Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհուրդը որոշում է ընդունել Իսրայելին պատասխան ռազմական հարված հասցնելու վերաբերյալ։ Հերքվել է արևմտյան ԶԼՄ-ների տեղեկությունը, թե Իրանը մտադիր է գրոհել Իսրայելը Իրաքի տարածքից առաջիկա օրերին՝ մինչև ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները։ «Իրանի պատասխանը Իսրայելի ագրեսիային իրավունքի հարց է, որը մեզ համար հստակ որոշված է, և այն, թե ինչպես ենք գործելու, կախված է պլանից»,- ասել է իրանցի բարձրաստիճան պաշտոնյան։               
 

ԿՅԱՆՔԸ, ՈՐԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԸ, ԴԱՌՆՈՒՄ Է ՀԱԿԱԲՆԱԿԱՆ, ԻՍԿ ԱՐՄԱՏՆԵՐԻՑ ԶՈՒՐԿ ՀՈԳԻՆ` ԱՆԱՍՏՎԱԾ

ԿՅԱՆՔԸ, ՈՐԸ ԿՈՐՑՆՈՒՄ Է ԻՐ ԱՐՄԱՏՆԵՐԸ, ԴԱՌՆՈՒՄ Է ՀԱԿԱԲՆԱԿԱՆ, ԻՍԿ ԱՐՄԱՏՆԵՐԻՑ ԶՈՒՐԿ ՀՈԳԻՆ` ԱՆԱՍՏՎԱԾ
16.10.2009 | 00:00

Իվան ԻԼՅԻՆ
«Եւ մարդ չէր որ գործէր զերկիր»:
Ծնունդք, Բ, 6

Ժամանակակից աշխարհում կա մի մեծ դժբախտություն, այսինքն՝ մարդը կտրված է իր արմատներից։ Մարդիկ թափառում են՝ այս ու այն կողմ ընկնող թառամած տերևների պես, ոչ մի տեղ չհիմնավորելով, ոչ մի բանի չկպչելով, ոչ մի տեղ բնակություն չհաստատելով, ոչ մի տեղ չդառնալով հավատարիմ՝ ո՛չ արտաքուստ, ո՛չ էլ ներքուստ։ Սոցիալական իմաստով նրանց կոչում են պրոլետարացված, մշակութա-քաղաքական ասպարեզում՝ հայրենիք չունեցող, կրոնական իմաստով՝ անհավատ։ Մի՞թե միասնության այդ երևույթն ընդհանուր ծագում չունի։ Արդյո՞ք հողը միաժամանակ կապում է մեզ աշխատանքին, բնությանը, Աստծուն, ընտանիքին, ժողովրդին և հայրենիքին։ Երկու սոցիալական տարրեր հակադրվում են մեկմեկու՝ հողի հետ կապվածը, որն անիմաստ է գցել նրա մեջ, նստակյաց աշխատավորը և հողի հետ կապ չունեցող, արմատներից զրկված, թափառող տարրը։ Ոչ ոք չի կարող առանց հողի, չէ՞ որ հողի հետ չկապվածին էլ է հարկավոր նա, և նույնիսկ գնչուն օգտագործում է այն՝ թող որ վատ, բայց իր ձևով։ Խնդիրն այն է միայն, թե ինչպես ճիշտ հոգ տանել հողի մասին. մենք խոսում ենք միմիայն մարդու և հողի կապի կամ էլ նրա բացակայության մասին, նրա երկարատևության և հուսալիության մասին։ Ի՞նչն է դարձնում մարդուն ազատ Աստծո մեջ, և ի՞նչն է ազատագրում նրան քաոսային ավերումի համար։ Հողի հետ չկապվածը, որը զրկված է արմատներից, լքում է բնությունը և կորցնում է պարտավորեցնող ու բարեբեր շփումը նրա հետ, դառնում է քաղաքի և մեքենայի զոհ, թաղվում է չափազանց մարդկայինի, կամայականության, բանականության, դատարկության