ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

«ԷՍ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՍԻՐՈՒՄ ՈՒ ՄԵԾԱՐՈՒՄ Է ՆՐԱՆ, ՈՎ ԻՐ ԽԱՉԸ ԵՂԲՈՐՍ ՆՄԱՆ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ, ՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՍԻՐՈՎ Է ՏԱՆՈՒՄ»

«ԷՍ ԺՈՂՈՎՈՒՐԴԸ ՍԻՐՈՒՄ ՈՒ ՄԵԾԱՐՈՒՄ Է ՆՐԱՆ, ՈՎ ԻՐ ԽԱՉԸ ԵՂԲՈՐՍ ՆՄԱՆ ՀՊԱՐՏՈՒԹՅԱՄԲ, ՎՍՏԱՀՈՒԹՅԱՄԲ ՈՒ ՍԻՐՈՎ Է ՏԱՆՈՒՄ»
27.10.2009 | 00:00

«Իրավունքը de facto»-ի հարցերին պատասխանում է «Հանրապետություն» կուսակցության նախագահ ԱՐԱՄ ՍԱՐԳՍՅԱՆԸ
-1999 թ. հոկտեմբերի 27 և 2009 թ. հոկտեմբերի 27. Ձեր գնահատականները փոխվե՞լ են:
-Միանշանակ։ Ժամանակը չի սպիացնում վերքը, այլ խորացնում է կարոտը: Մարդու, նրա ներկայության պակասի, թափուր մնացած տեղի զգացողությունն ավելի ու ավելի է սրվում: Մնացածը երկրորդական է: Ես չեմ համարում, որ այդ կորուստն անվերադարձ է: Մարդկային առումով, գործի առումով, կողքիդ լինելու առումով կորուստ է, բայց զուտ հոգևոր զգացողությամբ, հետո հանդիպելու, մարդկանց հիշողության մեջ մնալու, պատմության մեջ որպես անհատ ավելի բյուրեղանալու, իրենով դաստիարակելու, հաղթած հեռանալու առումով բացարձակ անդառնալի չէ: Տասը տարում երկրում արդարության հասնելու հնարավորություններն են նվազել, իշխանությունը սահմանել է արդարության սեփական սանդղակը, երբ յուրայինները միշտ և ամենուր ճիշտ են, օտարները` մեղավոր: Մարդկային, բարոյական արժեքներն ու չափանիշները ոչնչացվել են: Իշխանություններն իրարահաջորդել են. նույն մարդիկ, նույնչափ պատասխանատվություն կրող անհատները, մեկը մյուսին փոխարինելով, որևէ փոփոխություն չբերեցին: Մինչդեռ փոփոխություններ ցանկացող մարդկանց մի ստվար զանգված ուզում էր կոնկրետ այս խնդրով արդարության հասնել: Խոսքը չի վերաբերում միայն 27-ին զոհվածների հարազատներին: Պատահական չէ, որ հենց նույն հանրապետականները մասնավոր զրույցներում կամ մամուլում մեղքն օտարերկրյա հատուկ ծառայությունների վրա են ուզում բարդել` սեփական դեմքը փրկելու, ոճրագործության ու դատաքննության մեջ իրենց մեղավորությունը նվազեցնելու ցանկությամբ: Չբացառելով արտաքին ուժերի վարկածը` ակնհայտ է, որ կազմակերպիչներ եղել են, ու այսօր, բացարձակ իշխանություն ունենալով և ոչինչ չանելով նրանց բացահայտման համար, իրենք իրենց դնում են անհեթեթ և անհասկանալի վիճակի մեջ: Պետք էր փոփոխություն, որ նաև այդ մարդիկ փոխվեին, նոր եկածներն իրենց կաշկանդող հանգամանքներ չունենային` իրականությունը պարզելու, «այո՛» կամ «ո՛չ» ասելու համար: Դժբախտաբար, դա տեղի չունեցավ:
-Կարծում եք, որ կազմակերպիչների մասով երբևէ հանցագործությունը կբացահայտվի՞:
-Առաջ շատ էի ուզում, համոզված էի, որ այդպես կլինի, բայց վերջին տարիներին ավելի կարևոր դարձավ Վազգենի ընկալումը հասարակության մեջ` անկախ իշխանական լրատվամիջոցների ու իշխանության ներկայացուցիչների ջանքերի ու հրամցրած կերպարի: Վազգեն Սարգսյանի` իբրև որդու և տիրոջ կերպարը, մարդկանց հիշողության միջից ոչ մի հակաքարոզչություն չջնջեց ու չաղավաղեց: Վազգենը մնաց Վազգեն, մարդ, որ ստեղծեց բանակ, մարդ, որ պետության ստեղծման ակունքներում է, մարդ, ում անվան հետ միայն վճռական մենակի կերպարը չի զուգորդվում: Զինվորից Սպարապետ ու վարչապետ անցած ճանապարհի մասին, կյանքի ու մահվան մասին ժամանակը ստեղծեց իր Վազգենի կերպարը` այնքան սիրով ու անկեղծ, այնքան պարզ ու ծանոթ, այնքան հասկանալի ու մտերիմ, որ անեկդոտից մինչև առասպել նա մարդկանց կողքին է ու մարդկանց թիկունքին: Դանթեն էր, չէ՞, ասում` քար մի գցեք ճախրող արծվին, նա ավելի վեր կսլանա, քարը ձեր գլխին կընկնի... Կբացահայտվի՞-չի՞ բացահայտվի ոճրագործությունը` այնքան անկարևոր է Վազգենի բացճակատ ու շիփ-շիտակ կերպարի առաջ: Էդ մեզ` աշխարհի մեծերի առաջ էսօր խեղճացողներիս է պետք կազմակերպիչների բացահայտումը, որ մեր հերոսներին մեր երկրում սպանում ենք և` ողնաշարներս թույլ ու անատամ, ուրիշներից մեր հասանելիքը փորձում մուրալ:
-1999 թ. հոկտեմբերին վարչապետ Վազգեն Սարգսյանը հրապարակավ ասում էր, որ շուտով հայ-թուրքական հարաբերություններում փոփոխություններ են լինելու` սահմանը բացվելու է և Հայաստանին տնտեսական զարգացման մեծ հնարավորություններ է բերելու, Լեռնային Ղարաբաղի հարցն է հայանպաստ լուծվելու... Չե՞ք կարծում, որ 10 տարի անց պատմությունը կրկնվում է, բայց մենք նկատելիորեն զիջել ենք նախկին դիրքերը:
-Հանգամանքների բերումով Վազգենից անմիջապես հետո ես մտա մեծ քաղաքականություն` դառնալով վարչապետ ու շփվելով նաև արտաքին քաղաքական խնդիրների լուծմամբ զբաղվող շատ մարդկանց հետ: Անցած ժամանակի ու ներկա վիճակի զգացողությունս գրեթե նույնն է` լուրջ մտավախություն ունեմ պատմության հնարավոր կրկնությունից: Այո՛, նմանություն տեսնում և վախենում եմ նմանությունից: Իհարկե, այն ժամանակ մեր դիրքերն ավելի ուժեղ էին: Ակնհայտ ու անսակարկելի է` եթե 99-ի հոկտեմբերի 27-ը չլիներ, Հայաստանը կունենար բացարձակ այլ վիճակ և այսօր բոլորովին այլ խնդիրներ կկարողանար լուծել: Այն ժամանակ էլ հեշտ չէր, բայց եթե խնդիրն այն ժամանակ լուծվեր, հիմա բացարձակ ուրիշ կլիներ ոչ միայն Հայաստանը, այլև տարածաշրջանը: Հիմա խնդիրները շատ ավելի ծանր են, և այդ խնդիրների լուծման համար մենք` որպես ժողովուրդ, որպես պետություն մեր բարոյական, հոգեբանական նկարագրով ավելի կոտրված ենք, թերահավատ մեր ուժերի, անհավատ` իշխանության վարած քաղաքականության նկատմամբ: Կոտրվելու մեջ իր բաժինն ունեն հոկտեմբերի 27-ը և նրա չբացահայտված լինելը, մարտի 1-ն ու մարդասպանների պատժված չլինելը: Խնդիրները, որ մեր առաջ են, միանշանակ լուծում են պահանջում և չեն սպասելու: Այդ խնդիրները շատ լուրջ են: Երևի մեր