Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Հասանք նույնիսկ բանավեճի

Հասանք նույնիսկ բանավեճի
02.12.2008 | 00:00

ՂԱՐԱԲԱՂՅԱՆ ԹՆՋՈՒԿ
2007-ի ԼՂՀ-ի նախագահական ընտրությունների ընտրարշավում, բնականաբար, քննարկման առարկա դարձավ Ներքին Ղարաբաղի հարցը։ Այսինքն, այն տարածքի, որն անգիտության պատճառով կոչվում է ազատագրված։ Այս թեման, որ բավականին լայն քննարկման արժանացավ, ինչպես գործող նախագահ Ա. Ղուկասյանի, այնպես էլ նախագահի պաշտոնում իշխանության թևից հավակնորդ Բ. Սահակյանի կողմից գնահատվեց իբրև սադրանք և իրենց վրա հարձակում գործելու միջոց։ Իշխանության կողմից առաջ քաշվեց հարցադրում, թե ինչու է հատկապես ընտրությունների ընթացքում բարձրացվում այդ հարցը, սակայն առաջ չքաշվեց հակադարձ հարցադրումը, թե ե՞րբ պետք է քննարկվի այդ ճակատագրական խնդիրը, եթե ոչ նախընտրական ժամանակահատվածում։
ԼՂՀ-ի ղեկավարությունը գործադրեց բոլոր ընդունելի և ոչ ընդունելի միջոցները, որպեսզի Ներքին Ղարաբաղի հետ կապված բանավեճը վերածվի քաղաքական սպեկուլյացիայի և նույնիսկ արտաքին ազդեցության գործակալների որոնումների։ Թեպետ այդ բանավեճում ոչ մի անսպասելի բան չկար, հիշյալ թեման միշտ էլ եղել է հասարակական ուշադրության կենտրոնում բոլոր անցած տարիներին, և մինչև վերջին նախագահական ընտրարշավը ԼՂՀ-ի ղեկավարությունն այդ հարցի հետ կապված իր դիրքորոշման վերաբերյալ վերապահություններին նույնիսկ չէր էլ արձագանքում։ Շուտով պարզ դարձավ, որ այդ խնդիրը ամենախոցելին է ընտրարշավի ընթացքում և կարող է տապալել իշխանության թեկնածուի քարոզարշավը։ Թե ինչի մեջ էր այդ հարցի վտանգավորությունը, և ինչո՞ւ էր այն այդպիսի գրգռվածություն առաջացնում Ղարաբաղի ղեկավարության շրջանում, պատասխանը կարող է լինել հետևյալը. ԼՂՀ-ում հուսալի բազա էր նախապատրաստվում այս կամ այն սխեմայով Ներքին Ղարաբաղը հակառակորդին հանձնելու։
Դա թելադրված էր Երևանից, բայց դրա լուծման առումով բավարար մասնակցությունից հրաժարվեց նույնիսկ այն ժամանակվա նախագահ Ռ. Քոչարյանը, և Ստեփանակերտին թվաց, թե նման սցենարն այլևս իրատեսական չէ։ ԼՂՀ-ի հեռացող և նոր իշխանության եկող նախագահները չէին ուզում հավատալ, որ աբսուրդն ու մղձավանջը վրա կհասնեն այդքան արագ և այդպիսի արմատական ձևով։ Անշուշտ, ԼՂՀ-ի նախկին և ներկա նախագահների միջև կար տարբերություն. Ա. Ղուկասյանը պատրաստ էր կապիտուլյացիայի և տարածքների հանձնման ցանկացած ձևի, մինչդեռ Բ. Սահակյանը, թերևս անփորձությունից, հուսով էր, որ ամեն ինչ կանցնի կամ իրադարձությունների այդպիսի շրջադարձն ընդհանրապես անհավանական է։ Այն դեպքում, երբ Ղուկասյանը կապիտուլյացիայի նախապատրաստման մասնակիցներից մեկն էր, Բ. Սահակյանին վերապահվում էր երևանյան ղեկավարության ինքնասպան գործողությունները «լեգիտիմ» ճանապարհով հաստատողի կարգավիճակը։ Ռ. Քոչարյանի «դոկտրինը» ԼՂՀ-ն քաղաքական բանակցություններից ամբողջապես դուրս դնելու