ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

«Կյանքն ընթերցանության համար տրված սահմանափակ ժամանակ է»

«Կյանքն ընթերցանության համար տրված սահմանափակ ժամանակ է»
28.10.2008 | 00:00

«ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐԻ ՊԱՐԱԴՈՔՍ»
«Հայը 21-րդ դարի սկզբին» գրական մրցույթին ներկայացված ՀՐԱՉՅԱ ՍԱՐԻԲԵԿՅԱՆԻ «Երկվորյակների արևը» անտիպ վեպը մրցանակի չարժանացավ՝ առաջ բերելով գրողների զայրույթն ու դժգոհությունը։ Ժյուրիի անդամների մեծ մասի համոզմամբ էլ՝ ներկայացված գործերից ամենաարժանին երիտասարդ գրողի վեպն էր։ Հակասական է, բայց, կարելի է հասկանալ, երբ գործ ունես մեծ գումարներ կազմող մրցանակների հետ։
Հրաչյա Սարիբեկյանը Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի ավագ գիտաշխատող է, բանասիրական գիտությունների թեկնածու, «Գրքերի աշխարհ» թերթի խմբագիրը։ 2003-ին լույս է տեսել նրա առաջին գիրքը՝ «Գուշակություններ հայելիներով»։ «Երկվորյակների արևը» վեպը դեռևս անտիպ է։ Ընթացքի մեջ է գրողի երկրորդ վեպը։ Նա հանդես է գալիս նոր խոսքով՝ փորձելով բացահայտել գրականության և ճշգրիտ գիտության միջև եղած կապը։ Ֆիզիկամաթեմատիկական չոր օրենքները նրա գրչի տակ վերածվում են նոր աշխարհի՝ մոտենալով կյանքին ու մարդկային հոգու առեղծվածին։ Երիտասարդ գրողի գրականությունը խորհելու առիթ է տալիս։ Այն հեռու է ձանձրալի ու ծանր լինելուց։ Մի պարզ պատճառով... հետաքրքիր է։
-Ինչի՞ մասին է «Երկվորյակների արևը» վեպը։
-Կարծեմ, Հրանտ Մաթևոսյանն էր ասում՝ լավ գրականությունը «մասին» չի կարող լինել։ Վեպը ներշնչված է տեսական ֆիզիկայի մեջ գոյություն ունեցող «երկվորյակների պարադոքսից»։ Վեպի լեյտմոտիվը մոտավորապես այսպիսին է՝ անհետացած մարդու որոնումները նման են Աստծո որոնումներին։
-Դժվար չէ՞ գրողի համար որոնումներ իրականացնել երկու տարբեր, առաջին հայացքից իրար հետ գրեթե կապ չունեցող աշխարհներում։
-Գրականության մեջ ճշգրտությունը շատ կարևոր է։ Դա նաև նախասիրության հարց է։ Ես սիրում եմ այն գրականությունը, որի մեջ կա մաթեմատիկական ճշգրտություն, երկրաչափական ժամաչափություն, ժամանակի և տարածության խաղ՝ որպես տեսական ֆիզիկային և փիլիսոփայությանն առնչվող կատեգորիա։ Մտածում եմ գրել էսսե՝ գրականության և ճշգրիտ գիտության միջև եղած կապի մասին։
-Գրականության մեջ նման փորձեր եղե՞լ են։
-Քիչ հեղինակներ կան, որ նման մտածողություն ունեն։ Դրանցից ամենահայտնին Խորխե Բորխեսն է։ Նրա մոտ ժամանակի և տարածության խնդիրը տանում է դեպի ճշգրտացում։ Ռոբերտ Մուզիլն իր` «Մարդն առանց հատկությունների» հայտնի վեպում, որ 20-րդ դարի լավագույն վեպերից է, փորձում է գրականություն բերել մաթեմատիկական մտածողությունը։
-Վերադառնանք Ձեր վեպին։ Ե՞րբ կտպագրվի այն։
