ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Philadelphia Inquirer-ին տված հարցազրույցում համաձայնել է Պուտինի հետ բանակցությունների հնարավորությանը։ Նախկինում նա բազմիցս խոսել է նման բանակցությունների անհնարինության մասին, ինչը նույնիսկ օրենքով ամրագրված էր ՈՒկրաինայում։ Ըստ Զելենսկու՝ խնդիր է դրված կանխել ՈՒկրաինայի և ուկրաինական ամեն ինչի լիակատար ոչնչացումը և ապահովել ուկրաինացիների ներկա ու ապագա սերունդների անվտանգությունը։               
 

«Որոշ մարդկանց խորհուրդ կտայի քիթը չխոթել ղարաբաղյան գործերի մեջ՝ Ստեփանակերտ այցելություններով»

«Որոշ մարդկանց խորհուրդ կտայի քիթը չխոթել ղարաբաղյան գործերի մեջ՝ Ստեփանակերտ այցելություններով»
13.06.2008 | 00:00

Ղարաբաղյան հակամարտության կարգավորման բանակցային գործընթացի վերջին զարգացումները և Հայաստանի դիրքորոշման անհրաժեշտ փոփոխությունները մեկնաբանում է ճանաչված քաղաքագետ ԻԳՈՐ ՄՈՒՐԱԴՅԱՆԸ։

-Պարոն Մուրադյան, Սանկտ-Պետերբուրգում տեղի ունեցավ Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև երկար սպասված հանդիպումը։ Դրա արդյունքում միջնորդները լավատեսություն հայտնեցին, որ բանակցային գործընթացը նախկին ֆորմատով կշարունակվի։ Նրանց կարծես ավելի ուրախացրել էր Ադրբեջանի վերադարձը բանակցային սեղանի շուրջ։ Ի՞նչ կասեիք այս կապակցությամբ։

-Նկատի ունենանք, որ Հայաստանում ստեղծված հետընտրական իրավիճակը սկզբունքորեն ազդեցություն չունի ղարաբաղյան գործերի վրա, եթե ընդհանրապես այդպիսի գործեր կան։ Տվյալ դեպքում ավելի ազդում է այն հանգամանքը, թե ինչ է ցանկանում Ադրբեջանի նախագահը և ինչ է պատրաստվում ներկայացնել իր հասարակությանը ընտրությունների շեմին։ Թեպետ, հարկ է նշել, որ Ադրբեջանում ղարաբաղյան խնդրի շուրջ առանձնակի հետաքրքրություն չկա։ Հասարակության ձգտումներն իրականում ուղղված են լավ կյանքի սպասումներին։ Ճիշտ է, դա ոչ մի կերպ չի ստացվում, բայց հասարակության ակնկալիքներն այդ ուղղությամբ մեծ են։ Միաժամանակ Ադրբեջանում գոյություն չունի իրական հզոր ընդդիմություն, և ղարաբաղյան հարցի շուրջ բանավեճերն ու հակադիր տեսակետների արտահայտումը իրականում ընթանում են իշխանության ներսում։ Այդպես կլինի նաև առաջիկայում։ Սակայն Ալիևը ցանկանում է, որ ընտրությունների նախաշեմին իր մոտեցումներն ամրապնդվեն ինչ-որ դեկլարացիաներով, հնարավորության դեպքում` նաև որոշակի քայլերով։

