ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Չենք կարողանում ծիրան մշակել...

Չենք կարողանում ծիրան մշակել...
18.07.2008 | 00:00

ՀՀ գյուղատնտեսության առաջին փոխնախարար ՍԱՄՎԵԼ ԱՎԵՏԻՍՅԱՆԻ վերջին մամլո ասուլիսը շատերին էր մտահոգել: «Լինելով ծիրանի երկիր` մենք իրականում ծիրան մշակել չգիտենք»,- հայտարարել էր պարոն Ավետիսյանը` հընթացս հավելելով, թե հարկավոր է ծիրանի մշակման, «սորտային դիվերսիֆիկացման» նրբությունները և այլ կարևոր բաները… Եվրոպայից սովորել...
-Պարոն Ավետիսյան, վերջին ասուլիսի ընթացքում հնչեցրած ձեր մտքերը բավականին սկանդալային են ստացվել և շատերի զարմանքը հարուցել: Ի՞նչ եք կարծում` եթե շատ տարվենք Ձեր ասած` «ծիրանին եվրոպական-ապրանքային տեսք տալով» կամ դրա «սորտային դիվերսիֆիկացմամբ», արդյո՞ք ճիշտ նույն պատկերը չենք ունենա, ինչ լոլիկի դեպքում, երբ «զարկ տալով» տեխնիկական սորտերին, հայկական սորտերը համարյա կորցնելու վտանգի առաջ կանգնեցինք…
-ՈՒրեմն, նախ եկեք ճշտենք, թե պարոն Ավետիսյանն ինչ է ասել, և ինչն է, որ սկանդալային է ստացվել նրա ասածներում: Այո, ես ասել եմ, որ լինելով ծիրանի հայրենիքը` մենք դեռևս ծիրան մշակել չգիտենք: Եթե դուք դա եք սկանդալային համարում, ես պատասխանատու եմ իմ ասածների համար…
-Բայց հանդիպակաց հարց է առաջանում. իսկ ինչո՞ւ չգիտենք։
-Որովհետև մենք այն մշակում ենք հազար տարվա տեխնոլոգիաներով և արդյունքում այսօր ունենք ոչ թե ծիրանի այգիներ, այլ ծիրանենիներով հողամասեր, որոնց բերքի միայն 20-25%-ն է օգտագործվում: Հնարավոր է էլի հարց առաջանա` ինչո՞ւ: Նորից եմ կրկնում` որովհետև մենք ծիրան մշակել չգիտենք: Տեսեք` մեր ծառերը շատ բարձրաբուն են` 10-12 մետր, բնի լայնությունն էլ երբեմն կարող է հասնել մինչև 15 մետրի: Այդ պարագայում ծառի վրայի պտուղը հավասարաչափ չի հասունանում, մենք չենք կարողանում բերքահավաքի ժամանակ, ինչպես որ պահանջվում է, ծիրանն ընտրովի, հատ-հատ հավաքել և նորմալ ապրանքային տեսքով հանել շուկա: Լավագույն դեպքում մենք մեր բերքի միայն 15-20%-ն ենք կարողանում հատ-հատ հավաքել, այն էլ` հիմնականում վաղ շրջանում և նորմալ գներով իրացնել: Երբ արդեն նորմալ հասունացման շրջանն է սկսվում, սկսվում են քամիները, բերքի մի մասը թափվում է գետնին, և գյուղացին ստիպված է լինում արդեն տեսքը կորցրած իր բերքը նույնիսկ 20, 25 դրամով հանձնել վերամշակող ընկերություններին: Ի միջի այլոց, մի մասի դեպքում դա էլ չենք հասցնում անել, որովհետև գյուղացին երբեմն էլ տեղափոխման խնդիրներ է ունենում և ստիպված է լինում ծիրանը «փլուշի» վերածել՝ օղի թորել: Իսկ եթե հանկարծ էդ օրերին անձրևներ էլ եղան, ուրեմն, իմացեք, որ նա բերքը լրիվ է կորցնում: Դրա համար էլ տարօրինակ իրավիճակներում ենք հայտնվում, և տարօրինակ հարցադրումներ են ծագում:
-Դուք նկատի ունեք բերքի հետ կապված կանխատեսումների և վերջնական արդյունքի միջև հաճախ պատահող ահռելի խզո՞ւմը…
-Այո, հենց դա: Ենթադրենք` հեկտարի վրա կա 120 կամ 130 ծառ: Մասնագետները նստում են, հաշվառում կատարում, թե այս տարի մենք մի ծառից ինչքա՞ն ծիրան կարող ենք ստանալ: Ներկայացվում է, որ ստացվել է այսքան ծիրանի բերք, բայց երբ մենք արդյունքում նայում ենք` ինչքան է արտահանվել, ինչքան` մթերվել, ինչքան` վաճառվել, հաշվեկշռում ահռելի դիսբալանս է առաջանում: ՈՒրիշ տեղ ինչո՞ւ եմ գնում. ինքս մի փոքրիկ այգի ունեմ, և էս տարի ահագին ծիրան թափեցինք, որովհետև չկարողացանք հավաքել, հավաքածն էլ չկարողացանք մշակել: Մխչյան գնացեք` ծիրանի ամենալավ տեղերից մեկը, հարցրեք` ինչքա՞ն բերք եք կորցնում: Մարդիկ Ձեզ կպատասխանեն, որ բերքի 40-50%-ը կորցնում են: Հիմա իմ ասածը չստացվե՞ց:
-Պարոն Ավետիսյան, գուցե ես սխալվում եմ, բայց Ձեր ասածից կարելի է եզրակացնել, որ մենք ոչ թե ծիրան մշակել չգիտենք, ինչն իմանալու համար հարկ է Եվրոպա «գնալ», այլ որ ուղղակի մենակ ենք թողել գյուղացուն իր խնդիրների հետ, նա էլ չգիտի` ինչն ինչպես անել, հաճախ էլ տուժում է նաև փոխադրումների հետ կապված դժվարությունների կամ վերավաճառողների պատճառով…
-Բայց նույն բանն է ստացվում. հո պետությո՞ւնը չի ծիրան մշակողը, եթե ասում եք, որ գյուղացին այս ու այն բանը չգիտի, նշանակում է` իմ ասածն է ճիշտ, և նշանակում է, որ իմ ասածներից հետո Դուք պիտի հարցնեիք` իսկ ո՞րն է ելքը…
-Ո՞րն է ելքը, պարոն Ավետիսյան:
-Հեծանիվ չհորինելը և հասկանալը, թե ինչն է մեզ ձեռնտու: Եթե այս տեսակետից ենք նայում հարցին, տեսնում ենք, որ մեզ լավագույն օրինակը Եվրոպան է տալիս, որտեղ ներկայումս տարածված են ինտենսիվ, գաճաճ այգիները, որոնց ծառերի բարձրությունը 3-4 մետրից չի անցնում: Ընդ որում, այգիների տարածքն էլ է հարկավոր ավելի ճիշտ օգտագործել. մեր այգիներում, ես ասացի արդեն, հեկտարի վրա ընդամենը 120 կամ 130 ծառ կա: Բայց եթե եվրոպական այգիները նայեք, կտեսնեք, որ հեկտարի վրա առնվազն 500, մինչև 550 ծառ են տնկում:
-Եվրոպական գաճաճ այգիները կոնկրետ ծառերից և դրանց վրա աճող կոնկրետ սորտերից են, չէ՞, բաղկացած: Եվ եթե մենք անցնում ենք հատկապես այդ սորտերն աճեցնելուն, ստացվում է, որ փոխում ենք ծիրանի մեր սորտը, ինչպես լոլիկի դեպքում եղավ: Ի վերջո, հիմա աշխարհը շատ փոքր է, և քիչ կգտնեք մարդիկ, ովքեր դրսում միրգ չեն կերել և դրա համային հատկանիշերը չեն գնահատել…
-Բայց Դուք ինչո՞ւ եք, ախր, միանգամից մտածում, որ գյուղնախում թշնամիներ են նստած, և մենք պիտի անպայման մեր հրաշալի, արևահամ ծիրանը կորցնենք: Մենք ուղղակի պիտի մտածենք մեր բերքի, գյուղացու անպտուղ չարչարանքի մասին և ելք գտնենք: Օրինակ, պիտի բերենք պատվաստացուներ և դրանց վրա պատվաստենք մեր Երևանին, Սաթենին, Շալախը: Այսինքն, պետք է ստանանք ոչ բարձրաբուն տնկիներ:
-Լավ, գոնե սկզբում հնարավոր չէ՞ դա իբրև փորձարարական ծրագիր իրականացնել, հետո նոր մասսայականացնել…
-Դա չի կարող փորձարարական ծրագիր չլինել: Եթե մենք էսօր ունենք 9 հազար հա ծիրանի այգի, ոչ ոք չի կարող հայտարարել, որ վաղը դրանք լրիվ կտրվելու են, ոչնչանալու և տեղը զիջելու Ֆրանսիայից կամ մեկ այլ տեղից բերված տնկիներին: Չի լինի այդպիսի բան: Ուղղակի, պահպանելով հանդերձ մեր սորտերը, մենք պիտի գնանք ճիշտ մշակման ճանապարհով: Եվ հետո` ո՞վ է ասել, որ այսօր ունեցած մեր սորտերը հենց այն սորտերն են, որոնք ի սկզբանե աճել են հայկական լեռնաշխարհում: Գիտնականներ են, չէ՞, աշխատել էդ սորտերի վրա, փորձարկումներ են, չէ՞, արվել: Իսկ ինչո՞ւ պիտի այսօր կեղծ հայրենասիրական հայտարարությունների պատճառով էդ աշխատանքը կանգ առնի, ինչո՞ւ պիտի այն չշարունակվի: Ինչո՞ւ պիտի ծիրանի հայրենիքում, թեկուզ սկզբնական շրջանում, ծիրանի գինը մինչև 1500 դրամ լինի, կամ ինչո՞ւ պիտի կանգնենք այնպիսի իրավիճակի առաջ, որ 4-5 տարին մեկ միայն բերք ունենանք, դրա ուղիղ կեսն էլ թափենք: Հակառակը պիտի լինի, արդյունավետ այգեգործության հիմքերը դնելն է իմ երազանքը, որ ես ելել եմ, FAO-ին եմ դիմել, «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրին, մեր բոլոր գործարարներին, որոնք հիմա ծիրանի այգիներ են հիմնում, խնդրել եմ, որ երկու փորձագետ հրավիրեն Հայաստան, որոնք մեզ կօգնեն այդ հարցում: Ի դեպ, մենք խնձորենիների մասով արդեն ունենք այդպիսի այգիներ. մեր Օհանավանի, Կարբիի գաճաճ խնձորենիները ինտենսիվ այգեգործության լավագույն օրինակներն են: Հիմա մենք դա պետք է անենք ծիրանի համար, ավելին ասեմ` պիտի նաև կեռասին գանք, որի բերքահավաքը դաժան աշխատանք է, և ծառերը նորից էնքան բարձր են, որ պտղի մի ահագին մաս 7 մետրանոց ծառի վրա մնում-փչանում է:
-Իսկ նախապես արդեն կողմնորոշվել ե՞ք շուկաների հարցում, այլ խոսքերով ասած` ի՞նչ է սպասում իր «ապրանքային տեսքը բարելաված» հայկական ծիրանին…
-Բնականաբար, առաջին հերթին մենք պիտի մտածենք ծիրանը Եվրոպա արտահանելու մասին, և եթե այդ շուկան պահանջարկ է ներկայացնում, որ ծիրանը լինի խոշորապտուղ, լինի ավելի կարմիր գունավորված, մենք, այո, պիտի մտածենք նաև այդպիսի ծիրան արտահանելու մասին: Իսկ եթե Դուք նորից ձեր հարցով հեգնում եք` էլի լոլիկի օրինակը հիշելով, ես Ձեզ պետք է ասեմ, որ նախ` ամեն ինչ բավական չափազանցված է և այնքան էլ այդպես չէ, որ մենք կորցրել ենք մեր հայկական սորտերը, դա առասպել է: Բացի այդ` այնտեղ լրիվ ուրիշ պատկեր է. լոլիկի դեպքում 