Երեկ հերթական տոնն էր (ֆեստիվառ) Հայաստանում։
Գյումրիում էին վարչապետը յուր տիկնոջ հետ, հազարավոր ոստիկաններ ու՞… փակ փողոցներ, հերթագրված նկարվողներ:
Իսկ այսօր քաղաքի օրն է նշվում «Իմ սրտի քաղաք Գյումրի» նշանաբանով:
Իմ հայրենի քաղաքն էլ է Գյումրին, նրան շատ եմ սիրում, բայց այսօր սրտիցս բան պոկվեց:
Ամեն դեպքում տոնդ շնորհավոր Գյումրի:
«Ճանաչել զիմաստութիւն և զխրատ, իմանալ զբանս հանճարոյ»...
Ինչու՞ Մաշտոցն ընտրեց Աստվածաշունչ մատյանից հենց այդ հատվածն ու թարգմանեց, երևի գիտեր, որ ավելի քան 17 դար հետո հայերը վերստին անհրաժեշտություն կզգան վերանայելու և «հարցում ուղարկելու» Վռամշապուհ արքային, ով բոլոր ժամանակների ամենազորեղ ու ամենահայկական հրովարտակն է արձակել, որպեսզի հայը կարդա գրի հայերեն, որով կարևորվեց հայոց գրերի նշանակությունը, հատկապես Հայաստանի համար օրհասական պահին, երբ Արշակունի գահատոհմը մայրամուտ էր ապրում։
Մաշտոցն էլ իր հանճարի ուժով զգաց, թե ինչից կարող էր կառչել հայ ժողովուրդը, ինչ լուսավոր հենասյան պիտի հենել յուր թիկուքը, որպեսզի մայր լեզուն հավերժական դառնա...
Միակ միջոցը դա տառերը երկնելն էր, ազգային գիր ունենալը... և ստեղծեց:
Եվ հայը կարդաց, գրեց ու իր հոգևոր և մշակութային գանձերը ստեղծեց ու փոխանցեց դարեդար, որոնք դարձան հայի ինքնության վկայագրերը, քաղաքակիրթ աշխարհ մտնելու յուրօրինակ անցաթուղթ։
405 թվականից հետո գրագետ դարձան նաև հայոց դարերը...
Իսկ ի՞նչ պատահեց մեզ, ինչու՞ դարձանք այսքան համր ու կարճատես, հնազանդ ու դյուրահավատ, այսքան տգետ ու բթամիտ։
Բա ու՞ր մնաց մեր «տաղանդավոր», խելոք, «իմաստուն» ազգ լինելու միֆը։
Այո՛, ճիշտ էր կանխազգացել Մաշտոցը, որ կմոռանանք, կանտեսենք առաջին թարգմանության բովանդակային իմաստը, որովհետև ճանաչում էր յուր ազգին, որը այդպես էլ չճանաչեց ո՛չ, իմաստությունը, ո՛չ խրատը, ո՛չ էլ զբանս հանճարոյ։
Ավա՜ղ, մայրամուտը մոտ է, իսկ ազգի մի ստվար զանգված հիպնոսացած գովերգում է երկիրն այս վիճակին հասցրած «ամենահզոր», «ամենաբարի», «ամենաանմեղ» ամենավարչապետին և համառորեն չի՛ տեսնում մոտեցող արհավիրքը:
Շարունակե՛ք խրախճանքը։
Ո՛չ մեկին չմեղադրեք...
Աշոտ ՄԿՐՏՉՅԱՆ