38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Կգա մի օր, երբ Թուրքիան և Ադրբեջանը կսկսեն իրենց կամքը թելադրել Վրաստանին

Կգա մի օր,  երբ Թուրքիան և Ադրբեջանը  կսկսեն իրենց կամքը թելադրել Վրաստանին
09.10.2012 | 12:44

Վրաստանի իրադարձությունների մասին ցանկացած դատողության պարագայում ակնհայտ է մեկ բան` ԱՄՆ-ն ունի ռեզերվներ ու այլընտրանքներ սցենարների զարգացման համար և ներկա իրավիճակում ակտիվորեն աշխատում է Վրաստանում, Ռուսաստանն ունի խիստ հարաբերական շփումներ ու պայմանավորվածություններ ընդդիմության ներկա առաջնորդ Բիձինա Իվանիշվիլու հետ։ Ակնհայտ է, որ ռուսները փորձում էին տարածություն պահպանել վրացական ընդդիմության հետ հարաբերություններում, և ձգտում էին ավելորդ պատասխանատու պարտավորություններ չստանձնել։
Վլադիմիր Պուտինի թիմում, առաջվա նման, կան տարբեր մարդիկ և, համապատասխանաբար, արտաքին քաղաքականության հարցերի հետ կապված տարբեր դիրքորոշումներ։ Հնարավոր է, դա Ռուսաստանի նախագահի կառավարման ձևն է, բայց անգամ նախագահի պաշտոնական թիմի մեջ չմտնող մարդիկ որոշակի հնարավորություններ ունեն արտաքին գործերի նախարարության և նախագահի աշխատակազմի վրա ազդելու համար։ Պետք է ասել, որ Սերգեյ Լավրովը զգալիորեն չեզոքացրել է այդ ազդեցությունը, բայց նախագահն իրեն է վերապահում վերջնական որոշումների իրավունքը, որոնք բավական հաճախ ընդունվում են եթե ոչ հակառակ արտգործնախարարության դիրքորոշման, ապա դրան զուգահեռ։ Գաղտնիք չէ, որ Ռուսաստանի ներքին և արտաքին քաղաքականության վրա մեծ ազդեցություն են գործում առևտրային ընկերությունները, ինչը վերջին ժամանակներս փոքր-ինչ այլ բնույթ է կրում, այսինքն` այդ ընկերություններն ինտեգրվել են կառավարող վարչակազմին, որը և պաշտպանում է նրանց շահերը։ Ամեն դեպքում, Ռուսաստանում կան միանգամայն ակնհայտ ու իրական «բևեռներ», որոնք նախաձեռնություններ են հանդես բերում վրացական հարցով։ Այդ խնդրի առնչությամբ կան բազմաթիվ նրբություններ, բայց որոշ շրջանակներ կտրականապես ողջունում են Օսիայի և Աբխազիայի ճանաչման որոշումը, մյուսները, որոշ «արգելակներով», կասկածի են ենթարկում այդ որոշումը։ Բայց դա միայն արտաքին միջավայրն է, և «իրական քաղաքականության» սկզբունքի ու օրինաչափության մասին ամեն տեսակի դատողությունները նույնպես հանրային դիմակի նման բան են, որի հետևում թաքնված է ԱՄՆ-ի ու Եվրոպայի հետ հարաբերությունների խնդիրը։ Ի դեպ, կասկածից վեր է, որ Դմիտրի Մեդվեդևը նախագահ եղած ժամանակ փորձում էր ռևիզիայի ենթարկել «ճանաչման» որոշումը, ինչի մասին քաջ տեղյակ են Օսիայում և Աբխազիայում։ Սակայն կարելի է վստահորեն ասել, որ այսօրվա դրությամբ ռուսական քաղաքական ղեկավարության շրջանում ոչ մի պատկերացում չունեն, թե ինչ պետք է անել հետո և ինչպես պետք է արձագանքել, եթե Վրաստանը ժամանակի ընթացքում հայտարարի ոչ թե Ռուսաստանի վերահսկողության տակ վերադառնալու որոշման, այլ, հակառակը, Աբխազիայի և Օսիայի հանդեպ իրավունքներից պաշտոնապես հրաժարվելու մասին, իհարկե, որոշակի արտոնությունների դիմաց։ Բայց դա ապագայի բան է, իսկ հիմա ռուսների առջև խնդիր է ծառացել հանկարծ ձեռքից բաց չթողնել պահը և օգտվել վրացական քաղաքականության մեջ տեղի ունեցող փոփոխություններից։
