ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Արևմտյան ուժային բլոկը ցանկանում է հնարավորինս երկարաձգել միաբևեռ աշխարհի կյանքը

Արևմտյան ուժային բլոկը ցանկանում է հնարավորինս երկարաձգել միաբևեռ աշխարհի կյանքը
04.04.2023 | 22:08

Աշխարհաքաղաքականության հիմքը երկրագնդի վրա ուժերի ու հզորությունների բաշխումն է, որը կարող է ունենալ քաղաքական, գաղափարական, տնտեսական, ռազմական, ռեսուրսային, կլիմայական, մշակութային և ավելի պակաս կարևոր բաղադրիչներ։

Յուրաքանչյուր բավարար հզորություն և ուժ ունեցող միավոր ձգտում է ունենալ ինքնուրույն քաղաքականություն՝ աշխարհի բնական ու ստեղծովի բարիքներից հնարավորինս մեծ բաժին վերցնելու համար։

Մյուս կողմից, քանի որ աշխարհի բարիքները սահմանափակ են, ապա դրանցից առավելագույնին տիրանալու ձգտումը վերածվում է անվերջ պայքարի հզորությունների ու ուժերի միջև։

Այդ պայքարն իր հերթին կարող է ունենալ սրության տարբեր աստիճաններ՝ սկսած սովորական մրցակցությունից մինչև պատերազմները։

Նման հավերժական պայքարում հաջողության հասնելու լավագույն ձևը ինքնուրույն պետականություն ունենալն է և, այդ իմաստով, տարբեր մենթալիտետային, լեզվական, աշխարհագրական, կլիմայական, ռեսուրսային և այլ պայմաններից ելնելով ձևավորվում է աշխարհի քարտեզը՝ իր մեծ ու փոքր պետություններով։

Ինչքան հզոր է տվյալ պետությունը, այնքան այն ավելի մեծ շանսեր ունի բարիքների համար պայքարում, և նման պայքարն ավելի էֆեկտիվ դարձնելու համար պետությունները միավորվում են հզորների շուրջը՝ կազմելով առանձին բլոկներ։

Նման տիպական հակամարտ բլոկներ էին երկրորդ աշխարհամարտից հետո ձևավորված սոցիալիստական լագերը՝ ԽՍՀՄ-ի գլխավորությամբ և կապիտալիստան լագերը՝ ԱՄՆ-ի գլխավորությամբ։

Աշխարհի պատմությունն էլ նման բլոկների միջև պայքարի պատմություն է, որն ուղեկցվում է նրանց ուժերի միջև բալանսով ու դիսբալանսով, որոնցով էլ որոշվում է մրցակցության, կոնֆլիկտների ու պատերազմների անվերջ պրոցեսը։

Նման ուժային պայքարին էֆեկտիվորեն մասնակցելու համար որևէ բլոկ տվյալ աշխարհքաղաքական պայմաններում պետք է բավարարի որոշակի քաղաքական, տնտեսական, իմաստային-գաղափարական, ռեսուրսային և այլ պահանջների, որոնցով ձևավորվում է տվյալ բլոկի հզորությունը։

Սովորաբար որևէ բլոկի հզորությունը, առաջին հերթին, որոշվում է մարդկանց թվով, տարածքով, ռեսուրսներով, տնտեսական ինքնաբավությամբ և այլն։

Այս իմաստով ռուսական աշխարհաքաղաքական միտքը կարծում է, որ բլոկային պայքարին լիարժեք մասնակցելու համար նրանում մարդկանց թիվը, առաջին հերթին տնտեսական ինքնաբավության իմաստով, պետք է լինի առնվազն 300-500 միլիոնի սահմաններում։

Բլոկների միջև պայքարի պրոցեսը ձևավորում է ուժային բևեռներ և այդ իմաստով, կախված ուժերի միջև բալանսի ու դիսբալանսի կոնկրետ պայմաններից, աշխարհը կարող է լինել միաբևեռ, երկբևեռ և բազմաբևեռ։

Ներկայում անցում է կատարվում միաբևեռ աշխարհից դեպի երկբևեռ աշխարհը, որը տեղի է ունենում Ռուսաստանի ու Չինաստանի հզորությունների ալյանսով, քանի որ, առանձին-առանձին վերցրած, ո՛չ Ռուսաստանը, ո՛չ Չինաստանը ագրեգատ հզորության իմաստով չեն կարող բավարարել ուժային բևեռ լինելու պահանջները։

Ավելի կոնկրետ, Ռուսաստանն ունի դեմոգրաֆիական և տնտեսական պոտենցիալի հետ կապված պրոբլեմներ, իսկ Չինաստանը՝ բնական ռեսուրսների ու ռազմական հզորության անբավարարության հետ կապված պրոբլեմներ։

Իր հերթին, արևմտյան ուժային բլոկը, ԱՄՆ-ի գլխավորությամբ, բոլոր միջոցներով ցանկանում է հնարավորինս երկարաձգել միաբևեռ աշխարհի կյանքը։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 4679

Մեկնաբանություններ