ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

«ԱԼԻ ՊԼՈԽ, ԱԼԻ ԱՂԼԻՈՐ. ՆԵ՜Տ ԽՈՐՈՇՈ»

«ԱԼԻ ՊԼՈԽ, ԱԼԻ ԱՂԼԻՈՐ. ՆԵ՜Տ ԽՈՐՈՇՈ»
03.11.2009 | 00:00

Եղբայր ալիների հալը հալ չէ. նրանք դրոշակռվից գազակռվի են անցել, և եթե ճիշտ հաշվարկենք, ապա կռիվն ահագին լուրջ է:
Եվ դա ոչ այնքան հայ-թուրքական սահմանի «հաշվով», որքան տարածաշրջանային զարգացման ընդհանուր տրամաբանության: Եթե այնպես ստացվի, որ Իրան-ԱՄՆ հարաբերությունները կարգավորվեն, իսկ այդպիսի հեռանկարը գնալով ավելի իրական է դառնում, ապա զարգացումները տարածաշրջանում տանելու են նրան, որ Իրաքից և նույնիսկ Աֆղանստանից դուրս գալ փորձող Օբամայի «փափուկ» ԱՄՆ-ը, ըստ ամենայնի, կորոշի «Նաբուկոն» սնուցել իրանական անսպառ գազով:
Մի փոքրիկ էլ ձգենք իրանյան պաուզան ու անցնենք մեր նյութ-նամակի «բուն բովանդակությանը»: Պետք չէ տարակուսել և տագնապներ ձոնել առ այն, թե էրդողանված Թուրքիան հայտնվել է իր երազանքից «без пяти минут» կարգավիճակում, և հրես-հրես, նրա իդեա-ֆիքսը` «երեք միջանցքներ» դոկտրինը, կյանքի է կոչվելու րոպեների ընթացքում, իսկ դրան ընդամենը խանգարում էր բաքվյան շեիդների ծառուղուց հավաքված, հետո կրկին տեղադրված կիսալուսնյակ դրոշակը: Իմա` ղարաբաղյան հիմնախնդիրը:
Մի խոսքով, նույնիսկ հպանցիկ հայացքը բավական է հասկանալու, որ Թուրքիան երբեք տարածաշրջանում չի դառնա հեգեմոն երկիր: Իրանն էլ չի դառնա: Մեկով մյուսին «կլվան», կհակակշռեն` տարածաշրջանը վերահսկելի դարձնելու համար:
Ավելին, տարածաշրջանում սկսված վերադասավորությունները` «ղեկավարելի քաոս»-մեծ կռիվը հատկապես Իրանի, իսկ առավել ստույգ` նրա ածխաջրածնային «հոծ» պաշարների համար է. այս հարթակում են բախվում Ռուսիո և ԱՄՆ-ի մեծ շահերը, իսկ Թուրքիան այս պահին Իրանին-շատերին հասնելու ամենահարմար «պլացն» է:
Երկրորդելով, որ ամեն բան տանում է նրան, որ մինչ այժմ «տակից» և շատ ինտենսիվ բանակցող-պայմանավորվող ԱՄՆ-ն ու Իրանը, որ այլևս առերես են պայմանավորվում նաև Թուրքիայի միջոցով, լեզու կգտնեն միմյանց հետ, և ադրբեջանական վերջացող գազը (ըստ փորձագետների` մինչև 2015-ն այն կպրծնի, ու` վե՜րջ Ադրբեջանին. սա էլ մի ուրիշ ու խոր անհանգստություն է մեր ազերի եղբայրաց համար), որի մի մասն Ադրբեջանը միջազգային գներով արդեն իսկ վաճառել է Ռուսաստանին, այդպես էլ չի լցվի «Նաբուկոյի» մեջ:
Իսկ սա արդեն իսկապես լուրջ հարված է Ադրբեջանի համար` թե՛ որպես հումքային երկրի, թե՛ որպես տարածաշրջանային խաղացողի:
ՈՒ այս ամենում հենց սա է, որ սպանիչ է Ադրբեջանի համար ավելի, քան հայ-թուրքական սահմանի բացումը:
Ինչո՞ւ այսքան երկար պատմեցինք տարածաշրջանային այս «նաղլը»: Հավաստելու, որ իսկապես` «Ալի պլոխ, Ալի աղլիոր»:
Համ էլ որ Թուրքիան, ըստ ամենայնի, կվավերացնի արձանագրությունները: Հա, իհարկե, հարսնացուն, ըստ արևելյան սովորույթների, ոտքերով կխփի, կգոռա, կբողոքի, տղա ու ադրբեջանցի կբերի հայերի վրա. ժամանակ կձգի, բայց... անպայման կստորագրի:
Նախ, որ ասացինք` «երեք միջանցք» դոկտրինը նրա համար առավել կարևոր է, քան շեիդների ծառուղում տնկված դրոշը: Երկրորդ, աշխարհիկ Թուրքիան դժվար թե վատ հասկանա, թե ինչ են իրենից պահանջում նույն աշխարհն ու հայ-թուրքականի «ակունքներում» կանգնած ԱՄՆ-ը, որոնք ժամանակ չունեն սպասելու, իսկ հերթական ապրիլի 24-ը հրեն` քթի տակ է: Կոնգրեսում էլ ցեղասպանության ճանաչման օրինագիծն է թուրքերին անհամբեր սպասում... Չթվենք ճնշման լծակները` ընդդեմ Թուրքիա. դրանք այնքա՜ն շատ են ԱՄՆ-ի «կենսափիլիսոփա» ձեռքերում. ամերիկյան պրոյեկտներն այնքա՜ն շատ են Թուրքիայի ներքին կյանքում, որ դրանցից մեկի իսկ շարժման դեպքում կշարժվի-կվերաբեռնավորվի-կլիցքաթափվի ինքը` Թուրքիան, ղեկավարելի քաոսից անցում կատարելով դեպ խստագույնս անղեկավարելի քաոսի. սկսած փոքրամասնության խնդիրներից (չնայած որոշ տվյալներով` քրդերն այնտեղ այնքան էլ փոքրամասնություն չեն)` վերջացրած աշխարհիկ-իսլամիստական «գրուպիրովկաների», հայերեն` ընտրանիների խուլ, ընդհատակյա և «այլհատակյա» շարժերով:
ՈՒ քանի որ Թուրքիան խելոք երկիր է, նա ճաշիկը կուտի հարկավոր ժամին, հնարավոր ձևաչափով` առանց վրան թափելու:
ՈՒ Ալին էլի մի քիչ` «պլո՜խ, աղլիոր, նե՜տ խորոշո» կդառնա, որովհետև ի սկզբանե որոշված է, որ այս պահին ղարաբաղյան խնդիրն ասիմետրիկ է հայ-թուրքական զարգացումների հետ:
Չէ՛, մենք հեռու ենք տեսակետից, թե պայմանավորվածություն չկա` միջազգային «առաջադեմ» (Տեր-Պետրոսյանը միջազգայինին իր «Պատերազմ, թե խաղաղությունում» անվանում էր «թշնամի») հանրության և Սերժ Սարգսյանի միջև:
Կա: Հա, Սերժ Սարգսյանն ուզում է նաև Ղարաբաղի հարցը լուծել: Իր կարծիքով` հայանպաստ տարբերակով: Հիմա դժվար է ասել` ինչպես այն կլուծվի և կլուծվի՞ ընդհանրապես, բայց որ հենց հիմա և հայ-թուրքականին սիմետրիկ այն չի լուծվելու, կասկածել պետք չէ:
Հարցը երկար խոսակցության թեմա է, դրա ժամանակն այսօր չունենք, պարզապես ասենք, որ ղարաբաղյան խնդիրը «հենասյուներից» մեկն է նույն միջազգային հանրության համար, Թուրքիային ամենակարող չդարձնելու ճամփին, ու Թուրքիան, ինչպես ասինք, ստիպված է լինելու ուտել իր առջև դրված ճաշիկը` առանց թաթերն այլ տեղ` այլոց ճաշիկների մեջ խոթելու:
Իսկ եթե՞. հարցնում եք: Եթե հանկարծ չվավերացնի՞ Թուրքիան արձանագրությունները:
Թող այդ մասին մտածեն ամերիկյան ուղեղային կենտրոնները: Մերոնք, որ մինչ այս չեն մտածել և գործը միասնաբար թողել են Սերժ Սարգսյանի «վտիտ» ուսերին, հետայսու ևս կարող են «ուղեղային» իրենց մորմոքներն ու «ֆիկցիաները» չաշխատեցնել այն պարզ պատճառով, որ այս դեպքում ևս Հայաստանը կրկին շահում է, որովհետև համայն աշխարհին ցուցանում է, որ ինքը «բարի կամքի դեսպան է», ինքը պատրաստ էր ստորագրել արձանագրությունները, իսկ, այ, Ալիի մեծ եղբայր էդ անպետք Թուրքիան ճաշիկը թափեց Ալիի ու միջազգային հանրության վրա:
Մյուս կողմից էլ` այսօրվա ստատուս-քվոն թե՛ հայ-թուրքական սահմանի, թե՛ ղարաբաղյան հարցում նույնպես անչափ ձեռնտու է Հայաստանին:
Բայց եթե զուտ տեսականորեն պատկերացնենք, որ թուրքերը չեն վավերացնում` վասն յուրյանց Ալի-փոքր-ադրբեջանցի եղբայրների սույն արձանագրությունները, ի՞նչ ենք անում մենք:
«Մերոնք» շա՜տ ջղային են էս հարցում: Նախագահն իր ուղերձում ասաց. համարժեք համապատասխան քայլեր կձեռնարկենք: Նույնը կրկնեց «все мое тебе нравится» ԱԺ նախագահը:
Իրենք` իշխանությունները, չեն ասում, թե էդ ինչ ուժեղ «համապատասխանություններ» են անելու թուրքերի գլխին, իրենց «ուղեղային կենտրոնները»` նույնպես:
Մենք «մորմոքվենք» մի քիչ ուղեղնապես և հասկանանք-նշենք քայլերի այն համալիր-«փունջը», որոնք կարող է կիրառել պաշտոնական Երևանը, եթե իսկապես բանը հասնի դրան:
ա) Անկեղծ լինենք և արձանագրենք, որ պաշտոնական Երևանը նման մի քայլ արդեն իսկ արել է: Կոշտացրել է իր դիրքորոշումը ղարաբաղյան բանակցային սեղանի շուրջը: Եվ զուր չէր, որ ադրբեջանական կողմը վերջին շրջանում բանակցությունների զրոյական (դե, էլի) կետից սկսելու դեմ բողոքի է դուրս եկել, որովհետև Սերժ Սարգսյանն ասել է` բանակցել եք Քոչարյանի հե՞տ, պայմանավորվել եք ի՞ր հետ, իրենից էլ ուզեք 2-5-7 շրջանները. ես նման բան ձեզ չեմ ասել, ես ասել եմ` նախ` Ղարաբաղի կարգավիճակը, իսկ երեկոյան արդեն, եթե ուզում եք, գուցե և` «աթոռները»:
Հիշենք ևս մեկ անգամ, որ Թուրքիան չի վավերացնում արձանագրությունները Ղարաբաղի պատճառով: Փաստորեն, պատասխանը նրանց արդեն իսկ տրված է:
բ) Հայաստանը վավերացնում է արձանագրությունները` կից հավելվածով, որում տեղ են գտնում Սերժ Սարգսյանի` ցյուրիխյան ստորագրումից ժամեր առաջ արտասանած «րեչի» բոլոր կետերը (կարելի է նաև` մասնակի, ամենակարևոր կետը, որպեսզի բանակցային գործընթացի հեռանկարը հիմնովին չփսորվի):
գ) Կյանքի է կոչվում (իսկ ինչո՞ւ` ոչ, որպես քաղաքական կոնտրքայլ, քաղաքական մանևրների դրսևորում) դաշնակցության` խորհրդարան ներկայացրած քրօրում լրացում կատարելու նախագիծը, որով Օսմանյան Թուրքիայում և Արևմտյան Հայաստանում կատարված ցեղասպանության հերքումը, մերժումը, արդարացումը, ուրացումը քրեօրեն հետապնդելի արարք են դառնում (կատարվե՞ց ապուշիս երազանքը):
Վերը նշված տրիլոգիան (եռագրությունը) համարենք որպես մինիմում ծրագիր պաշտոնական Երևանի` «համարժեք պատասխան քայլերի» առումով, հավելելով «կից գրություն». մաքսիմում ծրագրի տեսքով, ըստ որի էլ հայտարարվում է`
դ) Հայաստանը կարող է չեղյալ համարել արձանագրությունները,
ե) Հայաստանը կարող է դուրս գալ հայ-թուրքական բանակցությունների գործընթացից:
Այս դուետը, իհարկե, կարող է կոշտ համարվել նրբացած քաղտեխնոլոգիաների այս մեծ աշխարհում, համ էլ որ դրանք ո՛չ մեզ, ո՛չ էլ միջազգային թշնամիաբարեկամ հանրությանը ձեռնտու չեն. մանավանդ որ ահագին ջանք ու եռանդ է թափվել հայ-թուրքական հարաբերություններն ինչ-որ հանգրվանի հասցնելու առումով, ուստի մասնակի վերապահում ունենք մեր իսկ առաջարկած մաքսիմում ծրագրի «հաշվով»: Հաստատ:
Չնայած` ով գիտի. երբեմն կոշտ մեթոդներն առավել գործուն, արդյունավետ ու աշխատող են լինում նրբացած ու անիրավ էս աշխըրքում:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 1856

Մեկնաբանություններ