-ՔՐԻՍՏՈՍ ՀԱՐՅԱՎ Ի ՄԵՌԵԼՈՑ:
-ՕՐՀՆՅԱ՜Լ Է ՀԱՐՈՒԹՅՈՒՆԸ ՔՐԻՍՏՈՍԻ:
Նախ ասենք, որ երկու զատիկ կա` Հին զատիկ, որ Հին Կտակարանի հետեվորդներն էին անում և կա ՆՈՐ ԶԱՏԻԿ, որ գերազանց Զատիկն է, այնքան գերազանց, որ նրա ի հայտ լինելով` նախկինը հին ու «Բուն էության ստվեր» ճանաչվեց:
ՀԻՆ ԶԱՏԻԿԸ
Հակոբ նահապետի որդի Հովսեփին Աստված Եգիպտոսում փարավոնից հետո առաջին մարդն էր դարձրել (Հովսեփին իր իսկ եղբայրները նախանձելով ծախել էին եգիպտացիներին): Երբ սով սկսվեց, Աստծո մարդ Հովսեփն իր ողջ ազգին տեղափոխեց Եգիպտոս, և նրա շնորհիվ նահապետական մեծ գերդաստանը բարեկեցիկ ու հարգված էր ապրում և աճում ու բազմանում էր: Բայց Մովսես մարգարեի ժամանակում հրեաները Եգիպտոսում արդեն անխիղճ բռնատիրության տակ ընկան: Նրանց որպես ծառաների աշխատեցնում էին ու նսեմացնում: Եվ Աստված Մովսես մարգարեին ուղարկեց, որ նրա միջոցով իր ժողովրդին ազատեր ու տաներ «Կաթ և Մեղր բխող երկիրը»: Բարեբեր մի երկիր, որ տարին բոլոր պտուղ էր տալիս:
Մովսեսի մի շարք հրաշքները տեսնելով` փարավոնը թեպետ վախենում և խոստանում էր նրա ժողովրդին թողնել, որ իր երկրից անվտանգ հեռանա, բայց հետո ուրանում էր իր խոստումը, որովհետև ագահությունից կուրացած մտածում էր, թե այս ժողովուրդը գրեթե ձրի աշխատուժ է իր երկրում: Այդժամ, Աստծո պատվերով, Մովսեսը հրամայեց իր ժողովրդին, որ յուրաքանչյուր ընտանիք նույն օրը գառ զոհի և խորովելով ուտի` իրենց ծառաներին էլ մասնակից դարձնելով: Իսկ գառան արյունից քսեն իրենց դռների կողափայտերին: Եվ գիշերը սպանող հրեշտակը պիտի երկնքից իջներ, և ում դռան վրա որ գառան արյան նշանը չլիներ, այդ տան առաջնեկին` մարդ, թե անասուն, պիտի սպաներ:
Հրեա ժողովուրդը լսեց Մովսեսին, նրա պատվերները մեկ առ մեկ արեց, և ահա առավոտյան ողջ Եգիպտոսը մեծ ողբի մեջ էր, քանի որ եգիպտացիները մեռած գտան իրենց բոլոր առաջնեկներին` մարդ, թե անասուն: Եվ սարսափով բռնված փարավոնն այդժամ ինքը խնդրեց, որ հրեա ժողովուրդն իր երկրից հեռանա, որպեսզի ամենազոր Աստված ավելի մեծ չարիք չբերի Եգիպտոսի գլխին: Եվ երբ հրեաները մոտեցան Կարմիր ծովին, փարավոնը փոշմանեց, որ հրեա ժողովրդին իր ձեռքից բաց է թողել և զորքով ընկավ ժողովրդի հետևից: Այդժամ Մովսեսը կանչեց իր Տեր Աստծուն և գավազանով դիպավ ծովին, և Կարմիր ծովը մեջտեղից երկու կես եղավ, ջրերը հետ-հետ գնացին, բացելով հատակին մի արահետ, որով և ժողովուրդն անցավ մյուս ափ: Փարավոնն իր զորքի հետ նույնպես մտավ ծովում բացված արահետը, բայց Մովսեսի հրամանով ծովի ջրերը եկան միացան` կուլ տալով դաժան ու արյունռուշտ փարավոնին` իր զորքի հետ:
Այսպիսի մեծ ու դժվար գործընթացով կատարվեց Առաջին Զատիկը:
Եվ հավատացյալ ժողովուրդը միայն այդպես` Աստծո պատվերով մորթված գառան արյան և նրա մարմինն ուտելու շնորհիվ կարողացավ թե՛ կոտորումից ազատվել, թե՛ եգիպտացիներին գերի մնալուց փրկվել: Սակայն, ցավոք, Աստծուն դիմադարձելու պատճառով` մեծ փորձություններից հետո, քառասուն տարի անց միայն ժողովուրդը կարողացավ հասնել ամենաբարեբեր երկիրը, որ Աստված խոստացել էր: Ըստ այդմ, Աստծուն դիմադարձ քառասուն տարիներն են նաև Մեծ Պահքի քառասուն օրերը:
Սակայն կենդանիների զոհագործություններով Առաջին Զատիկը կատարյալ չէր: Առավել մարմնավոր էր, քան հոգևոր: Որովհետև աշխարհից զատվող մարդն իր սրտի չարասեր տեսակը չէր փոխում, մնում էր այն նույն մահաբեր հանցանքների գերին, նենգն ու այլոց դատողը, որոգայթողը, թալանողն ու սպանողը, աստվածհակառակն ու պժգալին, նորանոր հանցանքներ ավելացնող տարուբերը: Եվ մարդը ստիպված էր ամեն տարի կենդանիների զոհերը կրկին ու կրկին կատարել, որպեսզի մեղքերի նոր քավությամբ Աստծո հետ իր ուխտը վերստին նորոգեր, եթե ոչ, մարդն իր մեղքի համար շարունակ հայտնվում էր օրենքի անեծքի ու պատժի տակ: Որովհետև եթե օրենքը չես պահում, այդ չպահելն արդեն որպես անեծք մնում էր մարդու վրա, ապա կորստով ու պատժով անդրադառնում թե՛ այդ մարդու վրա, թե՛ նրա ժառանգների` երեք-չորս և ավելի սերունդներ:
Այլևս այնպիսի մի Զոհ էր անհրաժեշտ, որ լավագույնս քավություն պարգևելու հետ մեկտեղ նաև կարող լիներ մեղավոր մարդուն ուսուցել, բժշկել, մխիթարել, առաջնորդել, խրատել, մեղք գործելուց ամաչեցնել, մեղքից հետ կանգնեցնել, ապրելու հույս և հովանի լինել և որպես Տեր պահպանել Իրեն ի սրտե հուսացող մարդկանց: Եվ որ նրանց մարմնական մահից հետո էլ` ապաշխարող արժանիներին իր մոտ` դրախտ վերցներ: Այս վեհ ծրագրի համար բանական մեծ Զոհ էր հարկավոր, որ հուսադրած մարդկությանը հենարան լիներ նման Աստվածային փրկության:
-Զոհ, ով հանուն հավատավոր մարդկանց փրկության՝ իր կյանքը դներ նրանց մեղքի փոխարեն, նրանց համար լինելով մշտնջենական քավություն ու բժշկման աղբյուր և նույնն անելու խղճմտանք առաջացներ իր արժանի հետևորդների սրտերում: Այդ միայն ԱստվածՈրդին կարող էր անել և ոչ թե որևէ մահկանացու մարդ:
Այդպես սիրո հովիվը եկավ աշխարհ` Հիսուս Քրիստոսը, որ օրենքը պահելով` օրենքից վեր էր ու կարող մեղավոր մարդուն փրկության հենարան լինել, որ նրան այնուհետ իրենով աստվածանման դարձներ:
ՆՈՐ ԶԱՏԻԿ
