Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Իշխանության հարցը խորքային առումով լուծված չէ

Իշխանության հարցը խորքային առումով լուծված չէ
26.12.2008 | 00:00

ՎԵՐԼՈՒԾԵԼՈՎ ՏԱՐԻՆ
2008-ն ամփոփելիս, բնականաբար, առաջին հերթին անհրաժեշտ է անդրադառնալ տարվա այն զարգացումներին, որոնք կարող էին դրական փոփոխություններ բերել կամ, առնվազն, այդպիսի ակնկալիքների համար հիմքեր ստեղծել հասարակության մեջ։ Ցավոք, օբյեկտիվ ու սուբյեկտիվ զարգացումների պատճառով հանրային ակնկալիքները դրական առումով չարդարացան։ Տարին իր հետ բերեց ներքաղաքական լուրջ ցնցումներ, արտաքին քաղաքական իրադարձություններ, որոնք անխուսափելի և բացասական ազդեցություն ունեցան Հայաստանի վրա, ու որպես հավելյալ գործոն` աշխարհը մտավ ծանր տնտեսական ճգնաժամի փուլ։
Նախագահական ընտրությունների ավարտով Հայաստանում իշխանության հարցը սկզբունքորեն այդպես էլ չլուծվեց։ Մի կողմից` ընդդիմության ընտրությունների արդյունքները չընդունելու հանգամանքը, մյուս կողմից` ներիշխանական պայքարը գործող նախագահի համար ստեղծեցին գործունեության բավականին անբարենպաստ պայմաններ։ Բոլոր այն նախաձեռնությունները, որոնք Սերժ Սարգսյանը և նրա հայեցողությամբ վարչապետ նշանակված Տիգրան Սարգսյանը հանդես բերեցին կառավարման համակարգի բարեփոխման, տնտեսական կացության կարգավորման, կոռուպցիայի դեմ պայքարի և այլ ուղղություններով, տարվա ընթացքում մնացին անավարտ։ Պատճառներից մեկը, գուցե և հիմնականը, ներիշխանական պայքարի առկայությունն էր, որը, փաստորեն, սկիզբ առավ նախագահական ընտրությունների ավարտից անմիջապես հետո։
Գաղտնիք չէ, որ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը վարչապետ դառնալու իրական ցանկություն ուներ, կար այդ հարցում որոշակի աջակցություն Ռուսաստանից, և ողջ տարվա ընթացքում այս ուղղությամբ ներիշխանական քաշքշուկը գործնականում չի դադարել։ Ավելին, տեսնելով, որ «սպասված նշանակումը» այդպես էլ չի կայանում, նախկին նախագահն ու պետական համակարգում նրա համախոհներն ակնհայտորեն որդեգրեցին իշխանական բուրգը սասանելու մարտավարություն, որն իրեն զգացնել տվեց ամբողջ տարվա ընթացքում։ Գործող նախագահի թուլության մասին համառորեն շրջանառվող խոսակցությունները, նրան անբուժելի հիվանդություններ վերագրելը, վարչապետի ժամանակավորության վերաբերյալ տարաբնույթ առասպելների շրջանառումը, քոչարյանական շրջանակի տարբեր գործիչների` իրենց ազդեցությունը պահպանելու և այդ համատեքստում գործող նախագահին ու վարչապետին նույնիսկ հակադրվելու ոչ այնքան քողարկված փորձերը դրա ապացույցն են։
Մինչդեռ Հայաստանի կառավարման համակարգը կադրային կազմի առումով ձևավորված է երկու շերտի գործիչներից։ Առաջին շերտը կազմում է, այսպես կոչված, «հին գվարդիան», որը տարբեր պաշտոններում նշանակումներ է ստացել կամ կարողացել է կարիերայի առաջընթաց արձանագրել դեռ Տեր-Պետրոսյանի ժամանակներից սկսած և ապա հաջողությամբ պահպանել իր դիրքերն ու ազդեցությունը Քոչարյանի օրոք։ Երկրորդ շերտը կազմում են հենց Քոչարյանի նշանակած կադրերը։ Երկու շերտերն էլ չի կարելի համարել Սերժ Սարգսյանի թիմակիցներ այդ բառի բուն իմաստով, որովհետև մի բան է նույն մարդկանց հետ որևէ կարգավիճակով աշխատել ընդհանուր համակարգում, մեկ այլ բան, երբ երկրի նախագահ ես և քո գործունեության ժամկետի կտրվածքով պիտի կարողանաս ձևավորել սեփական թիմ։ Հանուն արդարության պետք է խոստովանել, որ Սերժ Սարգսյանը դրա ժամանակը չի ունեցել, մանավանդ եթե նկատի ունենանք խորհրդարանական կոալիցիայի առկայությունը, որի պայմաններում բազմաթիվ պաշտոններ բաշխված են նաև կուսակցական քվոտաներով։ Անշուշտ, կարելի է տեսականորեն հնարավոր համարել, որ իշխանության գլուխ կանգնելուց հետո գործող նախագահը կարող էր ուղղակի լուծարել կոալիցիան, ձևավորել իր կառավարությունը, մնացած խորհրդարանական ուժերը մղել ընդդիմություն և իր ուսերին վերցնել իշխանության ամբողջական պատասխանատվությունը։ Բայց Հայաստանի պայմաններում գործնականում դա իրականացնելը շատ դժվար է։ Լավագույն ապացույցը հարկային համակարգում փոփոխությունների փորձն էր, և օբյեկտիվ դիտողի համար առնվազն ակնհայտ էր, թե ինչքան մեծ դժվարությամբ ինչ-որ տեղաշարժ հաջողվեց իրականացնել, թեպետ արդյունքները դեռևս զգալի չեն։
Ներքին բարեփոխումների գործընթացը խթանելու տեսանկյունից Սերժ Սարգսյանն ունեցավ նաև լրջագույն արտաքին խոչընդոտներ։ Նախ` ռուս-վրացական պատերազմը, որը, փաստորեն, գլխիվայր շրջեց տարածաշրջանը` խախտելով գրեթե մեկուկես տասնամյակի ընթացքում աստիճանաբար ձևավորված Արևմուտք-Ռուսաստան ուժերի հարաբերակցությունը։ Ինչ վիճակում հայտնվեց Հայաստանը վրացական կոմունիկացիաների նույնիսկ ժամանակավոր խաթարման պատճառով, նույնպես նկարագրելու կարիք չկա, յուրաքանչյուր բնակիչ սեփական մաշկի վրա է զգացել տեղի ունեցածը։ Վրացական իրադարձությունների հարաբերական լիցքաթափմանը, փաստորեն, հետևեց նոր սրացում` այս անգամ ղարաբաղյան հարցի հետ կապված։ Ի հայտ եկավ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման «ռուսական նախագիծը», որը, փաստորեն, գործնականում շրջանառության մեջ էր արդեն այս տարվա սեպտեմբերից։ Մամուլում բազմիցս պարզաբանվել է այդ նախագծի բացահայտ վնասակարությունը Հայաստանի ու Ղարաբաղի համար։ Բայց շատ քիչ է խոսվել այն մասին, թե Ռուսաստանի ղեկավարությունը մոտ երկու ամիս ամենաբարձր մակարդակով ինչպիսի ճնշում էր գործադրում Հայաստանի վրա` այդ նախագիծը «կյանքի կոչելու» համար։ Որովհետև Ռուսաստանի նոր նախագահին, որի սերտ կապերն ադրբեջանական լոբբիի հետ գաղտնիք չեն, վրացական զարգացումներին զուգահեռ նոր արտաքին քաղաքական նախաձեռնություններ էին պետք` տարածաշրջանում Մոսկվայի դիրքերի թուլացում թույլ չտալու համար։ Այս իրավիճակը հանգուցալուծվեց, փաստորեն, միայն նոյեմբերի սկզբին, երբ ստորագրվեց Մայնդորֆյան հայտնի հռչակագիրը, որը, բարեբախտաբար, որևէ առարկայական արժեք ներկայացնող փաստաթուղթ չէ։ Բայց դա այն նվազագույնն է, ինչին այս փուլում ձգտում էր Մոսկվան` Անկարայի ու Բաքվի հետ համաձայնեցնելով իր գործողությունները։ Եվ, իհարկե, կհասներ ավելիին, եթե Հայաստանի ղեկավարությունը հրապարակային առումով ոչ բացահայտ, բայց իրականում բավականին կոշտ դիմադրություն ցույց չտար։