Իսկ Սաակաշվիլու առջև էլ կարևոր մարտավարական խնդիր է ծառացել ընդդիմության առաջնորդներին մղելու Ռուսաստանի հետ մերձեցման քայլերի, և այս կապակցությամբ նրանց ներկայացնելու իբրև հակաամերիկյան գործիչների։ Կասկածից վեր է, որ ընդդիմության ղեկավար շրջանի որոշ մասնակիցներ երբեք չեն խզել իրենց կապերը Սաակաշվիլու մարդկանց հետ և շատ լավ տեղյակ են ներկա նախագահի ծրագրերին` վարկանիշի, արտաքին քաղաքականության և ներքին խարդավանքների հարցերում։ Այժմ թե՛ կառավարող կուսակցությունը, թե՛ ընդդիմությունը կենթարկվեն ապակենտրոնացման և փլուզման ուժեղ միտումների, այլապես դժվար է պատկերացնել, թե ինչպես կարող են բավարարվել նրանց հավակնություններն ու իրականացվել նրանց թաքուն երազանքները։ Խնդիրն այն է, որ Վրաստանի քաղաքական խավը խիստ հակում ունի վարձատրվելու ամենաանսպասելի շահագրգիռ ուժերի կողմից, և վրացական քաղգործիչներին շատ հեշտ է դրսից կառավարել ու վերահսկել։ Այսպիսով, շատ նպաստավոր իրավիճակ է ստեղծվել Ռուսաստանի համար, որը վերահսկում է դեպի Վրաստան դրամական շատ հոսքեր և կարող էր ավելի արդյունավետորեն գործել, եթե ռուս քաղգործիչներն ավելի շատ օգտվեին ռուս երիտասարդ փորձագետների, և ոչ թե իրենց անձնական շահերին հետամուտ «հնամաշ» պաշտոնյաների խորհուրդներից։ Ռուսաստանի առջև այժմ խնդիր կա ավելի հստակորեն հասկանալու, թե ում նախագիծն է «Վրացական երազանքը»` ռուսակա՞ն, թե՞ ամերիկյան, իսկ գուցե դա մի «նախապատրաստուկ» է, որը տեր չի ընտրել։ Ռուսներն այժմ ձգտում են «Վրացական երազանքը» ներկայացնել իբրև իրենց նախագիծ, բայց, բացահայտորեն, իրենք էլ համոզված չեն դրանում։ Հիմա ճիշտ ժամանակն է ռուսների և վրացական ընդդիմության նոր շփումների, ընդ որում, երևի ռուսները կփորձեն առաջ անցնել, որովհետև ամերիկացիներն արդեն ցույց են տվել, որ լիովին տիրապետում են իրավիճակին, և հրապարակայնորեն հայտարարել են, որ իշխանություններն ու ընդդիմությունը պետք է փորձեն ցուցադրել միևնույն զգացումներն ու ակնկալիքները։ Այս փուլում նման դիրքորոշումը խստագույնս կվարկաբեկեր ընդդիմությանը, որովհետև այդպիսի դրամատիկ իրադարձություններից հետո հայտարարել, թե ինքը պատրաստ է փոխհամաձայնության, վաղաժամ կործանում կնշանակեր։ Միաժամանակ, Իվանիշվիլու հայտարարությունը, թե «ինքը կկարողանա Ռուսաստանին համոզել, որ Վրաստանի անդամակցությունը ՆԱՏՕ-ին վտանգ չի ներկայացնի Ռուսաստանի համար», պարզապես մանկական խաղ է ռուսների հետ, որը բանի նման չէ։ Մեկ այլ անհաջող շողոմություն ռուսների հասցեին կարող է դառնալ այն, թե Վրաստանը ներկա փուլում չի բարձրացնի Աբխազիայի և Օսիայի հարցը։ Եթե անգամ Իվանիշվիլու թիմը փորձի «օրակարգից