Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Թուրքիան դարձել է «ճանապարհին ընկած քար»

Թուրքիան դարձել է  «ճանապարհին ընկած քար»
07.06.2013 | 00:09

Շարունակվում են դեռ մայիսի վերջերին Թուրքիայում ծայր առած բողոքի զանգվածային ցույցերը երկրի մի քանի տասնյակ քաղաքներում։ Եթե անգամ դրանք հեղափոխություն չեն, ապա բնույթով, ինչ խոսք, հեղափոխական են։

Ի՞նչ գործոններով են պայմանավորված այդ զանգվածային դժգոհությունները։
Թուրքիայի տնտեսությունը, ընդհանուր առմամբ, վատ վիճակում չէ։ Չնայած անցած և այս տարի տեղի է ունեցել տնտեսական ակտիվության կտրուկ անկում, այդուամենայնիվ, գրանցվել է կրկնակի ¥և ավելի¤ աճ։ Հնարավոր է, որ բնակչության տրամադրությունների վրա ազդել է տնտեսության ոչ այնքան բարենպաստ հեռանկարը, ինչի մասին օրնիբուն տարփողում են ընդդիմադիր կուսակցություններն ու մամուլը։ Դրա հետ մեկտեղ, ցուցարարների շարքերում չեն նկատվում ո՛չ տնտեսական բնույթի պաստառներ, ո՛չ էլ նման կարգախոսներ։ Նրանք պահանջում են «ազատություն» և ներքին քաղաքականության վեկտորի փոփոխություն, ինչը նշանակում է վերադարձ քեմալիզմի գաղափարներին, ավելի ճիշտ` խոսքը ոչ թե քեմալիզմի մասին է, այլ արևմտականությունը շարունակելու հիմքի վրա հասարակության արդիականացման մասին։ Շարիաթը չի կարող այդքան արագ և խոր արմատներ գցել Թուրքիայի քաղաքական կյանքում ու սոցիալական ոլորտում, ուր մի քանի սերունդ է աճել և դաստիարակվել աշխարհիկ պայմաններում։ Դա միանգամայն հասկանալի է, և հասարակության այդ սոցիալական ձևաչափն անհնար է անտեսել։ Սակայն ներկա կառավարության ընդդիմախոսները նկատի ունեն ոչ միայն շարիաթը, որը համատեղելի չէ առօրյայի և հասարակական վարքագծի հետ։ «Ազատություն և զարգացում» կուսակցության գաղափարախոսությունն ու քաղաքականությունը համատեղելի չեն ժողովրդավարության և ազատությունների հետ։ Մինչև այդ կուսակցության իշխանության գալը Թուրքիան առանց այն էլ աչքի չէր ընկնում ազատության ու ժողովրդավարության բավարար մակարդակով, իսկ հիմա, ընդհանուր գնահատումների համաձայն, երկիրն աստիճանաբար գլորվում է բռնապետության և անգամ կամայականության վիհը։ Էրդողանն ի վիճակի չէ շարունակելու իր քաղաքականությունը և հետապնդելու իր կուսակցության նպատակները` առանց բռնապետական հնարքների ու մոտեցումների ուժեղացման։
Իհարկե, թուրք հասարակությունը սոցիալական առումով բազմերանգ է` չհաշված ազգային ու դավանական առանձնահատկությունները, և կան բնակչության բազմամիլիոնանոց շերտեր, որոնք լիովին հավանություն են տալիս «չափավոր» իսլամիզմի սկզբունքին։ Թուրքիայի գավառներում հանրությունը հանդես է գալիս ի պաշտպանություն կառավարող կուսակցության, իսկ քաղաքներում տարածված են բողոքի տրամադրությունները։ Ճիշտ չէր լինի պնդել, թե «Ազատություն և զարգացում» կուսակցությունը կորցնում է իր ընտրազանգվածն ու սոցիալական բազան։ Կուսակցությունը շարունակում է աջակցություն վայելել, և այդ հանգամանքն իրեն դեռ զգալ կտա։ Միանգամայն հնարավոր է, որ իշխանությունները փորձեն հակընդդեմ ելույթներ կազմակերպել, բայց այս պահին շատ վախեցած են, թեև ներքին ուժային կառույցները նրանց զգուշացնում էին երկրում ահագնացող տրամադրությունների մասին։ Հնարավոր է նաև, որ իշխանությունները նախընտրեն արտակարգ դրություն մտցնել երկրի զգալի մասում։ Այլ սցենարներ ևս հնարավոր են. մի ինչ-որ փուլում զինվորական շրջանակները կարող է նախընտրեն իրենց դիրքորոշումը հայտնել և անգամ զինվորական հեղաշրջում կատարել։