ժողովրդի ճակատագիրն է, որ իր պրոբլեմները ծագեն ու լուծվեն դարասկզբին: Ինչքան էլ մենք ձգձգենք լուծումները, ինչքան էլ միջազգային հանրության առաջարկներին հակադրվենք, միևնույն է, այդ խնդիրները լուծվելու են, լուծվելու են առանց մեզ, լուծվելու են պարտադրանքով, ու հետևանքն այն է լինելու, որ մենք հնարավորի նվազագույնն ենք ունենալու: Ես ուզում եմ, որ գոնե մի անգամ լսենք` մեզ ինչ են առաջարկում, փորձենք առաջարկածը վերցնել, հետո շարունակենք մեզ անհրաժեշտը պահանջել: Ավելին այսօր մեզ չեն տալու:
-Այսօր այդքանի՞ն ենք արժանացել...
-Այո՛, այսօր այդքանին ենք արժանի: Ինչո՞ւ: Այդ մասին այնքան ենք ասել: Մենք, որպես պետություն, մեր գրաված դիրքով, տեղով այլ ռեսուրս, քան ժողովրդավարությունը, ունենալ չենք կարող, մեր առավելությունը մարդկային մտավոր ունակությունն ու հնարամտությունն է, աշխարհում ինչ մրցույթ կազմակերպում են, մի հայ հաղթում է, ու այդ նույն հայը վախենո՞ւմ է սահմանները բացվելուց: Շատ ավելի մեծ երկրներում, քան մեր հարևաններն են, շատ ավելի զարգացած տնտեսություններով 5-10 տարվա մեջ մերոնք ոչ միայն պինդ տեղավորվում են, այլև հաղթող են դառնում, բայց այս 10 տարիների իրադարձությունների ուղղակի ու անուղղակի պատճառներով կրկնակի, եռակի բարդույթների մեջ է հայտնվել մեր ժողովուրդը: Խնդիրներն ակնհայտ ու պարզ են, դրանք չտեսնելու տալը, իրար փոխկապակցված չհամարելը, խաբեություն է կամ ջայլամի քաղաքականություն:
-Որո՞նք են այդ ակնհայտ ու պարզ խնդիրները, որ չտեսնելու ենք տալիս:
-Առաջինը` հայ-թուրքական հարաբերությունների բարելավում, երկրորդը` Ղարաբաղի հիմնահարցի խաղաղ ու փոխզիջումային լուծում, երրորդը` ցեղասպանության ճանաչում, չորրորդը` տարածաշրջանում անվտանգության միևնույն համակարգի ձևավորում:
-Այսինքն` փաստացի փուլ առ փուլ փաթեթային լուծո՞ւմ է իրականացվում:
-Միանշանակ` համաձայնության արդյունքում ձևավորված փաթեթ է, որ ներկա պահին փորձում են փուլ առ փուլ լուծել, թաքցնելով ոչ միայն փաթեթի մաս կազմելը: «Ինչու»-ի և ժնևներում անհարմար վիճակների մեջ ընկնելու, փաթեթի հաջորդ փուլերի փոխկապակցվածության մասին չխոսելու պատճառը մեզ մի բան, դրսում սեփական իշխանությունը պահելու համար մեկ այլ բան ասելն է: Հասարակության քվեն ու աջակցությունն օրինաչափորեն չունենալն է և թյուր հույսը, թե փուլից փուլ անցնելու համար իրենց ժամանակ կտրվի իշխանությունը քարշ տալու համար: Չի ստացվելու, որովհետև էս ժողովուրդը սիրում ու մեծարում է նրան, ով իր խաչը եղբորս նման հպարտությամբ, վստահությամբ ու սիրով է տանում և մերժում է նրան, ով դժվարությամբ, անհավես ու մի կերպ քարշ տալով է անում դա:
-Աշխարհը շատ է մեծ երկար ժամանակ փոքր հարցերի լուծումներով զբաղվելու համար, եթե գերտերություններն են զբաղվում, ուրեմն, տարածաշրջանով, ոչ թե փոքր-մոքր երկրներով, այո՞...
