ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Մի հիասթափեցրեք արցախցուն ձեր նեղմիտ «ռազբորկաներով»

Մի հիասթափեցրեք արցախցուն ձեր նեղմիտ «ռազբորկաներով»
30.03.2023 | 22:04

Այնքան ճնշող ու հիասթափեցնող է Արցախի այսօրվա հրապարակային դիսկուրսը. ներկայացուցչական և ոչ-անձերը առաջկտրուկ խոսում են նյութապաշտական ու կից երևույթների մասին, սոցիալական արդարության հարցերն են առաջ մղում: Դրանք, անշուշտ, էական մտահոգություններ են, բայց արդյո՞ք ամենահրատապն են հիմա: Ձեզ չի՞ թվում, որ հանրածանոթ ձեռագիրը Հայաստանից սահուն կերպով փոխանցվել և հաջողությամբ կիրառվում է Արցախում, երբ ժողովրդի գլխին կախված է գոյութենական սպառնալիքը՝ չափազանց տեսանելի ու շոշափելի առարկայացմամբ: Անբարո փորձ է արվում մարդկանց ուշքը բևեռել ոչ գլխավորի վրա:

Այսպիսի ճգնաժամային իրավիճակ, հատկապես բարոյահոգեբանական և արտաքին քաղաքական տեսանկյունից, մեր հայրենակիցները վաղուց չեն զգացել իրենց մաշկի վրա: Արդեն ինչքան ժամանակ ոչ մի լուրջ և հուսադրող քննարկում-խոսակցություն չի ծավալվում, թե ինչպես պիտի ճեղքել օրեցօր խստացող օղակը երկրամասի շուրջ, ի՞նչ քայլերով պետք է դուրս գալ այս վտանգավոր ու ստորացուցիչ կացությունից: Ինչ է հարկավոր անել նախևառաջ սեփական ուժերով: Մի՞թե ակներև չէ, որ մեր հավանական բոլոր աջակիցները սպասում են, թե մենք ինչ ենք անելու, որպեսզի իրենք հստակեցնեն իրենց անելիքները:
Մենք առաջնայինն ու երկրորդականն իրար խառնելու հիմարությանը չպիտի տրվենք: Մենք պատերազմի մեջ ենք ավելի քան լկտիացած թշնամու հետ: Նրան դիմագրավել է պետք հակընդդեմ միջոցներով: Թե չէ նստել ու միմյանց մեղադրում եք նյութամոլության մեջ: Լռեք, ամոթ է, դուք էդ հարցերը պարտավոր եք անաղմուկ կարգավորել՝ մարդկանց զերծ պահելով ավելորդ լարվածությունից: Դուք էս պահին առաջնահերթ մտածեք ու գործեք մեր ժողովրդի ու հայրենիքի պաշտպանության ու անվտանգության հրամայականով: Արցախի պետական և մերձ ուժերից դա է սպասում մեր հանրությունը, որ աննկուն տանում է իրեն պատուհասած փորձությունը: Դեռևս տանում է, մի հիասթափեցրեք նրան ձեր նեղմիտ «ռազբորկաներով»: Հետո, երբ երկրի համար փոքրիշատե խաղաղ ժամանակ ապահոված կլինեք, կսևեռվեք նմանօրինակ հարցերի վրա:

Հրանտ Ալեքսանյան
Գրող, հրապարակախոս

Դիտվել է՝ 9905

Մեկնաբանություններ