Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Յուրաքանչյուր գործընկեր ջանում է դուրս մղել մյուսին

Յուրաքանչյուր գործընկեր  ջանում է դուրս մղել մյուսին
10.07.2012 | 12:30

Երևի «աշխարհաքաղաքական նոր իրավիճակ» ասվածն անհեթեթություն է, այսինքն, երբ խոսքն աշխարհաքաղաքականության մասին է, ապա անիմաստ է խոսել իրավիճակի մասին: Սակայն ներկա միջազգային իրողությունն այնպիսին է, որ հազիվ թե տեղին լինի խոսել ինչ-որ երկարաժամկետ ռազմավարությունների մասին, ինչն աշխարհաքաղաքականության բնորոշ առանձնահատկություններից մեկն է: Շատ քաղաքագետներ են նկատել, որ աշխարհի առաջատար պետություններից և ոչ մեկն ի վիճակի չէ լիարժեքորեն ռազմավարություն կառուցելու, մանավանդ աշխարհաքաղաքական բնույթի: Ըստ երևույթին, դա ժամանակի հրամայականն է, ինչն իմաստ կստանա մոտ ապագայում: Այդուամենայնիվ, բավական մեծ թվով քաղգործիչներ և քաղաքագետներ պնդում են (թերևս, արտացոլելով Եվրոպայի և ԱՄՆ-ի քաղաքական կենտրոնների շահերը), որ ամերիկա-ռուսական հարաբերություններում, այսպես կոչված «վերաբեռնումը» ոչ այլ ինչ է, եթե ոչ նոր աշխարհաքաղաքական իրավիճակի առաջացում, նախ և առաջ` Արևելյան Եվրոպայում: Արևելյան Եվրոպայի (ավելի ստույգ` Կենտրոնահարավարևելյան Եվրոպայի) երկրների նախկին քաղաքական ղեկավարները Բ. Օբամային կոչ են արել իրենց երկրները «չզոհաբերել» Ռուսաստանին, այլ շարունակել պաշտպանել այդ երկրների շահերը: Ընդ որում, օրինակ են բերվում վրաց-ռուսական պատերազմի պահին ԱՄՆ-ի ցուցաբերած վարքագիծը և ամերիկյան միջամտության սահմանները:
Բայց իրո՞ք Ռուսաստանն այդքան մեծ սպառնալիք է այն երկրների համար, որոնք դարձել են ՆԱՏՕ-ի ու Եվրամիության լիարժեք անդամ: Կասկածից վեր է, որ այդ «անհանգստության» պատճառները միանգամայն այլ են, եթե շիտակն ասենք, դրանք Գերմանիայի, ինչպես և Ֆրանսիայի մտադրություններն են, որոնք վերջին տարիներին բառացիորեն իրենց կամքն էին թելադրում եվրատլանտյան կառույցներին` մեծապես որոշիչ ազդեցություն գործելով ՆԱՏՕ-ի ու Եվրամիության մի շարք սկզբունքային որոշումների վրա: Գերմանիան ու Ֆրանսիան կտրականապես սահմանափակում էին ՆԱՏՕ-ի կազմի ընդլայնումը, միաժամանակ ակտիվացնում էին ՆԱՏՕ-ի դերն Աֆղանստանում, ԱՄՆ-ին պարտադրելով իրենց դիրքորոշումը Իրաքի, Իրանի, Թուրքիայի, մերձավորարևելյան թնջուկի կարգավորման և ուրիշ շատ հարցերում:
Արևելյան Եվրոպան եղել և մնում է Եվրոպայի բաժանման, այդ թվում` Եվրոպայի և Ռուսաստանի բաժանման առավել արդյունավետ լծակը, նախ և առաջ, արգելապատնեշ` Գերմանիայի և Ռուսաստանի չափազանց լուրջ մերձեցում թույլ չտալու ճանապարհին: Առնվազն 250 տարի Մեծ Բրիտանիայի ռազմավարական խնդիրներից մեկը գերմանա-ռուսական դաշնազույգի ստեղծում թույլ չտալն է եղել, ինչը և հանգեցրել է համաշխարհային երկու պատերազմի: Հնարավոր է, որ «վերաբեռնում» արտահայտությունը սխալ է հասկացվել, և դա տարածաշրջանային քաղաքականության նոր նախաձեռնություններ է ենթադրում: Ինչևէ, թեև ԱՄՆ-ը զբաղված է Հարավային ու Կենտրոնական Ասիայի խնդիրներով և Չինաստանի զսպման քաղաքականությամբ, նա երբեք չի «մոռանա» Եվրոպային վերաբերող խնդիրները, քանի որ եվրոպական ուղղությունն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության հիմքն է: Եվրոպայում ԱՄՆ-ի ազդեցության թուլացումն ավանդաբար ամերիկացիների կողմից դիտվում է որպես անթույլատրելի երևույթ: Եվրոպայում ամերիկյան ազդեցության պահպանմանն էին նվիրված ՆԱՏՕ-ի և Եվրամիության ընդլայնման խնդիրները, Բոսնիայի ու Սերբիայի պատերազմները, ՈՒկրաինայի հետ կապված վերջին շրջանի գազային աղմուկը, Թուրքիան Եվրամիություն խցկելու խաղը և այլն։ Պետք է ասել, որ Արևելյան Եվրոպայում ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը, չնայած մի շարք բացահայտ ձախողումներին, ըստ էության, շատ արդյունավետ է, և ԱՄՆ-ի քաղաքականության տարածաշրջանային ուղղություններից ոչ մեկն այսքան համարժեք չի եղել տեխնոլոգիաների ու արդյունքների առումով: Արևելյան Եվրոպայի երկրները չեն թաքցնում, որ չեն վստահում ո՛չ Ֆրանսիային, ո՛չ Գերմանիային, ո՛չ էլ անգամ Մեծ Բրիտանիային, որոնք կամ ագրեսիա են իրականացրել, կամ իրենց բախտի քմահաճույքին են թողել: Հարկ է նշել, որ ոչ միայն ատլանտյան, այլև Արևելյան Եվրոպայի երկրների ազգայնական կուսակցություններն ու խմբավորումները խիստ հոռետեսորեն են վերաբերվում Եվրոպայի առաջատար երկրներին` որպես ռազմավարական դաշնակիցների: Սա հնարավորություն է ընձեռում առաջադրելու ամեն տեսակի նախաձեռնություններ և կազմելու, ըստ էության, Ֆրանսիայի, Գերմանիայի և Ռուսաստանի ազդեցության սահմանափակման ցանկացած նախագիծ:
ՈՒկրաինական ու վրացական թեմաները, որոնք միշտ շահարկման առարկա են եղել եվրոպացիների կողմից, այդուամենայնիվ, ուսանելի էին Արևելյան Եվրոպայի երկրների համար, անգամ ՆԱՏՕ-ի ու Եվրամիության կազմում նրանց խոցելիության պատկերավոր ապացույց: Բայց բանը միայն Ռուսաստանի քաղաքականությունը չէ: Ֆրանսիայի արդեն նախկին նախագահ Սարկոզին բառացիորեն հանձնեց ոչ միայն Վրաստանը, այլև տարածաշրջանի այն բոլոր երկրները, որոնք ինչ-որ խնդիր ունեն Ռուսաստանի հետ: Ֆրանսիան ու Գերմանիան վրաց-ռուսական հակամարտությունից շատ ավելի մեծ շահ քաղեցին և ավելի էական նոր դիրքեր ձեռք բերեցին, քան ԱՄՆ-ը: Ֆրանս-գերմանական դաշնազույգն Արևելյան Եվրոպային ցույց տվեց, որ ԱՄՆ-ը Վրաստանին միանգամայն գիտակցված դրդեց պատերազմի ու նրան, որպես գործընկերոջ, չօգնեց: Ֆրանսիայի ու Գերմանիայի դիրքորոշումն ընդգծեց ոչ միայն տարածաշրջանի երկրների, այլև բուն ԱՄՆ-ի խոցելիությունը, որը չի ուզում և չի կարողանում կատարել այն պետությունների հանդեպ ունեցած պարտավորությունները, որոնք ամերիկյան քաղգործիչները, այդ թվում` ԱՄՆ-ի նախագահը, բազմիցս ռազմավարական գործընկեր են անվանել: Ոչ միայն Կովկասում կատարված ռազմական արկածախնդրության, այլև Ֆրանսիայի ու Գերմանիայի քաղաքականության հետևանքով (այն ամբոխավարորեն ներկայացվում էր որպես ամբողջ Եվրամիության դիրքորոշում) ԱՄՆ-ը ներկայացվեց նոր` «սահմանափակ արտքաղաքական պատասխանատվություն ունեցող պետության» որակով: Անշուշտ, ԱՄՆ-ը մեծ աշխատանք է կատարել Ռուսաստանի գործողությունների սահմանափակման ուղղությամբ, և միգուցե իրականում գլխավոր հակազդող ուժն էր, բայց հենց Ն. Սարկոզին ստանձնեց ռուսական ագրեսիայից Եվրոպայի «փրկչի» դերը: Բացի դրանից, հենց Սարկոզիի ակտիվ դիրքորոշումն ու Ա. Մերկելի քողարկված ռուսամետությունը հանգեցրին Եվրոպայում