Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Այս մարդու անունն առանց վարանելու կարելի է դնել ամենանվիրական հայերի կողքին

Այս մարդու անունն առանց վարանելու կարելի է դնել ամենանվիրական հայերի կողքին
09.05.2023 | 10:50

ՈՒզում եմ հավատալ, որ ներքևի շարքի ծայրում նստած շեկ զորականը ԱԼԵՔՍԵՅ ԿՈԼՄԱԿՈՎՆ է: Այս մարդուց որևէ հիշատակ, որևէ լուսանկար չի պահպանվել: Ինչպե՞ս ու որտե՞ղ ավարտեց իր օրերը: Ինքը վկայում է, որ վերջում, 1919-ի ապրիլին, սիբիրյան ամբողջ վաշտից ողջ էին մնացել երկու արևմտահայ զինվոր և ինքը: Վկայում է, որ այդ զինվորները որոշեցին գնալ Ռուսաստան, իսկ ինքը մնաց փոքրիկ Հայաստանում, որի ազատագրության համար մի ամբողջ տարի հոգի էր տվել Անդրանիկի հրամանի տակ: Մեզ համար մի շատ թանկ բան էլ է վկայում: Ասում է, որ 1917-18-ին, երբ ռուսական զորքերը հեռանում էին Հայաստանից, իրենց հետ տանում էին Անդրանիկի լեգենդը: Ինքը հեռավոր Իրկուտսկում լսեց Անդրանիկի մասին, լսեց ու զարմացավ, թե ո՞վ է այդ մարդը, որի անունով են երդվում կազակները՝ Կովկասից մինչև Սիբիր: Լսեց ու որոշեց հասնել Կովկաս, մտնել Անդրանիկի հրամանի տակ: ՈՒ կովկասյան թշվառության մեջ ճանաչեց աշխարհի ամենահզոր ու ամենադժբախտ զորավարին: Ճանաչեց ու որդիական սիրով մինչև վերջ նվիրվեց նրան ու նրա հայրենիքին: Այս մարդու անունն առանց վարանելու կարելի է դնել ամենանվիրական հայերի կողքին: Նույնիսկ նրա կողքին, ով առաջինը ձեր մտքով անցավ: Լսենք նրա վկայությունը Անդրանիկի վերջին զորամասի կազմավորման մասին (1918թ., մարտ-ապրիլ, Թիֆլիս):

«...Մեզ համար ծանր էր գիտակցել, որ Անդրկովկասյան սեյմում հայ ժողովրդի թշնամիներն իրենց պիղծ գործն են անում: Ավելին, վրացիների և թաթարների կողմից ինչ-ինչ մութ գործողություններ էին իրականացվում՝ սեյմի զենքի բռնազավթումով, ինչն ակնհայտորեն ուղղված էր հայերի դեմ... Եվ որոշեցինք ցույց տալ բոլոր դավաճաններին, որ դեռ կան մարդիկ՝ պատրաստ իրենք իրենց պաշտպանելու: Հարկավոր էր ոչնչացնել Անդրկովկասյան սեյմը՝ դավաճանության այդ բույնը:

Մեր որոշման մասին հայտնեցինք Անդրանիկին: Չորս ժամ հետո պիտի իրագործեինք մեր որոշումը, չորս ժամ հետո...

Սպասումի ծանր ժամեր ապրեցինք: Անցավ մեկ ժամ: Երկուսը: Երեքը: Ահա կես ժամ մնաց: Շարվում ենք: Մռայլ էին զինվորների դեմքերը, աչքերն այրվում էին վճռականությամբ: Ամեն ոք գիտակցում էր պահի կարևորությունը:

Եվ ահա աջ թևից ամբողջ ճակատով մեկ թնդաց հզոր «ուռա՜»-ն:

ՈՒ մենք տեսանք նրան, մեր այնքան սպասված հորը՝ Անդրանիկին:

Տեսանք նրա վսեմ կեցվածքը, հպարտ բարձրացրած գլուխը և արտահայտիչ, զարմանալի աչքերը: Լսեցինք նրա հզոր ձայնը, որը թափանցեց մեր սրտերը՝ դրանցում վառելով կրակի պայծառ բոցեր:

Նա լուսավորեց մեր մտքերը, փարատեց բոլոր կասկածները: Մենք երեխաների նման ուրախացել էինք նրա գալստյամբ:

- Դուք ինձ կանչեցիք, ես եկա: Կա՛նգ առեք: Ես ձեզ կտանեմ հայ ժողովրդի դահիճների դեմ: Թողեք սեյմը: Այդ դավաճանները սարսափելի չեն լինի, երբ մենք ջախջախենք արտաքին թշնամուն՝ թուրքին: Զինվորների տեղը ռազմի դաշտում է և ոչ թե այստեղ՝ այլասերվածության և դավաճանության այս բնում: Ես ընդունում եմ ձեր հրամանատարությունը: Գուցե ձեզ Աստված ինքն է ուղարկել ինձ:

Եվ ինձ թվաց, թե այդ երկաթե մարդու աչքերից արցունքի մի խոշոր կաթիլ գլորվեց: Արդյո՞ք այդպես էր: Հիշում եմ միայն, որ բոլորիս աչքերում արցունք կար:

Նոր ամպրոպային «Կե՜ցցե Անդրանի՛կը», եղավ նրա խոսքի պատասխանը:

Սկսվեց ջոկատի կազմավորումը...» (Ալեքսեյ Կոլմակով):

Կարո ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 6759

Մեկնաբանություններ