ուղղությամբ` իր համար հարմարավետ վիճակ ստեղծելու և անսպասելի տեսակետները բացառելու նպատակով, հաջողությամբ իրականացվել էր։ Թեկուզև իշխանությանը հրաժեշտ տվող Հայաստանի նախկին նախագահը սկսել էր հասկանալ բանակցություններում ԼՂՀ-ի բացակայության ամբողջ վնասակարությունը, որի արդյունքում Հայաստանը զրկվում էր արտաքին գործընկերների հետ հարաբերություններում քաղաքական մանևրի հնարավորություններից։ Նոր նախագահ Սերժ Սարգսյանին այս վնասակար իրավիճակն առանձնապես չէր մտահոգում, որովհետև նա ոչ մի կերպ չէր սպասում իրադարձությունների այնպիսի շրջադարձի, երբ արդեն շատ ուշ կամ անհնարին կլինի արտաքին աշխարհի գործընկերներին համոզել, որ ԼՂՀ-ն ինքնուրույն սուբյեկտ է, ունի իր դիրքորոշումն ու կարծիքը։
Այն ժամանակ ԼՂՀ-ի նախագահի պաշտոնի հավակնորդը ճակատագրական բառակապակցություն օգտագործեց, թե «տարածքների հարցը քննարկման առարկա չէ»։ Ի պատասխան դրա, մի հրապարակման մեջ ասվեց, որ դա չի մոռացվի և անհրաժեշտության դեպքում կհիշեցվի։ Իհարկե, ոչ ոք ոչինչ չի մոռացել, և, ինչպես տեսնում ենք, տարածքների հետ կապված խնդիրը քննարկվում է, այն էլ` Սերժ Սարգսյանի փոխանցումով։ Որովհետև շատ դժվար է մեն-մենակ մնալ արտաքին ընդդիմախոսի հետ, չունենալով հասարակության, քաղաքական դասակարգի աջակցությունը, և, ընդհանրապես, բոլոր նրանց, ում ընդունված է ժողովուրդ համարել։ Այսօր Հայաստանի նախագահը ոչ միայն առաջարկում է լայն հասարակական բանավեճ, այլև ձգտում է դրան, և այդ բանավեճը, իհարկե, տեղի կունենա ամենաիռացիոնալ, ազգայնական ոգով։ Ազգայնականությունը հիմա խրախուսվելու է, և գուցե առաջին անգամ ազգայնականության համար վճարելու են, այն էլ` ոսկով։ Ինչ վերաբերում է ԼՂՀ-ի նախագահին և ղարաբաղյան մյուս ղեկավարներին, ապա նրանց վիճակը նախանձելի չէ։ Առաջինը` այն թեզը, թե շատ արագ իշխանության կգան քաղաքական գործիչներ, ովքեր պատրաստ են «վայրկենապես» հանձնել և՛ Լեռնային, և՛ Ներքին Ղարաբաղը, ինչն առաջարկվում էր Հայաստանի նախագահական ընտրարշավում ու լիովին արդարացվեց մարտի 1-ի իրադարձություններով, տեղի չունեցավ։ Թեկուզև կապիտուլյացիայի ոգով ծրագրավորված քաղաքական գործիչներն իրենց մասին հայտարարում էին իբրև երկրի իրական ղեկավարների` առնվազն մոտակա հեռանկարում։
Այդ տհաճ հանգամանքները ժամանակավորապես չեզոքացված են, սակայն փոխարինվեցին ամենամղձավանջային իրողությամբ։ Պարզվեց, որ Ռուսաստանը հայերին առաջարկում է հանձնել ոչ միայն Ներքին Ղարաբաղը, այլև ողջ Ղարաբաղը` եղած-չեղածով։ Ռուսական նախագիծը ենթադրում էր հայության փաստացի լիկվիդացիա Ղարաբաղում, այդ տարածաշրջանի նկատմամբ Հայաստանին բոլոր իրավունքներից զրկում։ Հենց այդ նախագծով նախագահ Սերժ Սարգսյանը երկու անգամ այցելեց Ստեփանակերտ, և հենց այդ նախագիծը դարձավ ծանրագույն հարված իշխանության ձևաչափի և նույնիսկ ղարաբաղյան ղեկավարության ֆիզիկական գոյությանը։ Բանը հասավ այնտեղ, որ նախագահ Բ. Սահակյանը շրջագայեց մի շարք շրջաններում և բացատրեց ազգաբնակչությանը, որ «պետք չէ մտահոգվել, ամեն ինչ լավ կլինի», ինչը նշանակում է` «պետք չէ փախչել»։ Թեպետ սկզբունքորեն ոչ ոք չէր էլ պատրաստվում փախչել, պարզապես ԼՂՀ-ի ղեկավարության մեջ առաջացել էր աղետի մոտալուտ զգացողություն։ Որոշ տվյալներով, այդ ամենն ասվել է Լաչինում, Քելբաջարում և այլուր, մինչև Ստեփանակերտում վերջապես հասկացան, որ «այն, ինչի մասին ասում և գրում էին անպատասխանատու մարդիկ ու պրովոկատորները, տեղի է ունենում»։ Հայ ազգը կանգնած է Ղարաբաղը կորցնելու իրողության առջև։
Եվ, ուրեմն, հիմա առաջացավ բանավեճի անհրաժեշտություն։ Դա վատ չէ, թեպետ ի՞նչ է նշանակում բանավեճ Երևանում։ Կա ցանկություն առաջարկելու քաղաքական կուսակցություններին դիրքորոշում արտահայտել այս հարցում, այսինքն` սպասվող աղետի կապակցությամբ։ Ասել է թե` բանավեճի մասնակիցների կարգավիճակով հանդես են գալու քաղաքական կուսակցությունները, և շուտով պարզվեց, որ Երևանում շուրջ 50 կուսակցություն կա, և այդպիսի բազմազանության մեջ, թերևս, կհստակեցվի ճշմարտությունը։ Միայն թե որտե՞ղ էին այդ 50 կամ էլ 5 կուսակցություններն այս ծանր 4-5 ամիսներին, երբ Ռուսաստանը, բառացիորեն, պարանը գցել էր մեր հայրենիքի վիզը, և թվում էր, որ այս երկրում չի գտնվի ոչ մի կազմակերպված խումբ` աղետի դեմ հանդես գալու ընդունակ։ Կուսակցությունների մի մասն ընդունակ չէր նույնիսկ մոտավորապես մեկնաբանելու իրադարձությունները, մյուսները, բացահայտ սրիկաների խորհրդով, սպասում էին մինչև նախագահը վերջնականապես կհայտնվի կեղտի մեջ, երրորդները նախընտրում էին առևտուր անել և հոնորար ստանալ լռության դիմաց։ Կարճ ասած, ռուսական նախագծի ոտքը քարին առավ միայն Ղարաբաղում, որտեղ զգացին, որ սա 2000-ամյա պատմության վերջն է, և այս աշխարհում ոչ մի տեղ էլ չի հաջողվի թաքնվել։ Իսկ Հայաստանի քաղաքական կուսակցությունները չեն հասել նույնիսկ «քաղաքական բանավիճողների» մակարդակին, որովհետև նրանց մեջ չկա քաղաքականություն, այլ կան միայն կորպորատիվ շահեր, խմբակային մտածելակերպ և գողական վարվելաձև։ Քաղաքական կուսակցություններն իշխանության համար բանավեճի ամենաընդունելի սուբյեկտներն են, որովհետև հնազանդ են, վախեցած և թույլ տեղեկացված, նման սովորական քաղաքացիների, ավելի կոմֆորմիստական տրամադրություններով, քան նույնիսկ պետական ապարատի ցանկացած ֆունկցիոներ։ ՈՒստի հարց է առաջանում` մի՞թե այդ դեգրադացված շերտը կարող է քաղաքական բանավեճ վարել։ Ընդհանրապես, ի՞նչ են նշանակում հաշվարկները, թե քանի քառակուսի կիլոմետր պետք է հանձնել, և ի՞նչ թվակազմով ռուսական զորքեր պետք է հայտնվեն Ղարաբաղում։ Չնայած դրան, կա վստահություն, որ իրական բանավեճն արդեն տեղի է ունենում, և դրա հիմնական էությունը ցանկացած բանավեճ ժխտելու մեջ է։