-Կոնկրետ ինչպիսի՞ քայլերով։

-Անկասկած է, որ Բաքվում վաղուց ձևավորվել է Հայաստանի շրջափակման ծրագիր՝ ֆունկցիոնալ, կոմունիկացիոն, ինֆորմացիոն առումով, ինչն արդյունքում, իրենց կարծիքով, պետք է հանգեցներ Երևանի մեկուսացմանը և վարկաբեկմանը։ Բայց մեկ տարի առաջ արդեն Բաքվում սկսեցին հասկանալ, որ դա չի հաջողվելու։ Այդ ծրագրի մասնակի իրագործումը կպահանջի մեծ ծախսեր և ցանկալի արդյունք չի տա, որովհետև հնարավոր չէ ապահովել հարևան պետությունների աջակցությունը։ Այդ ծրագրին աջակցելու մտադրություն չունեն Ռուսաստանն ու Իրանը, շատ զգույշ մոտեցում է ցուցաբերել Վրաստանը, որովհետև Ադրբեջանի այդ նախագծում իր համար էլ վնասակար տարրեր կան։ Միայն Թուրքիան է, որ փաստորեն դեմ չէր լինի այս ծրագրին, բայց նրանք էլ կարծում են, որ Ադրբեջանի ակտիվության և ներդրած միջոցների հաշվին պետք է դա իրագործել։ Այսպիսով, Բաքուն միայնակ մնաց իր նախաձեռնության հետ, և նրանց մնում էր կա՛մ սեփական ուժերով իրագործել այդ նախաձեռնությունը, ինչն անհնարին է, կա՛մ էլ փոխել մարտավարությունը։ Ադրբեջանում, ի պատիվ իրենց, միշտ գիտակցել են, որ Հայաստանի հետ սառը կամ տաք պատերազմը, ագրեսիայի այլ ձևերը հնարավոր են միայն կոալիցիոն ուժերով։ Ինքնուրույն Ադրբեջանը երբեք պատերազմ չի սկսի և միայն սեփական ռեսուրսներով չի կարող Հայաստանի շրջափակումն իրագործել։

-Այդ պատճառով էլ իրենք փորձում են այդպիսի կոալիցիայի վերածել ՎՈՒԱՄ-ը։

-Ո՛չ, ՎՈՒԱՄ-ի մյուս երեք երկրներից ո՛չ մեկին դա պետք չէ, նրանք չեն աջակցի։ Ինչպես Վրաստանը, այնպես էլ Մոլդովան և ՈՒկրաինան հասկանում են, որ նման քայլ կատարելու դեպքում անուղղելի քաղաքական վնասներ կկրեն։ Նրանք Ադրբեջանի հետ մասնակցում են բացառապես գեոտնտեսական ծրագրերի շրջանակներում։ Ընդհանրապես ՎՈՒԱՄ-ը, որպես միավորում, վերջնականապես կայացած չէ և հազիվ թե կայանա։ Այն իրենից այսօր ներկայացնում է շատ հակասական և դժվար համադրելի ցանկությունների ցուցափեղկ, ոչ ավելին։

-Այսպիսով, ըստ Ձեզ, ստացվում է, որ Ադրբեջանը հարկադրվա՞ծ էր վերադառնալու բանակցային սեղանի շուրջ։

-Մասամբ՝ այո, որովհետև առաջիկայում նախագահական ընտրություններ են, իսկ հասարակությանը ոգևորող և նրա կողմից կարևորվող գաղափարներ իշխանության ռեզերվում չկան։ Ադրբեջանը չի կարող ագրեսիա նախաձեռնել Հայաստանի դեմ, որովհետև այդ հրամանը կարող է տրվել միայն մի տեղից՝ Անկարայից։ Իսկ Անկարայի ինչի՞ն է պետք այդ պատերազմը։ Վերջին 30 տարիներին Թուրքիան երբևէ չի եղել այսպիսի բարդ վիճակում։ Առկա է լուրջ ճգնաժամ թուրք-ամերիկյան հարաբերություններում, որը գնալով խորանում է։ Լուրջ խնդիրներ են առաջացել Ռուսաստանի հետ, որը քայլեր է ձեռնարկում Թուրքիայի կողմից հովանավորվող սողացող վտանգներն իր տարածքում, ինչպես նաև Բեսարաբիայում, Ղրիմում, Հյուսիսային Կովկասում, Պովոլժիեում և Կենտրոնական Ասիայում կանխելու համար։ Այս ամենի հանրագումարում ստեղծվել է մի իրավիճակ, երբ Բաքվում հասկացան. իրենք չեն կարող մասնակցություն ունենալ միջազգային հարաբերությունների տարբեր ֆորմատներում, եթե դադարեցնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում ընթացող բանակցությունները։

