ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

«ՈՒրիշ երկրում եթե գուսան Շահեն երգեն, ոչ ոք չի լսի ու չի հասկանա»

«ՈՒրիշ երկրում եթե գուսան Շահեն երգեն, ոչ ոք չի լսի ու չի հասկանա»
23.09.2008 | 00:00

«ԲԵՄԸ ԽԱՂ Է»
Երբ նա դուրս է գալիս բեմ, իր վարակիչ ժպիտով ու կենսախնդությամբ արդեն իսկ գրավում է հանդիսատեսին: Մնացածը ձեռք է բերում... երգով: ՌԱԶՄԻԿ ԱՄՅԱՆԻ հետ զրույցը վերջերս Սոչիում անցկացված երիտասարդ կատարողների «5 աստղ. Ինտերտեսիլ-2008» միջազգային մրցույթի մասին է : Եվ ոչ միայն...
- Մրցույթի արդյունքներով Դուք ռուսական «Կվատրո» խմբի հետ կիսեցիք առաջին տեղը: Գիտեի՞ք, որ հաղթելու եք:
-Հոգու խորքում ուզում ես, որ հաղթես: Սակայն իմ խնդիրը ոչ թե այս կամ այն տեղը գրավելն էր (բոլորն էլ գիտեն, որ նման մրցույթները հիմնականում քաղաքականացված են), այլ լավ ներկայանալը: Մտավախություն կար՝ կապված տեխնիկական խնդիրների հետ, իսկ որ լավ էի ներկայանալու, միանգամայն վստահ էի:
- Պարտվելը և հպարտորեն պարտությունը տանելը, գիտենք, դժվար է: Իսկ հաղթե՞լը...
-Հաղթանակի զգացողությունը ոչ թե դժվար է, այլ անսովոր: Քանի դեռ Ռուսաստանում էի, այդքան չէի զգում: Հայրենիքում ասես նոր միայն հասկացա, որ մի փոքր լավ գործ եմ արել, ինչը շատ հաճելի է:
-Այսինքն, ինչ-որ բան փոխե՞ց Ձեր կյանքում այդ մրցույթը:
-Ցանկացած մրցույթ ինչ-որ բան փոխում է: Այս դեպքում զգում ես, որ մի քանի քայլ առաջ ես: Բայց ես իմ քայլերը չեմ թուլացրել և շարունակում եմ աշխատել նույն ռիթմով:
-Ձեր կարծիքը փառատոնի մասին:
-Սկզբում ինձ թվում էր, որ այն շատ ավելի լուրջ է լինելու: Վերջում դարձել էր մանկապարտեզ: Ասենք` 3 հոգու 3-րդ մրցանակ շնորհելու որոշումը: Շատ հեշտությամբ կարելի էր ընտրություն անել: Անհասկանալի վիճակ էր: Ինչ-որ տեղ նաև ծիծաղ էր առաջացնում:
-Ըստ Ձեզ՝ ինչո՞ւ էր այդպես։
-Չգիտեմ, գուցե ժյուրիի կազմում մասնակից բոլոր երկրներից էլ անդամներ կային, ընկերացել էին, չէին ուզում մեկը մյուսին նեղացնել։
-Փաստորեն, բավականին «բարի» մրցույթ էր։
-Այո, մասնակիցները նույնպես շատ ջերմ էին միմյանց նկատմամբ։
-«5 աստղ. Ինտերտեսիլը» «Եվրատեսիլի» կրկնօրինակո՞ւմը չէր արդյոք։
-Առաջարկ կար, որ մրցույթը հաջորդ տարի անցկացվեր այն երկրում, ում ներկայացուցիչը կարժանանար գրան պրիի։ Սակայն Կոբզոնը որոշեց պահպանել մրցույթի կանոնները՝ չնմանվելու համար «Եվրատեսիլին»։
-Ռազմիկ, իսկ ինքներդ ո՞ր երկրի ներկայացուցչին հավանեցիք։
-Լատվիայի, Մոլդովայի և, անշուշտ, ռուսական «Կվատրո» խմբին։
-Ինչպիսի՞ն էր հարաբերությունն Ադրբեջանի ներկայացուցչի հետ, և կա՞ր արդյոք մտավախություն՝ թույլ չտալ նրան առաջ անցնել։
-Մենք թշնամաբար չէինք տրամադրված, շփվում էինք իրար հետ, բայց, իհարկե, կար այն գիտակցումը, որ պետք է թույլ չտամ նրան ինձնից առաջ անցնել։
-Ռազմիկ, Ձեր զավակները հետևե՞լ են մրցույթին։ Ինչպիսի՞ն էր նրանց արձագանքը։
-Ալեքսս երկու տարեկան երկու ամսական է, Լեոս շուտով կդառնա մեկ տարեկան։ Բայց ասեմ, որ նրանք շատ երաժշտական են։ Երբ պապան երգում է, անպայման արձագանքում են պարելով, ձայնակցելով։ ՈՒ, առհասարակ, ցանկացած երգ, որին Ալեքսն արձագանքում է, հաջողված է լինում ու սիրվում է ժողովրդի կողմից։ Կինս՝ Լիլիան, դասական երգչուհի է։ Նրա կարծիքը նույնպես շատ էական է ինձ համար։ Շուտով եթեր դուրս կգա «Փոքրիկ պապան» հումորային երգի տեսահոլովակը։ Ալեքսիս արձագանքից ելնելով՝ համոզված ասում եմ, որ հիթային երգ է լինելու և շատ սիրվելու է։
