Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Համառոտ անդրադարձ պատմությունը կեղծելու մասին պնդումներին

Համառոտ անդրադարձ պատմությունը կեղծելու մասին պնդումներին
22.04.2023 | 20:05

(սկիզբը` այստեղ)

ՀԱՅ ԳԱՂԹԱԿԱՆՆԵՐԻՆ ՕԳՆԵԼՈՒ ՀԱՐՑԸ

Մոսկվայում գտնվող Սահակ ՏերԳաբրիելյանը 1920 թ. դեկտեմբերի 13-ին հանդիպել է Լենինին և նրան ներկայացրել է Հայաստանի ծանր վիճակը՝ հատկապես ուշադրություն դարձնելով հայ գաղթականների ու փախստականների անհուսալի դրության և նրանց օգնություն կազմակերպելու հարցին:

Մինչ այդ, դեկտեմբերի 2-ին Լենինը ստացել էր ռազմագերիների հարցով Բեռլինում գտնվող սովետական ներկայացուցիչ Վ․ Կոոպի նամակը, որին կցվել էր Չիչերինի անունով ուղարկված Գերմանիայում գտնվող հայկական գաղութի ներկայացուցիչների գրությունը:

Դեկտեմբերի 14-ին Լենինը Վ. Կոոպի նամակն ուղարկել է Չիչերինին՝ հետևյալ մակագրությամբ. «Ընկ. Չիչերին, երեկ ինձ մոտ էր ՏերԳաբրիելյանը, որը նույնպես խոսեց կոտորածի ահռելի վտանգի մասին:

Թե 600.000 հայ գաղթականներ են զոհվում:

Թե առանց Կարսի Բաքուն վտանգի մեջ է:

Հարկավոր է, ըստ իս, անջատել (1)-ը (2)-ից և ամեն կերպ օգնել (1)-ում:

Ձեր կարծիքը և դուք ի՞նչ եք անում (1)-ի առնչությամբ» (Վ. Ի. Լենին, ԵԼԺ, հ. 52, էջ 46, РГАСПИ, фонд 2, оп. 1, д. 25025, л. 1):

Նույն օրը՝ դեկտեմբերի 14-ին, Չիչերինը պատասխանել է Լենինին՝ գրելով հետևյալը.

«Մեծարգո Վլադիմիր Իլյիչ.

Դուք հարցնում եք հայերին սպառնացող ջարդի և հայ փախստականների մասին, ինչպես նաև Բաքվի համար Կարսի դերի մասին:

Ինձ պարզ չէ, դուք նկատի՞ ունեք ընդհանրապես ամբողջ հայ բնակչությանը սպառնացող վտանգը, թե՞ հատկապես Հյուսիսային Կովկասում կուտակված հայ փախստականների դրությունը: Քանի որ, ընդհանրապես, խոսքը գնում է հայ բնակչության մասին, այդ ուղղությամբ մեր ամբողջ գործունեությունը, ինչպես դուք գիտեք, նկատի ունի կասեցնել թուրքերի հետագա հարձակումը և նրանց համոզել հեռանալ Արփաչայից այն կողմ, Կարսի մարզ:

Դուք գիտեք, որ թուրքերին զենք տալը մենք կապել ենք թուրքերի` Արփաչայի այն կողմը հեռանալու մասին պահանջի հետ: Մենք կկարողանայինք ավելին անել, եթե հնարավոր համարվեր Հայաստան ավելի շատ զորք ուղարկելը։

Իսկ ինչ վերաբերում էր հայ փախստականներին, ապա, ինչպես հայտնում է Չիչերինը, այդ գործը գտնվում էր Հայկական կոմիսարիատի և Վառլամ Ավանեսովի խնամքի տակ, որին անհրաժեշտ օգնություն էր ցույց տալիս արտաքին գործերի ժողկոմատը>> (РГАСПИ, фонд 2, оп. 1, д. 2055, л. 33):

Այսպիսով, պարզվում է, որ եթե Հայաստանում սովետական շատ զորք ունենալու հնարավորություն լիներ, ապա Սովետական Ռուսաստանի կողմից Թուրքիային ներկայացվող պահանջներն ավելի լայն կլինեին և թուրքերը համարձակություն չէին ունենա պնդել իրենց տեսակետը:

ՍՈՎԵՏԱ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ԲԱՆԱԿՑՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՄՈՍԿՎԱՅՈՒՄ

1921 թվականի փետրվարի վերջերին Մոսկվայում սկսվել է սովետաթուրքական բանակցություններ։

Չնայած Թուրքիայի համար դիմադրությանը` Սովետական Ռուսաստանի կառավարությունը Լենինի ցուցումի հիման վրա բանակցությունների մասնակից է դարձրել Սովետական Հայաստանի ներկայացուցիչ,արտաքին գործերի ժողովրդական կոմիսար Ալեքսանդր Բեկզադյանին։

Հենց բանակցությունների սկզբից Սովետական պատվիրակության ղեկավար Չիչերինը ներկայացրել է հետևյալ պահանջը՝վերականգնել ռուսթուրքական սահմանը 1914 թ․ դրությամբ և Հայաստանին վերադարձնել՝ Վանը,Մուշը,Բիթլիսը։