հանել» այդ հարցը, ապա այդ բանը թույլ չեն տա ո՛չ ամերիկացիները, ո՛չ եվրոպացիները։ Եվրատլանտյան ընկերակցությունը փորձում է (ընդ որում, խիստ սեղմ ժամկետներում) Ռուսաստանի հետ պայմանավորվածության գալ շատ հարցերի շուրջ, բայց, իհարկե, «պատվավոր կապիտուլյացիայի» պայմաններով, այսինքն` մերձավոր դարձնել Ռուսաստանին` նրա որոշակի ստորադրությամբ։ Այսինքն, ենթադրվում է Ռուսաստանի համար տանուլ տրված խաղային իրավիճակ, որը կարիք ունի մշտական հիմնավորումների, որոնցից առավել արդյունավետներից մեկը Աբխազիայի և Օսիայի խնդիրն է։ Արևմուտքը չի մոռանա այդ խնդիրը և ամեն ինչ կանի, որ պահպանի Ռուսաստանի վերահսկողությունն այդ հանրապետությունների նկատմամբ` հանուն ԱՄՆ-ի և Եվրոպայի քաղաքական շահերի։ Ո՞րն է ամերիկացիների ու եվրոպացիների հիմնական նպատակը տվյալ իրավիճակում։ Նպատակը իշխանության ընդունելի փոխանցումն է` որոշակի պայմաններով. ներկա կառավարող վարչախմբի մարդկանց` որպես Արևմուտքի կադրերի, անվտանգությունը, Սաակաշվիլու և նրա թիմի պատվավոր կապիտուլյացիան, զինված ուժերի և անվտանգության ծառայության վերահսկողության ապահովումը, պետական և այլ կարևոր գաղտնիքների, այդ թվում` ԱՄՆ-ի քաղաքականության «դոսիեի» պահպանումը, ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ սերտ ու անշրջելի համագործակցության շարունակումը։ Հնարավոր է, որ այդ իրավիճակում Ֆրանսիան ու Գերմանիան իրենց պահանջներն են առաջադրում Վրաստանում ուժերի դասավորության վրա Եվրամիության ազդեցության ու դերի մեծացման առումով, ինչը վաղուց եվրոպացիների կարևոր նպատակն է տարածաշրջանում։
Արևմտյան ընկերակցության համար 2008-ի օգոստոսյան իրադարձություններից հետո Սաակաշվիլին արդեն հարմար չէր, և ոչ թե վարկանիշի հարցերի պատճառով, ինչը, ըստ էության, ոչ մեկին չի հուզում։ Սաակաշվիլին եվրատլանտյան դաշնախմբի համար դարձել էր, ըստ էության, անիրագործելի պարտավորությունների մի բեռ։ ՆԱՏՕ-ի նպատակները թեև ավելի էին ընդլայնվել 2012-ի մայիսին կայացած Չիկագոյի գագաթնաժողովից հետո, բայց դա չափազանց մեծ խոստումներ չէր ենթադրում։ ՆԱՏՕ-ն որոշում էր կայացրել Վրաստանի ինտեգրումն արագացնելու մասին, ընդունելով այնպիսի իրողություններ, ինչպիսիք են սահմանների անորոշությունն ու հակամարտությունների առկայությունը, ինչն ամենևին չի ուրախացնում վրացիներին, քանի որ դա նշանակում է, որ Արևմուտքը «ճանաչում է» փաստացի իրավիճակը, որը կարող է դառնալ ոչ թե իրավիճակ, այլ մշտական իրողություն։ ԱՄՆ-ին և հատկապես Եվրոպային Վրաստանում պետք է այլ ղեկավար և այլ կառավարող կազմ, որը լինի պակաս հավակնոտ ու պակաս պահանջկոտ, և գլխավորը, որ Արևմուտքի ու տվյալ թիմի միջև չլինի պարտավորությունների երկար պատմություն։ Հասկանալի է, որ որոշ հարցերում «Արևմուտք» բնորոշումը նշանակում է այդ ընկերակցության ավելի կուռ միաբանություն, այլ դեպքերում ԱՄՆ-ի ու Եվրոպայի շահերը նկատելիորեն չեն զուգադիպում։ Բայց Վրաստանի առնչությամբ նրանք, երևում է, լիովին միաբան են, և նրանց պետք է մի այնպիսի քաղաքական վարչակազմ, որը թաքուն ձևաչափում լիովին կհամակերպվի ստատուսքվոյի հետ, ինչը միանգամայն ձեռնտու է ԱՄՆ-ին, ՆԱՏՕ-ին ու Եվրոպայի առաջատար պետություններին։