ճահճի մեջ։ Հողի հետ կապվածը մնում է կառչած բնությանը, բարեկամ դարձած նրա հետ, ներգրավված նրա հավերժ ռիթմի մեջ։ Նա մտածում է ռեալ, զգում և հարգում է նրա օրենքները, ընտելանում է նրա կենսական պահանջներին, իր խորին իմաստությանը։ Բնության կենդանի գաղտնիքը նրա մեջ արթնացնում է Աստծո կենդանի տեսությանն արժանանալու տենչանքն ու նրան բերում Աստծո մոտ։ Հողից կտրվածի բնազդը զուրկ է արմատներից, խնամազուրկ` նա մնում է սեփական եսասիրությանը գերի, ապրում է մի օրով, շնչահեղձ լինելով, խորտակվելով միապաղաղ առօրյայի հոգսերի մեջ, առանց անցյալի ու ներկայի, ականջ դնելով ամեն տեսակի իմաստակություններին և ուտոպիաներին, որոնք օտար են բնազդին։ Հողի հետ կապվածի բնազդն ունի սահմանված և պահպանվող գործողությունների իր շրջանակը։ Նրա ինքնապահպանման բնազդը պայմանավորված, թելադրված և զորեղ է ժառանգականության շնորհիվ։ Իր տնտեսությունն իր համար միաժամանակ և՛ սրբազան անցյալ է, և՛ ստեղծագործ ներկա, և՛ ապագա, որը լեցուն է հույսերով։ Հողի հետ չկապվածն իր էության խորքում իրեն զգում է ասես «իրավունքներից զուրկ»։ Անվստահությամբ կաշկանդված, իր արհեստանոցը համարելով ժամանակավոր, նա աշխատանքին նույնպես վերաբերվում է գրեթե առանց հետաքրքրության` որպես օտարի սառը նայում է իր վրա մեկուսացած և անտարբեր շրջապատը։ Նա լիովին չի տրվում աշխատանքին, խնայում է ուժերը, չի սիրում սեփական աշխատանքը։ Իսկ ի՞նչ է աշխատանքը, ի՞նչ է կյանքն առանց սիրո։ Հողի հետ կապվածն իրեն վստահ է զգում իր իրավունքներում և իրեն տրված մասնավոր սեփականություն ունենալու ժամկետում։ Այդ պատճառով է նա աշխատում այդքան լարված, լավ որակ ապահովելու տրամադրված, ձգտելով ստեղծել լավագույնը։ Նա սիրում է իր մի կտոր հողը, իր աշխատանքը, և այդ սիրուց ծաղկում է նրա ձեռնարկումը։ Ֆրիդրիխ Մեծը ճշմարտացի էր, երբ ասում էր. «Մարդիկ սերտակցվում են իրենց ներսով միմիայն այն բանի հետ, ինչը պատկանում է իրենց»։ Բանվորին արտադրության մեջ իր աշխատանքը միայն կարգապահության է ընտելացնում` նրան կաշկանդում և մեքենայացնում է հենց մեքենան։ Իսկ հողի հետ կապվածին աշխատանքն է դաստիարակում` օրգանապես և բարոյապես։ Նա ասես իր նախնիների ոգով է շնչում և սովորում հարգել ու սիրել իր հայրերին։ Նրա արտը սովորեցնում է նրան՝ աշխատել բարեխիղճ և պատասխանատու, փոքր տարիքից նա կատարում է իր վրա բնության դրած պարտականությունը, և դառնալով