հուժկու հակաամերիկյան հասարակական ալիքի բարձրացմանը, որտեղ Կովկասում ԱՄՆ-ի պարտությունն ընկալվեց որպես ամերիկյան հզորության անկման լուրջ ազդանշան` ո՛չ ավելի, ո՛չ պակաս: Եվրոպայում տեղի են ունենում ԱՄՆ-ի համար խիստ վտանգավոր գործընթացներ, և ժամանակն է հնարավոր բոլոր քաղաքական ռեսուրսները գործի դնելու ԱՄՆ-ի դիրքերը հետ բերելու համար: Կասկած չկա, որ Եվրոպային մեծ անակնկալներ են սպասում տարբեր տարածաշրջաններում: Հնարավոր է, որ ամենանշանակալի սպառնալիքը կդառնա եվրոպացիների ակտիվ ներգրավումը աֆղանական իրադարձությունների և Պակիստանի մասնատման մեջ: Համենայն դեպս, ցանկացած նախագծում, ուր ԱՄՆ-ը և Եվրամիությունը հանդես են գալիս համատեղ, պայքար է տեղի ունենում համաշխարհային քաղաքականության երկու «բևեռների» միջև, և յուրաքանչյուր գործընկեր ջանում է դուրս մղել մյուսին: Նման նախագիծ է Թուրքիայի զսպման խնդիրը, ուր ԱՄՆ-ը և Եվրամիությունը, ավելի ճիշտ, առաջատար եվրոպական պետությունները, հանդես են գալիս համաձայնեցման և, միաժամանակ, մրցակցության ձևաչափով:
Թե՛ ԱՄՆ-ի, թե՛ Եվրամիության քաղաքականության բացարձակացումը հավասարապես վտանգավոր է տարբեր տարածաշրջանների, այդ թվում` Հարավային Կովկասի ոչ մեծ պետությունների համար: Իրենց ինքնիշխանությամբ մտահոգ փոքր երկրները ջանում են խուսանավել ու հավասարակշռություն պահպանել խոշոր տերությունների արանքում, ներառյալ Ռուսաստանը: Սակայն ԱՄՆ-ի ու Եվրամիության քաղաքականության, շահերի և արտքաղաքական հնարքների ամբողջ անմիարժեքությամբ հանդերձ, կասկածից վեր է, որ Հայաստանի նման երկրների համար, որոնք խնդիրներ ունեն հարևանների հետ, եվրոպացիների քաղաքականությունն ավելի վտանգավոր է, քան ԱՄՆ-ինը: Նման պնդման համար ավելի քան բավարար հիմքեր կան:
Պետական սահմանների վերաձևմամբ շահագրգիռ ուժի համաշխարհային երկու կենտրոններից` ԱՄՆ-ից և Ռուսաստանից, միայն ԱՄՆ-ն է ընդունակ դա իրականացնելու օրինակարգ ձևով` ժողովրդավար աշխարհի տասնյակ պետությունների աջակցությամբ ու հավանությամբ: ԱՄՆ-ի համար նորանկախ պետությունների ճանաչումն իր արտաքին քաղաքականության և համընդհանուր անվտանգության, նոր աշխարհաքաղաքականության կառուցման կարևոր տարր է: Փաստորեն, միայն ԱՄՆ-ը հնարավորություն ունի իրագործելու ակտիվ տարածաշրջանային քաղաքականություն` գործառական կառավարման իրական համակարգի առկայության պարագայում: Այդ դոկտրինն առաջատար է դառնում ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մեջ, և արդեն շատ գործընթացներ ու իրադարձություններ ստորադասված են այդ խնդրին: Եվրոպական պետություններն ուղղակի օրգանապես շահագրգռված չեն նոր պետությունների առաջացմամբ և խիստ թշնամաբար են վերաբերվում այդ հեռանկարին: ԱՄՆ-ը ձգտում է մանրատել ոչ միայն Մերձավոր Արևելքն ու Հարավային Կովկասը, այլև Եվրոպան, նախաձեռնելով, նաև սփյուռքի օգնությամբ, միանգամայն անսպասելի անջատական շարժումներ, թվում է, ամենակայուն և կանխատեսելի տարածաշրջաններում: Եվրոպացիները ձգտում են դիմադրություն ցույց տալ այդ միտումներին, բայց առայժմ բնավ պատրաստ չեն դիմակայելու դրան: Ըստ էության, ԱՄՆ-ը ձևավորել է գործընկերների նոր շարք, և նրան անհրաժեշտ են տարածաշրջանային կառավարման ավելի ակտիվ պայմաններ: Եվրոպական պաշտպանական նախաձեռնության առնչությամբ ԱՄՆ-ի քաղաքականությունը հակասական և երկակի բնույթ է կրում: Ձգտելով եվրոպական զինված ուժերն ուղղել Կովկաս-կասպյան և կենտրոնական (ինչպես նաև Արևմտյան և Կենտրոնական Աֆրիկայի և այլ շրջանների, հնարավոր է նաև Պակիստանի) տարածաշրջանների անվտանգության ապահովմանը, ԱՄՆ-ն աշխատում է ցուցադրել եվրոպական զինված ուժերի ռազմաքաղաքական սնանկությունը, որոնք ԱՄՆ-ի աջակցության կարիքն ունեն: ԱՄՆ-ը չճանաչված պետությունների հանդեպ իր դիրքորոշումը բնորոշել է տարբերակված և ընդհանուր առմամբ` դրական: ԱՄՆ-ի ու Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը` ուղղված Կոսովոյի ինքնիշխանության և նրա լիակատար քաղաքական անկախության, որպես չճանաչված պետությունների կարգավորման գործի զարգացման մոդելի ճանաչմանը, չի կարող չտարածվել այլ տարածաշրջանների ու հակամարտությունների վրա: Չճանաչված պետություններն ավելի ու ավելի են դառնում աշխարհաքաղաքականության սուբյեկտներ և անվտանգության տարածաշրջանային համակարգի կարևոր տարրեր: Չճանաչված պետությունների գոյությամբ ԱՄՆ-ի շահագրգռության պատճառը ոչ միայն տարածաշրջանային կայունության պահպանման ձգտումն ու փաստական իրավիճակի հետևողական ճանաչումն է, այլև միջնաժամկետ հեռանկարում այդ տարածքներն իր ռազմավարական շահերի համար օգտագործելու նպատակադրումը: Վերջին ժամանակներս Արևմտյան ընկերակցությունում, հատկապես ԱՄՆ-ում, աճում է այն բանի գիտակցումը, որ չճանաչված պետությունների ստեղծումը, այսինքն, ազգային-քաղաքական տարանջատումը, հանգեցրել է տարածաշրջանային անվտանգության մակարդակի աճին:
Համաեվրոպական դիրքորոշումն ինչ-որ չափով արտահայտվում է Եվրոպայի առաջատար պետությունների` Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, մասամբ նաև Իտալիայի քաղաքականության մեջ: Եվրոպական առաջատար քաղաքագետների խոստովանությամբ, հավանաբար, այդ «Մեծ քառյակն» այսուհետ ևս կորոշի եվրոպական արտաքին քաղաքականության ուղղությունը, եթե կարելի է այսպես անվանել շատ թե քիչ ընդհանրացված եվրոպական դիրքորոշումը: Դրա հետ մեկտեղ, գտնվելով տնտեսական և ռազմաքաղաքական սերտ դաշինքում, եվրոպական առաջատար պետությունները բավական հակասական դիրքորոշում ունեն ԱՄՆ-ի քաղաքականության նկատմամբ, սակայն նրանց դիրքորոշումները շատ հարցերում նման են տարածաշրջանային քաղաքականության առումով` Բալկաններ, Պաղեստին, Հյուսիսային Աֆրիկա, Ռուսաստան, Թուրքիա, Իրան, Չինաստան և այլ երկրներ ու տարածաշրջաններ: Այսպիսով, կարելի է մեծ հավաստիությամբ ենթադրել, որ եվրոպական առաջատար պետությունները մոտավորապես իրար նման դիրքորոշումներ ունեն Հարավային Կովկասի և Արևելյան Եվրոպայի խնդիրների առնչությամբ: Բայց այդ համեմատաբար նման դիրքորոշման պարագայում եվրոպական տերությունները, փաստորեն, արդեն իրացրել են իրենց շահերը Հարավային Կովկասում: Մեծ Բրիտանիայի քաղաքականությունը, որն ուղղված է իր նավթային ընկերություններին քաղաքական աջակցության ապահովմանը, միանգամայն հաջող է: Նավթային նախագծերը հաջողությամբ իրականացվում են, և ոչ մի հիմք չկա պնդելու, թե որևէ մեկը սպառնում է դրանց: Մեծ Բրիտանիան Հարավային Կովկասում վարում է չափազանց