ԱՄՆ-ի պետքարտուղարի օգնական Օ'Բրայենը հայտարարում է, թե պետք է բացվի «Զանգեզուրի միջանցքը», որպեսզի Կենտրոնական Ասիայի (Թուրանի) երկրները հնարավորություն ստանան շրջանցելու Չինաստանն ու Ռուսաստանը և իրենց ապրանքն արտահանեն Արևմուտք՝ Ադրբեջան-Հայաստան-Թուրքիա ճանապարհով և՝ հակառակը։ Ընդգծում է, որ մի քանի տարի առաջ սա անհնար էր, իսկ մի քանի տարի անց՝ անիմաստ կդառնա, և հիմա՛ է հարմար ժամանակը (քանի տվողը կա):
Դրանից կարճ ժամանակ անց, Ադրբեջանը Չինաստանի հետ ստորագրում է երկու երկրների հարաբերությունները ստրատեգիական համագործակցության մակարդակի բարձրացնելու մասին վկայող պայմանագիր։
Միևնույն ժամանակ, ՔՊ վարչապետը, շնորհավորելով ԱՄՆ-ին անկախության օրվա առթիվ, ձեռքի հետ փորձում է Բայդենին հասցնել, թե Հայաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ հարաբերությունները հասցնել ստրատեգիական գործընկերության մակարդակի:
Ու էս ամենը տեղի է ունենում այնպիսի իրականության մեջ, երբ ԱՄՆ-ում Բայդենի հաղթանակը խիստ կասկածի տակ է, իսկ հակառակորդը՝ Թրամփը, ընդգծում է, որ իր ընտրվելուց հետո կզարգացնի հարաբերությունները Չինաստանի և ՌԴ ղեկավարների հետ, որովհետև «պինդ տղերք են»: Արաբական աշխարհն էլ հրաժարվում է երկարացնել 1974 թվականից գործող դոլարային գործարքը, որով ԱՄՆ-ի արժույթը հեգեմոն կարգավիճակ էր ստացել՝ ամրացնելով այդ երկրի համաշխարհային դիրքերը:
Միևնույն ժամանակ, մոլորակի բնակչության մեծամասնությունն ունեցող երկրները՝ Չինաստանը, Հնդկաստանը և այլն, ձևավորում են արևելյան բլոկ, որին անդամակցել ցանկանում են կամ արդեն անդամակցում են մի շարք տարածաշրջանային (և ոչ միայն) երկրներ...
Իսկ մեր հյուսիսային հարևան Վրաստանը, կարծես դանդաղ, բայց վստահ քայլերով փոխում է իր արևմտյան կողմնորոշումը:
Անգամ ՀՀ-ում հայտնի ստաժավոր արևմտյան մի շարք լոբբիստներ սկսել են քննադատել արևմտյան քաղաքականությունը և զուգահեռ փորձեր անել՝ տեղավորվելու պրոռուսական կուրսի մեջ կամ գոնե մեղմելու իրենց տոնը այդ հարցում:
Սա պարզ վկայություն է այն բանի, թե ինչ աստիճանի ոչ կոմպետենտ է ՀՀ-ն ներկայացնող «ՔՊ լակոտանոցը», թե ինչ աստիճանի չեն տեսնում և չեն ընկալում աշխարհաքաղաքական վերադասավորումները և համաշխարհային կենտրոնների ազդեցության վերաբաշխումները: Ասում եմ՝ ոչ կոմպետենտ, քանի որ դրա այլընտրանքը գիտակից թշնամին է։ Որովհետև կա՛մ գիտակից թշնամին կաներ քայլեր, որոնք, նվազագույնը, ժամանակավրեպ են, կա՛մ էլ՝ ոչինչ չհասկացող և միայն սորոսական ՀԿ-ների թրենինգներով աշխարհի մասին պատկերացումներ ունեցող մարտնչող տգետների կոնսոլիդացիան:
Չգիտեմ, թե սրանք և սրանց հավատացյալ հոտը հույսն ինչի վրա են դրել, բայց բան չմնաց, մինչև աշուն մի երկու ամսից էլ պակաս ժամանակ է մնացել:
Տեսնենք, թե այս Կապույտ մոլորակի հետ ինչ է կատարվում առաջիկայում:
Զաքար Խոջաբաղյան