Չիտեմ ի´նչ առիթով, արտասահմանյան երկրներից Մոսկվա ժամանած գրողների մի մեծ պատվիրակության հետ, «Գիսաստղ» սրընթաց զբոսանավով նավարկում էինք «Մոսկովյան ծովում» և Մոսկվա գետի վրա:
Արև՜ էր, գեղեցկությո՜ւն, թեթև և ուրախ տրամադրություն:
Մեկ-մեկ, մեր այդ ուրախությունն ու ոգևորությունը կրկնապատկելու համար, իջնում էինք նավի ներքնահարկի բուֆետը, որտեղ լավ օղի կար:
Այն օրերին էր, երբ Աֆրիկայում սպանել էին նեգրական ազատագրական շարժման նշանավոր ղեկավար Պատրիս Լումումբային, և նրա անունը բոլորի շուրթերին էր:
-Որտեղի՞ց է եկել ձեր հյուրը,-օղու բաժակը մեզ մեկնած՝ հարցրեց գիրուկ ռուս բուֆետապանուհին, ուշադիր նայելով Պարույրի աֆրիկական-խափշիկյան դեմքին:
-Պատրիս Լումումբայի եղբայրն է,-վշտահար շշուկով կատակեց մեզանից մեկը:
Հավատա´ց դյուրահավատ ու բարի ռուս կինը. հուզվե´ց, խղճաց և լաց էր լինում՝ Պարույրին նայելիս:
Դրանից հետո, ամեն անգամ, երբ Պարույրը բուֆետ էր իջնում, Պարույրից օղու փող չէր վերցնում:
(«Դրվագներ իմ հուշերից. Պարույր Սևակ»)
Կարլ Յալանուզյանի ֆեյսբուքյան էջից