զգույշ քաղաքականություն, խուսափելով միջամտելուց այն խնդիրներին, որոնք չեն շոշափում իր աշխարհատնտեսական շահերը: Ֆրանսիայի շահերը կապված են զուտ աշխարհաքաղաքական հավակնությունների և ԱՄՆ-ին այլընտրանքային քաղաքական ներկայություն ցուցադրելու ձգտման հետ: Հարավային Կովկասում Գերմանիայի շահերը պայմանավորված են երկարաժամկետ քաղաքականությամբ` կապված իր տնտեսական և քաղաքական ազդեցության մայրցամաքային համապարփակ ոլորտ կառուցելու հետ, խնդիր, որը սոսկ 10-15 տարի հետո կառնչվի Հարավային Կովկասին: Կարելի է լիովին հնարավոր համարել, որ Եվրոպայի առաջատար տերությունները Հարավային Կովկասի հարցում կհանգեն միասնական դիրքորոշման, բայց այդ դիրքորոշումը, անտարակույս, կհիմնվի ոչ թե համաեվրոպական վաղանցիկ արժեքների, այլ եվրոպական երեք-չորս առաջատար պետությունների կոնկրետ շահերի վրա: Եվ դա խիստ վտանգավոր է ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի շահերի տեսանկյունից, քանի որ եվրոպացիներն ավելի ու ավելի են միասնական «ճակատով» հանդես գալիս ՆԱՏՕ-ին ու Եվրամիությանը տարածաշրջանի պետությունների անդամակցության հարցում: Ընդ որում, Մեծ Բրիտանիան արդեն չի թաքցնում իր հարկադիր համերաշխությունը Ֆրանսիայի ու Գերմանիայի հետ` կապված Եվրատլանտյան կառույցներին Արևելյան Եվրոպայի երկրների ինտեգրման հարցերի հետ:
Ամերիկյան այս հայեցակարգում Արևելյան Եվրոպային առանձնահատուկ դեր է հատկացված, երբ շրջափակվում է Գերմանիայի ու Ֆրանսիայի արևելյան քաղաքականությունը: ԱՄՆ-ն ու Մեծ Բրիտանիան ձգտում են թույլ չտալ, որ Արևելյան Եվրոպան վերածվի Գերմանիայի բացառիկ ազդեցության գոտու, այսինքն` գերմանական աշխարհատնտեսական կայսրության։ ՈՒկրաինայում, Բալթիկայում, Բալկաններում տեղի ունեցող բազմաթիվ իրադարձություններ շաղկապված են Գերմանիայի աշխարհաքաղաքական շրջափակման խնդրի իրականացման հետ, և դա անմիջական առնչություն ունի Հարավային Կովկասի, Արևելյան Եվրոպայի, այդ թվում` Ռուսաստանի շահերի ու ռազմավարական անվտանգության հետ: Խոսքը հեռանկարում Գերմանիայի և Թուրքիայի հնարավոր դաշինքի մասին է: Այդ հեռանկարը կարող է միանգամայն ընդունելի դառնալ Գերմանիայի համար, եթե, ինչպես անցած պատմական ժամանակներում, Գերմանիայի և Ռուսաստանի սերտ գործընկերություն չստացվի, կամ էլ Գերմանիան նախընտրի Արևելքում, բացի Ռուսաստանից, ռազմավարական գործընկերային հարաբերություններ հաստատել նաև Թուրքիայի հետ` որպես այլընտրանքային կամ հիմնական գործընկերոջ ոչ միայն Արևելյան Եվրոպայում, այլև Մերձավոր Արևելքում: Տևտոնական և թուրանական «սալերի» միացումը աղետալի կլինի Ռուսաստանի ու նրա դաշնակիցների համար:
Նշելով այս հանգամանքը, չի կարելի չկանխատեսել, որ մոտ ժամանակներս Արևելյան Եվրոպայի երկրների ու ազգերի համար Արևմտյան Եվրոպայի կողմից կարող է գոյաբանական սպառնալիք առաջանալ, և այս կապակցությամբ այդ ընդարձակ տարածաշրջանն ատլանտյան տերությունների ռազմաքաղաքական ու աշխարհատնտեսական ներկայության կարիքն ունի, որոնց շահերը միշտ, ամեն պարագայում, կհակասեն եվրոպական պետությունների և Ռուսաստանի շահերին:

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 4783

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