Պատմությունը մեր լավագույն կրկնուսույցն է և այն առավելությամբ, որ աշխատում է գերազանցապես անվճար: Ահա թե ինչ է մեզ ազնվաբար ուսուցանում, օրինակ, պատմական այս դիպվածը:
Մ.թ. 4-ր դարում Հռոմի կայսրերից էր Հուլիանոս ՈՒրացողը, որ տիրակալել էր ընդամենը երկու տարի՝ 361-363 թվականներին: Պատմում են, որ նա փիլիսոփա էր, նորպլատոնականության հետևորդ: Իր հեթանոս ուսուցիչների և շրջապատի ազդեցությամբ ուրացել էր քրիստոնեությունը և հալածանքներ սկսել քրիստոնյաների դեմ:
Կայսեր անբարո վարքագիծն անպատասխան չմնաց. 363 թ. նա սպանվեց Տիգրիսի ափին՝ պարսիկների դեմ արշավանքի սկզբում:
Հուլիանոս ՈՒրացողի հակաքրիստոնեական դիրքորոշման և հեթանոսական ամբարտավանության պատճառով նրան լքել էր զորավար Տիրանն «իր քաջ հայերի հետ միասին», ինչպես նշում են պատմագիրները:
Հայկական գունդը, կայսեր վիրավորանքները չտանելով, թողել էր նրան:
Ենթադրում են, որ ՈՒրացողը զգետնվել է հայ քրիստոնյայի դիպուկ նետից:
Ահա այսպիսին է լինում ուրացողի վերջը, եթե նա նույնիսկ Հռոմի հզոր կայսրն է:
Չէ՛, պատմությունից լավ կրկնուսույց դժվար է գտնել:
Հրանտ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