38 իտալացի պատգամավորներ հայ գերիներին ազատ արձակելու կոչ են արել՝ տեղեկացնում է Tempi-ն։ Իտալիայի կառավարությանը կոչ է արվում պարտավորություն ստանձնել Հայաստանի և Ադրբեջանի հանդեպ տարածաշրջանում խաղաղության համաձայնագրի առնչությամբ և ապահովել դեռևս ադրբեջանական բանտերում պահվողների ազատ արձակումը:               
 

Դեռ երկար կմխա Մերձավոր Արևելքը

Դեռ երկար կմխա Մերձավոր Արևելքը
02.10.2012 | 12:17

Մի շարք փորձագետներ բազմիցս մատնանշել են, որ Սիրիայում տեղի ունեցող իրադարձությունները կարող են բավականին լուրջ և ստատուս քվոն փոխող հետևանքներ ունենալ ոչ միայն Մերձավոր Արևելքում, այլև Հարավային Կովկասում։ Ընդ որում, դա որոշակիորեն կարող է անդրադառնալ այդ երկրների հանրության և նրանց կողմնորոշումների վրա։
Փորձենք պարզել, թե մոտակա հեռանկարների վրա ինչպես կարող են անդրադառնալ քաղաքացիական պատերազմն ու Սիրիայից բնակչության արտահոսքը` Աբխազիայի օրինակով, որտեղ արդեն մի շարք հետաքրքիր գործընթացներ են նկատվում։ Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները, վերջին ժամանակներս Աբխազիա են սկսել ներգաղթել մահաջիրների ժառանգ աբխազները։ Հիշեցնենք, «մահաջիր» տերմինը ծագում է արաբական հիջրա` «վերաբնակվել» բառից։ Սակայն կովկասյան և մասնավորապես աբխազների ընկալմամբ այդ «վերաբնակիչները» այն «տարագիրներն» են, ովքեր Ռուսաստանի հետ բազմամյա պատերազմի և 1877-ի մայիսին` ռուս-թուրքական պատերազմի ժամանակ, Աբխազիայում բռնկած ապստամբության հետևանքով հարկադրված էին հարյուր հազարներով լքել իրենց տները։ Այն ժամանակ ռուսական կառավարումից դժգոհ աբխազներն աջակցեցին Սուխումում թուրքական տորմիղից դեսանտի իջեցմանը, իսկ այն բանից հետո, երբ ռուսական համալրված զորամասերն անցան գրոհի, հարյուր հազարավոր աբխազներ թուրքական նավերով հեռացան երկրից։ Նրանք բնակություն հաստատեցին Օսմանյան կայսրության ամբողջ տարածքում, այդ թվում նաև` Սիրիայում։ Հատկանշական է, որ արդեն անկախ Աբխազիայում` Սուխումի ծովափին, մայրաքաղաքի ամենագեղեցիկ վայրում, բացվեց «19-րդ դարի Կովկասյան պատերազմի զոհ մահաջիրների» վեհակերտ հուշարձանը։
Եվ ահա հիմա մշտական բնակության վայր են սկսել վերադառնալ «տարագիրները»։ Սիրիայից եկող հայրենադարձները ստացել են աբխազական անձնագրեր, նրանք ապահովվել են բնակարաններով, հայրենադարձ աբխազների զավակներն սկսել են սովորել աբխազական պետական գիշերօթիկ լիցեյում, Սուխումի դպրոցներում ու աբխազական պետական համալսարանի նախապատրաստական ֆակուլտետում։ Նրանց խոսքով` հարմարվելու գործը հաջող է ընթանում, և իրենք հաճույքով են աբխազերեն սովորում։ Հայրենադարձության հետ կապված բոլոր հարցերը գտնվում են նախագահ Ալեքսանդր Անկվաբայի մշտական հսկողության և հայրենադարձության հարցերի պետական կոմիտեի իրավասության ներքո (ուշադրություն դարձնենք` թեև Աբխազիայի բյուջեն ընդամենը 3,8 մլրդ ռուբլի է, այդուհանդերձ, այստեղ կարևորել են նման կառույցի ստեղծումը)։ Մինչև տարեվերջ ծրագրվում է Սիրիայից էլի հարյուրավոր մարդկանց հայրենադարձությունը։
