Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Համաշխարհային ճգնաժամի աշխարհաքաղաքական հետևանքները

Համաշխարհային ճգնաժամի աշխարհաքաղաքական հետևանքները
23.12.2008 | 00:00

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՏՆՏԵՍԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄ
Համաշխարհային քաղաքական և տնտեսագիտական գրականության մեջ, հրապարակումներում և էլեկտրոնային լրատվամիջոցներում դեռևս չի եղել քիչ թե շատ տրամաբանական բացատրություն ներկայիս համաշխարհային ճգնաժամի վերաբերյալ։ Ո՛չ առաջատար քաղաքական գործիչների, ո՛չ էլ նույնիսկ դեռևս ապրող տնտեսագիտության ոլորտի Նոբելյան մրցանակի դափնեկիրների կողմից։ Ձգտելով չընդունել համաշխարհային ֆինանսական համակարգի արատավորությունը, որը նաև բացարձակապես համարժեք չէ բարձրակետին հասած տնտեսության «իրական» սեկտորին, ամերիկյան, եվրոպական և ասիական մեկնաբանները փորձում են անդրադառնալ ոչ թե տնտեսական, այլ սոցիոլոգիական և քաղաքական խնդիրներին` ավելի հաճախ օգտագործելով քաղաքակրթական մոտեցումից բխող վատ ձևակերպված տերմինաբանություն։ Սա խոսում է այն մասին, որ վերնախավի մեջ ոչ միայն բացակայում է քաղաքացիական պատասխանատվությունը, այլև շարունակում են գործել ներկայիս լիբերալ տնտեսության սկզբունքների վերաբերյալ տաբուները։
Սկսվել են երկչոտ խոսակցություններ սպառումը կանոնակարգելու անհրաժեշտության վերաբերյալ` մի կողմ թողնելով ավելի էական և օրակարգային պահանջը. համաշխարհային ռեսուրսների օգտագործման կանոնակարգումը։ Լիբերալ և նույնիսկ նեոլիբերալ տնտեսակարգի գաղափարախոսությունը, ինչպես և ռեսուրսների պարզունակ սահմանափակման կոմունիզմի գաղափարը վարկաբեկված են, նկատի ունենալով աշխատանքի արտադրողականության ներկայիս մակարդակն ու գիտատեխնիկական առաջընթացը։ Սպառման «կանոնակարգման» գաղափարը համաշխարհային ռեսուրսների օգտագործման առումով մարդկությանը հետապնդել է իր ողջ պատմության ընթացքում և այժմ այդ գաղափարն առաջատար դեր ունի ոչ այնքան տնտեսության, որքան աշխարհաքաղաքականության մեջ։ Ավելի հաճախ է խոսվում Բոետտոն-Վուդյան համակարգի վերակենդանացման մասին, հղումներ են արվում տնտեսագիտական տարբեր դպրոցների, որոնք տնտեսությունը կարգավորելու կոչ են անում։ Այդ թվում` քեյսականությանը և այլ արխայիկ գաղափարներին, հիանալի հասկանալով, որ այդ ամենն ընդամենը ժամանակ ձգելու միջոց է, մինչև կառաջանա իրական բանավեճ այս հարցերի շուրջ։
Իրականում գոյություն ունի գլոբալ անհամապատասխանություն տնտեսության իրական հնարավորությունների, այդ թվում` զբաղվածության առումով, և վարկային ռեսուրսների օգտագործման ու այլ խնդիրների միջև, որոնք առնչվում են դրամական զանգվածին` նկատի ունենալով մուլտիպլիկացիայի ներկայիս էֆեկտը։ Աշխարհը վարժվել է ապրել այսպիսի իրավիճակում, դա հարմար է շատ տնտեսական համակարգերի և սոցիալական խմբերի։ Սակայն այսպիսի իրավիճակը չի կարող երկար շարունակվել։ Ներկայումս նախաձեռնված դեռևս երկչոտ բանավեճը տնտեսության մեջ պետության մասնակցության կամ նրա միջամտության մեծացման, ինչ-որ «սոցիալիզմի», լիբերալ-տնտեսության ռեզերվների և հնարավորությունների մասին գործնականում հանգում է նրան, թե ինչ ձևով պետական միջամտության արդյունքում կարելի է վերջ դնել այսօր գոյություն ունեցող գլոբալ ոչ լիկվիդային իրավիճակին, որպեսզի ապահովվի տնտեսության իրական և ֆինանսական սեկտորների քիչ թե շատ հավասարակշիռ զարգացումը։ Միջազգային ֆինանսական կազմակերպությունների ղեկավարների և ազգային ֆինանսական կառույցների հայտարարություններն այն մասին, որ իրենց չի հաջողվում կարգավորել այս խնդիրները, միայն ազդանշան են առաջատար պետությունների ղեկավարներին, որ անհրաժեշտ է պայմանավորվել պատմության մեջ մինչ այժմ չտեսնված այս ոչ լիկվիդային վիճակը հաղթահարելու շուրջ։ Եթե ներկայիս ճգնաժամի էությունը պայմանավորված լիներ վարկերի անվերադարձելիությամբ, ապա շատ ավելի վատ կլիներ։ Կնշանակեր, որ խնդիրներ կան տնտեսության իրական սեկտորում, ինչպես առկա էր տասը տարի առաջ Հարավարևելյան և Արևելյան Ասիայում։ Ոչ լիկվիդային իրավիճակի հաղթահարումը թեկուզ և կապված է վարկային խնդիրների հետ, սակայն առնչվում է նաև այլ զուգահեռների։ Տնտեսական թեորիայի տեսանկյունից դա ավելի էական և խորքային պրոբլեմ է, բայց իբրև կառավարման պրոբլեմ այն ավելի պարզունակ է և լուծվում է կենտրոնացման ճանապարհով ու բացառապես պետության կողմից։
Բայց քանի դեռ հեղինակավոր քաղաքագետներն ու կոնսպիրոլոգիայի մասնագետները դատողություններ են անում այն մասին, թե որքանով են այս ճգնաժամը կազմակերպել կամ հրահրել համաշխարհային ուժային գաղտնի կամ բացահայտ կենտրոնները, ինչ-որ մեկն արդեն իսկ մտորում է այն մասին, թե ինչպես կարելի է օգտվել այս իրադարձություններից ուժերի նոր աշխարհաքաղաքական դասավորություն ստեղծելու համար։ Այս ճգնաժամն ամենից ավելի քիչ առնչություն կունենա կամ կհարվածի ԱՄՆ-ի շահերին։ Առաջինը` ԱՄՆ-ի շուկան ամենամեծն է ու ամենաճկունը, և ամերիկյան պետությունը տիրապետում է աշխարհում ամենախոշոր ֆինանսական ռեսուրսներին։ Երկրորդ` ԱՄՆ-ն ունի հնարավորություններ իրականացնելու անսահմանափակ էմիսիա, ուստի այնպիսի երևույթը, ինչպիսին է դեֆոլտը, միանգամայն հավանական է։ Երրորդ` ԱՄՆ-ում ձևավորվել են առավել նպաստավոր տնտեսական ու քաղաքական սպասումներ, քանի որ իշխանության գլուխ է գալիս նոր վարչակազմ, որը, այսպես կոչված, սոցիալական ուղղվածության քաղաքականության կրողն է։ Իսկ առայժմ գործող վարչակազմն իր հերթին պատրաստակամ է լայնածավալ օգնություն ցույց տալու արդյունաբերության ոլորտում լոկոմոտիվի դեր կատարող կառույցներին։ ԱՄՆ-ի ներկայիս տնտեսական քաղաքականությունը հայտնի ձևերի մեջ կշարունակի նաև դեմոկրատների վարչակազմը, և այն ամենից առաջ կամ բացառապես ուղղված կլինի երկրի ներքին շուկայի ակտիվացմանը, տնտեսական գործունեության ու սպառման աճին։ Ընդ որում, փորձ կարվի ապահովել սկզբունքորեն նոր տեխնոլոգիաների լայն ներդրում։ Ամերիկյան ղեկավարությունը գործնականում մտահոգված չէ արտահանումով և համապատասխանաբար քիչ է շահագրգռված արտաքին գործընկերներին աջակցելով, չխոսելով արդեն տարածաշրջանային շուկաների մասին։ Սա նոր ձև չէ ռեցեսիայից դուրս գալու և դեպրեսիա թույլ չտալու համար և հաստատապես արդյունավետ միջոց է, որովհետև հենց ԱՄՆ-ի ներքին շուկան է համաշխարհային տնտեսության լոկոմոտիվը։ ԱՄՆ-ի տնտեսությունը, կառուցվածքային առումով, սկզբունքորեն տարբերվում է Գերմանիայի կամ Ճապոնիայի տնտեսությունից, որոնք առավելապես կողմնորոշված են դեպի արտահանում։ Նույնիսկ այսօրվա իրավիճակում ԱՄՆ-ի տնտեսությունը շարունակում է մնալ առավել գրավիչ արտաքին ներդրումների և առավել զարգացած պետությունների արտահանման համար։
Անկասկած է, որ ճգնաժամի հաղթահարումը կսկսվի հենց ԱՄՆ-ից, ամերիկացիները կրկին կապացուցեն իրենց տնտեսության ու համակարգի կենսունակությունը։ Այս ճգնաժամը կհանգեցնի եվրոպական պետությունների ավելի սերտ համախմբմանը, քանի որ նրանք էլ ունեն հսկայական ռեսուրսներ։ Սակայն Եվրամիությունն այդպես էլ չի կարողանա կենտրոնացնել բոլոր եղած հնարավորությունները և կբախվի ամերիկյան շուկայից ու ԱՄՆ-ի տնտեսության ակտիվությունից իր բարձր կախվածության փաստի հետ։ Վերջնահաշվում ԱՄՆ-ն ու Եվրամիությունը կսկսեն գործել համատեղ, ինչը կարող է զսպել կամ հետաձգել տրանսատլանտյան հարաբերությունների փլուզումը։ Հայտնի իմաստով այս ճգնաժամը կհանգեցնի Եվրոպայի կախվածության ուժեղացմանն ԱՄՆ-ից։ Թեկուզ ոչ երկար ժամանակով, բայց ԱՄՆ-ը կկարողանա լիարժեք օգտագործել այս իրավիճակը քաղաքական ու տնտեսական առումով իրենց ցանկալի որոշումները պարտադրելու համար։
Իհարկե, համաշխարհային ճգնաժամն էապես կսահմանափակի ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության ակտիվությունը, բայց այդ սահմանափակումը, այնուհանդերձ, ունենալու է հարաբերական բնույթ։ Ամենայն հավանականությամբ, ՆԱՏՕ-ի հետագա ընդլայնում տեղի չի ունենա, ու ԱՄՆ-ն այս հարցի շուրջ ձեռք կբերի համաձայնություն եվրոպացիների հետ, միաժամանակ պահանջելով գործընկերներից միասնականություն այլ խնդիրներում։ Հավանաբար, տեղի կունենա ռազմական ծախսերի կրճատում ինչպես Եվրոպայում, այնպես էլ ԱՄՆ-ում։ Սակայն կա երկու ռազմավարական ուղղություն, որտեղ ԱՄՆ-ը երբեք չի հրաժարվի իր ծրագրերն իրագործելուց։ Այդ ուղղություններից առաջինը վերաբերում է «Ռազմավարական սպառազինությունները կրճատելու մասին» առաջին ռուս-ամերիկյան պայմանագրին և, առհասարակ, հրթիռային ոլորտում տիրող իրավիճակին, դրանով իսկ Ռուսաստանին համոզելով, որ կայացված պայմանավորվածությունները չվերանայվեն։ ԱՄՆ-ի համար կարևոր երկրորդ ռազմավարական ուղղությունը տարածաշրջանային քաղաքականությունն է։ Վաշինգտոնը չի կարող իրեն պասիվություն թույլ տալ տարածաշրջանային քաղաքականության մեջ, քանի որ դա վերաբերում է ոչ միայն ռեսուրսների համար մղվող մրցակցությանը, այլև ԱՄՆ-ի անվտանգությանը։ Ճիշտ հակառակը, հենց այս բարդ իրավիճակում, երբ Ռուսաստանն ու Չինաստանն ավելի սարսափելի ճգնաժամի մեջ են, քան նույն ԱՄՆ-ը, ամերիկացիները կփորձեն իրենց եվրասիական երկու մրցակիցներին նեղել հակադրության ամբողջ ճակատով։
