ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ԿԵՐՊԱՐՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄ ԿԱ, ՀԱՄԱՏԱՐԱԾ «ՄՈԽՐՈՏԻԿԱՑՈՒՄ», ԻԼՅՈՒԶԻԱ, ԽԱԲԿԱՆՔ»

«ԿԵՐՊԱՐՆԵՐԻ ՍՏԱՆԴԱՐՏԱՑՈՒՄ ԿԱ, ՀԱՄԱՏԱՐԱԾ «ՄՈԽՐՈՏԻԿԱՑՈՒՄ», ԻԼՅՈՒԶԻԱ, ԽԱԲԿԱՆՔ»
16.03.2012 | 00:00

«Մինչ անհամբեր սպասումով ապրում ես` ինչ-որ տեղ քեզ համար հրաշք է արարվում»: Շուտով այս խորագրի ներքո կինոսիրողների դատին կներկայացվի «Սպասելիս» կարճամետրաժ ֆիլմը: «Այն սիրո մի դրվագ է, որը չունի նախապատմություն և չի ենթադրում պարտադիր շարունակություն: Յուրաքանչյուր ոք յուրովի կարող է ընկալել ասելիքը»,- ասում է ֆիլմի սցենարիստ ԴԻԱՆԱ ԱԹՈՅԱՆԸ:
Լուսանկարիչ տղան և ուսանողուհին ապրում են մեր քաղաքում, մեր կողքին, իրենց առօրյայով, ինչպես շատերն այդ տարիքում` սպասումով: Արծաթագործ կինը (ով, ի դեպ, դերասան չէ, այլ հենց կին-արծաթագործ) արվեստանոցում իր ամենօրյա աշխատանքն է անում, ստեղծագործում է, արարում: Երեք կերպարները զուգահեռ են գործում: Ֆիլմի վերջում հանդիպում են տղան, աղջիկն ու արծաթագործի ստեղծած զարդը:
Դերերում են Անի Գալստյանը և Կառլոս Մուրադյանը: Արծաթագործը Կառան է: Ռեժիսորն է Վահրամ Ներսիսյանը, օպերատորը` Վահագն Գրիգորյանը:
Մեր եթերը ողողած լատինաամերիկյան և հայկական արտադրության սերիալները նույնպես սիրո մասին են, հիմնականում` այնքան անճաշակ ու անասելիք, որ, այսպես կոչված, «սիրո թեման» այլևս հանդիսատեսին չի գրավում: Ինչո՞վ է առանձնանում կարճամետրաժ այս ֆիլմը:
«Սերիալները նպատակ ունեն հանդիսատեսին երկար ժամանակ ներքաշելու պատմությունների մեջ: Դրանք շահութաբեր նախագծեր են և պայմանավորված են մեծամասնության պահանջարկով,- նկատում է «Սպասելիս» ֆիլմի սցենարիստը:- Աղջիկների կերպարների ստանդարտացում կա, համատարած «մոխրոտիկացում», իլյուզիա, խաբկանք: Ինչ-որ առումով դա նաև ռիսկային է. հանդիսատեսներից շատերը հենց սերիալների կերպարներով էլ ապրում են: Տարեկից աղջնակները կամ հասուն կանայք իրենց իրական ապրումները, հայացքները, սպասումները փոխարինում են այդ սցենարներով կամ, նույնն է թե, ուրիշի մտացածին տառապանքներով: Իրական կյանքում «սցենարներն» անկառավարելի են: «Սպասելիսը» ընդամենը մի դրվագ է, մաղթանք է, մեկ օր ու շատ սպասված ավարտ: Անոնսի արձագանքը, անկեղծ լինեմ, սպասվածից ավելին էր»:
Ֆիլմի ռեժիսոր ՎԱՀՐԱՄ ՆԵՐՍԻՍՅԱՆԻ կարծիքով` այսօր ունենք լավ ֆիլմերի պակաս: «Վերջերս նկարահանում են «պոպկորն»-ային ֆիլմեր, այսինքն, մեկ անգամվա դիտման: Թեև կան ֆիլմեր, որ առանձնանում են,- ասում է նա:- Մեր ֆիլմում չկա երկխոսություն, լուռ ապրումներ են, բարության ու սիրո յուրահատուկ դրսևորում: Ֆիլմում չկան նաև հատուկ էֆեկտներ, հնարքներ, այն շատ պարզ է»: Ռեժիսորը համոզված է, որ լավ բան ստեղծելու համար շատ մեծ գումարներ պետք չեն, կարևորը ցանկությունն է և աշխատանքը:
Դիանա Աթոյանն իր հերթին հավելում է, որ հայկական կինոաշխարհում պակասում են անկեղծ ֆիլմերը, որտեղ կերպարներն ու նրանց միջավայրը իրականության չափ իրական են, հույզերում ռետուշ չկա, ապրումները բնական են, արարքները` պատճառաբանված: Իսկ հրաշքը, որ «ինչ-որ տեղ արարվում է քեզ համար», Դիանա Աթոյանի կարծիքով, պարտադիր չէ, որ լինի ֆոտոապարատի բլիցի պես անսպասելի, վառ ու շլացնող: «Հրաշքն այստեղ պայմանական է, փոխաբերված, այն է, ինչ խնամքով պատրաստվում է և մեզ այդքան մոտ է, այդքան հասանելի»,- ասում է նա:
«Սպասելիս» ֆիլմի ստեղծագործական խումբը մեկ այլ` ավելի ծավալուն նախագծի վրա է աշխատում: «Դեռևս հստակ չէ, թե նկարահանումները երբ կսկսենք, քանի որ, բացի սցենարային մշակումից ու հղկումներից, այն նաև անհամեմատ ծախսատար է»,- ասում է Դիանա Աթոյանը, հավելելով, որ մինչ հիմնական նախագծի իրականացումը, հնարավոր է կյանքի կոչեն ևս մի կարճամետրաժ ֆիլմ: «Կարելի է ասել` ֆիլմ նկարելու զարկերակն ենք ուզում զգալ»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 3415

Մեկնաբանություններ