Արևմուտքի քաղաքական գործիչների ու լրատվամիջոցների ելույթներից կարելի է հետևցնել, որ ԱՄՆ-ը, Իսրայելն ու հնարավոր է նաև այլ պետություններ որոշակի առնչություն են ունեցել Թուրքիայի իրադարձություններին։ Դա շատ հնարավոր է, եթե ուշադրության առնենք, որ Թուրքիան արևմտյան ռազմավարությունների տեսակետից «պարկեշտ» վարքագծի բոլոր սահմաններն անցել է։ Որքան էլ ամերիկացիներն ու թուրքերը ջանան իրենց ներկա փոխհարաբերությունները ներկայացնել իբրև հարթ ու կանոնավոր, դրանք բնավ էլ բավարար չեն և գնալով վատթարանում են։ Այստեղ ոչ մի կասկած չկա, եթե նկատի առնենք, որ այդ թեման բարդ հարց է միջազգային բանավեճի ոլորտում։ ԱՄՆ-ը փորձել է Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու մի քանի մոտեցում իրականացնել, գործադրելով ավանդական ու նոր եղանակներ։ Սկսած 2010-ից, Վաշինգտոնում ձգտում էին Անկարայի հետ հարաբերությունների բարելավման տարբերակներ առաջարկել։ Նախ փորձեցին Թուրքիան անտեսելու քաղաքականություն վարել, ինչը մասամբ տեղ ունի նաև հիմա։ Ապա փորձեր արվեցին վերցնելու խնդիրների մի որոշակի շրջանակ, որոնց շուրջ իբր հնարավոր է պայմանավորվածության գալ, իսկ մյուս խնդիրները քննության էլ չառնել։ Առաջին հերթին ՆԱՏՕ-ի գծով և այլ հարցերում ԱՄՆ-ի ու գործընկերների հանդեպ Թուրքիայի ունեցած պարտավորությունները պիտի կատարվեն։ Մյուս խնդիրները դեռևս, կարծես, կարող էին քննարկվել։ Սակայն այս սխեման ձախողվեց, և ոչնչի չհաջողվեց հասնել։ Թուրքիան շարունակեց իր պահանջները ներկայացնել նախ և առաջ Մերձավոր Արևելքում և հատկապես Սիրիայի առնչությամբ։ Չնայած Թուրքիան ոչ մի անգամ հայտարարություն չի արել Սիրիայի իրադարձություններին իր ռազմական միջամտության անհրաժեշտության մասին, այդուամենայնիվ, նա շարունակում է այդ բանը պահանջել ու պնդել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ անցկացվող քննարկումների ընթացքում։ Դա չէր կարող չնյարդայնացնել ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ի առաջատար պետություններին և, հնարավոր է, Սիրիան վերջին չափաբաժինը դարձավ ԱՄՆ-ի համբերության կշեռքին։ Չիկագոյի 2012 թ. մայիսյան գագաթնաժողովում, որտեղ ենթադրվում էր ձեռնամուխ լինել դաշնախմբի զարգացման նոր մոտեցումներին, Թուրքիան բառացիորեն փորձեց խափանել այդ համաժողովի աշխատանքը։ Նա թույլ չտվեց ընդունել ՆԱՏՕ-ի հիմքի վրա Եվրամիության անվտանգության նոր համակարգի ձևավորման հայեցակարգը։ Իսրայելին հնարավորություն չտրվեց դառնալու ՆԱՏՕ-ի ասոցիացված անդամ։ Ընդունվեց Արևմտյան ընկերակցությանն այնքան էլ չբավարարող բանաձև տարածաշրջանային հակամարտությունների վերաբերյալ։ Թուրքիան մշտապես ջանում է տարածաշրջանային խնդիրների քննարկումը տեղափոխել ՆԱՏՕ-ի դաշտ, այդ թվում նաև` ղարաբաղյան խնդրի քննարկումը։ Մինչդեռ ՆԱՏՕ-ն չի ուզում, որ իր դաշտում քննարկվեն քաղաքական այնպիսի խնդիրներ, որոնք դաշնախմբի հետ առնչություն չունեն։