-Պետերբուրգյան հանդիպումից հետո կարծիքներ հնչեցին, թե այն նոր փուլ է բացում կարգավորման գործընթացում։ Համամի՞տ եք այս տեսակետին։

-Կողմերի հարաբերությունների, ընկալումների, ակնկալիքների մասով՝ գուցե, բայց ոչ հարցի կարգավորման։ Նկատի ունենանք, որ եթե նախկինում ստեղծվել է կարգավորման իմիտացիա, և այդքանով հանդերձ հույսեր կային, որ հնարավոր կլինի ինչ-որ իրական արդյունքի հասնել, հիմա այդպիսի հույս էլ չկա։ Համանախագահ երկրները վաղուց ի վեր կոնսենսուսի են եկել այս հարցում, և նրանց համար օրակարգային է ոչ թե հիմնախնդրի կարգավորումը, այլ միայն խաղաղության պահպանումը։ Բոլորի համար էլ պարզ է, որ Հարավային Կովկասի երկրները փաստացի վաղուց ի վեր շրջանցում են Եվրոպայում սովորական սպառազինությունների մասին հայտնի պայմանագիրը, և որ տարածաշրջանում սկսվել է սպառազինությունների մրցավազք։ Իմ խորին համոզմամբ, այդ մրցավազքն էլ ինչ-որ չափով համակարգվում է համաշխարհային ուժային կենտրոնների կողմից։ Ըստ որում, պահպանվում է հավասարակշռությունը հակամարտության կողմերի միջև բոլոր զորքերի և զինատեսակների մասով։

Բոլորն այսօր ելնում են այն մեկնակետից, որ սպառազինությունների մրցավազքն է տարածաշրջանում կայունության ապահովման հիմնական երաշխիքը, ինչպես նաև խթան է հանդիսանում Հարավային Կովկասի ինտերնացիոնալացման, միջազգային քաղաքական և ռազմական կառույցներ նրա ինտեգրման։ Բոլորը գիտեն, որ այս հարցը երբևէ չի կարգավորվելու, և Ադրբեջանին ստիպելու են համակերպվել դրա հետ։ Այս գործընթացը գնում է 2005-ի աշնանից։ Ցավն այն է, որ բոլորն այս գործընթացում զբաղված են Ադրբեջանի վրա խաղալով, իբր նրան զսպելով։ Ասել է թե՝ մեր վիճակն այնքան պրոբլեմային է, որ հոգեբանորեն հաղթող երկրից մենք վերածվել ենք պարտված պետության։

-Ի՞նչ իմաստով։

-Հայտնի իմաստով, ամենից առաջ պացիֆիստական հռետորաբանության պատճառով։ Հայաստանի իշխանություններն այդպես էլ չեն հասկացել, որ այս տարածաշրջանում ուժերի այսպիսի հարաբերակցության պայմաններում ադրբեջանցիների հետ պետք է խոսել միայն ուժի դիրքերից։ Ըստ որում, մեզանում լավ չեն հասկանում, որ պացիֆիստական հռետորաբանությունը քաղաքական ստիլիստիկա չէ, այլ էական պրոբլեմ իրական քաղաքականության մեջ։ Իսկ մենք ամեն հարմար առիթով հայտարարում ենք, թե պատրաստ ենք ինչ-որ տարածքային զիջումների։ Սովորաբար հակամարտությունների վերսկսման մեջ մեղավոր են լինում հենց նման հայտարարություններ կատարող մարդիկ։

Որքան տեղյակ եմ, անցած 8-10 տարիներին տարբեր ֆոնդերի և կազմակերպությունների նախաձեռնությամբ տարբեր մակարդակների հարյուր հանդիպում է անցկացվել հայերի և ադրբեջանցիների միջև։ Այն դեպքում, երբ դա Հայաստանին և Ղարաբաղին ոչինչ չի տալիս, էլ չասած, որ այդ հանդիպումների ժամանակ հայկական կողմի ներկայացուցիչներն ուզածի չափ տեղեկատվություն են մատակարարում ադրբեջանցիներին։ Եվ Ադրբեջանում ձևավորվել է ընկալում, թե հայերը վախենում են պատերազմից, ու պետք է շարունակել այդ ուղղությամբ ճնշում գործադրել։

-Նույն կերպ են պահում իրենց նաև Մինսկի խմբի համանախագահները։ Նրանք էլ կարծես Ադրբեջանն են դիտարկում իբրև հնարավոր պատերազմ նախաձեռնող կողմ։

-Չեմ կարծում, որովհետև նրանք շատ լավ գիտեն, որ այս ամենը թատրոն է։ Ամերիկացիները, մասնավորապես, իրենց համար շատ հստակ խնդիրը ձևակերպել են. ոչ մի դեպքում պատերազմ թույլ չտալ, որովհետև հակառակ դեպքում իրենց ամբողջ տարածաշրջանային քաղաքականությունը կփլուզվի։

-Նաև նավթի արտահանման առումով վնասներ կկրեն։

-Նաև դա, բայց ԱՄՆ-ի համար պակաս կարևոր չէ հեղինակության պահպանումը։ Տարածաշրջանում նոր քաղաքականություն կառուցելու համար ԱՄՆ-ն ահռելի գումարներ է ծախսել և հսկայական քաղաքական ջանքեր ներդրել։ Նրանք ոչ մի դեպքում թույլ չեն տա, որ պատերազմ լինի։ Ըստ այդմ, Ադրբեջանի կողմից պատերազմը վերսկսելու սպառնալիքները ոչ այլ ինչ են, եթե ոչ շանտաժ Հայաստանի ղեկավարության նկատմամբ։ Ինչը, ի դեպ, ձեռնտու է համանախագահ երկրներից առնվազն երկուսին՝ Ռուսաստանին և ԱՄՆ-ին։ Եվրոպացիներին՝ ի դեմս Ֆրանսիայի, դա բոլորովին պետք չէ, որովհետև նրանք զգուշանում են նույնիսկ պատերազմի պատրանքից։ Բայց Ռուսաստանը և ԱՄՆ-ը կարող են թույլ տալ փոքր կոնֆլիկտային իրավիճակների առաջացում, որովհետև դրա արդյունքում ճնշում են գործադրում Հայաստանի վրա։ Բայց հիմնախնդրի կարգավորման իրական նախագիծ չկա որևէ տեղ, այդ թվում՝ Հայաստանում։ Նույնիսկ անկախ նրանից, որ նախագահի և արտգործնախարարի փոփոխություն է տեղի ունեցել։

-Բայց միգուցե նոր նախագահը և արտգործնախարարը մտադիր են փոխե՞լ ղարաբաղյան հարցում քաղաքականությունը։

-Եթե նման մտադրություն կա, ապա պետք է գիտակցել, որ Հայաստանը հիմա ունի մեկ ճանապարհ՝ վերականգնել արդյունաբերությունը և զինվել։ Դրան զուգահեռ վերանայել Ղարաբաղի նկատմամբ վարվող քաղաքականությունը։ Այսինքն՝ դադարել ներգործել այնտեղի ներքին կացության վրա։ Մինչդեռ իրավիճակը հասել է նրան, որ Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղարը մեկնում է Ղարաբաղ, հանդիպումներ է անցկացնում և կոչ անում տեղի ղեկավարությանն ավելի ինքնուրույն լինել։ Այն դեպքում, երբ խնդիրը սկզբունքորեն Ղարաբաղի ղեկավարության մեջ էլ չէ. Երևանում ոչ ոք շահագրգռված չէ Ղարաբաղին տալ ազատ տեղաշարժի հնարավորություն։

