ՄԱԿ-ի կլիմայի COP29 համաժողովի շրջանակում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ. վերջինս հետաքրքրվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացով։ Ալիևն ասել է, որ խաղաղության պայմանագրի տեքստի զգալի մասն արդեն համաձայնեցված է, միաժամանակ, հերթական անգամ դժգոհել է Հայաստանի Սահմանադրությունից՝ նշելով դրանում պարունակվող «տարածքային հավակնությունները»։               
 

Արդյոք վտանգ չի՞ ստեղծվում անհավասար պայմաններ ձևավորելու առումով

Արդյոք վտանգ չի՞ ստեղծվում անհավասար պայմաններ ձևավորելու առումով
08.05.2009 | 00:00

ԼԱՎ ՄՈՌԱՑՎԱԾ ՀԻՆԸ
Պետական եկամուտների կոմիտեի հորդորը բնակչությանը` գնումների դիմաց պահանջել կտրոնը, կարծես թե, գործում է։ Դա նկատելի է խանութներում։ Փոխվել են նաև վաճառողները։ Եթե 4-5 ամիս առաջ մինչև գնորդը կտրոնը չպահանջեր, այն չէր տրամադրվի, ապա այսօր հաճախ չեն էլ սպասում գնորդի զգուշացմանը։ Մի կողմից` սա զգալի ձեռքբերում է, մյուս կողմից, սակայն, որոշակի խայծ։ Սրա մասին` քիչ ուշ։
Այն, որ կտրոնները շրջանառության մեջ են դրվել, չի նշանակում, թե մեր բնակչությունն օրինապաշտ է դարձել, պարզապես խիստ շահագրգռված է շահումների հարցում։ Մանավանդ որ դրա հավանականությունը յուրաքանչյուրի համար գնալով մեծանում է։ Մասնավորապես, պետական եկամուտների կոմիտեն հայտարարեց, որ յուրաքանչյուր երեք ամիսը մեկ կուտակված կտրոնների դիմաց քաղաքացին կարող է ստանալ ընդհանուր գումարի որոշակի տոկոսը։ «Շատ լավ որոշում է։ Մի կողմից` բնակչությունը խաբված չի մնա, մյուս կողմից` կտրոնների տրամադրումն օրինաչափություն կդառնա, ինչից, ի վերջո, կշահի պետբյուջեն, ինչը հնարավորություն է տալիս ենթադրել, որ կշահի ժողովուրդը»,- այս կարծիքն արտահայտեցի ծանոթներիցս մեկի մոտ` չպատկերացնելով վերջինիս արձագանքը։ «Պետության հերթական թակարդն է»,- ի պատասխան իմ ոգևորության` ասաց զրուցակիցս։ Ինչո՞ւ։ «Այս կտրոնների պատմությունը նորություն չէ, այլ լավ մոռացված հին պատմություն։ ՈՒղղակի ժամանակի մեջ այնքան է հնացել, որ շատերը մոռացել են 50-60 տարվա վաղեմության պատմությունը։ Ինչպես այժմ, այնպես էլ այն ժամանակ ներմուծվեցին կտրոնները, և պետությունը նույնպես խոստացավ որոշակի գումարի դեպքում կտրոնի դիմաց վճարել ընդհանուր գումարի տոկոսները։ Խայծը շատերը կուլ տվեցին և որտեղ հայտնվեցի՞ն... Մեր հարևանը գնեց ավտոմեքենա և այդ կտրոնը ներկայացրեց համապատասխան կառույց։ Խոստացածի համաձայն, պետությունը նրան համապատասխան գումարը վերադարձրեց, սակայն գնորդի ուրախությունը երկար չտևեց։ Շատ կարճ ժամանակ անց նույն այդ մարդուն մեկ այլ պետական մարմին հրավիրեց իր մոտ զրույցի` ճշտելու համար, թե որտեղի՛ց այդքան գումար վերջինիս` ավտոմեքենա ձեռք բերելու համար, քանի որ նրա աշխատավարձը ավտոմեքենայի գնից ցածր էր»,- պատմեց զրուցակիցս։ Ի՞նչ ճակատագիր ունեցավ այդ գնորդը, դժվար չէ պատկերացնել։ Իհարկե, մեր ժամանակներում նման բան չի սպասվում, սակայն չի բացառվում, որ նշված քաղաքականության դեպքում պետությունը լրացուցիչ տեղեկություն է ստանում յուրաքանչյուրի գնողունակության, ասել է թե` եկամուտների մասին։ Այն, որ դա ավելորդ տեղեկատվություն չէ պետության համար, միանշանակ է։ Վերջապես քաղաքացին պետք է սովորի պարտաճանաչ հարկատու լինել և հարստանալ ոչ թե ի հաշիվ պետության ու ժողովրդի, այլ նրանց հետ։ Սակայն մեկ այլ մտավախություն ունենք. եթե նկատել եք, կտրոնները գլխավորապես համապատասխան կառույց ներկայացնում են շարքային քաղաքացիները, այսինքն` եկամուտների լրացուցիչ տեղեկատվությունը պատկան մարմիններում նրանց վերաբերյալ է լինելու։ Իհարկե, պետական չինովնիկները կարող են մեզ հակադրվել` նշելով, որ իրենց եկամուտների մասին տեղեկատվությունն իրենք ներկայացնում են տարին մեկ անգամ` հայտարարագրով։ Սակայն արդյո՞ք այն ամբողջությամբ արտահայտում է իրական պատկերը։ Հատկապես, եթե նկատի ունենանք, որ վերջիններիս գույքն ու բիզնեսը, որպես կանոն, գրանցվում են իրենց բարեկամ-ազգականների անունով։ Սրանից ելնելով հարց է առաջանում` արդյոք վտանգ չի՞ ստեղծվում անհավասար պայմաններ ձևավորելու առումով. մի կողմից` չկա իրական հարուստների եկամուտների լիարժեք պատկերը, մյուս կողմից` գնումների կտրոնի միջոցով շարքային քաղաքացու գրպանի ամբողջական պատկերն է արտահայտվելու։
Անշուշտ, թեկուզ կտրոնների միջոցով եկամուտների հաշվառման հավանական գործընթացը դրական կարող է լինել, բայց միայն այն պարագայում, երբ խոշոր ձեռնարկատերերն իրապես ներգրավված լինեն հարկային դաշտում իրենց եկամուտների ողջ ծավալով։ Այլ կերպ ասած, ստվերային դաշտից տնտեսությունը դուրս բերելու դեպքում պետությունը կարող է, մի կողմից, լուծել պետբյուջեի եկամուտների ապահովման խնդիրը, մյուս կողմից, վստահություն ձեռք բերել բնակչության շրջանում։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 4368

Մեկնաբանություններ