Այս կապակցությամբ ուշադրության է արժանի այն, որ հրթիռային ոլորտում և տարածաշրջանային քաղաքականության մեջ Ջորջ Բուշի ռազմավարությունն ակնհայտորեն կժառանգի նոր նախագահ Բարաք Օբաման։ Անկասկած է, որ Բարաք Օբաման ընտրություններից շատ առաջ որոշակի պայմանավորվածություններ է ձեռք բերել Պենտագոնի և հետախուզական հանրության հետ պաշտպանության և անվտանգության հարցերի վերաբերյալ։ Շատ կողմերով կարող է փոխվել ԱՄՆ-ի քաղաքական գործելաոճը, դեկլարատիվ գաղափարախոսական քարոզչությունն ավելի մեծ տեղ կունենա, բայց այն, ինչ վերաբերում է արտաքին քաղաքականության, պաշտպանության և անվտանգության առանցքային խնդիրներին, այդ ամենը նոր վարչակազմը ժառանգելու է անխաթար ձևով։ Ռուսաստանին և Չինաստանին զսպելու առումով, իբրև հրատապ խնդիր է մնալու Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում պետությունների միավորման ստեղծումը` չկայացած ՎՈՒԱՄ-ի փոխարեն։ Կշարունակվեն Սևծովյան-Կովկասյան և Կենտրոնական Ասիայի տարածաշրջաններում ավելի ամուր հիմնավորվելու փորձերը, ԱՄՆ-ի ու Հնդկաստանի միջև փաստացի դաշինք ձևավորելու քայլերը, Ճապոնիայի, Հարավային Կորեայի, Հարավարևելյան Ասիայի պետությունների հետ ռազմական համագործակցության ծավալման աշխատանքները։ ԱՄՆ-ը վճռական է Ռուսաստանն ու Չինաստանը շրջափակող հսկայական «գոտի» ձևավորելու հարցում և միաժամանակ փորձելու է փլուզել այդպիսի «այլընտրանքային» դաշինքները, ինչպիսիք են Շանհայի համագործակցության կազմակերպությունը և ՀԱՊԿ-ը։
Այդ խորքային խնդիրների իրագործումն անհամեմատ ավելի հեշտ է խորքային ճգնաժամի պայմաններում։ Ռուսաստանին ու Չինաստանին սպառնում է տնտեսական դեպրեսիան և բազմամիլիոն գործազրկությունը, սոցիալական չափորոշիչների նշանակալի փոփոխությունը բացասական առումով։ Ճգնաժամը ռուսական ու չինական տնտեսությունների որակական ցուցանիշների դրսևորման պատճառ դարձավ։ Եթե միլիոն դոլարն ԱՄՆ-ի ու Եվրոպայի համախառն ներքին արդյունքի համակարգում նշանակում է արտադրության բարձր մակարդակ, ապա նույն միլիոն դոլարը Ռուսաստանի և Չինաստանի համախառն ներքին արդյունքում իրենից ներկայացնում է «կերոսին» կամ էլ ապրանքներ «հազար ու մի մանրուք» խանութում։ Այսպիսի պայմաններում այս երկու պետությունները էքսպանսիա իրականացնելու հնարավորություն չեն ունենա։ Իսկ ԱՄՆ-ը կփորձի աշխատել տարբեր խոշոր, միջին ու փոքր պետությունների ակտիվ հավաքագրման և վերահավաքագրման ուղղությամբ, որպեսզի ստեղծի նոր աշխարհաքաղաքական կառուցվածք։ Միաժամանակ որոշակի փուլում, երբ Ռուսաստանին հաջողվի դուրս պրծնել ճգնաժամի ամենածանր փուլից, նա կփորձի «ձիով քայլ» անել և վերականգնել իր կորսված դիրքերը տարբեր տարածաշրջաններում` նույնիսկ մի շարք պետությունների քաղաքական անկախությունից զրկելու ճանապարհով։ Եթե, իհարկե, մինչ այդ անկախությունը կորցնելու պոտենցիալ թեկնածուները չկարողանան վերականգնել իրենց տնտեսական բազան, ապա Ռուսաստանը կարող է օգտագործել այդ հնարավորությունը և ընդլայնել իր սահմանները։ Որոշակի իմաստով աշխարհաքաղաքական պայքարն առավել կսրվի ոչ թե համաշխարհային ճգնաժամի բարձրակետում, այլ երբ այդ ճգնաժամը կսկսի մեղմանալ, հասկանալի կլինեն հեռանկարներն ու ժամանակային չափորոշիչները` ճգնաժամից վերջնականապես դուրս գալու առումով։
