային հանրության հարգանքին:

Մենք տապալեցինք մեր անցյալը, աննորմալ գին վճարեցինք, իսկ հիմա նվաստացած, անարժանապատիվ անհույս ու անորոշ վիճակում ենք:

Մենք շքեղ կենացներ ենք խմում, մելամաղձոտ ու սրտաճմլիկ բաժակաճառեր ասում, կորցրած հայրենիքի մասին երգեր ենք երգում, կազմակերպված սգերթով՝ Եռաբլուր ու Ծիծեռնակաբերդ ենք գնում, բայց արժանի չենք ո՛չ մեկին, ո՛չ էլ՝ մյուսին։

Գլուխ ենք գովում, թե առաջին քրիստոնյա պետությունն ենք, բայց համերաշխության ու սիրո փոխարեն ատելություն ու նախանձ ենք տարածում։

Մեզ հասնում է նաև ունենալ նման անոմալ սիմբիոզ, որից եղավ դեգեներացիա, դիստրոֆիա ու մուտացիա և որոնց արդյունքում՝ ինֆանտիլ, մերկանտիլ, օլիգոֆրեն, անդեմ ու ամորալ դեմքեր, դիլետանտ ու ամբարտավան պերսոնաժներ ու ռեցեձևիստ ռենեգատներ են վխտում, որոնց համար ի՞նչ հող-հայրենիք, ի՞նչ ազգ ու ազգագրություն, ի՞նչ պատմություն, ի՞նչ սրբություն:

Դեռ երկար ժամանակ կուսումնասիրվի այս ֆենոմենը, որից աշխարհում երկրորդ օրինակը երբևիցե չի եղել։

Հոգեվերլուծաբանների համար տքնաջան աշխատանք կպահանջվի՝ ուսումնասիրելու, պարզելու և մեկնաբանելու այս տիպի առեղծվածը։ Դրա համար անհրաժեշտ կլինի խորքային վերլուծություն, սկսած նրանց նախնիներից, ծննդավայրից, ծնողներից, ծնունդից, մանկությունից ու պատանեկությունից, հասուն ուսանողական տարիներից և իհարկե այն շրջապատից, որը ձևավորեց վերջիններին, որոնց գերին է այսօր դարձել մեր բազմաչարչար ազգը։

Եվ այս պատուհաս տեսականին, որն առողջ դատողությամբ, ադեկվատ մարդկանց ու իրական հայրենասերներին դարձրեց խելագար, խլեց նրանցից թե՛ իրենց անցյալը, և թե՛ ապագան՝ հիմա էլ պարտադրում է իր մտացածին ու երևակայական ապագան, որը նախանշում է՝ անորոշություն, կորուստ, զիջում, ցավ ու տառապանք:

ՈՒ դա նրանց մոտ գերազանց ստացվում է:

Քանզի բիոմասսայի վերածված, մելանխոլիկ կամ մազոխիստ, Հելսինկյան սինդրոմով ապրող ու Ռոբին Հուդին սպասող, օտարից ողորմություն ակնկալող ազգ ենք դարձել:

Քանզի իմաստուն ու հին արիական ժողովուրդը վերածվել է ամբոխի, քոչվոր հորդայի:

Քանզի համակերպվում ենք կապիտուլյացիաներին ու կապիտուլյանտների ներկայությանը, նրանց կառավարմանը, Արցախի կորստի ու Հայաստանին սպասվող նոր զիջումների հետ։

Քանզի հողատվությունը դարձել է համընդհանուր մենթալիտետ, կենսակերպ, իսկ ոմանց համար՝ սեփական ողորմելի գոյությունը բարելավելու միակ միջոց:

Եվ քանի դեռ այդ ամբոխը սիրահարված է իր դահճին՝ նախիրի պես էլ կմորթվի:

Եվ այո՛, պատճառը անդեմ ինքնությամբ հասարակությունն է, սպառողական ինքնության արմատավորումն է, հասարակական գիտակցության ցածր մակարդակն է, քաղաքական մտքի բացակայությունն է, հանրային պահանջ ձևավորելու անկարողունակությունն է, խայտառակ մակարդակի հասնող ապատիան է, ներքին անհանդուրժողականությունն ու անտագոնիզմն է, մոտիվացիայի բացակայությունն է որոնք հայրենիքը վերածել են Սոդոմ-Գոմորի:

Եվ այս անտանելի համատեղության, անհամատեղելիության, պարտադրված համագոյակցության, ներման անհնարինության ու զղջման լիակատար բացակայության պայմաններում՝ դե արի ու հավատա, որ այս ամենի հեղինակներն ու զոհերն ապրում են նույն ժամանակի մեջ, ժամ առ ժամ փոքրացող նույն տարածքում, ինչն ավելի է մեծացնում միմյանց աչքերի մեջ նայելու, ու այդ աչքերի մեջ, շատերի՝ նաև ձեռքերին զավակիդ արյունը տեսնելու հավանականությունը:

Դե արի ու պապանձվիր, երբ թշնամին չհրաժարվելով առավելապաշտական նկրտումներից, պոկելով հնարավորինս՝ հիմա էլ պատերազմելու արհեստածին իրավիճակներ, անհեթեթ պատրվակներ, կազուս բելլի է ստեղծում և մեզ բացահայտ սպառնում է նոր պատերազմով, իսկ մեզանից ոմանք ի հակադրումն դրան ասում են՝ «ինչ տալու է, թող տա, միայն թե շուտ «խաղաղության պայմանագիր» կնքի պրծնենք»:

Այո՛, թող ստորագրի ու իրոք կպրծնենք:

ՈՒ սա այն պարագայում, երբ վերջին 5 տարիների իրադարձությունները ցույց են տալիս, որ այս պատեհապաշտ ու դիլետանտ իշխանության՝ առաջին հայացքից բոլոր արհեստական գաղափարների հետևում իրական մշակված ողբերգության սցենարներ են։

Առավել ևս, որ եղավ այն, ինչին իրականում դու, նա, մյուսը սպասում էիք, որովհետև ձեր վանգայությամբ, կոնսպիրոլոգիական տեսություններով, հեռատեսությամբ ու հոտառությամբ վստահ էիք, որ այս դժբախտությունները լինելու էին:

Որ այդուհանդերձ՝ դժբախտ ու դժգույն էր հայրենիքի մի մասը, որը կարելի էր տալ ու հանգիստ ապրել:

Այո՛, ամեն ինչ վաճառվում է, ամեն ինչ իր գինն ունի:

Անգամ հող-հայրենին:

Անգամ Աստծո ծառաների կողմից:

Դրա համար ականատեսն ենք նաև Երուսաղեմի հողատու հայ պատրիարքի հետողորմյայի, որն անգամ գրոշ չարժի:

Ինչևէ, այս ամենի թողտվության ու համակերպման արդյունքում էլ այսօր ականատեսը դարձանք ամայացած ուրվական Ստեփանակերտում թշնամու զորահանդեսին:

Այս օրն էլ տեսանք, սա էլ ապրեցինք:

Անասելի ցավը սփոփում չունի:

Էյֆորիայի տակ քոչվոր ցեղապետին պատել է հաղթանակի զգացումը:

Վերջինս իրենից գոհ էր, քանի որ իր ժողովրդին խոստացել էր, որ կգա այն օրը, երբ Ադրբեջանի դրոշը կբարձրացվի «օկուպացված» բոլոր հողերի վրա, և այդ օրը եկավ:

Թեպետ կազմակերպածն իհարկե դատարկ դահլիճում համերգ տալուն էր նման:

Թեպետ ներքուստ գիտակցում է, որ վախի սինդրոմով ապրելու է, որովհետև իրական հաղթանակի, առավել ևս կանգնած հողի տերը չէ:

Եվ հետո, Արցախը նոր չէ, որ օտար նվաճողներ է տեսել ու քոչվորների արշավանքների թիրախ դարձել, զավթվել ու վերստին ազատագրվել:

Այս քոչվորների հետ հաշիվը 1:1 է:

Այսօր «Խանքենդի» վերածված Ստեփանակերտը ժամանակավորապես ստիպված է ընդունել թշնամուն։

Երևանում էլ փակված է էջը, արգելված է տեսնել իրականությունը, խոսել ցավի մասին, որովհետև վախ կա օդում կախված, որ սթափվելուց ու ինքնակազմակերպվելուց հետո միաբանվելու է ժողովուրդն ու անհանդուրժողականություն է դրսևորելու, պահանջ ու պայման է ներկայացնելու, այլապես՝ ցասումն անխուսափելի է:

Ինչևէ, այսօր հուսահատեցնողը ոչ այնքան գործող իշխանության որակն է, որքան տիրող անճարակությունը, անելանելիության զգացումն ու անելիքը լավ չպատկերացնելու հանգամանքը:

Սակայն մեզ պետք է դրսևորել սթափ, ադեկվատ, առանց արկածախնդրությունների վարքագիծ:

Հայրենիքի, պետականության մասին գավառական պատկերացումներով նարատիվները պետք է փոխվեն, հակառակ դեպքում ապագան շատ ցավոտ է լինելու։

Մնում է ինքներս, իրար օգնելով, դուրս գանք այս ճգնաժամային վիճակից:

Ջախջախված ու բռնաբարված ներկայով անգամ պետք է գնանք դեպի խոստումնալից ապագա։

Մենք պարտավոր են հաղթահարել այս շրջափուլը:

Առաջնահերթը՝ հետպատերազմյան վերականգնման փուլն է ու ազգային անվտանգային համակարգի վերբեռնումը:

Բացառապես ապագայի շուրջ ստրատեգիական մտածողություն ունեցող, հայրենասեր, գիտակ ու բանիմաց մարդկանցով է սակայն հնարավոր գրանցել հաջողություն:

Իսկ այդ մարդիկ, վստահեցնում եմ, որ քիչ չեն:

Իսկ մինչ այդ, ինչպես կասեր մեծն Մհեր Մկրտչյանը.

«Հայրենիքի զգացողությունը պահեք ձեր մեջ, ինչպես սերն եք պահում ձեր սրտում, հոգով ու սրտով կապված մնացեք հող ու ջրին, հոգևոր հարստությանը, ծննդավայրին»:

Այսպես չի մնալու:

Ողջախոհություն բոլորիս:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 2537

Մեկնաբանություններ