ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

1994 թվականի հրադադարի համաձայնագրի «հայրը» հայ-ադրբեջանական նոր պատերազմի պատճառների մասին

1994 թվականի հրադադարի համաձայնագրի «հայրը» հայ-ադրբեջանական նոր պատերազմի պատճառների մասին
03.06.2016 | 03:26

22 տարվա խաղաղությունից հետո 2016-ի ապրիլին Ղարաբաղի սառեցված հակամարտությունը անսպասելիորեն նորից բռնկվեց: Ինչո՞ւ «պայթեց» Ղարաբաղը: Ինչպե՞ս էր հաջողվել դադարեցնել արյունահեղ պատերազմը հայերի ու ադրբեջանցիների միջև 22 տարի առաջ: Ինչո՞ւ խաղաղապահ ուժեր չէին մտցվել Ղարաբաղ: Այս ամենի մասին է «Московский комсомолец» թերթի մեկնաբանը խոսել իրադարձությունների անմիջական մասնակցի ու հրադադարի համաձայնագրի հեղինակի հետ: Ռուս դիվանագետ ՎԼԱԴԻՄԻՐ ԿԱԶԻՄԻՐՈՎԸ 1992-96 թթ. եղել է Լեռնային Ղարաբաղի հարցում ռուսական միջնորդ առաքելության ղեկավարն ու Ռուսաստանի նախագահի լիազոր ներկայացուցիչը, ԵԱՀԿ Մինսկի խմբի մասնակիցն ու համանախագահը Ռուսաստանի կողմից:

-Վլադիմիր Նիկոլաևիչ, Դուք Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման բանակցությունների առանցքային մասնակիցն եք: Ավելին, Դուք պատերազմին վերջ տված անժամկետ հրադադարի մասին 1994 թ. համաձայնագրի հեղինակն եք: Այդ համաձայնագրի շնորհիվ մինչև այս տարվա ապրիլ Ղարաբաղում հարաբերական խաղաղություն էր տիրում: Ինչո՞ւ խախտվեց այդ խաղաղությունը:
-Կասկածներ չկան, թե ով է վերջին իրադարձությունների նախաձեռնողը: Ի դեպ, Մոսկվայում Ադրբեջանի դեսպանը, իմ կարծիքով, իր «գերնախաձեռնողականությամբ» վատ ծառայություն մատուցեց Բաքվի իր ղեկավարությանը: Նա ուղղակիորեն ասաց, թե Բաքուն իրավունք ունի ռազմական ուժով հետ նվաճելու այդ տարածքները: Ես կարծում եմ, որ ստորագրված փաստաթղթերը բավարար են հրադադարի ռեժիմի պահպանումը շարունակելու համար: Դրա համար ինչ-որ նոր փաստաթղթեր ստորագրելու անհրաժեշտություն չկա: Թեև ոմանց մեջ նման մարմաջ կարող է ի հայտ գալ:
Այլ բան է, որ ոչ բոլորն են պատրաստ լրջորեն կատարելու այդ համաձայնագրերը: Մի անգամ Հեյդար Ալիևը միանգամայն հաստատակամ ձևակերպեց, ասելով, որ հակամարտությունը պետք է կարգավորել բացառապես խաղաղ ճանապարհով: Նրա ժառանգը արդեն դժվարությամբ է արտաբերում «նախընտրելի է խաղաղ ճանապարհով» բառերը: Իսկ թե ինչպես է գործում՝ ինքներդ տեսաք ապրիլի 2-ին: Իլհամն այսօր ավելի շատ շեշտադրում է այն, որ պետք է վերացնել Ղարաբաղի շրջակա ադրբեջանական շրջանների հայկական օկուպացիան: Իսկ այնտեղ 7 շրջան է, ախր, 5 շրջան գրավված է լրիվ, 2 շրջան՝ մասամբ: Բայց չէ՞ որ այդ գրավման պատճառն այն էր, որ Ադրբեջանը ոչ մի կերպ չէր ուզում դադարեցնել պատերազմական գործողությունները՝ հուսալով, որ ուր որ է ինքը կճզմի հայերին: Այնինչ, ստացվեց լրիվ հակառակը, և նրանք կորցրին շրջան շրջանի հետևից:
-Ինչո՞ւ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի չորս բանաձևերը չկարողացան կասեցնել պատերազմը:
-Դրանք բոլորը ձախողվեցին, չկատարվեցին: Չկատարվեցին ո՞ւմ կողմից: Ադրբեջանի՛ կողմից: 1993 թ. գարնանը հայերը գրավեցին Քելբաջարը: Այդ գործողության հաջողությունը հայերի համար ապահովեց ևս մեկ կամուրջ Ղարաբաղի ու Հայաստանի միջև, բացի Լաչինի միջանցքից: Դրանից հետո Ադրբեջանը նախաձեռնություն է հանդես բերում, որ այդ հարցը քննարկի Անվտանգության խորհուրդը: 1993 թ. ապրիլի 30-ին Անվտանգության խորհուրդն ընդունում է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 822-րդ բանաձևը: Բաքուն հույս ուներ, որ բանաձևը հայերից կպահանջի ազատել գրավված ադրբեջանական տարածքները: Բայց ադրբեջանական կողմը հաշվի չէր առել, որ այդ պահանջին փաստաթղթում կնախորդի մի առանցքային պահանջ. անհապաղ դադարեցնել կրակը, պատերազմական գործողություններն ու անգամ «թշնամական ակտերը»: Իսկ ի՞նչ է նշանակում «թշնամական ակտեր»: Հայկական տարածքների շրջափակում՝ էներգետիկ, տնտեսական, փոխադրական: Ահա այս բանը Բաքուն չէր սպասում: Իսկ դա բոլոր չորս բանաձևերում գլխավորն է, առանցքային պահանջը կրակի դադարեցումն է: Բայց Ադրբեջանը դեռ պատրանքներ էր փայփայում, թե հայերին ուժով կկոտրի: Նրա ներուժը, իհարկե, շատ ավելի պատկառազդու է, քան Հայաստանի ներուժը: Թե՛ տարածքի, թե՛ բնակչության, թե՛ զինվածության առումով: Որովհետև ԽՍՀՄ փլուզումից հետո Ադրբեջանին շատ ավելի մեծ քանակությամբ սպառազինություն հասավ, քան Հայաստանին: Օրինակ, Աղդամի զինապահեստները՝ դրանք Անդրկովկասում խորհրդային բանակի ռազմավարական պաշարներն էին: Ադրբեջանում կար մոտ 16 օդանավակայան: Հայաստանում՝ 2-3 ընդամենը: Բայց միայն ռազմական հզորությունը քիչ է հաղթանակի համար: 822-րդ բանաձևի ընդունումից հետո ես դիմեցի ամերիկացիներին և անգամ թուրքերին: Եվ մենք երեքով՝ Ռուսաստանը, ԱՄՆ-ը և Թուրքիան, հակամարտության բոլոր երեք կողմերին ուղղեցինք հետևյալ գրավոր հարցը. «Պատրա՞ստ եք դուք, արդյոք, 822-րդ բանաձևի լիակատար իրագործմանը»: Երևանն ու Ստեփանակերտը համաձայնություն տվեցին: Բաքուն նախընտրեց առհասարակ չպատասխանել: Որովհետև նա, այնուամենայնիվ, հաղթանակի հույս ուներ: Դրա համար էլ պատերազմը չդադարեց: ՈՒ, փաստորեն, Ղարաբաղի վերաբերյալ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բոլոր 4 բանաձևերը արժեզրկվեցին: Անվտանգության խորհուրդն արդեն չէր ուզում հինգերորդ բանաձևն ընդունել, քանի որ դա վարկաբեկում էր իրեն: Նա բանաձևեր է ընդունում, իսկ դրանք չեն կատարվում: ՈՒստի, երբ մենք աշխատում էինք հրադադարի համաձայնագրի վրա, չէինք կարող հիմք ընդունել Անվտանգության խորհրդի բանաձևերը: Մենք հարկադրված էինք մեզ համար այլ հիմք գտնել:
-Իսկ ի՞նչ հիմք էր դա:
-1994 թ. մարտին և ապրիլին Մոսկվայում մեկը մյուսի հետևից տեղի ունեցան ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի երկու նիստեր: Երկրորդի ժամանակ, ապրիլի 15-ին, ես պատրաստեցի պետությունների ղեկավարների խորհրդի հայտարարության տեքստ, որտեղ կտրականապես հայտարարված էր մարտական գործողությունները դադարեցնելու անհրաժեշտության մասին: Եվ մենք ունեցանք հենակետ, մի փաստաթուղթ, որի հիմքի վրա կարելի էր աշխատել:
-Ի՞նչ դեր խաղաց Բիշքեկի գագաթնաժողովը:
-Մայիսի 5-ին մենք Բիշքեկ հրավիրեցինք ԱՊՀ երկրների խորհրդարանների ղեկավարներին: Նրանք ստորագրեցին Բիշքեկի արձանագրությունը, որով կոչ էր արվում դադարեցնել ռազմական գործողությունները: Ես ուզում էի օգտագործել Հաղթանակի օրը, և դրա համար էլ սկզբում առաջարկվում էր կրակը դադարեցնել մայիսի 8-ի լույս 9-ի գիշերը: Բայց դա չգործեց: Հեյդարն այդ ժամանակ մեկնեց Բրյուսել՝ ՆԱՏՕ-ի հետ ստորագրելու «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրին Ադրբեջանի անդամակցության փաստաթուղթը: Երկրում տիրություն էր անում խորհրդարանի նախագահ Ռասիվ Գուլիևը: Դրա համար Բիշքեկ էր եկել փոխնախագահ Ջալիլովը: ՈՒ նա այնտեղ ամեն կերպ ջանում էր հավասարության նշան դնել Ղարաբաղի ադրբեջանական համայնքի և բուն Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների իրավունքների միջև: Բայց հայերը կռվում էին Բաքվի և ոչ թե ադրբեջանական համայնքի դեմ, որն արդեն չկար Ղարաբաղում: Դա մեզ ստիպեց փոխել ժամկետները: Ստիպված էի մայիսի 9-ին մեկնել Բաքու, և այնտեղ նրանք ստորագրեցին, վերջապես, Բիշքեկի արձանագրությունը: Որովհետև Բիշքեկում Ջալիլովը հրաժարվեց այն ստորագրելուց:
-Սկզբունքային ի՞նչ նոր բան կար այդ փաստաթղթերում:
-Մենք մտցրել էինք ևս մեկ պահանջ, որ չկար Անվտանգության խորհրդի բանաձևերում: Մենք պահանջում ենք ոչ միայն հրադադար, այլև դրա հուսալի ամրապնդում: Այնտեղ մի այսպիսի նախադասություն կա. «Առանց դրա ¥այսինքն՝ հրադադարի հուսալի ամրապնդման¤ անհնար կլինի անցնել ողբերգական հակամարտության հետևանքների վերացմանը»: Դա նշանակում է՝ գրավյալ տարածքները կազատվեն միայն այն ժամանակ, երբ հուսալիորեն ամրապնդված կլինի հրադադարը: Բաքուն հարցն այսպես է դնում. «Տվեք մեզ գրավված տարածքները առանց որևէ պարտավորության»: Առանց որևէ պարտավորության՝ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում, և առանց պարտավորության՝ չվերսկսելու ռազմական գործողությունները: Իսկ հայերի կողմից, ասենք՝ մեր կողմից նույնպես, հարցն այսպես էր առաջադրվում. նախ հարկավոր է ապահովել հուսալի հրադադար, բացառել պատերազմական գործողությունների վերսկսման հնարավորությունը:
-Պատմեք, կոնկրետ ինչպե՞ս անցավ հրադադարի համաձայնագրի կնքումը:
-1994 թ. մայիսի 9-ին ես Բաքվում էի և պատրաստում էի համաձայնագրի տեքստը: Խնդիրն այն էր, որ Հեյդար Ալիևը ոչ մի կերպ չէր ուզում հրադադարի փաստաթուղթը ստորագրել Լեռնային Ղարաբաղի հետ: Նա ուզում էր համաձայնագիրը ձևակերպել Երևանի հետ, որովհետև Հայաստանը ճանաչված պետություն էր: Նա չէր ուզում Ղարաբաղը ճանաչել որպես բանակցության կողմ:
Մյուս կողմից, Հայաստանն այն ժամանակ ամեն կերպ խույս էր տալիս համաձայնագրի ստորագրումից: Երևանը ձևացնում էր, թե հակամարտության կողմ չէ, որ իրենք, իբր, միայն օգնում են Լեռնային Ղարաբաղին, բայց պատերազմն իրենց հետ չէ: Դա շինծու դիրքորոշում էր: Այդ հակամարտության ձևաչափի մեր ընկալումն այն էր, որ դրանում կա երեք կողմ: Ռազմական առումով՝ ղարաբաղյան հայերն ու երևանյան հայերը միասին էին կռվում: Իսկ քաղաքական առումով՝ Երևանի ու Ստեփանակերտի միջև շատ մեծ տարակարծություններ էին լինում, անգամ հակասություններ էին առաջանում երբեմն: ՈՒստի իրապես պետք էր հաշվի առնել, որ Լեռնային Ղարաբաղը հակամարտության ինքնուրույն կողմ է: Իհարկե, դա դուր չէր գալիս Ադրբեջանին, որովհետև Ղարաբաղը նրա նախկին ինքնավար մարզն էր:
-Բայց չէ՞ որ Բաքուն նախկինում արդեն համաձայնագրեր ստորագրել էր Ղարաբաղի հետ:
-Այո, արդեն մեկ տասնյակի չափ փաստաթղթեր կային Բաքվի ու Ստեփանակերտի միջև ստորագրված, սակայն առանց Երևանի: Իսկ Երևանի հետ նրանք ընդամենը երեք փաստաթուղթ էին ստորագրել: Այսինքն, երբ կարիքը նեղում էր, ադրբեջանցիները ստիպված էին լինում ժամանակավոր հրադադարի փաստաթղթեր ստորագրել անմիջականորեն Լեռնային Ղարաբաղի հետ: Բայց այն պահին, երբ արդեն հասնում էինք կրակի լիակատար դադարեցման, համառում էր Հեյդար Ալիևիչը, ոչ մի կերպ չէր ուզում: Եվ ինձ խնդրում էր, որ մեկ անգամ էլ կապվեմ Երևանի հետ: Ես զանգեցի Երևան: Ոչ միայն նրա խնդրանքով, այլև այն պատճառով, որ դա համապատասխանում էր մեր ընկալմանը, մեր այն հայեցակարգին, որ բոլոր երեք կողմերը պետք է ստորագրեն այդ համաձայնագիրը: Եվ հանկարծ մոտ մեկուկես ժամ հետո ես պատասխան հեռախոսազանգ եմ ստանում Երևանից, որով ստորագրման համաձայնություն են տալիս:
Եթե տեսնեք փաստաթուղթը, ապա կնկատեք, որ ամբողջ տեքստը հավաքված է համակարգչով, իսկ «ՎՌվՌրՑՐ ՏոՏՐՏվօ ԸՐՎպվՌՌ» բառերը գրված են իմ ձեռքով: Հայկական կողմից համաձայնագիրը ստորագրեց Հայաստանի ներկա նախագահ, այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Նա նույնիսկ երկու շտկում կատարեց: Այդ շտկումների համաձայնեցումը այլ իրավիճակում ամիս կտևեր, բայց այստեղ հայերն ադրբեջանցիներին արդեն շատ ուժեղ էին սեղմել:
-Ադրբեջանը պարտություննե՞ր էր կրում ռազմաճակատում:
-Այն ժամանակ վտանգ կար, որ հայերը դուրս կգան Կուր գետ, որից հետո Ադրբեջանի հյուսիս-արևմուտքը կարող էր կտրվել: Կարող էր կրկնվել կիսամյա հնության պատմությունը, երբ հայերը դուրս եկան Իրանին սահմանակից Արաքս գետի ափ և Ադրբեջանի հարավ-արևմուտքը կտրվեց: Այն ժամանակ զինվորականներն ու խաղաղ բնակչությունը փախչում էին Իրանի տարածքով: ՈՒ եթե նույն բանը կրկնվեր երկրորդ անգամ, Հեյդարը պաշտոնում չէր մնա:
Դրա համար էլ ադրբեջանցիները այդ շտկումներին համաձայնեցին անմիջապես: Մայիսի 9-ին համաձայնագիրը ստորագրվեց Բաքվում՝ Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդրաֆի Մամեդովի կողմից, մայիսի 10-ին Երևանում իր ստորագրությունը դրեց Սերժ Սարգսյանը, մայիսի 11-ին Ստեփանակերտում ստորագրեց ԼՂՀ պաշտպանության բանակի գլխավոր հրամանատար Սամվել Բաբայանը: Համաձայնագրի տեքստը հարկ եղավ պատճենել երեք օրինակից՝ երեք կողմերից յուրաքանչյուրի առանձին ստորագրման համար: Բաքվից ես «ադրբեջանական» տարբերակով վերադարձա Մոսկվա, մնացած թերթերն ինձ ուղարկեցին ֆաքսով: Այնպես որ, Լեռնային Ղարաբաղում կրակի դադարեցման մասին համաձայնագիրը դարձան այդ երեք ստորագրված թերթերը: Մայիսի 12-ին համաձայնագիրը ուժի մեջ մտավ:
Համաշխարհային փորձը նման բան տեսած չկար: Իրավաբանական հստակությունը պահանջում է, որ փաստաթուղթը ստորագրվի նույն օրը, նույն տեղում: Իսկ այստեղ՝ ստորագրման երեք օր և երեք տարբեր կետ: Բայց համաձայնագրի կնքման հետաձգումը վտանգավոր էր: Կողմերից որևէ մեկը կարող էր հաջողության հասնել ռազմաճակատում, և հարկ կլիներ ամեն ինչ սկսել սկզբից:
-Ստացվում է, որ Ղարաբաղում հրադադարը ձեռք է բերվել շնորհիվ Ռուսաստանի միջնորդության: Ինչպե՞ս դրան վերաբերվեցին արևմտյան գործընկերները:
-Արևմուտցիները շատ խանդոտ վերաբերվեցին դրան, որովհետև նրանք մտադրվել էին Ռուսաստանը դուրս մղել Անդրկովկասից: Երևան կատարած իմ ուղևորություններից մեկի ժամանակ՝ 1994 թ. հուլիսին, Հայաստանի նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանկարծ ինձ ասում է, թե իրեն զանգահարել է շվեդ դիվանագետ Յան Էլիասոնը, ով այդ ժամանակ Մինսկի խմբի նախագահն էր: Շվեդն առաջարկել էր «հրադադարը երկարացնել 30 օրով»: Ես լիակատար տարակուսանքի մեջ էի: Ասում եմ. «Լևոն Հակոբովիչ, ինչպե՞ս թե երկարացնել 30 օրով: Չէ՞ որ մենք այն կնքել ենք անժամկետ»: Կա մի այսպիսի դիվանագիտական հնարք՝ «լռություն»: Այսինքն, եթե ոչ մի ժամկետ նշված չէ, ապա համաձայնագիրը անժամկետ է: Մինչ այդ եղել էին ժամանակավոր հրադադարների մասին 10-12 տարբեր պայմանավորվածություններ՝ այնտեղ բոլորի մեջ ժամկետը նշված է: Իսկ այստեղ հանկարծ մենք կարծես մոռացել էինք ժամկետի մասին: Հատուկ, դիտմամբ էինք մոռացել: Հեյդար Ալիևն էլ էր դրան համաձայն: Բայց արևմուտցիները ձգտում էին Ռուսաստանից խլել այդ դիվանագիտական հաղթանակը և տալ Մինսկի խմբին, ուր, իհարկե, գերիշխում էին ամերիկացիները: Նախագահ Տեր-Պետրոսյանն ինձ հետ համաձայնեց:
Ես հենց տեղնուտեղը նրան հանդիպական առաջարկություն արեցի, որպեսզի այդ անհեթեթ հղացումը մեկընդմիշտ թաղվի. «Եկեք պայմանավորվենք, որ բոլոր երեք հակամարտող կողմերի՝ Ադրբեջանի, Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի նշանավոր ներկայացուցիչները պարբերաբար հաստատեն հրադադարը և իրենց պարտավորություններին հավատարիմ մնալու մտադրությունը՝ ընդհուպ մինչև զինված հակամարտության լիակատար դադարեցման մասին քաղաքական մեծ համաձայնագրի կնքում»: Տեր-Պետրոսյանը համաձայնեց: Կապվեցինք Բաքվի, Ստեփանակերտի հետ: Ես նրանց համար պատրաստեցի այդ փաստաթղթի առաջին նախագիծը: Այդ փաստաթղթի հիմքում արդեն ընկած էր ոչ միայն կրակի դադարեցումը, այլև այն գաղափարը, որ այն պետք է պահպանվի մինչև քաղաքական մեծ համաձայնագրի կնքումը, և որ կողմերի ներկայացուցիչները պարբերաբար հաստատելու են այն: Հուլիսի 26-ին այն ստորագրեց ադրբեջանական կողմը, մյուսներն իրենց ստորագրությունը դրեցին հաջորդ օրը՝ հուլիսի 27-ին: Այդ փաստաթղթի տեքստը դեռ ոչ մի անգամ չի հրապարակվել: Ես այն ձեզ տալիս եմ: Փաստորեն դա մի հակաթույն էր ընդդեմ Վաշինգտոնի փորձերի՝ շվեդների միջոցով Ռուսաստանից խլելու հրադադարի պայմանագիրը:
-Ինչո՞ւ այդ փաստաթուղթը մինչև հիմա չի հրապարակվել:
-Որովհետև հայերը դրան չափազանցված նշանակություն էին տալիս. առաջին անգամ հաջողվել էր մեկ էջի վրա ադրբեջանական ստորագրության հետ մեկտեղ դնել Ղարաբաղի ներկայացուցչի ստորագրությունը:
-Ինչո՞ւ խաղաղարարներ չմտցվեցին Ղարաբաղ:
-Անմիջապես հասկանալի եղավ, որ դրանք պետք է լինեն ռուս խաղաղարարներ: Դա ամենևին ձեռնտու չէր արևմուտցիներին, որովհետև կգործեր հօգուտ Ռուսաստանի հեղինակության ու ազդեցության: Հայերը համաձայն էին խաղաղարարներին: Ադրբեջանցիները մեկ համաձայնում էին, մեկ դեմ էին հանդես գալիս: Եվ ահա թե ինչի գնաց ԵԱՀԿ-ն ռուսական խաղաղարար ուժերի տեղաբաշխման հավանականությունը վերացնելու համար: 1994 թ. դեկտեմբերին Բուդապեշտում տեղի է ունենում ԵԱՀԿ գագաթնաժողովը: Նրա ամփոփիչ փաստաթղթում մի կետ կա այն մասին, որ գագաթնաժողովն ընդունում է խաղաղարար ուժերի տեղաբաշխման միտքը: Այսինքն, ենթադրվում է, որ դրանք պետք է լինեն ԵԱՀԿ-ի խաղաղարարներ: Բայց իրականում խաղաղարարների տեղաբաշխմանը մյուս երկրները պատրաստ չէին: Դա արվել էր այնտեղ ռուս խաղաղարարների տեղաբաշխման հնարավորությունը խափանելու համար:
-Երբ Ղարաբաղում էի, ինձ ապշեցրեց այնտեղ ստեղծված իրավիճակը: Թշնամի բանակները կանգնած են դեմ առ դեմ, նրանց միջև ոչ միայն խաղաղապահներ չկան, այլև դիրքերն են շատ մոտ: Շատ վտանգավոր իրավիճակ է:
-Այո, կողմերի դիրքերը մոտ մնացին իրար, ինչը, իհարկե, բազմաթիվ միջադեպեր է ծնում: Բայց ո՞րն է դրա պատճառը: Դեռ մինչև հրադադարը՝ 1994 թ. փետրվարի 18-ին, Արբատում՝ պաշտպանության նախարարությունում, Պավել Գրաչովը խորհրդակցություն է անցկացնում Հայաստանի ու Ադրբեջանի պաշտպանության նախարարների և Ղարաբաղի զինված ուժերի ներկայացուցչի հետ: Ես մասնակցում էի դրան: Այդ նիստի արձանագրության մեջ գրված է, որ կրակի դադարեցման հասնելուց հետո կողմերը շփման գծից կհեռացնեն զորքերը: Իր ստորագրությունն է դնում նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Մամեդովը: Որոշ ժամանակ է անցնում, և Մամեդովը ինձ ասում է. «Չէ, թող հայերը հետ քաշվեն, որովհետև նրանք են մտել մեր տարածք, իսկ մենք կմնանք նախկին դիրքերում»: ՈՒ հրաժարվում է ստանձնած պարտավորություններից:
Կողմերի ուժերն այդպես էլ իրարից չհեռացվեցին: Իսկ չէ՞ որ հայերը նրանց տարածք էին մտել այն պատճառով, որ նրանք ոչ մի կերպ չէին ուզում դադարեցնել ռազմական գործողությունները: Եթե նրանք Անվտանգության խորհրդի 822-րդ բանաձևից հետո դադարեցնեին ռազմական գործողությունները, ապա հայկական «օկուպացման» տակ կմնային միայն Շուշին, Լաչինն ու Քելբաջարը: Իսկ հիմա 7 շրջան է:
Դրանից հետո մի համաձայնագիր էլ է եղել: Ադրբեջանը չի ուզում անգամ ընդունել, որ դա եղել է, չնայած այն մշակվել էր Հեյդար Ալիևի անձնական մասնակցությամբ: Բա ո՜նց: Դա հրադադարի ռեժիմի ամրապնդման մասին համաձայնագիրն է: Դրանում մանրամասնորեն նկարագրված է, թե մի կողմը իրեն ինչպես պետք է դրսևորի, եթե որևէ միջադեպ է տեղի ունենում մյուս կողմի մեղքով: Այնպես որ, ամեն տեսակի պայմանավորվածություններից հրաժարումը, ցավոք, ադրբեջանական կողմի տգեղ սովորությունն է:
-Երևի կգտնվեին մարդիկ, որ Ձեզ կմեղադրեին հայամետ դիրքորոշման համար:
-Մի կարծեք, թե ես Ադրբեջանի թշնամի եմ: Ես շատ սուր բախումներ եմ ունեցել նաև հայերի հետ: Մի անգամ բանը նույնիսկ կրակոցների հասավ: 1993 թ. նոյեմբերին ես տանում էի մեր համաձայնագրի նորացված նախագիծը: Պետք է այցելեի նախ Բաքու, հետո Երևան ու Ստեփանակերտ: Հասա Բաքու, կարծում էի այնտեղ մի երկու օրում կավարտեմ բոլոր գործերը: Բայց ինձ խնդրեցին մնալ, և ես այնտեղ ի վերջո մի ամբողջ շաբաթ նստեցի: Իսկ Բաքվից ուղիղ Երևան թռչելն անհնար էր: Եվ ես Հեյդար Ալիևին առաջարկեցի. «Ժամանակ շահելու համար եկեք ես անցնեմ զորքերի շփման գծով»: Ինձ ավտոմեքենա հատկացրին, սակայն մինչև տեղ հասնելս սկսեց մթնել: Ադրբեջանցիները հրաժարվեցին տանել, ստիպված այնտեղ գիշերեցի: Առավոտյան ադրբեջանցիներն ասացին, որ անցնել է պետք այլ տեղամասով: Իսկ բջջայիններ այն ժամանակ չկային, ես Երևանի հետ կապվել չեմ կարող, գտնվում եմ ադրբեջանական կողմի լիակատար վերահսկողության ներքո: Պարզվում է, այդ տեղում մարտեր էին և ավերված ադրբեջանական գյուղեր: Հայերը չէին ցանկանա, որ ես տեսնեի դա, նրանք առարկում էին այդտեղով իմ անցնելուն: Այդուամենայնիվ, մենք գնացինք: Կանգ առանք, գումարտակի հրամանատարը, ադրբեջանցի, ասում է, թե մի ջիպ կուղարկի պայմանավորվելու հայերի հետ: Կանգնած ենք, հանկարծ սկսեցին կրակել: Սկզբում ավտոմատային կրակահերթեր, հետո՝ ականանետներ: Հայերն այդ ջիպը խփեցին: Իսկ մենք կանգնած էինք բլրի հետևը, չտուժեցինք, բայց այդպես էլ չկարողացանք անցնել:
-Ի՞նչ հեռանկար ունի ղարաբաղյան հակամարտության հանգուցալուծումը:
-Շատերն են համամիտ, որ Լեռնային Ղարաբաղի ճակատագիրը պետք է որոշի նրա բնակչությունը: Եթե հանրաքվե անցկացվի, ապա նրա ելքն ակնհայտ է: Եթե նույնիսկ ընդունենք, թե այդ հանրաքվեում կքվեարկեն այն ադրբեջանցիները, որոնք առաջ այնտեղ են ապրել, թեև նրանք վաղուց ինչ-որ տեղ տեղավորվել են, ապա միևնույն է, բացարձակ մեծամասնությունը հանդես կգա հօգուտ անկախության: Դրա համար է, որ Իլհամ Ալիևն առհասարակ հանրաքվե չի ուզում: Նա հարցն այսպես է դնում. «Սա մեր տարածքն է, տվեք մեզ և վերջ»: Ավելին: Դեռ Հեյդար Ալիևի օրոք՝ 1995 թվականին, Ադրբեջանում նոր սահմանադրություն ընդունեցին, որտեղ վավերագրված է, որ հանրաքվեներն անցկացվում են միայն համազգային ընդգրկմամբ: ՈՒստի Ադրբեջանի սահմանադրությամբ Ղարաբաղում հանրաքվե չի կարելի անցկացնել: Իսկ ինչպե՞ս է դա համապատասխանում միջազգային փորձին: Քվեբեկի անկախության հանրաքվեում քվեարկել է Քվեբեկը, ոչ թե ամբողջ Կանադան: Շոտլանդիայի անկախության հանրաքվեում քվեարկել են Շոտլանդիայի, ոչ թե ամբողջ Մեծ Բրիտանիայի ընտրողները: Եթե տեղի ունենար Կատալոնիայի անկախության հանրաքվե, ապա այնտեղ ևս կքվեարկեր Կատալոնիան, ոչ թե ամբողջ Իսպանիան: Բայց Իսպանիան, Ադրբեջանի նման, այդ հանրաքվեն չի ուզում, որովհետև նրա արդյունքն ակնհայտ է: Սա էլ հենց հակամարտության բուն էությունն է:

ՆՈՐ ՍՐՈՒՄ
Օսմանյան կայսրությունում Հայերի ցեղասպանության հիշատակի օրվա նախօրեին, որը ամբողջ աշխարհի հայերը ամեն տարի նշում են ապրիլի 24-ին, իրադրությունը հակամարտության գոտում վերստին սրվեց: Բաքվի վարկածով, ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը հայերը տանկային գրոհ են ձեռնարկել ադրբեջանական դիրքերի վրա, խփվել է հայկական մեկ տանկ: Իր հերթին, Հայաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդել է «Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի դիրքերի ինտենսիվ գնդակոծության» մասին:
Մարինա ՊԵՐԵՎՈԶԿԻՆԱ
«Московский комсомолец»

25 ապրիլի 2016 թ.


Թարգմանությունը՝
Ֆելիքս ԵՆԳԻԲԱՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 12577

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