ԱՆԴՐԱԴԱՐՁ
«Իրավունքը de facto»-ի թիվ 12-ում տպագրված` «Ինչո՞ւ է բարգավաճում աղանդավորությունը» վերտառությամբ բաց նամակը, որն ուղղված էր Ամենայն հայոց կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդին, ուներ «Նորք-Մարաշ համայնքի մի խումբ հավատացյալներ, բարեպաշտ ժողովուրդ» ստորագրությունը։ Այն պատմում էր Նորքի Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցու քահանա տեր ԶԱՔԱՐԻԱ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ վարք ու բարքի մասին։ Նամակի հրապարակումից հետո խմբագրությունը էլեկտրոնային փոստով ստացավ քահանա տեր Զաքարիա Ավետիսյանի կողմնակիցների պատասխանը, որն էլ առանց որևէ փոփոխության ներկայացնում ենք ընթերցողի ուշադրությանը։
Պատասխան «Բաց նամակին»
1988-ի հոգևոր արթնությունից հետո մարդիկ սկսեցին հաճախել եկեղեցի, որոշ համայնքներում նույնպես տաճարներ կառուցվեցին, հոգևորականները դարձան ցանկալի հյուրեր շատերի ընտանիքներում, բայց, ըստ էության, մարդը չփոխվեց, և դարձյալ սկսեցին հիշել բոլշևիզմի տարիներին ավանդություն դարձած «անանիմկաները»:
Վերջերս Նորք-Մարաշ համայնքի բնակիչների անունից, առանց համայնքի ժողովրդի գիտության, թերթերում անստորագիր բաց նամակներ են հրատարակվում, և ինչն ավելի վիրավորական է, նամակները գրում են բարեպաշտ հավատացյալների անունից: Այսինքն՝ որոշ մարդիկ իրենց իրավունք են վերապահում մարդկանց զատել բարեպաշտների և ամբարիշտների, եկեղեցու հոգևոր հովվին զանազան պիտակներ կպցնել, թեմի առաջնորդին դիմել ազգանունով ու սպառնալիքներով՝ պահանջելով անհապաղ կարգալույծ անել քահանային, և ևս մեկ անգամ հիշեցնել, որ նա չի կատարել իրեն «հրամայվածը»:
«Բարեպաշտության» լավագույն օրինակ: Կարծում եմ, հարկ չկա մեկ առ մեկ կանգ առնել այն զրպարտությունների վրա, որոնք ներկայացված են նամակում, այլ կարևոր եմ համարում ասել, որ նամակը գրել են վախկոտ մարդիկ, որոնց միայն բանսարկու կարելի է անվանել: Եթե իրապես հավատացյալ են, թող ստորագրեն նամակը, կամ էլ բացահայտեն իրենց անձերը, այլապես ես սկսում եմ մտածել, որ հեղինակներն այն մարդկանց զավակներն են, որոնց «բաց նամակներով» բոլշևիզմի տարիներին միլիոնավոր մարդիկ են աքսորվել և գնդակահարվել:
Ավելացնեմ, որ հոգևոր վերին իշխանություններին դիմելու նման ձևը առնվազն անտակտություն է, քանի որ հոգևոր իշխանությունները չեն կարող ընթացք տալ այս «անանիմկային» այն պարզ պատճառով, որ դրանով նրանք դառնում են զրպարտողների հանցակիցները:
Զարմանալի է, որ այս «բարեպաշտներն» իրենց իրավունք են վերապահում հայտարարելու, թե ով է իրապես հավատում և ով՝ ոչ, քանի որ հայտարարում են, թե տեր հայրը հավատք չունի և եկեղեցում դերասանություն է անում: Դրան ավելացնում են նաև, որ հարբեցող է, գող և բարոյապես ընկած:
Հեղինակներն իրենք էլ չգիտակցելով՝ հարվածում են նաև նախկին հոգևոր հովվին, այսօր արդեն թոշակի անցած տեր Հովհաննեսին` նրան գովաբանելով, որն իրականում արջի ծառայություն է: Կարծում եմ, որ հարկ չկա բացատրելու, թե դա միայն ստվեր է գցում գովաբանողի անվան վրա, դեռ ավելին, դրանով գովաբանվողին դարձնում են իրենց հանցակիցը, եթե, իհարկե, հեղինակների նպատակը ևս մեկ հոգու վարկաբեկելը չէ:
Նպատակահարմար չեմ գտնում մեկառմեկ մեջբերումներ անել «Բաց նամակից» և դրանք քննության առարկա դարձնել, սակայն պետք է ասել, որ այնտեղ գերիշխողը բարկությունն է. երևում է ինչ-որ մեկն առանձնահատուկ չարությամբ է լցրել այս մարդկանց սրտերը և ուղղորդել անզգամության ճանապարհներով: Սողոմոն Իմաստունն ասում է, որ անզգամին պատասխան չտանք, ըստ իր անզգամության, որպեսզի նրան չնմանվենք, սակայն ավելացնում է, որ անզգամներին պետք է արժանի պատասխան տալ, որպեսզի իրենք իրենց իմաստուն չկարծեն (Առակաց, ԻԶ 4 - 5):
Եթե իսկապես նամակի հեղինակների նպատակները բարի են, ապա ինչո՞ւ չեն գնում օրինական ճանապարհներով, այսինքն՝ ինչո՞ւ չեն ստորագրում նամակը, չեն հայտնում վկաների անունները, եթե ունեն փաստաթղթեր, թող ներկայացնեն: Իսկ այսպես, զուտ ձեռքբերովի բարկության վրա հիմնված հոդվածները կարող են կաթվածահար անել ոչ միայն համայնքի հոգևոր կյանքը, այլև ընդհանուր եկեղեցուն, քանի որ շատ անտեղյակ մարդիկ կարող են կարդալ և հավատալ, մանավանդ որ այսօր եկեղեցու հասցեին ասված ամեն մի վատ խոսք հասարակության կողմից ընդունվում է որպես ճշմարտություն:
Իրականում այսօր մեծ սխրանք է հոգևոր ծառայությունը, քանի որ բոլշևիկյան տարիներից ձեռք բերած կրոնամերժ դաստիարակությունը դեռևս չի վերացել մարդկանց գիտակցությունից, իսկ այսօրվա հասարակության նոր ձեռքբերումները բարենպաստ չեն եկեղեցու համար: Շատ հոգևորականներ ուղղակի անորոշ վիճակում են հայտնվում, երբ խորապես քննում են այս ոչ պարզ իրավիճակը: Ո՞րն է հոգևորականի առաջնահերթ գործը, Ավետարանի քարոզությո՞ւնը, թե՞ հասարակական զանազան բարդ իրավիճակներում ծագած խնդիրների անհապաղ լուծումը: Եթե անգամ հոգևորականն այսօր տա իր լուծումները, արդյո՞ք այն կընդունվի հասարակության կողմից, ըստ էության: Այն, որ այսօր հասարակությունն ունի հոգևոր առաջնորդության կարիք, փաստ է, սակայն ինչպե՞ս կարող է հոգևորականը ստանձնել այդ առաքելությունը ևս, եթե նման հոդվածներով վարկաբեկվում է հոգևոր հովիվը:
Արամ դպիր ԴԻԼԱՆՅԱՆ
Անահիտ ԽԱՉԱՏՐՅԱՆ, երգչուհի
Եղիսաբեթ ԳԱՍՊԱՐՅԱՆ, ինժեներ
Հ. Գ.- «Իրավունքը de facto»-ն պատրաստ է տպագրելու «Նորք-Մարաշ համայնքի մի խումբ հավատացյալների, բարեպաշտ ժողովրդի» պատասխանը, եթե այն ներկայացնեն կոնկրետ օրինակներով և փաստարկված։