Թուրքիայի այդ նկրտումների կապակցությամբ հետաքրքրություն են ներկայացնում ամերիկյան փորձագետների գնահատականները։ Նրանք այնքան էլ հաճույքով չեն խոսում այդ թեմայով, նախընտրելով առանձնապես «չբացվել» ռազմավարական քաղաքականության մի բլոկի առնչությամբ, որը ձևավորվել է այդքան խնդրահարույց մի տարածաշրջանում աշխարհառազմավարական գործընկերոջ հետ երկարամյա սերտ համագործակցության շնորհիվ։ Ամերիկյան առաջատար քաղաքագետներից մեկի` ամերիկյան քաղվերլուծության ռահվիրա Էնթոնի Քորդեսմանի կարծիքով` «Թուրքիայի մասին ամերիկյան փորձագետների շատ արտահայտություններ, անկասկած, ճիշտ են, բայց միայն մասամբ, ոչ լիակատար»։ Այս ձևակերպումը մեծապես արտացոլում է ամերիկյան քաղաքագիտության և վերլուծաբանության մեջ տիրող իրադրությունը, քանի որ ամերիկյան շատ հետազոտողներ երկար տարիներ սերտորեն կապված են Թուրքիայի հետ, նախ և առաջ թուրքական կառավարության հետ։ Եթե անգամ այդ համագործակցությունը հետևում է մնացել, միևնույն է, ամերիկյան հետազոտողները պատասխանատվություն են զգում ոչ միայն նախկին պարտավորությունների համար, այլև այն պատճառով, որ ընդունակ չեն ճիշտ կանխատեսելու Թուրքիայում տեղի ունեցող գործընթացներն ու երևույթները։
Ամերիկյան ¥ինչպես նաև բրիտանական¤ փորձագետների մեծ մասը չի առարկում իրեն առաջարկվող հետևյալ ձևակերպմանը. «Ամերիկա-թուրքական և թուրք-ամերիկյան հարաբերություններում խոր ճգնաժամ չկա, հարաբերությունները շարունակում են լինել կանխատեսելի ու համաչափ։ Սակայն գոյություն ունեցող խնդիրները խորանալու միտում ունեն. հույսեր չկան, թե դրանք շուտ կլուծվեն, ինչը չի կարող ԱՄՆ-ին թույլ տալ այսուհետ ևս Թուրքիան հուսալի գործընկեր համարել»։ Այդուամենայնիվ, այդ ձևակերպումն այնքան էլ համարժեք չէ իրադրությանն ու այնքան էլ ճիշտ չէ, ուստի և կարիք ունի ինչպես «վերծանման», այնպես էլ տեղի ունեցող գործընթացների վերլուծության։ Էնթոնի Քորդեսմանի գնահատմամբ, այնպիսի տարածաշրջաններ ներկայացնող փորձագետների համար, ինչպիսիք են Կովկասը, Մերձավոր Արևելքը, Բալկաններն ու Ռուսաստանը, բնորոշ է ամերիկյան քաղաքականության մեջ Թուրքիայի դերի գերագնահատումը։ Թուրքիան ԱՄՆ-ի համար իրոք կարևոր երկիր է, առաջատար գործընկեր Մերձավոր Արևելքում։ ԱՄՆ-ը Թուրքիայի հետ կապված է Սև և Կասպից ծովերի շրջանում, Մերձավոր Արևելքում ունեցած մի շարք խնդիրներով։ Բայց Թուրքիայի հետ կապված խնդիրներն առաջնային չեն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության համար։ «Մի ամբողջ օր անցկացնելով Ազգային անվտանգության խորհրդում, հնարավոր է բառ անգամ չլսել Թուրքիայի մասին»,- պնդում է Քորդեսմանը։ Նրա ասելով, առաջատար ինստիտուտների ու վերլուծական կենտրոնների ծրագրերում Թուրքիան լավ է ներկայացված, նա բավականին հաճախ է հիշատակվում նաև այն հրապարակումներում, որոնք վերաբերում են մի շարք տարածաշրջանների ու նախագծերի հետ կապված բազմաթիվ խնդիրների։ Այդ ամենը տպավորություն է ստեղծում, թե Թուրքիան ԱՄՆ-ի համար առանցքային խնդիր է։ Էնթոնի Քորդեսմանի գնահատմամբ, Թուրքիայում ԱՄՆ-ի տնտեսական կապերն ու տնտեսական ներկայությունը աննշան են։ ԱՄՆ-ի նախագծած` տարածաշրջանի էներգամատակարարման ուրվապատկերը, ըստ էության, ավարտված է։ Թուրքիայի հետ կապված նախագծերն ունեն բացարձակ քաղաքական ապահովվածություն։ Միջտարածաշրջանային այլ նախագծեր միջնաժամկետ հեռանկարում չեն նախատեսվում։ Բայց եթե հարաբերությունների առկա մակարդակը լիովին ձեռնտու է ԱՄՆ-ին, ապա ձեռնտու չէ Թուրքիային։ Դրա համար էլ Թուրքիան հանդես է գալիս ԱՄՆ-ի համար ոչ միշտ ընդունելի տարբեր առաջարկություններով ու պահանջներով։ Այդ կարծիքին են նաև ամերիկյան այլ փորձագետներ։ Միաժամանակ, սակայն, մի շարք փորձագետներ էլ ¥Վեյն Մերրի, Բյուլենթ Ալիռըզա, Սոներ Քագաթայ, Ջեյմս Ջաթրաս, Ֆիոնա Հիլլ, Ջոն Սիթիլիդիս և այլք¤ համարում են, որ թուրք-ամերիկյան հարաբերություններում լարվածությունն աճել է, և խնդիրները համակարգային են։ Նրանց գնահատմամբ, դժվարություններն սկսել են ավելանալ վերջին տասնամյակում, բայց ԱՄՆ-ը չի կարողացել ժամանակին իմաստավորել դեպքերը և հենվել ավանդական գործընկերների` թուրք գեներալների վրա, որոնք, ի դեպ, իրենք են ենթարկվում քաղաքական նոր հովերի ազդեցությանը։ Այդ միտումների անտեսումը հանգեցրել է ԱՄՆ-ի թուրքական քաղաքականության ձախողմանը, որի հետևանքով անհրաժեշտություն է առաջացել ոչ թե մարտավարական պլանների ինչ-որ ճշգրտման, այլ մերձավորարևելյան տարածաշրջանում մի շարք «հենման» գործընկերների կարգավիճակի վերանայման։ Փորձագետների այդ խմբի կարծիքով, ամերիկա-թուրքական հարաբերությունները փոփոխության կենթարկվեն անգամ այն դեպքում, եթե Թուրքիան բարեհաճ լիներ ԱՄՆ-ի նկատմամբ, ասենք, Իրաքում իրականացված ռազմական գործողության կապակցությամբ։ Իրադարձությունների նման շրջադարձը փորձագետները պայմանավորում են մերձավորարևելյան այդ տերության` որպես տարածաշրջանային գործընկերոջ, հանդեպ ԱՄՆ-ի հետաքրքրության նվազման միտումով։ Թուրքիան սկսեց դրանում ակնբախորեն համոզվել հիմա` հենց սեփական հավակնությունների մեծացման ժամանակ։
Փորձագետների մի այլ խումբ ¥Սվենթ Քոռնելլ, Փիթեր Ռոզենբլաթ, Փոլ Սանդերս, Ջուդիթ Քիփեր, Զենո Բարան, Պատրիկ Կլաուսոն¤, որը ներկայացնում է ոչ միայն նշանավոր հետազոտական ինստիտուտներ ու կենտրոններ, այլև ամերիկյան քաղաքական վերնախավի ազդեցիկ խմբավորումներ, ավելի լավատեսորեն է նայում ամերիկա-թուրքական հարաբերությունների հեռանկարին։ Նրանց կարծիքով, չնայած ակնհայտ ձախողմանը, երկու կողմերը ձգտում են կայունացնել հարաբերությունները, դրանց նոր բովանդակություն ավելացնել և, որ կարևոր է, որոշակի պայմանավորվածությունների հասնել խորհրդակցության կանոնների և արտաքին քաղաքականության հարցերի համաձայնեցման առնչությամբ։ ԱՄՆ-ն ու Թուրքիան հասկանում են, որ նախկին հարաբերություններին վերադարձ չկա և հարկավոր է նոր հարաբերություններ կառուցել։ Այդ հարաբերությունները պետք է ներառեն այնպիսի հարցեր, ինչպիսիք են քաղաքականության տարածաշրջանային ուղղությունները, սպառազինությունների ու զինված ուժերի արդիականացումը, Թուրքիայի ներքին խնդիրների ու անվտանգության ընդհանուր