80%-ը գնում է վերամշակման, 20-ը` շուկա: Բա բնական չէ՞, որ վերամշակման գնացող լոլիկը պիտի ավելի պինդ լիներ` չոր նյութերով հարուստ, ավելի բերքատու: Իրենք` վերամշակողներն էին, ի միջի այլոց, դրանով շահագրգռված, որ բերին սերմեր բաժանեցին, ասին` մեզ սա է պետք, սա ցանեք: Հիմա. եթե անցած 2 տարիներին գյուղացին հիմնականում դա ցանեց` այդ լոլիկը նաև շուկա հասցնելով, այս տարի արդեն վիճակը փոխված է: Նա տեսավ, որ մարդիկ չգնեցին դա, դժգոհեցին, չընդունեցին, սկսեց նաև սեղանի սորտեր տնկել. ի՞նչ կա դրանում: Բա էլ ինչո՞ւ ենք ասում` շուկան ինքն է որոշում, թե ինչից ինչքան պիտի լինի:
-Այո, բայց դա չի նշանակում, թե պետությունն այդտեղ անելիք պիտի չունենա: Եվ հետո, եթե Դուք հիմա ուզում եք պնդել, որ այսօր մեր շուկայում այնպիսի լոլիկ կամ վարունգ է վաճառվում, ինչպես նախկինում, ես Ձեզ չեմ հավատա: Ի վերջո, ամեն օր շուկա ենք, չէ՞, մտնում: Կտրում ես լոլիկը` ոնց որ քաղցկեղով ճարակված օրգանիզմ լինի, և համ չկա, վարունգն ես կտրում, որի բույրը տարածվում էր տնով մեկ, հոտ չկա…
-Ահա՜: Այ, հիմա դուք շատ ճիշտ հարց տվիք: Իրականում, նախկին բոլոր սորտերը կան, բայց նաև շատ բան է փոխվել, որ առաջվա համը չկա: Մենք էսօր էդ նույն լոլիկը ի՞նչ ձևով ենք մշակում. լավագույն դեպքում մի հատ ազոտական պարարտանյութ ենք տալիս: Իսկ համային հատկանիշերի համար ամենակարևոր պարարտանյութերը կալիումականն ու ֆոսֆորականն են, նույն գոմաղբն է: Հիմա Դուք ուզում եք, որ էս բոլորը չանելով` մենք նույն համային որակներն ունենա՞նք: Էդ բոլոր բաները, որ դուք նշում եք` որակի բացակայության հետ կապված, ոչ ճիշտ մշակման ու խնամքի արդյունք են:
-Պարոն Ավետիսյան, երբ ես փաստում եմ պետության դերի մասին, հենց այդ նկատի ունեմ: Իսկ կարո՞ղ եմ հարցնել` գյուղացին ինչո՞ւ չի գնում կալիումական ու ֆոսֆորական պարարտանյութերը: Որովհետև ինչ-որ մարդիկ «նրանց վրա» միայն փող են աշխատում, որովհետև մեխանիզացիա չունի, վառելիքն է մոնոպոլացված և ահավոր թանկ, պարարտանյութ չկա, եղածն էլ թանկ է, որովհետև եթե որոշակի բաժին էլ պետության կողմից տրամադրվում է համայնքին սուբսիդիայի տեսքով, տեղի ֆեոդալիկներն ամեն մեկին չէ, որ բաժանում են: Կոնկրետ օրինակներ կարող եմ բերել գոնե 2-3 համայնքապետի վերաբերյալ, որոնք որոշեցին սեփական բիզնեսն անել, ավելին` պարարտանյութն ու հողի հարկը նույնիսկ մարդկանցից «քվե առնելու» միջոց դիտարկել: Հարկերի մասին էլ չեմ խոսում…
- Եթե լրագրողները նման բաների մասին իմանում են, լավ կանեն, որ գոնե մեզ վերաբերող մասով անմիջապես տեղեկացնեն, որպեսզի մենք էլ մեր հերթին իրավիճակը հասկանանք: Բայց եկեք անցնենք կոնկրետ հարցին և մի անգամ էլ հասկանանք, որ շատ թանկ հաճույքների մասին ենք մենք հիմա Ձեզ հետ միասին խոսում: Պետությունն ի վիճակի է և ընդամենը 20 000 տոննա ազոտական պարարտանյութի սուբսիդիա է կարողանում անել այսօր, չենք կարող կալիումականն ու ֆոսֆորականն էլ անել։
