ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Հայաստան-Իրան ռազմաքաղաքական դաշինքի հնարավորություններն ու հավանական մարտահրավերները

Հայաստան-Իրան ռազմաքաղաքական դաշինքի հնարավորություններն ու հավանական մարտահրավերները
05.04.2023 | 22:10

Քանի որ իրանական փորձագիտական շրջանակներն ակտիվորեն քննարկում են Հայաստան-Իրան ռազմավարական համագործակցության հարցը, կարծում եմ՝ տեղին է հարցի մասին որոշակի պարզաբանումներ տալը։

Հայաստան-Իրան ռազմաքաղաքական դաշինքը Հայաստանի Հանրապետության համար ունի կենսական նշանակություն ռեգիոնալ անվտանգային ճարտարապետության համատեքստում։

Սակայն այս դեպքում ևս պետք է խոսենք դրանից եկող և՛ մարտահրավերների, և՛ հնարավորությունների մասին։ «Խելացի պետություն»-ը (Smart state) նախ նժարին կդնի հնարավորություններն ու մարտահրավերները, այնուհետև կմշակի մարտահրավերների կառավարման և չեզոքացման ծրագիրը, իսկ այնուհետև կմշակի հնարավորություններն ամբողջովին օգտագործելու ռազմավարական ծրագիր։

Մարտահրավերների առաջին խումբը, թերևս, Իրան-Արևմուտք, Իրան-ԱՄՆ հակասություններն են, այդ հակասությունների մեջ Իրանի նկատմամբ կիրառված սանկցիաները։

Մյուսը Իրանի էներգետիկ ռեսուրսների դեպի Եվրոպա տարանցման հարցն է, որտեղ հավանական տարանցման երկիր կարող է լինել Թուրքիան, նրա տարածքում ստեղծվելիք հնարավոր միջազգային գազային հաբը, ինչը կարող է Իրանի համար Թուրքիայի հետ հարաբերությունների տաքացման հավանականություն ստեղծել։ Թուրքիա-Իրան հարաբերությունների հնարավոր կարգավորումը, որը միջնաժամկետ հեռանկարում կարող է նաև հայելային անդրադարձ ունենալ Ադրբեջան-Իրան հարաբերությունների վրա, Հայաստանի համար կարող է ստեղծել նոր մարտահրավերներ։

Խոսելով հնարավորությունների մասին՝ առաջինը պետք է նկատի ունենալ ռազմատեխնիկական համագործակցությունը, որը կարճաժամկետ հեռանկարում Հայաստանի համար կարող է նոր անվտանգային ճարտարապետության հիմնական սյուներից մեկը լինել։ Այս հնարավորությունը օգտագործելուց առավելագույն օգուտ ստանալու համար պետք է ռազմատեխնիկական համագործակցությունը լինի ո'չ թե զուտ սպառողական, այլ՝ համատեղ ռազմական ձեռնարկությունների հիմնադրմամբ։ Հատկապես կարևոր ուղղություններից են հրթիռաշինությունը, ՀՕՊ միջոցների, ԱԹՍ-ների համատեղ մշակումներն ու արտադրությունը և այլն։

Հնարավորությունների հաջորդ բլոկն ընդգրկում է ռեգիոնալ անվտանգային և քաղաքական ճարտարապետության մասնիկը կամ, որ ավելի ճիշտ է, ֆակտորը դառնալու հնարավորությունը։ Իրանա-չինական ռազմավարական համագործակցության համատեքստում Հայաստանը Իրանի միջոցով կարող է մասնակցել նոր եռակողմ ձևաչափի ձևավորմանը, որը կբարձրացնի ինչպես ՀՀ-ում ներդրումների ծավալները, այնպես էլ անվտանգային միջավայրի ստաբիլացման մակարդակը։

Իրանի հետ ռազմաքաղաքական դաշինքը կարող է նաև հաջորդ ռեգիոնալ համագործակցության եռակողմ հարթակ ձևավորել` Իրան-Հայաստան-Հնդկաստան։

Միևնույն ժամանակ, խոսելով այն մասին, որ այս պահին Հայաստանը հնարավորություն չունի աշխարհաքաղաքական բախման կենտրոնի վերածվելու, և որ դա կարող է Հայաստանի համար կործանարար հետևանքներ ունենալ, ապա այս ռազմաքաղաքական համագործակցության հարթակները, առնվազն կարճաժամկետ հեռանկարում, կարող են հայտարարվել որպես զուտ ռեգիոնալ համագործակցության ձևաչափեր՝ հանուն Հայաստանի անվտանգության։

Այսպիսով` անվտանգության բազմակողմ համակարգի կառուցմամբ Հայաստանը կկարողանա դիվերսիֆիկացնել իր անվտանգության միջոցները, ստեղծել ռազմական մատակարարումների բազմակողմ հարթակ, որն իր հետ կբերի նաև նոր կոմունիկացիոն ուղիներ։

Միևնույն ժամանակ, համագործակցության այս հարթակները պետք է առնվազն հրապարակային խոսքում չհակադրվեն ո՛չ ԱՄՆ-ի, և ո՛չ էլ ՌԴ-ի աշխարհաքաղաքական հավակնություններին։

Խնդրի լուծման համար միաժամանակ երկու ձևաչափերը կհավասարակշռեն թե՛ ՌԴ-ի, թե՛ ԱՄՆ-ի «խանդի» դրսևորումները։ Մասնավորապես, Հնդկաստանը ԱՄՆ-ի լավագույն դաշնակիցն է Հարավային Ասիայում, իսկ Չինաստանը և Իրանը Ռուսաստանի ռազմավարական գործընկերներն են։

Արա Պողոսյան

Դիտվել է՝ 11594

Մեկնաբանություններ