-Աշխարհը և՛ շատ մեծ է, և՛ շատ փոքր է դարձել. 21-րդ դարում արագությունները մեծանում են: Աշխարհի այդ փոքրության մեջ մենք շատ կարևոր ենք դառնում, որովհետև ուզում ենք, թե չենք ուզում, մեր տարածքով պիտի անցնեն աշխարհի ճանապարհները, ուզում ենք, թե չենք ուզում, մենք այդ աշխարհի մարմնի մի մասը պիտի լինենք: Աշխարհը չի ուզում, որ մենք կույր աղիք լինենք, առավել ևս, որ մեր կերպով ու մեր դիրքով շատ ավելի կարևոր մաս կարող ենք լինել: Որպեսզի նորմալ, առողջ գործառնող օրգան դառնանք, խնդիրներ են դրված, որոնք լուծումներ են պահանջում, և այդ լուծումները կարող են ձեռնտու լինել Հայաստանին, եթե Հայաստանը, որպես երկիր, որպես պետություն, իր իշխանություններով ներկայանալի դառնա, իր խնդիրները փորձի համադրել աշխարհի խնդիրների հետ, ոչ թե հակադրվի` ոտնատակ ընկնելով ու, ի հետևանս, ինչպես անցյալ դարասկզբին, ավելի փոքր երկիր ստանալով: Մենք փոքր երկիր չենք եղել, մենք փոքր իշխանություններ ենք ունեցել, որ երկիրը փոքրացրել-հասցրել են իրենց մտածելակերպի չափսերին: Ես չեմ ուզում, որ նույնը կրկնվի:
-Եթե հնարավորություն լիներ Վազգենին դիմելու, ի՞նչ կասեիք:
-Ներողություն կխնդրեի էս երկրի վիճակի համար, այն ամենի համար, որ մինչև հիմա արել եմ կամ չեմ արել: Ես, անկեղծ, ինձ շատ մեղավոր եմ զգում, երբ հայ մարդը լքում է Հայաստանը: Առաջ ինձ թվում էր, որ ամենամեծ կորուստը մարդու մահն է, ավելի տխուր ոչինչ չկա։ Հիմա, երբ քեզ ոչ այնքան մտերիմ մարդը, որ քո հարևանն է, և կողքկողքի ապրել եք առավոտյան բարիլույսի ու երեկոյան բարիգիշերի միջակայքում, հեռանում է իր ամբողջ ընտանիքով ու փակում է տան դռները, հավատացնում եմ` ավելի տխուր տեսարան չկա: Ցավում եմ, բայց վերջին շրջանում երկիրն այդպիսին է, ապուպապերի գերեզմանները թողած` հեռանում են: ՈՒ ես ինձ մեղավոր եմ զգում, որ չօգնեցի, հույս չտվեցի կամ տվեցի ու փոփոխություն չբերեցի...
-Վազգենն ի՞նչ կասեր:
-Վազգենը կասեր` հույսդ մի՛ կտրիր, գնացողները հետ են գալու, ամեն ինչ առջևում է, պետությունը` պետություն ու երկիրը դեռ երկիր են դառնալու, ճանապարհը, որով գնում ես, ճիշտ ես գնում ու ճիշտ մարդկանց հետ ես գնում, ու ճիշտ տեղ եք գնում: Անվարան գնա, ախպերս, իմ աչքը ձեզ վրա է:
Զրույցը` Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 1540

Մեկնաբանություններ