Նկատենք, որ դեռ անցյալ տարվա դեկտեմբերին Աբխազիայի արտգործնախարարությունը հայտարարություն արեց Սիրիայի իրադրության շուրջ` խոր մտահոգություն հայտնելով հայրենակիցների ճակատագրի առնչությամբ։ Դրանից հետո աբխազական կառավարական մի հանձնախումբ այցելեց Դամասկոս։ Պատվիրակները հանդիպում ունեցան սփյուռքի ներկայացուցիչների հետ, որոնք պատրաստակամություն հայտնեցին վերադառնալու պատմական հայրենիք։ Մշակվեցին վերադարձի և բնակեցման միջոցառումներ։ Համարվում է, որ դեպի Սիրիա կառավարական երկու պատվիրակությունների առաքելության իրականացման շնորհիվ էլ հենց սկսվեց ներկա հայրենադարձությունը։ Խիստ հատկանշական և աբխազական ավանդական հասարակության համար կարևոր է, որ առաջին հայրենադարձների մեջ կային երկրում հայտնի ազգանունների (Մարշան, Գեչբա, Արյուտաա) ներկայացուցիչներ։ Բավական դժվար է որոշել Սիրիայում ապրող աբխազների ճշգրիտ թիվը, սակայն, մոտավոր գնահատականներով, այնտեղ ապրում է 8-10 հազար աբխազ։ Բայց պակաս կարևոր չէ, որ այժմ, Մերձավոր Արևելքի երկրներում և Թուրքիայում, աբխազ «մահաջիրներից» զատ, գոյություն ունի նաև ադըղա-չեչենական սփյուռք, որը լեզվական և մշակութային առումով շատ մոտ է աբխազականին։ Որոշ տվյալների համաձայն, միայն Թուրքիայում աբխազների թիվը հասնում է 400-800 հազարի, ինչը շատ ավելի է, քան Աբխազիայում։
Կցանկանայի նշել, որ աբխազ հանրությունը միշտ էլ շահագրգռված է եղել իր հայրենակիցների վերադարձով։ Եվ այդ հարցը միշտ եղել է Աբխազիայի բոլոր նախագահների օրակարգում։ Ավելին, անգամ ամենադժվարին ժամանակներում միջոցներ էին հայթայթվում սփյուռքի հետ կապերի համար։ 1992-93 թթ. վրաց-աբխազական պատերազմի ժամանակ Թուրքիայից ու Մերձավոր Արևելքի երկրներից հավաքագրված աբխազների ջոկատներ էին մասնակցում մարտական գործողություններին, իսկ հետո այդ կամավորներից շատերը մնացին Աբխազիայում։ Առկա տվյալների համաձայն, այդ ընթացքում մոտ 7000 մարդ աբխազական քաղաքացիություն է ստացել, 1300 մարդ մշտապես բնակվում է Աբխազիայում։ Նկատենք, որ 240 հազարից փոքր-ինչ ավելի բնակչություն ունեցող երկրի համար նման «ներարկումները» շատ էական են։ Ընդ որում, կառավարության խրախուսմամբ սփյուռքի ներկայացուցիչներն ամենաակտիվ մասնակցությունն են ցուցաբերում Աբխազիայի ներքին կյանքին։ Օրինակ, արդեն կանոնավոր են դարձել ամեն տարի սեպտեմբերին Թուրքիայում բնակվող աբխազների ներկայացուցիչների այցելություններն ու պետական մակարդակով նրանց մասնակցությունն Անկախության օրվա տոնական միջոցառումներին։ Ավելին, աբխազական խորհրդարանում մեկ տեղ կանխապահովված է սփյուռքի ներկայացուցչի համար։ Մի քանի հայրենադարձներ էլ ներկայացված են կառավարությունում, գործում է աբխազ-աբազական համատեղ Համաշխարհային կոնգրես։ Եվ գլխավորը` աբխազական իշխանություններն օրենք են ընդունել, որն աբխազական ազգի ցանկացած ներկայացուցչի, եթե անգամ նա ձուլվել է բնակության երկրի ազգաբնակչությանը, հայտարարում է իրենց քաղաքացի։
Խիստ հատկանշական է, որ թուրքական ներդրումների` հյուրանոցային և հանքարդյունաբերական բիզնեսի զգալի մասը բաժին է ընկնում էթնիկ աբխազներին։ Նույնը կարելի է ասել նաև ներմուծման ու արտահանման մասին։ Տվյալների համաձայն, այսօր երկիր մտնող մթերքի 60 տոկոսը գալիս է Թուրքիայից, նրան է բաժին ընկնում նաև արտահանման 45 տոկոսը։ Մի քանի տարի առաջ թուրքաաբխազների կողմից կառուցվեց Սուխումի կենտրոնում բարձրացող «Յասեմին» հյուրանոցը։ Հենց նրանք էլ, վաղուց արդեն, կարգավորել են հանրապետությանը վառելիքաքսանյութերի մատակարարումը, հունի մեջ են դրել «ածխի» և «անտառափայտի» բիզնեսը։ Աբխազիայից ածխի, անտառափայտի արտահանումը, փաստորեն, լիովին իրականացնում են Թուրքիայից ներգաղթած հայրենադարձները։ Սփյուռքն է լուծել նաև Տրապիզոն-Սուխում լաստանավային հաղորդակցության և թուրք-աբխազական ուղղակի առևտրի վերականգնման հարցերը, ինչը հավանություն է ստացել թուրքական կառավարության կողմից։ Այնպես որ, թեև այսօրվա դրությամբ առայժմ «մեծ վերադարձ» չկա, փողը սփյուռքից վաղուց արդեն հոսում է։