Հետաքրքրություն է ներկայացնում Հայ հեղափոխական դաշնակցության դիրքորոշումը, որը հայ քաղաքական ազգայնականության դեմքն է։ Մասնավորապես, Ղարաբաղի վերաբերյալ ռուսական նախագծի շրջանակներում Հայաստան-Թուրքիա շփումների հետ կապված։ Դաշնակցության ղեկավարությունը նախօրոք տեղեկացված էր ինչպես արտգործնախարարությունների մակարդակում, այնպես էլ Հայաստանի և Թուրքիայի նախագահների հանդիպման մասին, ուստի կուսակցության ղեկավարությունը բավարար ժամանակ ուներ քննարկելու այդ հարցերը նախագահի աշխատակազմի, խորհրդարանական հանձնաժողովների, արտգործնախարարության հետ, ուր տեղի էին ունենում համապատասխան զրույցներ։ Հարկ է նշել, որ արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի նախագահը դաշնակցության ներկայացուցիչն է, իսկ արտգործնախարարությունում որոշ աշխատակիցներ, այդ թվում` տեղեկատվական-վերլուծական ծառայության ղեկավարը, դաշնակցականներ են։ Այսպիսով, որևէ անսպասելիության մասին խոսք լինել չի կարող, դաշնակցականները շատ լավ հասկանում են վերոնշյալ շփումների բովանդակությունը, իմաստն ու նպատակները։ Ընդհանուր առմամբ, դաշնակցությունը դատապարտեց և քննադատեց վերոնշյալ շփումները` արտահայտելով իր ավանդական դիրքորոշումը։ Կուսակցության ԶԼՄ- ները, այդ թվում «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, բավականին փաստարկված և կտրականապես քննադատեցին Ա. Գյուլի այցը Հայաստան և այն ամենը, ինչ ուղեկցում էր դրան։ Անհրաժեշտ է ընդգծել, որ արտասահմանի դաշնակցական կառույցներն ամեն կերպ մղում էին հայաստանյան կուսակցական ընկերներին ավելի վճռական գործողությունների` ուղղված Թուրքիայի նախագահի այցի և շփումների դեմ առհասարակ։ Սակայն, այնուհանդերձ, դաշնակցականների բողոքի ակցիաները բավականաչափ համոզիչ չէին։ Ընդհանրապես, պետք է նշել, որ դաշնակցության կառույցները սփյուռքում արդեն վաղուց են քննադատում ՀՅԴ հայաստանյան ղեկավարությանը, իշխանությունների հետ չափից ավելի համագործակցության, ըստ էության, իշխանության հետ համաձայնողական դիրքորոշումների համար։ Այդ մասին կարելի է բազմիցս համոզվել` սփյուռքում լինելով։ Ընդհանուրի կարծիքով, ինչպես Հայաստանում, այնպես էլ սփյուռքում, Թուրքիայի հետ կապված զարգացումներն առնչվում են Ռուսաստանի մտադրություններին` աջակցելու Հայոց ցեղասպանության ճանաչումն ԱՄՆ-ում տապալելու Թուրքիայի փորձերին։ Հայ-թուրքական շփումները կոչված են ցույց տալու ԱՄՆ-ի Կոնգրեսին և Եվրամիությանը, թե հայ-թուրքական հարաբերությունները հաջողությամբ զարգանում են։ Այդ պատճառով էլ դաշնակցականների դիրքորոշումը չի տարբերվում ընդհանուր հասարակական կարծիքից։ Կարելի է ենթադրել, որ ՀՅԴ-ի դիրքորոշումն ու կոնկրետ գործողությունների անհաջողությունը պայմանավորված են երկու հանգամանքով։ Առաջինը` պետք էր կուսակցության շարքերին և բնակչությանը ցույց տալ, թե դաշնակցությունը նախկին դիրքերում է։ Եվ երկրորդը` պետք էր հատկապես առանձնանալ կոալիցիոն կուսակցությունների ընդհանուր շարքից և այդպիսով չփչացնել հարաբերությունները երկրի նախագահի հետ։ Սա բարդ խնդիր չէր, և հիմա դաշնակցականները, իրենց կարծիքով, հարմար և սպասողական դիրքորոշում են որդեգրել։
