Մեկ ամիս Հայաստանում մնալուց հետո, անցնելով Սևանի ափերի կեսը, ես հատել էի հանրապետության տարածքի կեսը: Հարավում էր մնացել Զանգեզուրը, որը սեպի պես խրվել էր թշնամիների՝ Նախիջևանի ու Ադրբեջանի միջև: Այս սարերի բնակիչները երբեք անձնատուր չէին եղել:
Երբ այստեղ իշխում էին պարսիկները, նրանք պարզապես լվացին իրենց ձեռքերը, հայտարարելով այս անհանգիստ մարզը, և դրա հետ նաև Ղարաբաղը, կիսաինքնավար սատրապություն:
Ծանոթներս չէին խրախուսում հարավ մեկնելու իմ մտադրությունը՝ այնտեղ պատերազմ է, թուրքեր, վտանգավոր է... Առաջին անգամ չէր, որ ուղևորությանս ընթացքում հարկադրված էի համառել:
Հարավն ինձ համար Հայաստանի սիրտն էր. քսան սահման էի անցել այստեղ հասնելու համար, ամիսներ շարունակ եղել էի իրենց հողից զրկված հայերի կողքին... Հիրավի, սարերում էին իսկական հայկական գյուղերը, վայրեր, ու հայ բնակչությունը պահպանվել էր հարյուրավոր տարիներ: Դա հայերի շրջանում իմ ուղևորության եզրափակիչ ակորդն էր, հայկական առեղծվածի ինձ մտատանջող վերջին մասը, հանուն դրա´ էի անցել ամբողջ ճանապարհը:
…Մեղրին ճնշող տպավորություն էր գործում: Այստեղ ես մշտապես ինչ-որ վտանգ էի զգում: Կիրճի, փշալարի կամ վիշապի ատամներ հիշեցնող սրածայր լեռնագագաթների վրայով իրանական կողմին նայելով՝ ես շոշափելի զգում էի Արևելքի հավերժությունը և որպես հակադրություն՝ Հայաստանի այս անկյունի սեղմված վիճակը:
Սակայն Մեղրիում ամենից ավելի ակնհայտ զգացվում էր անտեսանելի սպառնալիքը Ադրբեջանի կողմից: Ադրբեջանն այստեղից ընդամենը տասը մղոնի վրա էր դեպի Արևելք և Արևմուտք: Խորհրդային տանկերը կանգնած էին հյուսիսային սահմանի երկարությամբ:
Մեղրին Հայաստանի մանրակերտն է՝ մեկուսացված և անապահով՝ վտանգների դիմաց, Հայաստանն է՝ պարսիկ-շիաների և թուրք-սունիների հարևանությամբ, ինչպես նաև խորհրդային կոմունիզմի բեկորներով, որ գտնվում է երեք աշխարհների միջև և չի պատկանում դրանցից ոչ մեկին:
Ֆիլիպ Մարսդեն (ծնվ. 1961), անգլիացի ճանապարհորդ, գրող («Խաչմերուկ. Ճանապարհորդություն հայաշատ վայրերում»)
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջ