Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Այսօր` Սփյուռքում ծնված և Արցախի Հողում իր կյանքը տված Ազգային հերոսի անմահության օրն է

Այսօր` Սփյուռքում ծնված և Արցախի Հողում իր կյանքը տված Ազգային հերոսի անմահության օրն է
12.06.2023 | 16:34

30 տարի առաջ` 1993 թվականի հունիսի 12-ին նա միացավ հավերժությանը։ Նա արգելված անուն է մեր ներքին ու արտաքին թշնամիների համար, ինչպես նաև` այս հարթակում։ Սակայն մեր թշնամիները չգիտեն մի պարզ բան. այն, որ ինչքան էլ հերոսների սրբազան անունները արգելել ու ջնջել փորձեն, նրանց Ոգին ծնելու է նոր հերոսական սերունդներ։

...Ազգային հերոսին նվիրված այս հոդվածը գրել էի նրա ծննդյան օրը` նոյեմբերի 25-ին։ Բայց շատ համահունչ եմ համարում նաև այսօրվա համար։

Երիցս փառավորյալ լինի անունդ, Ազգային Հերոս հրամանատար։ Կերպարդ հառնելու է դարերում և մեզ օգնելու է վերականգնել մեր բաժին պատմական արդարությունը:

ԱՆՈՒՆԴ՝ ՄԵՐ ՍՐՏՈՒՄ

Եկավ, որ մնա ՝Հայոց Հողում և սերունդների մեջ:

Նա ծնվել էր Սփյուռքում՝ Հայոց ցեղասպանությունը վերապրածների ընտանիքում: Եվ եթե չլինեին պատերազմի համազարկերը, Արցախը նրան Հայրենիք չկանչեր, մենք մեծ հայորդու անունը լսելու էինք աշխարհի հռչակավոր հնագետների շարքում: Եվ այստեղ նա ևս լինելու էր իր ազգի զինվորը, ով կպայքարեր ու կհաղթեր այն ուժերին, ովքեր տասնամյակներով շարունակում են խեղաթյուրել Հին աշխարհի պատմությունը՝ ջնջելով այնտեղից հայ ժողովրդի անցյալի հետքերը: Նա ընդունվեց աշխարհի ամենահեղինակավոր բուհերից մեկը, բայց նախընտրեց գնալ Արևմտյան Հայաստան և նվիրվել Վանի թագավորության ժայռափոր դամբարանների ուսումնասիրությանը , որին նվիրված գիտական թեզ պաշտպանեց: ՈՒսումնասիրում և չափագրում էր Վասպուրականի հնագույն ժայռափոր դամբարաններն ու կացարանները։ Եվ նա արդե՛ն գիտության զինվոր էր, բայց նրան կանչեց Արցախը:

Նա եկավ Հայրենիք ու մեկնեց առաջին գիծ: Եկավ՝ որպես գաղափարի զինվոր: Եվ իր օրինակով ցույց տվեց, թե ինչպիսին է լինում իսկական հրամանատարը, որ ազգերը կարողանում են հաղթել պարտադրված պատերազմում:

Ինքը լինելով հրամանատար՝ զինվորին սիրեց , նրան դիտելով իրեն հավասար, զինվորի հետ ոչ թե կիսում էր, այլ զինվորի՛ն էր թողնում վերջին կտորը հացի, որովհետև գիտեր՝ ամենահանճարեղ զորավարն անգամ չի կարող հաղթել պատերազմը, եթե չլինի զինվորի սերն ու հավատն առ Հայրենիք, հավատը հենց հրամանատարի հանդեպ: Իսկ ինքը գաղափարի մարտիկ ու հրամանատար լինելով՝ ամենից առաջ ոգի էր:

-Ղեկավարի պարկեշտ պահվածքն ու ենթակային անձնական օրինակով ուղղորդելու կարողությունը մարտունակ և բարոյապես ամուր զինվորի դաստիարակության նախապայմաններից են,-սա էր զորավարի կյանքի բանաձևերից մեկը:

Ազգային հերոսը քաջածանոթ էր իր ազգի պատմությանը. պատմություն, որի սկիզբը կորչում է հազարամյակների խորքում…որ Ք.ա. 6-5-րդ դդ. թվագրվող մարդկությանը հայտնի առաջին հնագույն քարտեզի վրա հստակ նշված է՝ Արմենիա: Եվ այստեղ մեր թշնամի պետությունների անունների մասին խոսք լինել չէր կարող: Հիշենք նաև շումերների թողած հնագույն քարտեզը՝ մոտ 3500-ամյա կավե սալիկը, որտեղ հիշատակվում են ընդամենը երեք ժողովուրդներ՝ իրենք, ասորիները և հայերը: Զորավարը շատ լավ գիտեր այս ամենը, և Սփյուռքում ապրելով՝ որպես հնագետ գիտնական մարդկությանն հիշեցնելու էր այս ամենը: Բայց եկավ Հայաստան, եկավ Արցախ ու առաջին հերթին մեզ իր կերպարով հիշեցրեց, որ զավակն ենք այն ժողովրդի , ում պատմական հնագույն սկզբանաղբյուրներում հիշատակում են՝ «Սրբազան օրենքների երկիր»:

Այսօր նրա ծննդյան օրն է: Իսկ Հերոսի անունն այստեղ գրելն արգելված է: Սակայն ոչ թշնամին , և ոչ էլ Հերոսի ծննդյան օրը՝ երկու տարի առաջ ճիշտ այս օրը Բերձորը հանձնած հայրենադավները չգիտեն, որ Հրամանատարի էպիկական կերպարը ծնելու է հաջորդ հայրենապաշտ սերունդներին և Արցախը նորից է ազատագրվելու: Այո, այստեղ արգելված է գրել Հրամանատարի անունը, բայց ոչ՝ մեր սրտում:

Հրամանատարի անունն այսօր էլ աճող սերնդի սրտում է: Նրանցից մեկն էլ եղբորս՝ արդեն այս տարի առաջին դասարան գնացած փոքրիկ Ինեսա Պողոսյանի շուրթերին է, ով նաև երգում է Հերոսի մասին: Վաղ առավոտից , երբ մեր տանը խոսում էինք Ազգային հերոսի մասին, մեր Ինեսան ասաց.

-Հորքուր ջան, դու էն տեսակ գրիր, որ միայն հայերը հասկանան, որ խոսքը իմ Հերոսի մասին է:

Հորքուրի հրաշքը ՝ մեր Ինեսան, երկու օրից պատրաստվում է մասնակցել հանուն Արցախի իր կյանքը տված մերօրյա հերոսներից ՝ Տիգրան Զաքարյանին նվիրված հուշ-ցերեկույթին, որտեղ իր ելույթներից մեկի ժամանակ դարձյալ նախատեսել է կատարել Ազգային հերոսին նվիրված երգերից մեկը:

Հրամանատարի էպիկական կերպարը շարունակելու է ապրել սերունդների մեջ, ինչպես որ դարերի հոլովույթում չեն մոռացվել Սպարապետ Մանվել Մամիկոնյանը, Մխիթար Սպարապետը, Դավիթ-Բեկը և բոլորը…

Զորավարի կերպարը չեն կարողանալու հանել սերունդների սրտից: Եվ այսօր զորավարին երդվենք, որ ոչ մի ազգադավ ու հակահայ կերպար անպատիժ չի մնալու, որ հաջորդ սերունդները չեն տեսնելու հայրենիք հանձնող իշխանություններ:

Ժամանակն է հոգենորոգման ուղին բռնելու , որ նորից հառնի Արարչական հայը, ում երկիրը պատմության թատերաբեմից անցած-գնացած քաղաքակիրթ ազգերը իրենց թողած հնագույն պատմական սկզբնաղբյուրներում կոչել են «Սրբազան օրենքների երկիր»: Սա պիտի լինի մեր ուղին, այլապես Զորավարը չի ների մեզ…Եվ ճիշտ եմ համարում հիշել Պարույր Սևակի այս տողերը. թող որ այն դառնա սթափության և արթնացումի կոչ ամենքիս.

…Կյանքում կան բաներ, որոնք չեն քերվում,

Ինչպես չի քերվում արյունը սրտից

Կամ գույնը վարդից:

Կյանքում կան բաներ, որոնք չեն ներվում

Ինչպես դրացուն,

Այնպես էլ համայն մի ժողովրդի:

Չի ներվում և այն,

Ինչը կոչվում է առավելություն...

-Եվ այդ ահռելի հանցանքի դիմաց

Դեռ պահանջում եք ներման վեհությո՞ւն...

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 4748

Մեկնաբանություններ