Սակայն իրավիճակի ողջ բարդությունը միայն սրանով չի պայմանավորված, կան ավելի լուրջ հանգամանքներ։ Խոսքը վերաբերում է Ռուսաստանի քաղաքականությանը և ռուս-թուրքական «դավադրությանը»։ Հարավային Կովկասում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք Ռուսաստանին և Թուրքիային նոր իրավիճակ ստեղծելու ու նոր քաղաքական կառուցվածք ձևավորելու հույսեր են ներշնչում։ Հայաստանի` գործնականում բոլոր հայրենասիրական խմբավորումները համարում են, որ այդ մտադրությունները կարող են երկրի համար խիստ տհաճ և նույնիսկ աղետալի հետևանքներ ունենալ։ Ռուսաստանը Թուրքիայի աջակցությամբ փորձում է նոր հրապարակ բացել ղարաբաղյան հակամարտության, այսպես կոչված, կարգավորման համար։ Այս համատեքստում պետք է նշել, որ դաշնակցականների տեղեկատվական հնարավորությունները, այդ թվում` Մոսկվայում, այնքան սահմանափակ են, որ կուսակցության ղեկավարները Ռուսաստանի մայրաքաղաք այցելելով` ընդունակ չեղան պարզելու նույնիսկ հիշյալ «դավադրության» առանձին տարրերը։ Մոսկովյան որոշ փորձագետների վկայությամբ, դաշնակցական առաջնորդներն ընդունակ չեն բովանդակային բանավեճ վարելու և հասկանալու այս կամ այն ձևակերպումների ու բացատրությունների իմաստը։ Մինչդեռ ԶԼՄ-ներն ուղղակիորեն հեղեղված են մտորումներով այն մասին, որ հենց Մոսկվայի ճնշմամբ է Հայաստանը հարաբերություններ սկսում Թուրքիայի հետ, ինչը մտահոգություններ է առաջացնում։ Այդ քայլերի հիմքում ընկած է հետևյալ սցենարը. ԼՂՀ-ի ներկա տարածքի 70 տոկոսի հանձնում Ադրբեջանի վերահսկողության` առանց ԼՂՀ-ի կարգավիճակի որևէ հստակեցման, խաղաղապահ ուժերի մուտք հակամարտության գոտի, որոնք կազմված են լինելու բացառապես ռուսական զորքերից, ԱՄՆ-ի և Ֆրանսիայի, այսինքն` նաև Եվրամիության լիարժեք դուրս մղում հակամարտության կարգավորման գործընթացից։ Ներկայումս Ռուսաստանը հզորագույն ճնշում է իրականացնում Հայաստանի, գուցե նաև Ադրբեջանի վրա` ստիպելու նրանց ընդունել ռուսական նախագիծը։ Ըստ էության, սկսվել է Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև քաղաքական բանակցությունների գործընթաց։ Տարածաշրջանում հանդես են բերվում առաջարկներ ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու կամ այն նոր կառույցով փոխարինելու մասին` առանց ամերիկացիների և եվրոպացիների մասնակցության։ Միանգամայն պարզ է, որ խնդիր է դրված վերահսկողություն հաստատելու էներգետիկ կոմունիկացիաների վրա և զրկելու արևմտյան հանրությանը տարածաշրջանում ունեցած դիրքերից։ Տարբեր ԶԼՄ-ներ բացահայտորեն գրում են, որ, ըստ էության, հնարավոր է 1921 թ. մարտի 16-ի ռուս-թուրքական պայմանագրի կրկնությունը, և Հայաստանը կբաժանվի Ռուսաստանի ու Թուրքիայի միջև։
