ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Անհավասարակողմ եռանկյունի

Անհավասարակողմ եռանկյունի
16.06.2015 | 12:08

Աշխարհաքաղաքական գլոբալ տուրբուլենտության, փոփոխվող մարտահրավերների ու սպառնալիքների պայմաններում չին-ռուսական հարաբերությունները, հատկապես քաղաքական, առավել ևս ռազմաքաղաքական ոլորտներում լիովին օրինաչափ դառնում են տարբեր փորձագետների ու տեսաբանների ակնդետ ուշադրության առարկան: Այս երկու հսկաների հարաբերությունները միահյուսվում են առասպելներին ու դառնում են քարոզչության ու մեքենայությունների գործիք: Առաջին հերթին մեղսագործում են ԶԼՄ-ները՝ և ռուսական, և արևմտյան: Այդ պատճառով Պեկինի ու Մոսկվայի փոխհարաբերությունների առավել ամբողջական բնութագիրը հնարավոր է կազմել գիտական հետազոտությունների հիման վրա, որ սովորաբար լայն հասարակությանը չեն հասնում: Հենց այդպիսին է վերջերս ներկայացված «Ռուս-չինական երկխոսություն. 2015-ի մոդելը» զեկույցը, որ պատրաստել են ՌԴ ԳԱ Հեռավոր Արևելքի ինստիտուտի և Ֆուդանի (Շանհայ) համալսարանի միջազգային հետազոտությունների ինստիտուտի գիտաշխատողները: Զեկույցում ներկայացված են երկու երկրների հարաբերությունների հիմնական տեսական ու քաղաքական հարցերը, արձանագրված են առանցքային ուղղությունները և տնտեսական համագործակցության պրոբլեմները, մատնանշված են թույլ տեղերը և ռիսկերը, առաջարկներ են արված չին-ռուսական կապերի հետագա զարգացման վերաբերյալ: Փաստացի՝ սա առաջին համատեղ ուսումնասիրությունն է, որ չի ներկայացնում ընդհանուր տեսակետներ, այլ արտացոլում է առանձին, երբեմն նույնիսկ հակառակ հայացքներ, հատկապես արտաքին քաղաքական ու միջազգային օրակարգի հարցերում: ՈՒ հենց այդ պատճառով ստացվել է իրականությանն առավել համարժեք պատկեր, առավել օբյեկտիվ նյութ ռեալ վերլուծության և քաղաքական կանխատեսումների համար: ՈՒստի ձեր ուշադրությանն եմ ներկայացնում նշանակալից քաղվածքներ զեկույցից, որ վերաբերում են գլոբալ ու տարածաշրջանային անվտանգության խնդիրների գնահատմանը:

ՍՊԱՌՆԱԼԻՔԻ ԶԳԱՑՈՒՄԸ
ա) ռուսական գնահատական
Ռուսաստանում սպառնալիքի զգացումը միշտ կապված է նախ և առաջ Արևմուտքի (Եվրոպայի) հետ: Համաշխարհային երկու պատերազմները եկել են հենց Եվրոպայից, չհաշված Նապոլեոնի և մյուս եվրոպացի նվաճողների արշավանքները: Շեշտադրումները փոխվեցին 20-րդ դարավերջին, երբ առաջին պլան մղվեցին հարավային (իսլամական-ֆունդամենտալիստական) սպառնալիքները Աֆղանստանից և Հյուսիսային Կովկասից: Հիմա նորից վերածնվում է արևմտյան սպառնալիքը ՈՒկրաինայի դեպքերի պատճառով: Փաստացի Ռուսաստանը ներքաշվեց նոր սառը պատերազմի մեջ ԱՄՆ-ի ու Արևմուտքի հետ:
Չինաստանի հետ ռազմավարական գործընկերություն զարգացնող Ռուսաստանը Պեկինի համար օբյեկտիվորեն հուսալի և կայուն մայրցամաքային-եվրասիական «թիկունք» է:


բ) Չինական գնահատական
ՈՒկրաինական իրադարձությունների պատճառով Ռուսաստանի ու Արևմուտքի միջև նոր «պատ» առաջացավ, վերադարձավ սառը պատերազմի ուրվականը: Անվտանգության ոլորտում ուժեղանում է դիմակայությունը, կողմերը միմյանց չեն դիտարկում համագործակցության գործընկերներ: Հակառուսական պատժամիջոցների պայմաններում կրճատվում է Ռուսաստանի շուկայական կախվածությունը Արևմուտքի առաջատար երկրներից: Չինաստանը դատապարտում է պատժամիջոցները և համարում է անարդյունավետ, այն կարծիքին է, որ պատժամիջոցները խախտում են տարիներով հաստատված տնտեսական հավասարակշռությունն ու կայունությունն աշխարհում:


ՌՈՒՍ-ՉԻՆԱԿԱՆ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՄԱԳՈԾԱԿՑՈՒԹՅՈ՞ՒՆ, ԹԵ՞ ՄԻՈՒԹՅՈՒՆ
Ռուսական տեսակետ
Տարածաշրջանային անվտանգության բևեռները Արևելյան Ասիայում և Ասիա-Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում նախ և առաջ ձևավորվում են ամերիկա-ճապոնական և ռուս-չինական «կենտրոնների» շուրջ: Ռուս-չինական ձևաչափը (դեյուրե և դեֆակտո) ռազմաքաղաքական միություն չէ, ի տարբերություն ամերիկա-ճապոնական, ամերիկա-հարավկորեական և այլ ուժային տանդեմների, որ ստեղծել է ԱՄՆ-ը Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Մոսկվան և Պեկինը 2001-ին ստորագրել են «Մեծ պայմանագիր» ռազմավարական համագործակցության և փոխգործակցության մասին, ներառյալ «խորհրդակցությունների ռեժիմը»: Այդ պայմանագրի 9-րդ հոդվածում նշվում է, որ «այնպիսի իրավիճակ ծագելու դեպքում, որը պայմանավորվող կողմերից մեկի կարծիքով կարող է սպառնալիք ստեղծել խաղաղությանը կամ նրա անվտանգությանը վերաբերել», Ռուսաստանը և Չինաստանը անհապաղ «կապի մեջ են մտնում միմյանց հետ և խորհրդատվություն են իրականացնում ծագած սպառնալիքը վերացնելու նպատակով»:
Փոխադարձ զսպման գործընթացները, չնայած տնտեսական գլոբալացմանը և տարածաշրջանային ինտեգրացիային, բացահայտորեն գերիշխում են տարածաշրջանում: Ռուս փորձագետները անհրաժեշտ չեն համարում ռուս-չինական գործընկերությունը վերածել դասական ռազմաքաղաքական միության («Մեծ երկյակի»): Ձևավորված մեխանիզմները, ներառյալ ամենամյա համատեղ ցամաքային և ծովային զորավարժությունները, լիովին համարժեք են երկու երկրների անվտանգության հիպոթետիկ աշխարհաքաղաքական մարտահրավերներին:
բ) Չինական գնահատական
Տեսականորեն որոշ չին փորձագետներ հնարավոր են համարում ռուս-չինական միության ստեղծումը, սակայն գոյություն ունեցող միջազգային-քաղաքական համատեքստում Մոսկվայի ու Պեկինի հարաբերությունների իրակությունները արտահայտում են չմիավորման սկզբունքը: Այլ խոսքով՝ Ռուսաստանը և Չինաստանը պետք է հետևեն այդ սկզբունքին: Ռազմաքաղաքական միության ստեղծումը նպատակահարմար չէ, քանի որ կարող է ուղեկցվել մեծ ծախսերով ու ռիսկերով. Ռուսաստանի ու Չինաստանի ռազմավարական գործընկերությունը համապատասխանում է կողմերի հարաբերությունների մակարդակին, նրանց տրված տարածքը բավարար է մարտահրավերներին դիմակայելու համար, այդ պատճառով բացառում է միավորման անհրաժեշտությունը:
Ռազմաքաղաքական միությունը ենթադրում է միասնական ճակատի ստեղծում քաղաքականության և անվտանգության ոլորտում, փոխադարձ աջակցություն պատերազմի դեպքում: Սակայն ոչ Ռուսաստանը, ոչ Չինաստանը պատրաստ չեն վճարել մեծ քաղաքական, տնտեսական կամ ռազմական գին: Իսկ դաշնակցային պարտավորությունների կատարման անհնարինությունը անխուսափելիորեն հանգեցնելու է միության խզմանը և հարված է հասցնելու փոխվստահությանը:


ՌՈՒՍԱՍՏԱՆԸ, ԴԻՆԱՍՏԱՆԸ ԵՎ ՈՒԿՐԱԻՆԱԿԱՆ ՃԳՆԱԺԱՄԸ
ա) Ռուսական գնահատական
ՈՒկրաինական ճգնաժամի պայմաններում մեծանում է Ռուսաստանի շահագրգռությունը՝ ընդլայնելու Չինաստանի հետ տնտեսական համագործակցությունը՝ էներգետիկ և այլ բնագավառներում: Դա պայմանավորված է ոչ միայն Ռուսաստանի հնարավորությունների կրճատմամբ ԵՄ-ում և ԱՄՆ-ում, այլև Ճապոնիայի հետ համագործակցության փաստացի կասեցմամբ Ռուսաստանի համար որոշ կարևոր ուղղություններով: Այդպիսով, Չինաստանը բոլոր շանսերն ունի ամրապնդելու Ռուսաստանի գլխավոր առևտրատնտեսական գործընկերոջ դիրքերը, հասնելով իր համար առավել բարենպաստ պայմանների: Ռուս-ամերիկյան հարաբերությունների ճգնաժամը կհանգեցնի Չինաստանի ու Ռուսաստանի ռազմական ու ռազմատեխնիկական համագործակցության ակտիվացման, ներառյալ տեխնոլոգիաների նոմենկլատուրայի ընդլայնումը, որը Մոսկվան պատրաստ է փոխանցել Պեկինին: Ակներևաբար, Չինաստանին տրվող որոշ նորագույն ռազմական տեխնոլոգիաների սահմանափակումները կմեղմացվեն: Մեծանում է Ռուսաստանի հետաքրքրվածությունը ռազմատեխնիկական ոլորտում համատեղ ձեռնարկությունների ստեղծումով, երկակի նշանակությամբ (օրինակ, տիեզերքի յուրացման ծավալուն համագործակցության ծրագրեր կան) արտադրանքի թողարկումով:
բ) Չինական գնահատական
ՈՒկրաինական ճգնաժամը դարձավ միջազգային հարաբերությունների կարևոր իրադարձություն և ներգործեց չին-ռուսական կապերի վրա: Այդ ճգնաժամը փոխեց միջազգային-քաղաքական մթնոլորտը և ամենալուրջ հարվածը հասցրեց Ռուսաստանի ու Արևմուտքի հարաբերություններին սառը պատերազմից հետո: Չին-ռուսական փոխգործակցությանը ուկրաինական իրադարձությունները որոշակի փոփոխություններ բերեցին արտաքին քաղաքական ոլորտում: Ճգնաժամը փաստացի վերացրեց առաջիկայում Ռուսաստանի և Արևմուտքի հարաբերությունների զարգացման հնարավորությունը քաղաքականության, անվտանգության և տնտեսության մեջ: Չինաստանը Ռուսաստանի համար խոշոր տնտեսական գործընկեր է, էներգետիկ ռեսուրսների հուսալի շուկա և կարևոր ներդրող: ՉԺՀ-ի դերն ավելի երևացող է դառնում:
Տնտեսական համագործակցությունը միշտ եղել է չին-ռուսական հարաբերությունների կարևոր բաղկացուցիչ, հատուկ նշանակություն է ստանում գազի հարցով համաձայնագիրը: Դժվարությունները ռուս-եվրոպական և ռուս-ուկրաինական էներգետիկ հարաբերություններում որոշակի արագացրին այդ համաձայնագրի կնքումը, սակայն այդ նախագիծն ուղղակի կապված չէ ուկրաինական ճգնաժամի հետ: Ռուսաստանի շրջադարձը դեպի Արևելք Եվրոպայից հեռանալ չի նշանակում՝ քաղաքական ու տնտեսական բոլոր կապերի խզումով: Չինաստանը շահագրգռված է, որ Ռուսաստանի դեպի Արևելք շրջադարձը նպաստի Ռուսաստանի արտաքին կապերի դիվերսիֆիկացմանը, առավել հավասարակշռվածությանը, ռացիոնալությանը և բազմազանությանը տնտեսության ու մյուս բնագավառներում:

ՌՈՒՍԱՍՏԱՆ-ՉԻՆԱՍՏԱՆ-ԱՄՆ ԵՌԱՆԿՅՈՒՆԻ
ա)Ռուսական գնահատական
Ռուսաստան-Չինաստան-ԱՄՆ պայմանական եռանկյունում այս պահին չին-ռուսական և չին-ամերիկյան հարաբերություններն ավելի լավ են, քան ռուս-ամերիկյան: Այս վիճակը, ամենայն հավանականությամբ, կպահպանվի դեռ երկար, որը Ռուսաստանի ու Չինաստանի ղեկավարության համար կհեշտացնի արտաքին քաղաքական և ռազմաքաղաքական ծրագրավորման առանձին հարցերի համատեղ կոորդինացումը: ՈՒկրաինական ճգնաժամի բացասական հետևանքները աշխարհում լարվածության մեծացման առումով, միջազգային համակարգի կառավարելիության աստիճանի նվազումը, ժամանակակից աշխարհակարգի հիմքերի թուլացումը անխուսափելիորեն վերաբերելու են և Չինաստանին: Օրինակ, չինական շահերից չի բխում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի փաստացի կաթվածահար վիճակը, որի պատճառով տարածաշրջանային ու գլոբալ խնդիրներով հիմնական որոշումները կընդունվեն ՄԱԿ-ի ԱԽ-ի շրջանցումով: Ռուս-ամերիկյան դիմակայությունը կարող է բարդացնել ամենատարբեր մակարդակի և մասնագիտացման միջազգային կառույցների աշխատանքը՝ «Մեծ քսանյակից» մինչև Արկտիկական խորհուրդ:
Ռուս-ամերիկյան համագործակցության սառեցումը միջուկային զենքի չտարածման, միջազգային ահաբեկչության դեմ պայքարի, տարածաշրջանային ճգնաժամերի կարգավորման և այլ ոլորտներում Չինաստանի համար լրացուցիչ բարդություններ կստեղծեն: Պեկինը շահագրգռված է ուկրաինական ճգնաժամի «լոկալացմամբ», ժամանակակից աշխարհակարգի հիմքերի վրա նրա կործանարար ներգործության անթույլատրելիությամբ կամ նվազեցմամբ:
բ) Չինական գնահատական
Չինաստանը և ԱՄՆ-ը առաջատար տնտեսական պետություններ են, նրանց հարաբերությունները մարտահրավեր են 21-րդ դարին: Պատմականորեն գերակայող և բարձրացող երկրների միջև միշտ դիմակայություն է եղել: Առաջնորդող երկիրը բոլոր միջոցներով ջանացել է պահպանել իր դիրքը և հնարավորինս փորձել է ճնշել բարձրացող պետությանը: Չինաստանը փորձեց կոտրել այդ կարծրատիպը և առաջադրեց ներքին խաղաղ զարգացման հայեցակարգը, ցանկանալով դառնալ գործընկեր, այլ ոչ թե ԱՄՆ-ի հակառակորդ, ձգտելով համագործակցության և փոխադարձ շահավետության, այլ ոչ թե մրցակցության: Չինաստանը ԱՄՆ-ին առաջարկեց գերտերությունների հարաբերությունների նոր տիպ, որ ենթադրում է փոխադարձ հարգանք և դիմակայության փոխարեն՝ համագործակցություն: Երկու երկրների տնտեսական կապերն այնքան խոր են, որ դարձել են քաղաքական հարաբերությունների կարևոր կայունացնող գործոն: ԱՄՆ-ը Չինաստանի մեծագույն առևտրական գործընկերն է: Պեկինը և Վաշինգտոնը կարող են լիովին խուսափել դիմակայությունից և կոնֆլիկտներից, արդյունավետ վերահսկել հնարավոր ճգնաժամերը: ՉԺՀ-ն և ԱՄՆ-ը բախման պատճառներ չունեն: Երկու երկրներն էլ պատասխանատու են միջազգային ու տարածաշրջանային կայունության պահպանման համար: Համագործակցության և մրցակցության հարաբերությունները դինամիկ հավասարակշռություն կստեղծեն և ալիքաձև զարգացման կհանգեցնեն: Չինաստանը չի ընդունում G2 բանաձևը և չին-ամերիկյան գերակայությունը, Չինաստանը կողմ է բազմաբևեռ աշխարհին, ՄԱԿ-ի կենտրոնական դերին միջազգային գործերում և դեմ է մեկ կամ մի քանի երկրների իշխանությանը:
Չինաստանի, Ռուսաստանի և ԱՄՆ-ի հարաբերությունները եռանկյունի են, որտեղ յուրաքանչյուր երկիր ինքնուրույն դեր ունի, սակայն դա հավասարակողմ եռանկյունի չէ: Այդ եռանկյան ներսում հնարավոր չէ Չինաստանի և ԱՄՆ-ի համատեղ դիմակայությունը Ռուսաստանին կամ Ռուսաստանի և ԱՄՆ-ի դիմակայությունը Չինաստանին:


Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ

Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 14213

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