ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ դուրս կգա նախագահական ընտրապայքարից, եթե բժիշկները պարզեն, որ ինքն առողջական խնդիրներ ունի։ «Անկեղծ ասած, ես կարծում եմ, որ միակ բանը, որ տարիքը բերում է, իմաստությունն է»,- հավելել է Բայդենը։ Ավելի վաղ նա ասել էր, որ կհրաժարվի նախընտրական մրցապայքարից միայն այն դեպքում, եթե Աստված իրեն ասի դա անել։               
 

ԱՅՍՕՐ` ՀԱՅԱՍՏԱՆ - ԱԴՐԲԵՋԱՆ

ԱՅՍՕՐ` ՀԱՅԱՍՏԱՆ - ԱԴՐԲԵՋԱՆ
28.09.2010 | 00:00

Խանտի Մանսիյսկում շարունակվող շախմատի 39-րդ համաշխարհային օլիմպիադան երեկ հատեց հասարակածը: Կայացավ 6-րդ խաղափուլը: Հայաստանի հավաքականը, որն առավելագույն` 10 միավորով հունգարացիների և վրացիների հետ գլխավորում էր մրցաշարային աղյուսակը, մրցեց վերջիններիս հետ: Մրցախաղը բավականին լարված ընթացք ունեցավ և ավարտվեց ոչ-ոքի: Լևոն Արոնյանը սևերով միավորը կիսեց այս օլիմպիադայում վերելքով հանդես եկող Բաադուր Ջոբավայի հետ (նա կարողացել է առավելության հասնել համաշխարհային վարկանիշային աղյուսակը գլխավորող նորվեգացի Մագնուս Կառլսենի նկատմամբ), այնուհետև իր պարտիան սպիտակներով ոչ-ոքի ավարտեց Վլադիմիր Հակոբյանը, որի մրցակիցը Մերաբ Գագունաշվիլին էր: Չորրորդ խաղատախտակի վրա վերելքով հանդես եկավ Արման Փաշիկյանը, որը սպիտակներով հաղթեց Թամազ Գելաշվիլուն: Ցավոք, պարտություն կրեց Գաբրիել Սարգսյանը, որը սևերով զիջեց Լևան Պանցուլայային: Սա մեր հավաքականի անհատական առաջին պարտությունն էր այս օլիմպիադայում:
Մինչ այդ կայացած չորրորդ և հինգերորդ փուլերում Հայաստանի հավաքականի տղաները միևնույն 2,5-1,5 հաշվով հաղթել էին Ռուսաստանի 3-րդ և 2-րդ թիմերին: 3-րդ թիմի հետ խաղում հաղթական միավորը բերեց Լևոն Արոնյանը, որն առավելության հասավ Դմիտրի Յակովենկոյի նկատմամբ: Մոտիլյով - Հակոբյան, Սարգսյան - Ռուբլևսկի, Կաբանով - Փաշիկյան պարտիաները խաղաղ ելք ունեցան: Իսկ Ռուսաստան-2-ի հետ խաղում մեր թիմին հաղթանակ ապահովեց Արման Փաշիկյանը, որը սևերով պարտության մատնեց Արտյոմ Տիմոֆեևին: Նշենք, որ այս օլիմպիադայում Արմանը գերազանց է հանդես գալիս և վեց հնարավորից վաստակել է հինգ միավոր` տանելով 4 հաղթանակ: Նա 10 կետով ավելացրել է իր անհատական վարկանիշը: Այդ մրցախաղի Արոնյան - Նեպոմնյաշչի, Ալեքսեև - Հակոբյան, Սարգսյան - Վիտյուգով պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի:
Այժմ Հայաստանի, Վրաստանի և ՈՒկրաինայի հավաքականները վաստակել են 11-ական միավոր և գլխավորում են մրցաշարային աղյուսակը: 10-ական միավոր ունեն Ռուսաստանի 1-ին և 2-րդ հավաքականները, ինչպես նաև Հունգարիան, ԱՄՆ-ը, Ադրբեջանը և Լեհաստանը: Այսօր կկայանա 7-րդ տուրը: Հայաստանը սկզբունքային հանդիպում կանցկացնի Ադրբեջանի հավաքականի հետ: ՈՒշագրավ է, որ այսօր իրար հետ կմրցեն Ռուսաստանի 1-ին և 2-րդ թիմերը:
Հայաստանի կանանց հավաքականը երեկ նույնպես ոչ-ոքի խաղաց. մրցակիցը Ռուսաստանի 2-րդ թիմն էր: Հաղթեցին Էլինա Դանիելյանն ու Լիլիթ Գալոյանը, իսկ Լիլիթ Մկրտչյանն ու Նելլի Աղինյանը տանուլ տվեցին իրենց պարտիաները:
Մինչ այդ, չորրորդ փուլում մեր աղջիկները 3,5-0,5 հաշվով ջախջախեցին Հորվաթիայի հավաքականին: Հաղթանակներ տարան Էլինա Դանիելյանը, Լիլիթ Մկրտչյանը և Նելլի Աղինյանը, խաղաղ դաշն կնքեց Լիլիթ Գալոյանը: Իսկ հինգերորդ փուլում մեր ընտրանին 2,5-1,5 հաշվով առավելության հասավ հույների նկատմամբ: Թիմին հաղթական միավորը բերեց Նելլի Աղինյանը: Դանիելյանը, Մկրտչյանը և Գալոյանը կիսեցին միավորները:
Նշենք, որ մեր աղջիկներից փայլուն արդյունք է ցուցադրում թիմի առաջատար Էլինա Դանիելյանը, որը վեց պարտիաներում տարել է հինգ հաղթանակ, մեկ պարտիա էլ ավարտել է ոչ-ոքի: Նա ավելի քան 13 կետով ավելացրել է իր անհատական վարկանիշը:
Այս պահին մեր աղջիկներն ունեն 9 միավոր և ընթանում են 9-րդ տեղում: Միանձնյա առաջատարը Ռուսաստանի 1-ին թիմն է, որն ունի 100-տոկոսանոց արդյունք` 12 միավոր: Երկրորդը հունգարուհիներն են` 11 միավոր: Այսօր մեր աղջիկները կմրցեն ԱՄՆ-ի հավաքականի հետ, որի երրորդ խաղատախտակի վրա խաղում է մեր հայրենակից Տաթև Աբրահամյանը:
Արտաշես ԹԱԴԵՎՈՍՅԱՆ

Դիտվել է՝ 15152

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