Եվ ԱստվածՈրդի Հիսուսն այդ ամենը կատարելու համար հանձնարարություն ստանալով Հայր Աստծուց, որպես մարդու Որդի ծնվեց ու այդպես աշխարհ այցելեց: Սակայն ագահ, մոլեռանդ և խավարամիտ ու նյութապաշտ հրեա ազգակիցները ոչ միայն չճանաչեցին, այլև բամբասեցին, մատնեցին, ծաղրեցին ու չարչարեցին, ինչպես նախօրոք գրված էր, թե այդպես պիտի վարվեն: Խաչվեց նրանց ձեռքով, ինչպես գրված էր և թաղման երրորդ օրը Հարություն առավ մեռելների աշխարհից, ինչպես նախօրոք Հայտնել էր, թե՝ Իր մահվան երրորդ օրը պիտի Հարություն առնի: Այդպես, Հիսուսը հաղթելով մեղքի աշխարհին, թողեց Իր հակառակորդներին խայտառակության մեջ, որովհետև Նրան անգամ անկարելի եղավ սպանությամբ և մահով էլ որսալ:
Տեր Հիսուսն իր Հարությամբ այդպես հաղթեց ողջ աշխարհին, աշխարհի բոլոր գիտություններն ու իմաստություններն իր կատարելության առաջ դարձնելով ստվեր: Եվ մինչ այդ որևէ մեկը մեռելներից չէր կենդանացել:
Հիսուսը որպես գառն Աստծո զոհվեց հին Զատիկի` ամենամյա կենդանիների զոհաբերման ժամանակ և այդպես կենդանիների նախկին զոհագործությունն այլևս դարձրեց հին։
Հին զոհի մսի փոխարեն Քրիստոսն Իրեն հավատացողներին տվեց ուտելու Իր՝ Աստծո Գառան մարմին-անթթխմոր հացը և խմելու Աստծո Գառան Իր օրհնյալ արյունը` գինին, որպես քավության և կյանք առնելու ամենամեծ խորհուրդ, որ կա մարդ արարածի համար: Այս խոստում էր` Աստված և մարդ փոխհարաբերման, որը, սակայն, ապաշխարելով պիտի ճաշակել, առանց Աստծուն փորձելու, որ ոմանք անում են` մահացու մեղքերից հետ չդառնալով ու եթե դեռ չեն պատժվում, սակայն նմանվում են հոտի մեջ ոչխարի մորթի հագած գայլերի, որովհետև ամենևին չեն կամենում տարբերել, թե ինչն է հանցանքը, ինչն` ապաշխարությունը, և որ Տիրոջ մարմինն ու արյունը մեր ապաշխարությունները սրբությամբ լրացնելն է և ոչ թե չապաշխարած, չխոստովանված հանցանքն ավելի զորավոր դարձնելը:
«Նա, ով չուտի Իմ մարմինը և չխմի Իմ արյունը` այդպիսին իր մեջ կյանք չի ունենա»,- ամենքիս ասաց Քրիստոս Աստված: Որ արժանավորությամբ ճաշակենք:
Եվ Հիսուս Քրիստոսը հավատացյալներիս ժառանգություն թողեց հավիտենական կյանքի դասագիրքը` Ավետարանը, որ Աստծո Նոր Կտակարան է` ուղղված յուրաքանչյուրին, ով հավատում ու լսում է Քրիստոսին և Աստծո Հոգուն:
Քրիստոսն ինչպես Ինքը Հարություն առավ, խոստացավ նույն կերպ, իր մարմինն ու արյունը (հացն ու գինին) ճաշակող, մահացած քրիստոնյաներին ևս այս աշխարհի ավարտին արժանացնել հարության, այլևս հավիտյան Իր մոտ ապրեցնելու համար:
Զատկի ձվերի կարմիր ներկելը Փրկչի Խաչելության արյամբ երկրագնդի փրկագործության խորհրդանշանն է: Այն, որ Աստված բոլոր մարդկանց է սիրում, նրանց, ովքեր դարձի գան:
Զատկի տոնը, կապված լինելով լուսնի փուլերի հետ, եկեղեցու համար շարժական է:
Մաքսիմ ՈՍԿԱՆՅԱՆ