-Մի որոշ ժամանակ որոշել եմ չտպագրել, որպեսզի այն ինձ համար բաց ստեղծագործություն մնա, և անընդհատ միջամտելու հնարավորություն ունենամ։ Այն փակ աշխարհ է, ուր ես պարբերաբար այցելում եմ ենթագիտակցությանս մի մասով և երբ տեսնում եմ՝ մի աթոռ ծուռ է դրված, կարող եմ շտկել։ Երբ ստեղծագործությունը տպագրվում է, այդ աշխարհն արդեն օտարվում է ինձնից։
-Բայց չէ՞ որ գրողի ստեղծածը միայն իրենը չէ, այն պետք է նաև ընթերցողին հասնի։
-Անպայման չէ, որ ընթերցողը համաժամանակյա լինի։ Գրականությունը, ի վերջո, իմ խոստովանությունն է թղթին և թղթի խոստովանությունը՝ ինձ։ Ամենակարևոր ընթերցողը ես եմ։ Եվ կարևոր չէ՝ այն այսօ՞ր կընթերցվի, թե վաղը։ Մենք մեր առաջ հարց չենք դնում, թե՞ Գարսիա Մարկեսն իր վեպը երբ է գրել կամ՝ ինչքան ժամանակում։ Հայ գրականության խնդիրներից մեկը հենց դա է, որ «շտապողական» վեպեր և այլ գործեր են տպագրվում։ Ամերիկացի գրող Ջոնաթան Քիթսի հերոսը փակուղի է մտնում և ողջ կյանքում ջանում է մի նախադասություն գրել, բայց՝ հղկված նախադասություն։ Այդպիսին պետք է լինի գրականությունը։
-Սարոյանը մի շնչով էր գրում և չէր վերանայում իր գործերը։
-Միանգամից գրվող գրականություն էլ կա։ Բայց եթե գրողը կարող է հղկել և պետք է հղկի, ինչո՞ւ չանի դա։
-Մի առիթով ասել եք, որ լավ կամ վատ գրականություն չի լինում։
-Եթե ընդունենք, որ գրականությունը խաղ է, և մենք դրանով զբաղեցնում ենք մեր ընթերցողին, ուրեմն՝ չկա։ Ամեն մեկը կարող է ընտրել ժամանցի իր ձևը, և կարևոր չէ, դա բարձր ինտելեկտուա՞լ ժամանց է, թե՞ «զամբյուղային» գրականություն։ Այստեղ միակ չափորոշիչը ժամանակն է։ Իսկ ժամանակն ահավոր չափանիշներ է առաջադրում։
-Ձեր կարծիքով՝ մեր հեղինակներից ո՞վ կդիմանա ժամանակի քննությանը, ավելին՝ կթափանցի համաշխարհային գրականություն։
-Ցավն այն է, որ մենք այսօր ինտեգրացված չենք համաշխարհային գրական գործընթացներին։ Մեր գրականությունը կղզիացած գրականություն է։
-Գուցե Հայաստանի սահմաններից հաճախակի դուրս գա՞լ է պետք հայ գրողին, որպեսզի ապրի ոչ միայն մեր սահմանած չափանիշներով, այլև տեսնի և անի ավելին։ Գուցե լավ գրականություն ստեղծելու համար մեզ պակասում է հենց ապրե՞լը։
-Այդ հարցերը միանշանակ պատասխան չունեն։ Դրանցից յուրաքանչյուրը մի հետազոտության թեմա է։
-Ամեն դեպքում...
-Առաջին խնդիրը լեզուն է։ Մեր հեղինակների գործերը չեն թարգմանվում անգլերեն կամ վատ են թարգմանվում, ինչի պատճառով կորչում են։ Բայց աշխարհում հետաքրքիր պրոցեսներ են ընթանում։ Աֆրիկյան շատ գրողներ Նոբելյան մրցանակ ստացան, և աշխարհը ճանաչեց նրանց։ Հնդկական գրականությունը համաշխարհային ուղեծիր դուրս եկավ Անգլիայի միջոցով։ Այսօր հնդիկ, աֆրիկացի շատ հեղինակներ գրում են անգլերեն, իսկ լեզուն համաշխարհային գրականության անցագիրն է։ Իհարկե, կան նաև շատ այլ խնդիրներ՝ ճամփորդելու խնդիրը, աշխարհընկալումն ընդլայնելու խնդիրը։ Այդ առումով ինչ-որ կերպ օգնում է ինտերնետը, բայց մեկ է, էլի փակ ենք մնում։