Բնութագրական է, որ փոքր երկրները բացարձակապես համարժեք չեն գնահատում ներկայիս համաշխարհային ճգնաժամի էությունը, գործոնները և հետևանքները։ Փոքր երկրների էլիտաները, որոնք նոր տիպի կրթություն են ստացել, միայն նոր են իրենց համար պարզում, որ տեխնոլոգիաների իմացությունից զատ, անհրաժեշտ է հասկանալ և քաղաքական իրողությունները։ Միամիտ է կարծել, թե փոքր տնտեսությունների թույլ ինտեգրացումը համաշխարհային տնտեսությանը նույնիսկ դրական և փրկարար է այդ տնտեսությունների համար։ Համաշխարհային տնտեսության մեջ թույլ ինտեգրացված լինելը միշտ եղել և մնում է ոչ միայն տնտեսական, այլև քաղաքական թուլության ցուցանիշ։ Եթե բացակայում են քիչ թե շատ նշանակալի արտահանման ծավալները, առանց այդ էլ փոքր արտահանման կրճատումն արդեն դառնալու է տնտեսական ակտիվության նվազման գործոն` չխոսելով մասնավոր տրանսֆերտների հնարավոր և էական կրճատման մասին։ Միաժամանակ դրական հեռանկար կա` կապված ԱՄՆ-ում և Եվրամիությունում հաշվարկային դրույքների իջեցման հետ, ինչը հնարավորություն է տալիս ստանալու համեմատաբար էժան տոկոսադրույքով պարտքեր կամ վարկային միջոցներ։ Որքան էլ պարադոքսալ թվա, բայց փոքր երկրներն այս իրավիճակում շանս են ստանում մեծացնելու արտաքին ներդրումների ծավալներն ամենից առաջ ենթակառուցվածքների և հատկապես արտադրական ենթակառուցվածքների ոլորտում, այդ թվում` տրանսպորտի և էներգետիկայի բնագավառներում։
Արևմտյան հանրությունը գլոբալ մոտեցում է ցուցաբերում և, իհարկե, հետաքրքրված է արտաքին շուկաների զարգացմամբ, ամենից առաջ այն երկրներում, որոնք «մերձավոր հարևաններ» են և արդեն ունեն ձևավորված որոշակի ինստիտուցիոնալ հարաբերություններ Արևմուտքի հետ։ Այլ կերպ ասած` նրանք բավական սերտ ինտեգրացված են ընդհանուր խաղի կանոնների շրջանակում, իրագործել են լայն առումով տնտեսական և իրավական բարեփոխումներ և բոլոր հանգամանքների համադրությամբ կանխատեսելի են իրենց քաղաքականության մեջ։ Ներկայումս Արևելյան Եվրոպայի երկրների մեծամասնությունը պատրաստ է ներգրավել արտաքին միջոցներ և արդյունավետ օգտագործել դրանք։ Մանավանդ որ գոյություն ունեն բազմաթիվ ձևեր` տնտեսությունը և սոցիալական ծառայությունները նախօրոք պատրաստելու արտակարգ պայմաններում գործելու համար։ Դա գյուղատնտեսության և սննդարդյունաբերության նպատակային զարգացումն է, այլընտրանքային կամ փոքր էներգետիկայի, կենսապահովման կարևոր ծառայությունների զարգացման խթանումն է, վառելիքի և մթերային պաշարների կուտակումը, այլընտրանքային կոմունիկացիաների ձևավորումը։ Բոլոր այս միջոցառումները սովորաբար հնարավոր է ձեռնարկել առանց լրացուցիչ խոշոր ներդրումների, ժողովրդական տնտեսության զարգացման ընդհանուր շրջանակներում։
Փոքր երկրները, այդ թվում` Հայաստանը, կարող էին նախապատրաստվել այս ճգնաժամին, բայց դա տեղի չունեցավ ինչպես և չիրականացվեց 1989-92-ին Հայաստանում ձևավորված նոր իշխանությունների կողմից, երբ քաղաքական հեռանկարը սկզբունքորեն պարզ էր։ Այս բացահայտ ոչ կոմպետենտությունը 1991-97 թվականներին հանգեցրեց հասարակական աղետի։ Պատմությունը կրկնվում է, բայց ինչ-որ բան այս կապակցությամբ ասել արդեն ուշ է։ Այդպես էլ չկառուցվեցին խոշոր ստորգետնյա գազապահեստարաններ, երկրի համար անչափ կարևոր շաքարի գործարանի կառուցումը վերածվեց երկարաժամկետ շինարարության։ Հայաստանի ինքնապահովվածությունը, սննդարդյունաբերության մի շարք