չափահաս՝ նա արդեն վարժված է ստեղծագործաբար մտածելու երեխաների և թոռների մասին։ Հողը մարդուն տալիս է ընտանեկան հարմարակեցություն, կացարանը սովորեցնում է նրան հոգ տանել ինտիմ ընտանեկան միջավայր ստեղծելու մասին։ Այդ առողջ բջիջներից կազմվում է ժողովրդի օրգանիզմը։ Հողի հետ կապ չունեցողից խլված է այդ ժառանգական, ամուր «որտեղի» երջանկությունը։ Ոչ մի տեղ նա չունի հարազատ տուն, ամենուրեք նա «ինքն իր մոտ է»։ Դա տպավորվում է նրա հոգում և սրտի մեջ։ Նրա բնավորությունը ստեղծվում և կոփվում է սոցիալական «մարտերում» և «նվաճումներում». այդ պատճառով նա չափազանց հաճախ է քարանում ջղաձգային, նախանձոտ «ժխտման» մեջ։ Բոլորովին այլ ձևով է կատարվում ամենը հողի հետ կապվածի մոտ. նրա բնավորությունը դառնում է ինքնուրույն, նկատի ունենալով, որ նա աշխատում է իր սեփական մղումով սեփական տնտեսությունում և վայելք է ապրում այն բանից, ինչը ինքն է թույլ տալիս իրեն։ Նրա իրավական գիտակցությունն առաջանում է մասնավոր սեփականություն ունենալուց։ Հանդարտ գոյությունից, արժանապատիվ ինքնասահմանումից նրա մեջ առաջանում է ազատության առողջ զգացումը։ Եվ ինչքան հաճախ է արմատներ կորցրածը կորցնում հայրենիքի կենդանի զգացումը, քանզի հայրենիքը «հայրերի երկիրն է», որի պատկերի մասին նա կոնկրետ շատ քիչ բան գիտի։ Ընդհակառակը, երջանիկ է հողի հետ կապվածը, որը գիտի, որ իր հողակտորը պետական տարածության կենդանի մի մասն է, և որին իր հայրենիքի տարածքը թվում է սեփական մի լայնարձակ հողակտոր։ Նա գիտի, որ իր ժողովուրդը հսկայական կենդանի հեղեղ է, որի մեջ հոսում է և իր ցեղի կյանքը։ Նա շնչում է իր ժողովրդի հետ, և նրա սեփական շնչառությունը երաշխավորում է իր ժողովրդի կյանքը։ Մի՞թե նպատակահարմար չէ այդ կապվածությունը հողի հետ և արդյոք ցանկալի չէ՞ Աստծուն։ Մի՞թե յուրաքանչյուր «գործի» հիմքում ընկած չէ վարելահողի մշակումը։ Մի՞թե հողի հետ չի կապված առաջին մշակույթը։ Բայց հիրավի, որտեղ անկման է հասնում հողային մշակույթը, կործանվում է ամեն տեսակի նյութական և հոգևոր կյանքը, դադարում է ամեն տեսակի արարում ու ցանկացած մշակույթ դառնում է կարծեցյալ։ Արմատներից կտրվելը մեծ վտանգ է ժամանակակից աշխարհում. կյանքը, որը կորցնում է իր արմատները, դառնում է հակաբնական, իսկ արմատներից զուրկ հոգին` անաստված։ Իսկ հետո վրա է հասնում վախճանը` մարդկությունը կործանվում է։ Քանզի առանց Աստծո մարդուն այս երկրի վրա չի հաջողվում ոչինչ։