-Ձեր ստեղծագործություններում հաճախ եք անդրադառնում մահվան թեմային։ «Մահը մարդկանց վերադարձի անընդհատ ուշանալն է»։ Սրանք Ձեր տողերն են։ Մահվան ու հավերժության՝ արվեստագետի ընկալումը...
-Բոլոր ճանապարհները տանում են... գերեզման։ Երբ այդ ընկալումը խոր նստած է քո մեջ, դա դառնում է գրականությանդ առանցքը։ Ինչ հարցերի, կենսական թեմաների մասին էլ որ մտածում եմ, այդ մտածողությունը մահվան լույսի տակ է ծնվում կամ ստվերի։ Ես չեմ փորձում հասկանալ՝ ինչ է մահը կամ որպես գրող պարզել, թե ինչ կա անդին։ Հենրիկ Իբսենն ասում էր՝ ես այստեղ եմ, որպեսզի հարցնեմ... Ես ընդամենը խոսում եմ իմ զգացողությունների մասին։ Պատանի հասակում ես կորցրել եմ մորս։ Չկա մի օր, որ մահվան մասին միտքը չանցնի իմ զգացողությունների միջով։ Իմ գրականությունն էլ ստեղծվում է այդ կերպ։ Ո՞նց կարող ես կեղծել քեզ։
-«Աստվածները դժբախտություն են ստեղծում, որ սերունդները երգեն դրանք»՝ ասում եք։ Անհոգությունից չի՞ կարող գրականություն ստեղծվել։
-Չեմ կարծում։ Գրող մարդը չբավարարված մարդն է։ Եթե մարդը բավարարված լինի, ուրիշ բաներով կզբաղվի։
-Եթե հնարավոր լիներ ժամանակը հետ պտտել...
-Նորից վերադարձանք ֆիզիկայի կատեգորիային։ Տեսականորեն հնարավոր է ժամանակը հետ պտտել, գործնականում՝ դեռևս ոչ։ Ես մտածել եմ դրա մասին։ Բայց պետք է մի բան ճշտել՝ ա՞յս հիշողությամբ եմ հետ գնալու դեպի անցյալ։ Այդ դեպքում կարող է շատ բան փոխվել։ Եթե գիտես անցյալի մասին, շատ փակագծեր կարող ես բացել։ Բայց մեկ է, էլի մի թերի բան անելու ես, էլի ժամանակը չի հերիքելու։ Որովհետև մարդու կյանքը ժամանակի համար չի նախատեսված, այլ հավերժության։
-Սիրո մասին...
-Սերը միշտ ինձ համար մահվան անդունդը լցնելու պես մի բան է եղել։ Իմ կնոջը ես սիրահարվել եմ մորս մահվանից անմիջապես հետո։ Սերն ինձ համար բնազդ է, որն առաջանում է բաց տարածության, ճնշող զգացողությունների մեջ։
-Ի՞նչ կասեիք ընթերցողին։
-Թող շատ կարդան։ Կյանքն ընթերցանության համար տրված սահմանափակ ժամանակ է։ Ընթերցողը պետք է դա միշտ զգա։ Ես ինձ համարում եմ լավ ընթերցող, կյանքս՝ գրքի հետևից վազք։
-Պատահո՞ւմ է, որ Ձեր ստեղծագործությունների միջոցով բացահայտում եք ինքներդ Ձեզ։
-Իմ պատմվածքներից մեկում հերոսը սպանություն է գործում, հետո ուզում է ամեն կերպ փրկել տուժածին։ Այդ ստեղծագործության միջոցով ես, երևի թե, բացահայտեցի իմ մարդասիրությունը։ Ինքս էլ այդպես կվարվեի։ Գրականությունն այդ առումով հետաքրքիր է։ Մենք մեզ սահմանային իրավիճակների մեջ ենք դնում և բացահայտում մեր էությունը, մարդկային հատկանիշները, ուրիշ ոչ մեկինը։
-Այսինքն՝ գրողը ստեղծում է իր դիմանկա՞րը։
-Կերպարը, երևի...
Զրույցը՝ Արմինե ՍԱՐԳՍՅԱՆԻ

Դիտվել է՝ 4869

Մեկնաբանություններ