ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Պահպանելով դարավոր կապերը

Պահպանելով դարավոր կապերը
27.04.2012 | 00:00

Հայ գրատպության 500-ամյակի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից Երևանը գրքի համաշխարհային մայրաքաղաք հռչակելու տոնակատարություններին զուգահեռ` Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում անցկացվեց ԱՊՀ մշակութային համագործակցության խորհրդի 27-րդ նիստը: Առաջին անգամ, որպես նախագահող երկիր, Հայաստանն ընդունեց ԱՊՀ մասնակից պետությունների մշակութային համագործակցության խորհրդի անդամներին:

ԱՊՀ անդամ պետությունների մշակութային համագործակցության խորհրդի նախագահ, ՀՀ մշակույթի նախարար ՀԱՍՄԻԿ ՊՈՂՈՍՅԱՆԸ բացման խոսքում նշեց, որ չնայած խորհրդի նիստերը տեղի են ունենում տարին մեկ անգամ, դրանց ընթացքում քննարկվում են հարցեր, որոնք տարվա ընթացքում կյանքի են կոչվում թե՛ ազգային, թե՛ ԱՊՀ անդամ պետությունների մակարդակով:

Նիստում քննարկվեցին ԱՊՀ երկրների ընդհանուր մշակութային դաշտի կարգավորմանն ուղղված մի շարք հարցեր, մասնավորապես` համաշխարհային ժառանգության պահպանության ԱՊՀ կենտրոնի ստեղծման, ԱՊՀ անդամ պետությունների ամենամյա «ArtExpo»-ի անցկացման, համատեղ կինոարտադրության վերաբերյալ: Օրակարգային հարցերից էր «ԱՊՀ մշակութային մայրաքաղաքներ» միջպետական ծրագիրը։ Հասմիկ Պողոսյանը նշեց, որ հայկական կողմն առաջարկել է մշակութային մայրաքաղաքներ չդարձնել միայն պետությունների մայրաքաղաքները, դրանց ցանկը պետք է կազմել ըստ այբբենական կարգի։

ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահ ՍԵՐԳԵՅ ԼԵԲԵԴԵՎԻ խոսքով` ԱՊՀ ժողովուրդների միջև մինչ օրս պահպանվել են բարեկամական հարաբերությունները, միմյանց մշակույթի, արվեստի հանդեպ հետաքրքրությունը: «Եվ քանի որ մշակույթների երկխոսությունը և մշակութային քաղաքականությունը ԱՊՀ անդամ պետությունները դիտարկում են որպես պետությունների միջև բարեկամական հարաբերությունների և վստահության ամրապնդման կարևոր գործոն, հումանիտար համագործակցությունը պետք է շարունակվի` պահպանելով ժողովուրդների միջև դարավոր բարեկամական կապերը»,- ասաց նա:

ԱՊՀ անդամ պետությունների շրջանակներում միջազգային գրքափոխանակության բնագավառում ունեցած մեծ ավանդի համար ԱՊՀ գործադիր կոմիտեի պատվոգրով պարգևատրվեց «Բուկինիստ» ՍՊԸ-ի տնօրեն Խաչիկ Վարդանյանը:

Նշենք, որ 2012-ին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք է հռչակված Թուրքմենստանի Մարի քաղաքը, որտեղ մայիսին կմեկնարկեն մշակութային միջոցառումները:

Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 1743

Մեկնաբանություններ