Իհարկե, տարաձայնություններ էլ են լինում։ Այսպես, Աբխազիայում լայն քննարկման առիթ դարձավ մի քանի մզկիթ կառուցելու լուրը։ Հարկ է նշել, որ աշխարհում աբխազների մեծ մասը դավանում է սուննիական ուղղության իսլամ, և դրանք, առաջին հերթին, «թուրքաաբխազներն» են։ Բուն Աբխազիայում մահմեդական աբխազները կազմում են բնակչության ոչ մեծ մասը, և մինչև վերջերս այնտեղ մահմեդական աղոթատներ կային միայն։ Բայց այդ հակասությունները սոսկ չնչին մանրուքներ են, որոնք, եթե որևէ մեկին հուզում էլ են, ապա զուտ ավագ սերնդի ներկայացուցիչներին և գրեթե չեն ազդում ընդհանուր տրամադրությունների ու միտումների վրա։
Անկասկած, նման մոտեցումների ու նման ինտենսիվ գործունեության համար, առանց «գլխավոր հովանավոր Մոսկվային» նայելու, կան մի շարք օբյեկտիվ պատճառներ, դրանք են, ինչպես աբխազներն են ասում, «հայրենազրկված աբխազների սերունդների համար պատմական արդարության վերականգնումը», պատերազմի ժամանակ զոհված հազարավոր երիտասարդների թվի համալրումը, ծննդի ներկա ցածր մակարդակի շտկումը ու, երևի, ամենագլխավորը` անվանատու ազգի թվի մեծացումն ու գերիշխանության ապահովումը։ Ռուսական տվյալներով, Աբխազիայում այժմ ապրում է 80 հազար աբխազ, որոնցից 30 հազարն աշխատում է Ռուսաստանում։ Աբխազիայի տվյալներով, այնտեղ աբխազների թիվը կազմում է 122,1 հազար կամ բնակչության 50 տոկոսը։ Բացի այդ, հանրապետությունում բնակվում են 65 հազար հայ, 55 հազար մեգրել, 25 հազար ռուս և մոտ 15 հազար այլազգի։ Այնպես որ, հայրենադարձության ծրագիրը, եթե հաջողվի լիովին իրագործել այն, և եթե այն «խթանեն» Մերձավոր Արևելքի իրադարձությունները, կարող է դառնալ դրության շտկման գլխավոր գործոնը թե՛ ժողովրդագրության, թե՛ տնտեսության ասպարեզում։ Բայց, որ պակաս լուրջ չէ, եթե «վերաբնակեցումն» ավելի զանգվածային բնույթ կրի, ապա անխուսափելի կդառնան փոփոխությունները հանրության նկարագրի և կողմնորոշումների գործում` ինչպես բնակչության շրջանում, այնպես էլ իշխանության մեջ։ Ի դեպ, արդեն այժմ Սուխումում աբխազ լիդերները, թեև ընդգծում են իրենց նվիրվածությունը Ռուսաստանին, մշտապես խոսում են նաև քաղաքականության բազմաճյուղության և ոչ միայն դեպի Մոսկվա երկրի կողմնորոշման մասին։
Խիստ հատկանշական է, որ Անկարան, իր հերթին, դանդաղորեն աջակցում է հայրենադարձության այդ գործընթացին և սփյուռքի հետ կապերին։ Պատահական չէ, որ այնտեղ չեն հոգնում պնդելուց, որ «Կովկասի ժողովուրդներին նայում են իբրև նույն տան բնակիչների, ովքեր ապրում են իրենց սեփական տանիքի ներքո»։ Եվ հարկ է նկատել, որ սփյուռքի գործոնն Անկարան մշտապես ներառել է իր արտքաղաքական գերակայություններում, և Սուխումի համար եղել է փոքրիկ «պատուհան»։
Եվ ահա հիմա առիթը եկել է. բռնկել է ու, հավանաբար, դեռ երկար կմխա Մերձավոր Արևելքը։ Սիրիայից ձգվել է փախստական աբխազների քարավանը։ Առայժմ միայն այնտեղից։ Բայց Սուխումում նրանց, կարծես, պատրաստ են ընդունելու։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 3461

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