Մի օտարական Վարդավառի մասին հարցաթերթիկ էր լրացնում ու թարսի պես ինձ ռաստ էկավ.
- Կարելի՞ է ձեզնից հարցազրույց վերցնել:
- Սովորաբար ինձնից արյուն են վերցնում, բայց վերցրեք, խնդրեմ:
- Ինչու՞ եք այսքան ջերմեռանդ թրջում-խոնավացնում իրար:
- Չենք թրջում, ջրում ենք:
- Լավ, ինչու՞ եք ջրում:
- Երբ մարդկանց ջրում ես, նրանք անկեղծանում են, ու ամեն ինչ դուրս է գալիս ջրի երես:
- ՈՒ ի՞նչն է դուրս գալիս:
- Առայժմ միայն կեղտը:
- Ինչների՞դ է պետք կեղտը:
- Դա օգնում է, որ մարդկանց բռնենք:
- Երբվանի՞ց եք սկսել ջրել:
- Ջրհեղեղից էլ առաջ: Երբ Ծովից-ծով էինք, ջրում էինք բոլորին: Դա շատերի դուրը չեկավ ու մեզնից վերցրին մեր ծովերն ու գետերը: Հիմա եղածով միայն իրար ենք ջրում:
- Ձեր ջրերը քչացե՞լ են:
- Քչացել են ու կանաչել:
- Բա պոմիդորնե՞րն ինչու չեք ջրում: Չկարմրած՝ չորանում են:
- Իմաստ չունի: Պոմիդորը ներմուծում ենք:
- Ինչու՞:
- Ներմուծվածը ջրված է մեր պապերի լճերի ու գետերի ջրերով: Դրանցից առնում ենք Ծովից-ծովի կարոտը:
- Բա ձեր ցնդած պապերը...
Այդ պահին դիմացի մայթից մի խանութպան շլանգը պահեց մեզ վրա, ու հարցաթերթիկն էլ ջրվեց, հարցազրույցն էլ:
Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