ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

Դպրոցներում շարունակվում է դրամահավաքությունը, թեև ԿԳ նախարարը հակառակն է պնդում

Դպրոցներում շարունակվում է դրամահավաքությունը, թեև ԿԳ նախարարը հակառակն է պնդում
21.02.2014 | 14:26

Մոտենում է կանանց (հատկապես ուսուցիչների) ամենաբաղձալի տոնը` Մարտի 8-ը: Դրան զուգահեռ դպրոցներում սկսել են ակտիվանալ մեր ժրաջան ծնողկոմիտեները: Թե, ի վերջո, ինչպիսի փոխհամագործակցություն է ընթանում նրանց և ուսուցիչների միջև, շատերին դեռևս անհայտ է: Մի բան, սակայն, պարզ է` ծնողների գլուխն անցած ծնողական խորհուրդը ցանկացած դրամահավաքություն կատարում է ուսուցիչների գիտությամբ: Այս օրերին, շատ դպրոցներում, ուսուցիչների տոնը շնորհավորելու համար բավականին մեծ գումարներ են հավաքվում: Այն, ինչպես միշտ, սկսվում է 5000 դրամից. Որքան բարձր է դասարանը, այնքան բարձր է գումարի տեսքով ներկայացվող տոնական նվեր-փաթեթը: Այստեղ մեծ նշանակություն ունի նաև այն հանգամանքը, թե ինչպիսին դասարան է հաճախում երեխան: Չմոռանանք` որոշ դպրոցներում գոյություն ունի մի ախտածին երևույթ. Այն է` տնօրենությունը երեխաներին բաշխում է ըստ նրանց սոցիալական վիճակի, հնարավորությունների, դիրքի և որպես օրենք` «Ա կարգի» դասարաններում սովորում են հասարակության, այսպես ասած, «էլիտար խավի» երեխաները: Համապատասխանաբար էլ` ավելի համեստ խավն զբաղեցնում է «Բ կարգի» դասարաններն ու դասասենյակները:

Կրկնելուց թեպետ օգուտ չկա, բայց անհրաժեշտություն կա ևս մեկ անգամ բարձրաձայնելու, որ դպրոցներում տիրող դրամահավաքությունը կրթական համակարգում գոյություն ունեցող ամենամեծ չարիքներից մեկն է: Եվ ցավալի է, երբ ԿԳ նախարարի սահմանած «դիսցիպլինան» բացառության կարգով տարածվում է միայն կոնկրետ դպրոցի վրա, որտեղ սովորում են նրա զավակները: Թե ինչ նպատակով և ում աչքերին է փորձում «թոզ փչել» նախարարը, բոլորին պարզ է:
Բացի այդ, Երևանի քաղաքապետարանն էլ իր հերթին է յուրաքանչյուր տարի ստուգումներ անցկացնում մայրաքաղաքի դպրոցներում, բայց զարմանալիորեն, միգուցե միտումնավոր, չի նկատում այնտեղ առկա բազմաթիվ խախտումներն ու տնօրենների անօրինական գործողությունները: Որքան էլ տարօրինակ է, վերջիններիս «մութ» գործերը մշտապես մնում են չբացահայտված: Եվ այն, որ կրթական համակարգի պատասխանատուները հորդորում են ծնողներին զանգահարել «թեժ գիծ», ներկայացնել կրթությանն առնչվող բողոքները և այլն, դա էլ է, ըստ երևույթին «աչքկապոցի», քանի որ քայքայված համակարգում օր օրի ահագնացող անօրինություններն ու դպրոցները ղեկավարող օրինազանց տնօրենների գործունեությունը իրականացվում են նրանցից մի քանի աստիճան բարձր կանգնած պաշտոնյաների ամենաթողությամբ:


Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 20878

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