-Լավ, նորից ծիրանին անցնենք: Ավելի ճիշտ` արտահանման շուկաներին և ամփոփենք հարցազրույցը…
-Ձեզ ընդհատելով միանգամից ասեմ, որ համարյա նոր ենք վերադարձել Ծիրանի համաշխարհային 14-րդ համաժողովից, որտեղ, ի դեպ, թուրքերն ահագին բովանդակալից զեկույց ներկայացրին: Նրանք, ինչպես գիտեք, բավականին շատ ծիրանի այգիներ ունեն, և չնայած դրան` ընդամենը 6-7 հազար տոննա թարմ ծիրան են արտահանում: Դրան հակառակ` Թուրքիան տարեկան 60-70 հազար տոննա ծիրանի չիր է արտահանում, իսկ դրա արտահանումը, եթե վերահաշվարկենք թարմ ծիրանի համեմատությամբ, ահռելի օգուտներ է բերում: Էն էլ` մեր ծիրանի դեպքում, որի ջրային մասը շատ-շատ է, տեղափոխումը լրացուցիչ ծախսեր է ուզում, սառնարաններ և այլն, շրջափակման մասին էլ չեմ խոսում: Այդ դեպքում, ուրեմն, մենք է՞լ գուցե գնանք այդ ճանապարհով, նորմալ մշակում ապահովենք և ավելացնենք նաև այգիները:
-Աշխարհագրությո՞ւնն էլ ընդարձակենք: Գաղտնիք չէ, որ ծիրանի այգիների մեծ մասը հիմնականում Արարատյան դաշտավայրում է կենտրոնացած…
- Իսկ ինչո՞ւ ոչ: Ճիշտ է` մինչև հիմա օրինաչափ է եղել ծիրանենիների տնկումը միայն մինչև 1500-1600 մետրի վրա, բայց մենք գիտենք, որ շատ բան է փոխվել այսօր և կարելի է արդյունաբերական նշանակություն չունեցող, այսպես կոչված` «սիրողական ծիրանը» ևս գործածել, չիր սարքել, ասենք: Թեև ես հույս ունեմ, որ եթե մենք սորտերի վրա աշխատանք տանենք, կարող ենք բարձրադիր շրջաններում էլ հետաքրքիր սորտերի ծիրան ունենալ, չի բացառվում` նաև արդյունաբերական նշանակության: Չստացվի էլ` ոչինչ: Դուք էսօր եթե տեսնեք՝ Վորոնեժի միջին գոտում, անգամ դեպի ՈՒրալ ընկած հատվածում, ռուսներն սկսել են ծիրան աճեցնել: Ճիշտ է, դա այնքան էլ մեր իմացած ծիրանը չէ, ավելի շատ մանջուրական ծիրան է` նման սալորին նաև իր համային հատկանիշերով, բայց պտուղ է և համեղ է, ի միջի այլոց…
-Թույլ տվեք ես էլ Ձեզ ընդհատեմ: Ամփոփելով զրույցը` կարո՞ղ ենք հանգել այն եզրակացության, որ Դուք այսօր պարզապես որոնումների մեջ եք, ձգտում եք լավ բան անել մեր բնակչության համար, և դրա արդյունքում մենք մեզ ծանոթ-սիրելի ծիրանի փոխարեն մի օր էլ հանկարծ «մանջուրական սալոր-ծիրան» չենք միայն ուտելու…
-Նորից եմ ասում` ես տեր եմ իմ ասածներին և չեմ կարծում, որ կեղծ հայրենասերների պատճառով մենք պիտի ստիպված լինենք հաշտվել ներկայիս իրավիճակի հետ, որում կոնկրետ ծիրանի բերքի 50%-ը փչանում է…
Զրուցեց Գոհար ՍԻՄՈՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 10611

Մեկնաբանություններ