ԱՄՆ-ում այս ամենին արձագանքեցին շատ արագ և տարածաշրջանի երկրների համար համոզիչ ձևով։ Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատան աշխատակիցները և Վաշինգտոնից ժամանող էմիսարները կտրականապես հայտարարում են, որ անհրաժեշտ է տապալել բոլոր այդ ծրագրերը` Արևմուտքի կողմից պատրաստակամություն ցուցաբերելով շարունակելու բանակցությունները Մինսկի խմբի շրջանակներում։ Հարկ է նշել, որ Մինսկի խումբն արդեն վաղուց դադարել է միայն հակամարտության կարգավորման կառույց լինելուց և դարձել է տարածաշրջանում ուժերի հարաբերակցությունը և շահերը ճշտելու հարթակ։ Ամերիկացիները պնդում են, որ այդ որակով Մինսկի խումբը պետք է գոյություն ունենա։ Եթե Հայաստանը փորձության չենթարկի սեփական ճակատագիրը, ինչպես նաև պնդի բանակցային այս ձևաչափի և բանակցությունների հետևողականությունը պահպանելու վրա, ապա արևմտյան հանրությունը կաջակցի Հայաստանին, ինչպես նաև Ադրբեջանին։ Հենց սա և ոչ թե սոսկ հայ-թուրքական շփումներն են հանդիսանում ինտրիգի հիմքը Երևանում։ Շփումներն ինքնին չեն վախեցնում դաշնակցությանն ու հասարակությանն առհասարակ։ Կա մտավախություն, որ ռուս-թուրքական դաշինքի ստեղծումը կհանգեցնի Հայաստանի անկախության կարճ ժամանակահատվածի ավարտին և Ղարաբաղի կորստին հայերի համար։ Նկատվում է նաև, որ ամերիկացիներն անսպասելի սկսել են «շոյել» ազգայնականներին` մղելով նրանց հանդես գալու ռուս-թուրքական մերձեցման դեմ։ Մեթյու Բրայզան Ստեփանակերտ կատարած այցի ժամանակ առանց ձևականությունների հասկացրել է ու ասել ԼՂՀ-ի նախագահին, որ չի կարելի թույլ տալ կարգավորման բանակցությունների այլընտրանքային ձևաչափի ստեղծում։ Բացատրվել է, թե ինչպես է ԱՄՆ-ը վերաբերվում Թուրքիայի մասնակցությանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում, և դա ձևակերպվել է մոտավորապես այսպես. Թուրքիան պատրաստ չէ դառնալու բանակցությունների միջնորդ, և նրա մասնակցությունը կարող է հանգեցնել ներկայիս ոչ պատերազմ, ոչ խաղաղություն իրավիճակի փլուզման։ Բանը հասել է այնտեղ, որ ամերիկացիները նույնիսկ հետաքրքրվում են, թե որքանով Իրանը կարող է ընդգրկվել Հարավային Կովկասում «նոր» նախաձեռնությունների զարգացման գործընթացում, ընդ որում, այդ հետաքրքրությունը վերջին շրջանում դարձել է անթաքույց։ Այս պայմաններում տպավորություն է ստեղծվում, որ դաշնակցությունը դեռևս պետք է կողմնորոշվի նոր իրավիճակում։ Առայժմ ՀՅԴ-ի կեցվածքը տեղավորվում է Հայաստանի ղեկավարության պահվածքի մոդելի շրջանակում։ Այսինքն, նրանք հակված են ենթարկվելու իներցիային և ռիսկի չեն դիմում որոշումներ ընդունելիս, որոնք կարող են կասկածի տակ դնել ղարաբաղահայության հետագա գոյությունը։
Իսկ թե ինչո՞ւ չի կայացել հայկական քաղաքական ազգայնականությունը, հարցը մնում է բաց։ Մեղավորներ, ինչպես միշտ, չկան, բայց թեման էլ փակված չէ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3916

Մեկնաբանություններ