Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Բագրատունյաց մեծանուն տոհմի նվիրյալ զորականը, հետախույզը

Բագրատունյաց մեծանուն տոհմի նվիրյալ զորականը, հետախույզը
13.06.2023 | 14:11
Ռուսական և հայկական բանակների գեներալ, հանրահայտ Բագրատունիների իշխանական տոհմի ներկայացուցիչ Հակոբ Գերասիմի Բագրատունին ծնվել է 1879 թվին Ռուսական կայսրության Թիֆլիսի նահանգի Ախալցխա քաղաքում, ազնվականի ընտանիքում: 1898-ին ոսկե մեդալով ավարտել է Թիֆլիսի արական գիմնազիան, 1900-ին` Կիևի ռազմական ուսումնարանը, 1907-ին` ռուսական բանակի գլխավոր շտաբի Նիկոլաևյան ակադեմիան:
1900-ից բանակային ծառայության, հետախուզական աշխատանքի հաջող փորձ ունեցող զինվորականը կիսատ է թողնում Գլխավոր շտաբի ակադեմիայի դասընթացներն ու մեկնում ռուս-ճապոնական դիմակայության ճակատ: Մարտական ծառայությունների համար պարգևատրվել է Սուրբ Աննայի 4-րդ, Սուրբ Ստանիսլավի 3-րդ աստիճանի մեդալներով:
Հետպատերազմյան տարիներին ինտենսիվ են եղել Հ. Բագրատունու ծառայողական առաջխաղացումները: Բարձրակետը եղել է Թուրքեստանի զինվորական օկրուգի շտաբի հակահետախուզության բաժնի պետի պաշտոնը: Իրականացվել են հետախուզական մեծ ծավալի հանձնարարություններ Մոնղոլիայում, Տիբեթում, Կորեայում, Աֆղանստանում, Միջին Ասիայում, բացահայտվել Տաշքենդում, թուրքեստանյան մի շարք այլ քաղաքներում պանթուրքական էմիսարների դավադրությունը: Բագրատունու այս քաջագործությունը պատվվել է Սուրբ Աննայի 3-րդ աստիճանի շքանշանի ու փոխգնդապետի զինվորական կոչումի շնորհումներով:
Առաջին համաշխարհային պատերազմի տարիները հայազգի զինվորականի ռազմական տաղանդի բացահայտման, դրա հավուր պատշաճի գնահատման ժամանակաշրջան էին: Այս ընթացքում եղել է բանակային այնպիսի միավորումների շտաբի պետ, որպիսիք են դիվիզիան, բրիգադը, կորպուսը:
1915-ին գնդապետի ուսադիրներ կրելու պատվին արժանացած Հ. Բագրատունու շքանշանները համալրվեցին նորանոր պարգևներով: Դրանց թվում էին Սուրբ Ստանիսլավի 2-րդ, Սուրբ Վլադիմիրի 4-րդ, Սուրբ Գեորգիի 4-րդ, Սուրբ Վլադիմիրի 3-րդ, Սուրբ Աննայի 2-րդ աստիճանի մեդալները: 1916-ի նոյեմբերից ութերորդ թուրքեստանյան հրաձգային գնդի հրամանատարն էր:
Լինելով բանակում դեմոկրատական բարեփոխումների կողմնակից` 1917-ի Փետրվարյան հեղափոխությունից հետո ընտրվել է սպաների համառուսաստանյան համագումարի պատգամավոր: 1917-ի հուլիսից Պետրոգրադի զինվորական օկրուգի շտաբի պետն էր: Նույն թվականի օգոստոսին նրան շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում: 1917թ. հոկտեմբերի 25-ին նրա վրա է դրվել Պետրոգրադի զինվորական օկրուգի զորքերի գլխավոր հրամանատարի պարտականությունները:
Հ. Բագրատունին ռուսական բանակի կազմում հայկական զինվորական ստորաժանումների կազմակերպիչներից էր: Շարունակելով զինվորական օկրուգի շտաբի պետի պաշտոնում ծառայությունը` 1917 թվականի օգոստոսին ընտրվել է Հայաստանի ռազմական կոմիսար, ռազմական խորհրդի նախագահ, գեներալ Լ. Տիգրանյանի և ազգային ազատագրական շարժման գործիչ Հակոբ Զավրյանի (Զավրիև) հետ կազմել Հայկական կորպուսի կազմակերպման ծրագիրը: 1917-ի նոյեմբերին նշանակվել է նորաստեղծ Հայկական կորպուսի հրամանատար, սակայն ոչ մի կերպ չի կարողացել հասնել Հայաստան:
Չնայած նրա դեմ իրականացված մահափորձին, որն ավարտվել է ոտքերի անդամահատմամբ, 1918թ. մասնակցել է Բաքվի հայության պաշտպանության կազմակերպման, քաղաքը թուրքական ու թաթարական միացյալ ուժերից ազատագրելու գործին, Կենտրոնական կասպիական բռնապետության կառավարության կողմից նշանակվել ռազմական նախարար (1918թ. ամառ): Կովկասյան իսլամական բանակի դեմ Բաքվի ճակատամարտում կրած պարտությունից հետո հայկական զինված խմբավորումների ու փախստականների հետ հարկադրված թողել է քաղաքը, անցել Հյուսիսային Պարսկաստան: 1918-ի նոյեմբերին հետ է դարձել, կրկին վերընտրվել Հայոց ազգային խորհրդում:
1919 թվականին խորհրդատուի որակում եղել է Փարիզյան խաղաղության վեհաժողովին մասնակցած պատվիրակության կազմում: Նույն թվականին գլխավորել է ԱՄՆ մեկնած Հայաստանի ռազմական առաքելությունը (պատվիրակության կազմում եղել է նաև Անդրանիկը), բազմաթիվ հանդիպումներ ունեցել ամերիկյան քաղաքական և հասարարական գործիչների հետ, բարձրացրել Հայաստանին օգնություն ցույց տալու, պաշտոնապես երկիրը ճանաչելու հարցերի շուրջ, Վաշինգտոնում պաշտոնական ընդունելության արժանացել ԱՄՆ ռազմական նախարարի և պետքարտուղարի կողմից: Առաքելության աշխատանքի ավարտից հետո վերադարձել է Ֆրանսիա, 1920 թվին նշանակվել Անգլիայում Հայաստանի Հանրապետության դեսպան:
Մասնակցել է Լոնդոնի (1921), Լոզանի (1923) կոնֆերանսներին:
Մահացել է 1943թ. դեկտեմբերի 23-ին: Հուղարկավորված է Լոնդոնի Բրոմտոնյան գերեզմանոցում: Տապանաքարին արձանագրված է` Ջեյմս Բագրատունի, Ռուսական կայսրության բանակի գեներալ-մայոր:

ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Դիտվել է՝ 4961

Մեկնաբանություններ