Ինչպես երևում է բանակցությունների արձանագրությունից, թուրքական կողմը չի առարկել Չիչերինի առաջարկությանը, բայց դրա փոխարեն բռնել է բանակցությունները հետաձգելու տակտիկա՝առարկելով որոշ բառերի,արտահայտությունների,նույնիսկ կետադրական նշանների։ Միաժամանակ, թուրքական կողմը պահանջում էր ընդմիջել բանակցությունները մինչև վերոհիշյալ բառերի,կետադրական նշանների փոփոխության մասին ստանար իր կառավարության համաձայնությունը։

Այս մասին Չիչերինը նամակով հայտնել է Լենինին։ Չիչերինը բանակցությունները չընդմիջելու համար, նույնիսկ, թուրքական պատվիրակությանը հնարավորություն է տվել օգտվել սովետական արտաքին գործերի ժողկոմատի հեռագրական կապից։

Այդ նույն օրերին Ռիգայում ընթանում էին բանակցություններ Սովետական Ռուսաստանի և Լեհաստանի պատվիրակությունների միջև։ Այդ բանակցությունները ընթանում էին ի վնաս Սովետական Ռուսաստանի։ Պատճառն այն էր,որ Լեհաստանի դեմ մղված ռազմական գործողությունների ընթացքում սովետական զորամասերը շատ առաջ էին անցել,կտրվել էին թիկունքից և հայտնվել էին շրջապատման մեջ։ Լեհերը գերի էին վերցրել մոտ 100 հազար կարմիր բանակային։Իսկ կարմիր զորամասերի մի մասն էլ, այդ թվում՝ Հայկ Բժշկյանցը իր զորամասով ներկալվել են ու անցել են Գերմանիա։

Փաստորեն, պատերազմում Սովետական Ռուսաստանը պարտվել է, և Լեհաստանը պահանջում էր իրեն հանձնել Արևմտյան Ուկրաինայի և Արևմտյան Բելառուսիայի մարզերը։

Ելնելով այս իրողությունից՝Սովետական Ռուսաստանի պատվիրակությունը ձգտում էր թուրքերի հետ բանակցությունները որքան հնարավոր է շուտ ավարտել։

Սակայն, իրավիճակը փոխվել է 1921 թվականի մարտի 1-ից, երբ Մոսկվա է հասել Հայաստանում Սովետական իշխանությունը տապալելու և դաշնակցության կառավարությունը վերականգնելու մասին Սիմոն Վրացյանի հեռագիրը։

Երկրորդ անգամ Սիմոն Վրացյանը հեռագրով Մոսկվա էր հայտնում,որ Հայաստանում վերականգնված դաշնակցական կառավարությունը պաշտպանում է 1920 թվականի դեկտեմբերի 2-ին Ալեքսանդրապոլում կնքված հայթուրքական պայմանագիրը և պահանջում էր բանակցություններից հեռացնել Հայաստանում այլևս գոյություն չունեցող Սովետական իշխանության ներկայացուցիչ Բեկզադյանին։ Վրացյանը նաև հայտնում էր, որ Հայաստանում վերականգնված դաշնակցական կառավարությունը չի ճանաչելու Հայաստանի վերաբերյալ Մոսկվայում կնքվող որևէ պայմանագիր։

Վրացյանի հեռագրի հիման վրա թուրքական կողմի պահանջով բանակցություններից հեռացվեցին Բեկզադյանը և Չիչերինի տեղակալ Լևոն Կարախանը՝ ազգությամբ հայ լինելու պատճառով։

Հենվելով Վրացյանի հեռագրի վրա՝ թուրքական կողմը պահանջեց օրակարգից հանել 1914 թվականի սահմանը վերականգնելու և Վանը,Մուշը,Բիթլիսը վերադարձնելու հարցը և պահանջում էր ճանաչել 1920 թվականի դեկտեմբերի 2-ի պայմանագիրը։

Սովետական դիվանագիտության համար անսպասելի էր Հայաստանում տեղի ունեցած խռովության արդյունքով ստեղծված իրավիճակը։ Մանավանդ,որ Սիմոն Վրացյանի գլխավորած դաշնակցական կառավարությունը,առանց հայտարարելու, փաստացի պատերազմ էր սկսել Սովետական Ռուսաստանի դեմ։

Հայաստանում տեղի ունեցած խռովության արդյունքով Սովետական իշխանության տապալման և Սովետական Ռուսաստանի ներկայացրած պահանջները թուրքերի կողմից մերժելու մասին Չիչերինը տեղյակ է պահել Լենինին։

Լենինը նկատի ունենալով,որ ստեղծված միջազգային բարդ պայմաններում այլ ելք չի մնացել,Չիչերինին հանձնարարել է աշխատել թուրքերին համոզել սահմանը ճանաչել 1877 թվականի վիճակով, որը հնարավորություն կտա խուսափել Ալեքսանդրապոլում 1920 թվականի դեկտեմբերի 2-ին ստորագրված պայմանագրից և Հայաստանի համար պահել Ալեքսանդրապոլն ու Երևանը։

Միաժամանակ, Լենինը ցուցում է տվել թուրքերի հետ բանակցությունները ավարտել, քանի դեռ ընթանում են սովետալեհական բանակցությունները։

(շարունակելի)

Վլադիմիր ՊԵՏՐՈՍՅԱՆ

Պատմաբան,

պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր

Դիտվել է՝ 2618

Մեկնաբանություններ