Լուսավոր միայնության ասպետը
26.06.2020 | 01:39
«Գառզու, քեզնից լավ ոչ ոք չի կարողացել պատկերել աշխարհի անմարդկայնացած դեմքը, մոլորակի մեռած մակերեսը, որտեղ սարսափը արտացոլված է ինչպես հայելու մեջ»։
Ռոբեր ՌԵՅ
ՆՎԻՐԱԲԵՐՈՒՄ
Ի ԽՈՐՈՑ ՍՐՏԻ, ԵՐԵՎԱՆ
1966 թվական։ Նկարչի տանը հավաքվել էին այդ օրերի նշանավոր կերպարվեստագետներն ու արվեստասերները։ Եռուզեռ էր, տոնական տրամադրությունը համակել էր ամենքին։ Նկարչի տանն էր դարի երևելիներից մեկը` Սարյանը։ Իսկ օրվա հերոսի աչքերը խոնավ էին, սիրտը` ալեկոծված։ Այնինչ նա համաշխարհային ճանաչում ունեցող վարպետ էր, Ֆրանսիայի մշակույթի երևելի դեմքերից մեկը։ «Իբրև նկարիչ կպատկանիմ ֆրանսիական արվեստին, սակայն իմ բոլոր գործերուս մեջ հայ կմնամ»։ Սա խոստովանանք էր նախնիների երկրին և խոնարհում։ Գառզուն էր օրվա հերոսը, որի ստեղծագործությունների անհատական ցուցահանդեսն էր Երևանում։ Ներկայացված էին շուրջ 150 փորագրություններ ու նկարազարդումներ։ Հեղինակը ողջ ցուցահանդեսը նվիրաբերեց Հայաստանին` հանդես գալով նաև որպես մեկենաս։ Գառզու` Գառնիկ Զուլումյան, ծնված Սիրիայի Հալեպ քաղաքում, 1907-ին։ 1966-ին նա արդեն Ֆրանսիայի մշակութային հեղինակություններից էր, իսկ Երևանում, իր վերոնշյալ անհատական ցուցահանդեսի բացման ժամանակ, նրա շատ բաների ականատես աչքերը լի էին արցունքով։
ՆՎԱՃԵԼ ՓԱՐԻԶԸ, ԴԱՌՆԱԼ ՅՈՒՐԱՅԻՆ
1924 թվական։ Տակավին պատանի Գառնիկ Զուլումյանը Փարիզում էր, կերպարվեստի համաշխարհային խառնարանում։ Նշանավոր Հեմը` Էռնեստ Հեմենգուեյը, Ֆրանսիայի քաղաքամայրն արդեն հռչակել էր որպես տոն, որը միշտ Փարիզի հյուրերի հետ է։ Գառնիկը երկընտրանքի մեջ պիտի լիներ երկար ժամանակ. 1929-ին ավարտում է ճարտարապետության պետական դպրոցը, զուգահեռ հաճախում է Մոնպառնասի Գրան Շոմեր ակադեմիան։ Ի վերջո, կերպարվեստը հաղթեց, և կայացավ Գառզու նկարիչը։ Նա յուրովի նվաճեց Փարիզը, ինչպես նվաճել էին Զաքար Զաքարյանն ու Վարդան Մախոխյանը, Հովսեփ Փուշմանն ու Էդգար Շահինը և մյուս հայ վարպետները։ Իր ազգակիցներից շատերի պես նվաճելով Փարիզը` տարագիր Գառզուն եղավ և մնաց յուրային։ 1930 թվական։ Սկսվում է Գառզուի հաղթարշավը, նախ ցուցադրվում է «Գերանկախների» սալոնում, մասնակցում է «Անի» և «Հայ ազատ արվեստագետներ» միությունների կազմակերպած ցուցահանդեսներին։ Նկարում է նատյուրմորտներ, դիմանկարներ և բնանկարներ։ Արդեն կայացած նկարիչ էր, երբ Ֆրանսիայի մայրաքաղաքում հանդես է գալիս անհատական ցուցահանդեսով։ Նա նվաճում էր Փարիզը աստիճանաբար, 1945-ից ցուցադրվում է Դրուան-Դավիթ նշանավոր պատկերասրահում։ Երեք անգամ արժանանում է Հալմարկի մրցանակին։ Մինչև Հայաստանի նկարչի տանը կայացած անհատական ցուցահանդեսը, բազում ցուցահանդեսներ է բացում Կահիրեում և Բրյուսելում, Բեյրութում ու Ժնևում, Ալեքսանդրիայում և Լոնդոնում, Նյու Յորքում, Ֆրանկֆուրտում, պարբերաբար Փարիզում։ Հռչակը տիրեց Գառզուին և էլ երբեք բաց չթողեց։ Փարիզում բեմադրվում են նրա ձևավորած «Գայլը» և «Ժիզել» բալետները, բացվում է վենետիկյան բնանկարների անսովոր նկարահանդեսը։ Նա յուրային էր Փարիզում։
Ինչպես տաղանդավոր յուրաքանչյուր նկարիչ, Գառզուն ևս ինքնատիպ ու խոր մտածող էր։ Ահա նրա մտքերից մի քանիսը, որոնք ինքնին թևավոր խոսքի գին ունեն. «Մարդը մեծ քաղաքի մեջ միայնակ է։ Կթվի ամեն ինչ ունի, սակայն իրականության մեջ ունեցածը միայն մենությունն է», «Աղոթք ընելու համար պետք է ուղիղ եկեղեցի երթալ, ոչ թե քահանային երևալ», «Երևակայեցեք, թե կուզեք ձեռքով բռնել արևը, գիտեք, իհարկե, թե անկարելի է, բայց, այնուամենայնիվ, կձգտիք»։ Նա մտորում էր և ստեղծագործում։ Ձևավորում է մասնավորապես Անդրե Մորուայի «Ֆրանսիա» և Էռնեստ Հեմինգուեյի «Հրաժեշտ զենքին» վեպերը։ Նրա մասին հեղինակավոր արվեստաբանները գրում են լուրջ մենագրություններ։ 1954-ին «Բուժիվալի լքված պալատը» կտավի համար արժանանում է Մեծ մրցանակի։ 1956-ին նրան շնորհվում է Պատվո լեգեոնի շքանշան, 1958-ին արժանանում է Արվեստի և գրականության ասպետի կոչման։ Բայց հոգու ընդերքում անշեջ էր կարոտաբաղձությունը։