Միաժամանակ, ստեղծված իրավիճակի ողջ բարդությունը չի կարելի պայմանավորել միայն արտաքին գործոններով կամ ներիշխանական պայքարի առկայությամբ։ Երկրի նախագահը, ամեն դեպքում, լայն լիազորություններ ունի և համապատասխան վճռականության պարագայում կարող է նաև հանրության համար ընդունելի և միաժամանակ իր հեղինակությունն ու վարկանիշն ամրապնդող քայլեր ձեռնարկել։ Այդպիսի քայլ գործող նախագահի կողմից կարող էր լինել ընդդիմության հետ հարաբերությունների եթե ոչ ամբողջական կարգավորումը, ապա, առնվազն, փոխադարձ ատելության ու լարվածության լիցքաթափումը, երկխոսության համար պայմանների ստեղծումը։ Ցավոք, այս ուղղությամբ որևէ առաջընթաց չի արձանագրվել, ինչի համար գուցե և մեղքի իր բաժինն ունի նաև ընդդիմությունը, բայց միանշանակ նաև գործող իշխանությունը։ Կարելի է բերել բազմաթիվ օրինակներ։ Մասնավորապես, ի՞նչն էր պատճառը, որ մարտի 1-ի իրադարձությունների ուսումնասիրման համար ի սկզբանե չստեղծվեց փաստահավաք խումբ, ինչին, միևնույն է, իշխանությունը դիմեց արդեն արտաքին ճնշման պատճառով։ Փաստ է, որ կարելի էր ի սկզբանե հավասարակշռության սկզբունքով ձևավորել այդպիսի խումբ, ինչն էապես կլիցքաթափեր լարվածությունը ընդդիմության հետ հարաբերություններում։
Ինչ վերաբերում է ձերբակալված ընդդիմադիրների հարցին, ապա այստեղ էլ իշխանությունը, տվյալ դեպքում` գործող նախագահը, բավական լայն մանևրի հնարավորություն ուներ։ Մասնավորապես, կարելի էր ի սկզբանե, թեկուզ խափանման միջոցի փոփոխությունով, ազատ արձակել այն ձերբակալվածներին, որոնց նկատմամբ հարուցված մեղադրանքներն ակնհայտորեն իրականությանը չէին համապատասխանում։ Հետո արդեն այդ մարդիկ կարող էին արդարացվել դատարանում. այդպիսի դեպքեր եղան։ Միաժամանակ դա չէր նշանակի, թե իշխանությունն ընդունում է, որ բոլոր ձերբակալվածները քաղկալանավորներ են։ Գործող նախագահը կարող էր պարզապես արձանագրել, որ արդարացի քննություն կլինի, և բոլորը, ովքեր հանցանք են կատարել, անկախ նրանից` իշխանության թևից են, թե ընդդիմության, պատասխան կտան։ Սրանք քայլեր էին, որոնք կարելի էր ձեռնարկել արդեն գարնան վերջին, ամռան սկզբին, ինչը տարվա ընթացքում կբերեր լարվածության լիցքաթափում, միաժամանակ ազատելով իշխանության ձեռքերը ներիշխանական համակարգում ավելի համարձակ գործելու առումով։ Սա չարվեց։ Անշուշտ, հնարավոր է, որ դրա համար եղել են պատճառներ, որոնց մասին հասարակությանը հրապարակային բացատրություն չպետք է տրվեր։ Սակայն հենց ընդդիմության հետ երկխոսության կամուրջների բացակայությունն է, որ նախագահին ու կառավարությանը թույլ չտվեց գործել ավելի վճռական ու օպերատիվ ներիշխանական հարաբերությունների կարգավորման դաշտում։ Արդյունքում ստացվեց, որ իշխանության համար պայքարը 2008 թվականով չփակվեց։ Այն կշարունակվի գալիք տարում, քանզի իշխանությունն այս երկրում նշանակում է համակարգի ամբողջական վերահսկելիություն, երբ երկրի ղեկավարը ձեռքին ունի իշխանական բուրգի, այսպես ասած, վերահսկիչ փաթեթը։ Միայն նրա քաղաքական ազդեցության ուղեծրում է ձևավորված կառավարությունը, նա ունի հստակ և ամուր մեծամասնություն Ազգային ժողովում, ամբողջությամբ վերահսկում է ուժային բոլոր կառույցների գործունեությունը, որոնց ղեկավարները ևս նշանակված են բացառապես իր հայեցողությամբ։ Ակնհայտ է, որ այսօր այդպես չէ, հետևաբար պայքարի հանգուցալուծումը դեռ առջևում է։ Սերժ Սարգսյանն ունի հաջողության բոլոր շանսերը, կունենա՞, արդյոք, բավական վճռականություն, ցույց կտա 2009 թվականը։
Վ. ՍԱՀԱԿՅԱՆ

Դիտվել է՝ 3295

Մեկնաբանություններ