Վրաստանի ներկա դրությունը լիովին համապատասխանում է նրա կողմից աշխարհաքաղաքական այն գործառույթների իրականացմանը, երբ նա ոչ մի կերպ չի կարող հավակնել ավելիին, քան աշխարահաքաղաքական օբյեկտ մնալն է և լավագույն դեպքում Ռուսաստանին պահանջներ ներկայացնելու իրավունք ունենալը, ինչպես այդ բանն աշխատում են անել տարածաշրջանի մյուս երկրները` հարևան խոշոր պետությունների հանդեպ։ Ավելի շուտ, Մոսկվային մնում է միայն հուսալ, որ Վրաստանի հետ հարաբերություններում ավելորդ դրամատիզմը կնվազի, հնարավոր է, որ վերականգնվեն դիվանագիտական հարաբերությունները և ընդլայնվեն տնտեսական կապերն այնքան, որ հնարավոր լինի հեռվից ազդեցություն գործել Թբիլիսիի վրա։ Պետք է հասկանալ, որ «Վրացական երազանք» կոալիցիան բաղկացած է շատ քաղգործիչներից ու քաղաքական խմբերից, այդ թվում` բավական արմատական կեցվածքի, բնականաբար, վրացական արմատականության շրջանակներում, ինչը պայմանավորում է նրանց սերտ կապերն ԱՄՆ-ի ու Եվրամիության, ՆԱՏՕ-ի ու եվրոպական պետությունների հետ։ Այդ կապերն այնքան ամուր են ու բազմակողմանի, որ կարող են կոչվել ավանդական, և արդեն ոչ ոքի չի հաջողվի խզել կամ սահմանափակել դրանք։ Հնարավոր է, Վրաստանում հասկանում կամ չեն հասկանում այն իրողությունը, որ եթե նա իրեն թույլ տա հեռու կանգնել Եվրատլանտյան ընկերակցությունից, ապա նրան սպասում են փլուզման շարունակություն և տարածքների հերթական կորուստ։ Առանց Եվրատլանտյան ընկերակցության հետ սերտ հարաբերությունների, Վրաստանը դատապարտված կլինի մշտապես ահուսարսափի մեջ լինելու ոչ միայն Ռուսաստանի կողմից` ներքին բնույթի տարատեսակ սպառնալիքներով, այլև Թուրքիայի կողմից։ Երկիրն ուղղակի չի դիմանա ուժերի նման գերլարվածությանը։ Պետք է նաև ուշադրության առնել, որ ԱՄՆ-ն ու ՆԱՏՕ-ն ավելի ու ավելի են շահագրգռվում Ռուսաստանի և ՀԱՊԿ-ի հետ համագործակցությամբ, ձգտելով օգտվել տարածաշրջանային ռազմական այդ դաշնախմբի ծառայություններից։ Դա ԱՄՆ-ին ու ՆԱՏՕ-ին անհրաժեշտ է այնպիսի խնդիրների լուծման համար, ինչպիսին Չինաստանի համապարփակ զսպումն է, ինչպես նաև Թուրքիայի տարածաշրջանային զսպումը։ Բայց Ռուսաստանն անզիջում է և պահանջներ է առաջադրում` ծառայությունների ու որոշ համերաշխության դիմաց պահանջելով վրացական հարցի վերացում (ինչպես որ Թուրքիան է պահանջում հայկական հարցի վերացում)։ Բայց իշխանության գլուխ Սաակաշվիլու և նրա թիմի առկայությունը խիստ ավելորդ է թվում աշխարհաքաղաքական այդ խաղում։ Հարկավոր է Վրաստանի նույնքան հավատարիմ, բայց ավելի զիջող ղեկավար։ Բայց ԱՄՆ-ն ու Եվրոպան այդքան հեշտորեն չեն զիջի Իվանիշվիլուն այն ամենը, ինչ նա «վաստակել է», և կպահանջեն «երաշխիքներ» ու պարտավորությունների «երդում»։ Արևմուտքը, իհարկե, դա կստանա լիուլի և շատ շուտով։