ուղղություններով ապահովելու նպատակով ձեռնարկված առանձին փորձերը ևս իզուր դուրս եկան։ Այնպիսի տպավորություն է, որ հայ ազգին հետապնդում է անձնական էգոիզմի և խմբակային շահերին գերի լինելու դառը ճակատագիրը։ Ասպարեզ են գալիս նոր քաղաքական գործիչներ ու չինովնիկներ, բայց ոչինչ չի փոխվում, և այդ պրոբլեմը Հայաստանի համար ավելի լուրջ է, քան ցանկացած ճգնաժամ։ Ճգնաժամերը գալիս են ու անցնում, իսկ հասարակությունը շարունակում է մնալ նույն լճացած, աննախաձեռնող վիճակում։ Գործարար դասակարգը ձեռնպահ է մնում ռիսկից և ստեղծագործական մղումներից, շարունակաբար փորձելով իր անզորությունն արդարացնել թվացյալ «շրջափակումով» և ղարաբաղյան հիմնախնդրով։ Եվ հիմա շատ վտանգավոր է տանուլ տվածը հետ բերելու մարտավարություն որդեգրելը կամ էլ «գոյատևման» փիլիսոփայության շրջանակներում մնալը։ Բոլորովին կարիք չկա հրապուրվել լավ ժամանակների սպասումով։ Պետք է հասկանալ, որ այս ճգնաժամը տասնամյակներ չի տևելու, այլ 18-24 ամիս, որից հետո կսկսվի տնտեսության վերակենդանացումը, ու համաշխարհային օլիգարխիան թույլ չի տա այնպիսի «հեղափոխական» իրադարձությունների զարգացում, որոնք հանգեցնեին իշխանության և աշխարհի վերահսկման կորստին։ Ինչո՞ւ ոչ հիմա, երբ կապիտալի հավելումը դարձել է լուրջ խնդիր, չփորձել նորից կառուցել ժամանակակից պղնձարդյունաբերություն, ալյումինի հումքի ու առաջնային ալյումինի արտադրության, ինչպես նաև մետաղական մոլիբդենի և այլ մետաղների ու նյութերի թողարկման խոշոր համալիր։ Չփորձել վերակառուցել քիմիական արդյունաբերությունը, կրկին կազմակերպելով կենսաակտիվ նյութերի մշակում և դեղագործական արտադրության ստեղծում, որը կողմնորոշված կլինի արտահանման վրա։ Փաստորեն, անհրաժեշտ էր սպասել վրացական պատերազմին, որպեսզի սկսեինք անհանգստանալ ու մտորել իրանական ուղղությամբ երկաթուղի կառուցելու մասին։ Այսօր եկել է ոչ մարգինալ տիպի պահպանողական հեղափոխականների ժամանակը, իսկ փոքր երկրներն ավելի քան կարիք ունեն կոմպետենտ մենեջմենտի։ Հասել է պրագմատիկ-իդեալիստների ժամանակը։
Աշխարհում սպասվում է նոր աշխարհաքաղաքական վերադասավորում, և կառավարման ոլորտում ոչ թե պարզ մրցակցություն է, այլ թե ով ավելի ընդունակ կլինի ընկալելու գլոբալ մարտահրավերները ոչ թե իբրև զոհ, այլ իբրև շահագրգիռ կողմ, որը հավակնում է իրական քաղաքական սուբյեկտի դերակատարության։ Գլոբալիզացիան բաժանել է պետությունները, հասարակություններն ու ազգերը երեք խմբի։ Առաջին խմբում համաշխարհային լոկոմոտիվներն ու դիրիժորներն են, երկրորդ խմբում` առաջատար երկրների և ուժային կենտրոնների գործընկեր պետությունները, իսկ երրորդ խմբում` «հումքը»։ Փոքր երկրների ընտրությունն այս իմաստով մեծ չէ, և նրանք կարող են դառնալ առաջատար պետությունների համար գործընկեր կամ «հումք»։ Այդ գործընթացը երկար ժամանակ զարգանում էր դանդաղ, բայց անշեղ, և ներկա ճգնաժամը միայն արագացնում է իրադարձությունները։ Հայաստանի համար այս ճգնաժամը հնարավորություն է ձեռք բերելու իրական քաղաքական սուբյեկտի պատվավոր կարգավիճակ տարածաշրջանում և աշխարհում։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3641

Մեկնաբանություններ