-Փաստորեն, լավ օգնողներ ունեք ընտանիքում։
-Այն բոլոր մարդիկ, ովքեր շրջապատում են ինձ, արդեն իսկ մի մեծ ընտանիք են։
-Հայկական էստրադայում հաճախ են առանձնացնում Ձեզ՝ որպես հզոր ձայն ունեցող երգչի։ Կարծում եմ, դրանում դեր ունի նաև համակրանքի գործոնը։ Շա՞տ ընկերներ ունեք երգարվեստի բնագավառում։
-Բոլորի հետ ընկերություն չեմ անում, բայց բոլորի հետ հարաբերությունները ջերմ են ու անկեղծ։
-Իսկ մրցակցություն չկա՞։
-Ես դա չեմ հասկանում։ Ամեն մեկն ունի իր աշխատաոճը, մտահղացումը, իր տաղանդն ու ունակությունները։ Եթե փորձեի նմանվել ինչ-որ մեկին, գուցե նման խնդիր առաջանար։
-Քննադատություններ եղա՞ն մեզ մոտ՝ կապված փառատոնի հետ։
-Թե՛ անծանոթ մարդկանցից, թե՛ մտերիմներիցս եղել են դժգոհություններ՝ կապված առաջին օրը ներկայացրած երգի հետ, որը, իբր, հրեական է։ Եթե առանց գործիքավորման երգը լսեք, կհամոզվեք, որ հրեական ոչինչ չկա։ Երբ ներկայանում ես ուրիշ երկրում և գիտես պահանջներն այդ երկրի, պետք է ներկայանաս այնպիսի երգով, որ հաջողություն ունենաս։ Թե չէ, կարող ես գուսան Շահեն երգել, բայց ոչ ոք չի լսի ու չի հասկանա։
-Համագործակցության առաջարկներ եղա՞ն մրցույթից հետո։
-Այո, Ռուսաստանի առաջին ալիքով տարբեր նախագծերում նկարահանվելու, մասնակցելու առաջարկներ եմ ստացել։
-Ռազմիկ, հանդիսատեսը սովոր է Ձեզ տեսնել ավելի աշխույժ ոճի մեջ։ Մի քիչ անսովոր չէ՞ր Կարուզոյի հայտնի երգի կատարումը։
-Բեմը խաղ է։ Ես շատ արագ և շատ հեշտ կերպարանափոխվում եմ։ Չեմ ասում, որ կարող եմ լավ ներկայանալ բոլոր ժանրերում, բայց եթե երգը կատարում եմ, ուրեմն հոգեհարազատ է, և վստահ եմ, որ կարող եմ։ Ինչ խոսք, դժվար էր ներկայանալ այդ երգով, որովհետև ինձնից առաջ շատ հայտնի մարդիկ են կատարել այն։ Պետք չէր, որ ես ձայնով ինչ-որ բան ապացուցեի։ Այնտեղ ոչ ոքի ձայնով չես զարմացնի։ Պարզապես երգի մատուցումը պետք է լիներ յուրահատուկ, նորովի։ Հենց դա էլ շատերին գրավեց, կարծում եմ։ Ինձ օգնեց նաև դասական կրթությունը, ինչն ամուր և հաստատուն հիմք է երգչի համար։ Թեև ասեմ, որ դասական ժանրից էստրադա անցում կատարելը նույնպես հեշտ չէ և ոչ բոլորին է հաջողվում։
-Իսկ դասական երաժշտությանը նորից վերադառնալու ցանկություն չունե՞ք։
-Ես արդեն իսկ մասնակցում եմ «Երուսաղեմ» միջազգային նախագծին։ Մասնակից 15 երկրների ներկայացուցիչները հանդես են գալիս այս կամ այն թեմայով։ Ես ներկայացրել եմ եղեռնի թեման ութ երկրներում։ Ծրագիրն ընթացքի մեջ է։ Ներկայանալու ենք արդեն «ՈՒխտագնացություն Երուսաղեմ» թեմայով։
-Ռազմիկ, հեռու ապագայի համար ի՞նչ երազանք ունեք։
-Չեմ շտապում, չեմ փորձում առաջ ընկնել։ Ֆանտաստիկ երազանք չունեմ, ասենք՝ Մարսի վրա տուն կառուցել։ Առաջնորդվում եմ երազել-ձգտել-հասնել կարգախոսով։
-Ի՞նչ կմաղթեք մեր ժողովրդին։
-ՈՒզում եմ մարդիկ լինեն առողջ, անհոգ, և Աստված բոլորիս հետ լինի։
Զրուցեց Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԸ

Դիտվել է՝ 5004

Մեկնաբանություններ