Սակայն, այսպես թե այնպես, նոր կառավարությունը հարկ կունենա առաջարկելու տնտեսական, սոցիալական և իրավական խնդիրների լուծման կոնկրետ ծրագրեր։ Վրաստանի ներկա խնդիրների էությունն այն է, որ եղած տնտեսական կարողությունն ի վիճակի չէ ապահովելու բնակչության թեկուզ երկու երրորդի շատ թե քիչ տանելի կենսամակարդակ։ Մյուս խնդիրները, ինչպիսիք են, ասենք, նախկինում ազդեցիկ դիրք ունեցած սոցիալական խմբերի մի մասի անտեսումը, երկրի առանձին շրջանների բնակչության դժգոհությունը, կորսված տարածքների հարցերի հետ կապված պահանջները և այլն, երկրորդական, երրորդական են համարվում։ Հայ փորձագետ Գագիկ Ավագյանը, որը հիանալի է ճանաչում Վրաստանը, և որը քաղաքական վերլուծության գործում նախընտրում է «հոգեբանական մոտեցումը», պնդում է, որ խոսքը նախորդ ղեկավարության հավակնությունների մասին է` կապված նրա կողմից իր սոցիալական դիրքի կորստյան հետ, որպես հանրության դժգոհության գործոն։ Հնարավոր է, որ դա կարևոր նշանակություն ունի, բայց, այդուամենայնիվ, խնդիրն ավելի խորքային է։
Տնտեսական համամասնություններն այնպիսին էին, որ տարանցման-սպասարկման մոդելը, որ միանգամայն գիտակցաբար ընդունել է վրացական հանրությունը, այդ թվում նաև` մտավոր վերնախավը, պարզապես, ըստ էության, ի վիճակի չէ երկրի համար ապահովելու զարգացման անհրաժեշտ դինամիկան։ Վերջին տարիներին Վրաստանն Արևմուտքից ստացել է շուրջ 10 մլրդ դոլար, ինչը բավարար կլիներ արդյունաբերության զարգացման, տասնյակ հազարավոր աշխատատեղերի ստեղծման և շատ այլ հարցեր լուծելու համար։ Սակայն այդ նույն ժամանակաշրջանում Վրաստանում չի ստեղծվել ոչ մի նշանակալի արդյունաբերական ձեռնարկություն։ Փոքր բիզնեսի շեշտադրումը, ինչպես որ Հայաստանում, Արևելյան Եվրոպայի բոլոր երկրներում, դարձել է միանգամայն սնանկ հայեցակարգ, որն ընդունակ չէ անհրաժեշտ շարժ հաղորդելու տնտեսությանը և դարձել է այդ ընդարձակ տարածաշրջանի տնտեսության փլուզման քաղաքականության մաս։ Բայց եթե մի շարք երկրներում, այնուամենայնիվ, ուշադրություն է նվիրվել արդյունաբերության ու գյուղատնտեսության զարգացմանը, ապա Վրաստանում տնտեսության «իրական հատվածը» պարզապես մոռացված ծաղրի առարկա է դարձել։ «Քլաստերները», որոնց հետ լուրջ հույսեր էին կապվում, այսինքն, գինու և հանքային ջրի արտադրությունը, չեն կարող դառնալ տնտեսական զարգացման շարժիչ ուժ։ Վրացական վերնախավի պատկերացումներում տարանցումն ու սպասարկումը տնտեսության «ընտիր» մասն են, որը երկրի պատմական առաքելությունն է և միաժամանակ աշխարհաքաղաքական ընտրությունը։ Իրոք, այդ մոդելը միանգամայն իրավաչափորեն երկրի հիմնական ճյուղն է, բայց ազգային տնտեսությունը սահմանափակել այդ «քլաստերներով», նշանակում է, այսպես թե այնպես, երկիրը տանել դեպի փակուղի։ Տարանցման-սպասարկման մոդելը ոչ միայն ապահովում է երկրի միջազգային գործառույթները, այլև կառավարող