-Ի՞նչ նկատի ունեք ազատ տեղաշարժի հնարավորություն ասելով։

-Ղարաբաղը դարձնել միջազգային գործընթացների մասնակից։ Դրա համար անհրաժեշտ է անցկացնել իսկապես ազատ նախագահական, խորհրդարանական, տեղական ինքնակառավարման մարմինների արտահերթ ընտրություններ։ Ազատ ասելով նկատի ունեմ ընտրություններ, որոնք զերծ են բանակի և կրիմինալի ակտիվ մասնակցությունից և Երևանից ավանդաբար գոյություն ունեցող ճնշումից։ Դրանից հետո արդեն կարելի է աշխատել հասնել նրան, որ այդ ընտրությունները ճանաչվեն միջազգային հանրության կողմից իբրև արևմտյան չափանիշերին համապատասխան։ Նման բաներն Արևմուտքում շատ ընդունված են։

Միաժամանակ ԼՂՀ ղեկավարությունը պետք է դադարի արձագանքել այնպիսի դիմումներին, եթե որոնք պաշտոնապես ուղղված չեն ԼՂՀ նախագահին, ԼՂՀ խորհրդարանին, ԼՂՀ կառավարությանը։ Արտաքին աշխարհի հետ պետք է խոսել միայն այդպես։ Եվ դադարեցնել պացիֆիստական հռետորաբանությունը։ Այդ պատճառով տպավորություն է ստեղծվել, թե ինչ-որ իրավիճակում միայն Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել։ Կարծես մենք չունենք պաշտպանվելու և նույնիսկ կանխարգելիչ գործողությունների իրավունք, այն դեպքում, երբ 50 միլիարդ դոլար արժողությամբ նավթարդյունահանման համակարգ կա հակառակորդի տարածքում, և դրա ոչնչացումը սկզբունքորեն պրոբլեմ չէ։ Հենց սա է միջազգային ճանաչման գլխավոր միջոցներից մեկը, որին մենք, չգիտես ինչու, չենք դիմում։

ՈՒշադրության է արժանի, թե այդ առումով ինչ հաջողությունների է հասել ոչ միայն Կոսովոն, այլև Աբխազիան։ Այսօր Աբխազիայի ղեկավարությունն ակտիվ մասնակցում է միջազգային հարաբերություններին և ձգտում իրապես անկախ լինել Ռուսաստանից։ Իսկ ԼՂՀ ղեկավարությունը գոնե Հայաստանից մի քիչ անկախ լինել չի ուզում։ Այդպես են վարվում նաև Մերձդնեստրի Հանրապետությունը և Հարավային Օսիան, դրա համար էլ աշխարհում իրենց շուրջ դրական ընկալում ստեղծել չեն կարողանում։

Եվ վերջինը. Հայաստանում որոշ մարդկանց համար խիստ անհրաժեշտ է դարձել նոր իմիջի ձևավորումը։ Խոսքը տվյալ դեպքում երկրի առաջին դեմքի մասին չէ, այլ բացարձակապես անսկզբունք մարդկանց, ովքեր այսօր կրկին հայտնվել են իշխանության վերնախավում։ Ես նրանց խորհուրդ կտայի քիթը չխոթել ղարաբաղյան գործերի մեջ՝ Ստեփանակերտ այցելություններով։ Որովհետև իրենք մոռանում են, որ այդ ոլորտը մինչև այսօր իրենց համար բացարձակապես փակ է եղել, և իրենք, ոչինչ չհասկանալով այդ գործից, որևէ դրական բան անել չեն կարող, բայց լուրջ վնաս հասցնել կարող են։ Քանզի նրանց քայլերին հետևում են շատ լրջորեն։ Եթե անգամ գործերն այդ ճակատում փայլուն չեն, այդ մարդկանց միջամտությունը ղարաբաղյան գործերին բոլորովին անցանկալի է։ Թաթերը կարող են խանձել, ինչպես իրենցից առաջ պատահել է շատերի հետ։

Զրուցեց

Վահան ՎԱՐԴԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 5278

Մեկնաբանություններ