«Գառզուական պատկերը առաջին տպավորությամբ գծերի խուրձ է թվում, սակայն պարզորոշ նկատվում է, որ գծերի այդ հյուսվածքը քաղաք, շենքեր, անտառ, նավահանգիստ, մարդկային կերպարանք է ներկայացնում։ Իրականի որքան այլափոխում, նույնքան հարազատ վերարտադրություն։ Եվ ինչպես ամեն մի ճշմարիտ արվեստում, այստեղ նույնպես այդ այլափոխումը կամ գերպայմանականությունը բաց է անում նրա արվեստը ներթափանցելու դռները»,- ժամանակին գրել է Շահեն Խաչատրյանը։
ՄԱՐԴԸ` ՆԿԱՐԻ ԴԱՐՁԵՐԵՍՈՒՄ
Նրա շատ կտավներում մարդը չկա, զգալի է նրա ներկայությունը ստեղծագործության հորինվածքային և գունալուսային ենթատեքստում։ «Լքված նավահանգիստը» նկարել է 1965-ին, գուցե թե Մեծ եղեռնի 50-ամյա տարելիցին ի տուրք։ Նա Ցեղասպանության ահռելի ցավն էր ամբարել հոգում, ժամանակակիցն էր երկու համաշխարհային աշխարհամարտերի։ Նա արյամբ էր զգում արհավիրքը, աշխարհը կա, բայց անգո է բանական արարածը, որին Աստված կերտեց իր պատկերով ու նմանությամբ։ (Գառնիկ Զուլումյանի նշանավոր հայրենակից, կինոռեժիսոր Արտավազդ Փելեշյանը մի առիթով ասել է. «Ես նկարում եմ բացակայությունը»)։ Մի առիթով էլ նկարիչն է բնութագրում ժամանակաշրջանը խորքային բանաձևումով. «Մեքենաները չփոխեցին մարդկության ճակատագիրը... մեծ է տարբերությունը գիտության ու նրա կիրառման միջև։ Գիտությունը չազատագրեց մարդուն: Ես շատ ստրուկներ եմ տեսնում, քիչ` երջանիկներ»։ Նա, դեռ երեխա, տեսլապատկերում նշմարում էր հայոց ցեղասպանդի արհավիրքը, Դեր Զորը և ազգակից զոհերին։ Մարդիկ, այս պարագայում` հայությունը, պատմական արհավիրքին վերջնականապես կուլ չգնալու տագնապով տոգորված, մի պահ լքում են աշխարհը, հայտնվում կտավի դարձերեսում։ Այնուամենայնիվ, Գառզուն ողբերգակ չէ, նրա ստեղծագործության աներևույթ կարմիր թելը խորհրդավոր, թեպետ հաճախ դժվար ընթերցելի լավատեսությունն է մարդկության և հայության գալիքի հանդեպ։
1989-ին նկարիչը Հայաստանի Մշակույթի ֆոնդին է նվիրում հիսունից ավելի վիմագրություն` ցուցահանդես-վաճառք կազմակերպելու և ստացված հասույթով Լենինականի նկարիչներին օժանդակելու նպատակով։ Հետո «Հույս» ուրվապատկերն է ստեղծում։ Ավերված քաղաքի գետնից ծառի նման դեռատի կինն է վեր բարձրանում, որի ճյուղերը կարծես ծաղկուն գարնանային զարթոնքի ավետաբերներն են։ Հույսը նրա վերջին աշխատանքն էր, որն անավարտ մնաց։
1979 թվական։ Գառնիկ Զուլումյան-Գառզուն ընտրվում է Ֆրանսիայի գեղարվեստի ակադեմիայի անդամ։ Երբ ընթանում էր նորահայտ անդամի օծման արարողությունը, երախտիքի խոսքում նկարիչը նախ հիշատակում է սեփական ազգային արմատներին հավատարիմ մնալու իր պատգամը։
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Անտեղյակ եմ, թե ովքեր և ինչ տրամաբանությամբ են ընտրում «Հայ մեծեր» շարքի կերպարվեստագետներին, սակայն համոզված եմ, որ Գառզուի կերպարվեստը պետք է հսկա վահանակների վրա պատկերվի և դառնա երկրի սեփականությունը։ Նա հայկական աշխարհի, հայոց երկրի նկարիչն էր։
Ի դեպ, Մարտիրոս Սարյանի անվան մրցանակը առաջինը շնորհվել է Գառնիկ Զուլումյան-Գառզուին։
Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ
Լուսանկարներ
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