վարչակազմին, առկա պատկերացումների համաձայն` հնարավորություն է ընձեռում ավելի անկախ լինելու Ռուսաստանից և հարևան տարածաշրջանների այլ երկրներից, որտեղ Վրաստանը կարող էր աշխատել համապատասխան շուկաներում։ Այսինքն, տարանցման-սպասարկման մոդելը աշխարհաքաղաքական գործառույթների, վրացական վերնախավի նկարագրի և անկախության մասին կեղծ պատկերացումների զուգորդում է։ Եթե խոսելու լինենք Իվանիշվիլու թիմի լուրջ քայլերի մասին, ապա պետք է ենթադրել արդյունաբերության զարգացման անհրաժեշտություն, հետևաբար` հարաբերությունների զարգացում, նախ և առաջ Ռուսաստանի, ինչպես նաև այլ երկրների հետ, որոնք այնքան էլ հաճելի չեն ԱՄՆ-ին ու Եվրոպային։ Արևմտյան շուկաները դեռ երկար անմատչելի կլինեն վրացական արդյունաբերության համար, որը, ըստ էության, դեռ գոյություն էլ չունի։ Միանգամայն հասկանալի է, որ տնտեսական հարաբերությունների փոքրիշատե լուրջ զարգացումը Ռուսաստանի հետ, որտեղ կենտրոնացած են ոչ միայն հումքի, էներգիայի և արտադրանքի վաճառահանման շուկաները, այլև ներդրումները, անհնար է առանց Մոսկվայի քաղաքական որոշումների։ Հենց դրանից էլ երկյուղում է Սաակաշվիլին, և հենց այդ բանն էլ հասկանում է Իվանիշվիլին։ Անգամ պաշտոնական տվյալների համաձայն, Վրաստանի բնակչության մոտավորապես մեկ հինգերորդ մասն է որոշակի կենսամակարդակի հասել և Սաակաշվիլու քաղաքական կառավարումը համարում է հաջող։ Այդ դրությունը «կանաչ լույս» է վառել Թուրքիայի ճանապարհին, ինչի պատճառով Վրաստանը վերածվում է թուրքերի «հայրենական կալվածքի», որոնք իրենց արդեն զգում են որպես երկրի լիարժեք ապագա տերեր։ Այդքան մեծ մեկուսությունը Ռուսաստանից չէր կարող չհանգեցնել Թուրքիայից Վրաստանի փաստացի տնտեսական և քաղաքական կախմանը։ Դեռևս հասկանալի չէ, թե ինչ չափ է վրացական հասարակությունն անհանգստացած երկրում թուրքերի նվաճողական նկրտումների առիթով։ Բայց այդ անհանգստությունն աճում է, և կգա մի օր, երբ Թուրքիան և Ադրբեջանը կսկսեն իրենց կամքը թելադրել Վրաստանին։ Ինչպես որ ուրիշ շատ հարցերում, վրացական վերնախավը սխալվել է երկրի անվտանգության առնչությամբ ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի տված «երաշխիքների» հարցում։ Պարզվում է, Թուրքիայի և Ադրբեջանի համար ԱՄՆ-ի ու ՆԱՏՕ-ի խոսքը բնավ էլ «օրենք» չէ, և նրանք, փաստորեն, արդեն մի կողմ են դրել կոռեկտությունն ու նրբանկատությունը Վրաստանի հանդեպ, որը դարձել է պանթյուրքական և նեոօսմանյան նախագծերի բնավ էլ ոչ թե «եվրոպական», այլ թուրք-ադրբեջանական միջանցքի բաղկացուցիչ մասը։ Վրաստանը շարունակում է ձևացնել, թե Թուրքիան և Ադրբեջանն իր «ռազմավարական գործընկերներն» են, կամացուկ ու վախվորած ակնարկելով Հայաստանի և Իրանի մասին` որպես տարածաշրջանային քաղաքականության այլընտրանքի։ Իվանիշվիլին պիտի այս մարտահրավերին ևս արձագանքի։


Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 7381

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