«Ո՞Վ ԿՕԳՆԻ ԻՆՁ»
«Նայեա առ իս և ողորմեա ինձ, զի միայնակ և աղքատ եմ ես»։
(Գիրք սաղմոսաց Դաւթի ԻԴ, 16)
Մարդկային զավակի վրա, որը գալիս է այս աշխարհ, դրվում է ծանր փորձություն։ Ոչ ոք ոչինչ չի ասում նրան դրա մասին. նա ինքը պետք է վերապրի իրադրությունը, իմաստավորի ու հաղթահարի այն։ Հաճախ անցնում է չափազանց երկար ժամանակ, մինչև որ դա տեղի է ունենում. ըմբռնումը գալիս է շատ ուշ, և այդ ժամանակ մարդը դառնում է անօգնական ու շփոթված։ Խնդիրը հետևյալն է. գոյության հիմնարար սկզբունքի համաձայն դու, ինչպես և բոլոր մարդիկ, միայնակ ես աշխարհում. դու պետք է ըմբռնես այդ մենակությունը, ընդունես այն, մտերմանաս նրա հետ և հոգեպես հաղթահարես այն, չէ՞ որ նա քեզ հետ կմնա մինչև քո վերջին օրերը, բայց քո բնավորությունը նրա շնորհիվ ձեռք կբերի ուժ, արժանապատվություն և բարություն։ Սիայնակ է մարդն այս աշխարհ գալիս՝ տառապանքի առաջին իսկ ճիչով, որը պահանջում է մի կում օդ. միայնակ է հեռանում այս աշխարհից՝ վերջին հոգոց հանելով, ճգնելով արտասանել վերջին խոսքը։ Ինչքան շատ բան է երբեմն արվում նրա համար, իսկ նա այդպես էլ մնում է մենակյաց՝ բանտարկված իր մարմնի խցում։ Այն, ինչը նա իր ամբողջ կյանքում այդ խցում զգում ու ընկալում է, տենչում և մտածում, ոչ ոք չի կարող վերապրել այնպես, ինչպես նա ինքը. այն ամենը, ինչը նա իր մենության մեջ ընտրում է, որոշում, կատարում, անձնազոհաբար իրականացնում, կրում և դիմանում անքնության, հուսահատության, հիվանդության, հոգսերի, անհաջողության մեջ, գիտի միայն ինքը։ Ամեն մի կարևոր իրադարձություն կյանքում՝ առաջին սիրուց մինչև սեփական ծնողների մահը, յուրաքանչյուր նշանակալից որոշում, իր վրա դրված ամեն մի պատասխանատվություն, յուրաքանչյուր մեծ ցավ և վիշտ նորից ու նորից ստիպում են նրան զգալ իր մենությունը։ Շատ քչերին է միայն վիճակվել կրել ծայրահեղ մենությունը խիստ կարիքի մեջ՝ փոթորկվող ծովում, անխոս սարերում, բանտի խցում, որպեսզի կարողանա հասկանալ իր հոգևոր ու ոգևոր միայնությունը։ Այս ցմահ մենակությունը ծանր լուծ է։ Բայց և՝ մեծ բարիք։ Երբ մարդը գիտակցում է իր մենակությունը, հարց է տալիս. «Ո՞վ կօգնի ինձ»։ Պատասխանը բարբառում է. «Ես ինքս պիտի օգնեմ ինձ»։ Եվ բնավորության հիմքում դրվում է առաջին քարը, ու նորից հնչում է այլ պատասխան. «Տերը երկնքում կօգնի ինձ, անկասկած, միայն թե ես ավելի նվիրված լինեմ Նրան»։ Եվ դրանով դրվում է կենդանի հավատի հիմք ծառայող քարը։ Մենության մեջ մարդը գտնում է ինքն իրեն, իր բնավորության ուժն ու կյանքի սրբազան աղբյուրը։ Իսկ երբ մարդն ըմբռնում է օտարի մենությունը, այսինքն՝ այն, որ ամեն մարդ ապրում է՝ ամփոփված իր մեջ, այդ պահին նրան համակում են կարեկցանքն ու սերը. կարեկցանքը թույլի, սերը՝ ուժեղի նկատմամբ։ Այդ ժամանակ նա ասում է. «Ես կօգնե՛մ ձեզ։ Եղբայրնե՛ր, ես ձեզ կօգնեմ, քանզի դուք միայնակ եք, իսկ ես լավ գիտեմ մենության դժնդակությունն ու հնարաբանությունները»։ Մարդն ինքը լինելով մենության մեջ՝ գտնում է մենության մեջ տառապող իր եղբորն ու օգնում նրան։ Եվ հենց այստեղ է հոգևոր սիրո, եղբայրության և զգացումների իրական միասնության ծագումը։ Մեզ տրված չէ փրկվել մենությունից։ Բայց մենք բոլորս կոչված ենք արժանավայել և հավատքով կրելու մեր մենությունը, սիրելով և օգնելով՝ ուրիշի մենությունը դարձնելու տանելի, արժանապատիվ ու հոգևոր։ Դրանում է մխիթարությունը։ Այսպես և միմիայն այսպես մենք կկարողանանք հաղթահարել մենությունը, մենք՝ մարդկության մենավոր զավակներս, նայելով դեպ վեր և սիրով օգնելով միմյանց։
Նյութերը տպագրության պատրաստեց Պավել ԱՆԱՆՅԱՆԸ

Դիտվել է՝ 1933

Մեկնաբանություններ