խնդիրների շուրջ այլ գործընկերների` ՆԱՏՕ-ի ու Եվրամիության հետ համագործակցությունը։ Առանձին փորձագետների կարծիքով, Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացմամբ առավել շահագրգռված է ԱՄՆ-ի պաշտպանական գերատեսչությունը, որի վրա տարածաշրջանում ծանրացած են Թուրքիայի հետ համագործակցությամբ պայմանավորված մի շարք խնդիրներ։ ԱՄՆ-ի Կոնգրեսում Թուրքիան ոչ մի ժողովրդականություն չունի, իսկ, այսպես կոչված, թուրքամետ լոբբին ըստ էության փլուզվել է։ Ընդ որում, Թուրքիայի շահերի առավել մոլի պաշտպանները ժամանակի ընթացքում բացահայտ հակաթուրք դիրք են բռնել։ Հայ և հույն լոբբիստների կարծիքով, ավելի հեշտ է դարձել Թուրքիային կատարվող զինամատակարարումների վերաբերյալ Կոնգրեսի որոշումների խափանումը։ Իսկ ինչ վերաբերում է կիպրական հարցին, ապա ԱՄՆ-ը առանց էական առարկությունների ընդունեց Կիպրոսի Հանրապետության ղեկավարության դիրքորոշումը ՄԱԿ-ի և Եվրոպական ընկերակցության նախաձեռնությունների առնչությամբ, մինչդեռ Կոնգրեսը սովորաբար խիստ անտարբեր է վերաբերվում ինչպես առանձին երկրների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների կողմից ընդունվող հակաամերիկյան որոշումներին։
Ամերիկյան ու բրիտանական քաղաքական գրականության մեջ Թուրքիայի խնդիրները սկսել են դիտարկվել որպես բավական սկզբունքային։ Որոշակի իմաստով, Թուրքիան ԱՄՆ-ի շահերի ու քաղաքականության առնչությամբ դարձել է Արևելքի Ֆրանսիա, այսինքն, լինելով ԱՄՆ-ի դաշնակիցը, նա դարձել է «ճանապարհին ընկած քար», որին դիպչելով ԱՄՆ-ը շարունակ գայթում է։ Փորձագետների մեծ մասը չի թաքցնում ափսոսանքը տեղի ունեցող իրադարձությունների և ամերիկա-թուրքական հարաբերությունների կարգավորման անհաջող փորձերի առթիվ։ Տպավորություն է ստեղծվում, թե ԱՄՆ-ն ընդհանուր առմամբ հաշտվել է այդ վիճակի հետ և չի ձգտում նոր ինքնատիպ որոշումներ ընդունել, առավել ևս հանդես գալ Մերձավոր Արևելքում կամ Եվրասիայում քաղաքականության ծավալման ասպարեզում Թուրքիայի հավակնություններին ընդառաջող սկզբունքորեն նոր նախաձեռնություններով։
Թուրքիայի ներկա իրադարձությունները տեղի են ունենում հենց այդ միջազգային պայմաններում, որոնք չեն կարող ազդեցություն չգործել ներքաղաքական իրավիճակի վրա։ Թուրք հանրությունը չի կարող չտեսնել ու չհասկանալ, որ ներկա վարչախումբը երկիրը տանում է դեպի միջազգային մեկուսացում, ինչը, վաղ թե ուշ, կհանգեցնի տնտեսական ճգնաժամի, հնարավոր է նաև տարածաշրջանային զինված ընդհարումների։ Փաստորեն, Թուրքիան հայտնվել է այնպիսի իրավիճակում, երբ Մերձավոր Արևելքում առաջացել է մի «Վիետնամ», որի մեջ ինքն ավելի ու ավելի է ներգրավվում և գլխավորապես արդեն հակառակ իր ցանկության։ Թուրքիան բավական վախեցած է այդ իրավիճակից, ուստի և ՆԱՏՕ-ից թախանձագին օգնություն է հայցում, այդպես էլ իրականացած չտեսնելով սեփական հավակնությունները։ Արտաքին քաղաքականության մեջ ստեղծված այսչափ բարդ իրավիճակը չի կարող չանդրադառնալ երկրի ներքաղաքական ու սոցիալական իրավիճակի վրա։

Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 25658

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