Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Հայ-վրացական հարաբերությունները և Ջավախքը

Հայ-վրացական հարաբերությունները և Ջավախքը
24.02.2009 | 00:00

ՋԱՎԱԽՔ
Ջավախքի նկատմամբ Վրաստանի վարած քաղաքականության ուղղություններից մեկն էլ Հայաստանի ազդեցության սահմանափակումն է տարածաշրջանի մշակութային և հատկապես տնտեսական կյանքում։ Վրաստանը բավական խանդով է վերաբերվում Ջավախքի ու Հայաստանի բնակչության գործարար շփումներին, որոնք ուղղված են տարածաշրջանի տնտեսական զարգացմանը։ 2006-ի ձմռանը տեղի ունեցան բախումներ վրացական ու հայկական մաքսակետերում, որոնց մասնակցում էր նաև Ջավախքի հասարակական կազմակերպություններից մեկը։ Որովհետև եթե մինչ այդ Հայաստանից ու Ջավախքից ապրանքները մաքսազերծվում էին Նինոծմինդայի մաքսատանը, որը հայ-վրացական սահմանի վրա է, ապա վրացական իշխանությունների որոշումից հետո Հայաստանից Ջավախք ներկրվող ապրանքները պետք էր անցկացնել Բորժոմի մաքսակետով, որը 250-300 կմ հեռու է։ Կամ էլ հիշյալ մաքսակետի մաքսավորներին բերել հայ-վրացական սահման։ Այս որոշումը, անշուշտ, առաջին հերթին ուղղված էր Ջավախքի հայ բնակչության դեմ, մանավանդ որ հայ-վրացական սահմանի վրա գտնվող Նինոծմինդայի անցակետը «մաքրվել» է հայերից և համալրվել բացառապես վրացիներով։
Հայաստանի ջանքերով կառուցված և մայր հայրենիքը Ջավախքի հետ կապող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գիծը ևս լիարժեք չի գործում` վրացական իշխանությունների ձեռնարկած խոչընդոտների արդյունքում։ 2005-ին նույնիսկ քրեական գործ հարուցվեց այդ հաղորդագծի կառուցման համար հողահատկացման հետ կապված, ձերբակալվեց Ջավախքի շրջանային ղեկավարներից մեկը` Ռ. Արզումանյանը։ Միայն երկարատև ու դժվարին պայքարից, հայկական բնակչության մշտական պահանջներից ու Հայաստանի միջամտությունից հետո բարձրավոլտ գիծը սկսեց օգտագործվել Հարավային Վրաստանին էներգիա մատակարարելու համար։ 2002-ի դեկտեմբերի 22-ին Վրաստանը, այնուհանդերձ, վավերացրեց Եվրախորհրդի` ազգային փոքրամասնությունների պաշտպանությանը վերաբերող շրջանակային համաձայնագիրը։ 2006-ին վավերացվեց տարածաշրջանային կամ փոքրամասնությունների լեզուներին վերաբերող եվրոպական խարտիան։ Այս երկու հիմնական փաստաթղթերն են, որ հնարավորություն պետք է տան ազգային փոքրամասնություններին` պաշտպանելու իրենց իրավունքները գոնե այդ երկու ուղղություններով։ Վրաստանն էլ, անշուշտ, չի կարող ամբողջությամբ անտեսել ստանձնած պարտավորությունները, սակայն, իհարկե, չի հրաժարվի էթնիկ փոքրամասնություններին դուրս մղելու քաղաքականությունից։
Հայաստանում` տարածաշրջանային փորձագետների շրջանակում, ձևավորվել է կարծիք, թե Վրաստանը, սրելով քաղաքական հարաբերությունները Հայաստանի հետ, կարող է նույնիսկ դիմել կոմունիկացիաների փակման քաղաքականության։ Արդյունքում Հայաստանը կհայտնվի գրեթե լիակատար շրջափակման մեջ։ Իհարկե, որոշակի պայմաններում Վրաստանը կարող էր դիմել այդ քայլին, սակայն հազիվ թե այդ քաղաքականությունն առարկայական է ներկայումս, քանզի չկան դրան նպաստող արտաքին գործոններ։ Ամենից առաջ հարկ է գիտակցել, որ եթե Վրաստանն ի վիճակի լիներ կիրառելու նման քաղաքականություն, դա կաներ ավելի վաղ։ Սակայն ոչ միայն Հայաստանը, այլև Վրաստանն անվտանգության տեսանկյունից բավական խոցելի են իբրև պետություններ։ Վրաստանում գնալով ավելի զգալի է դառնում թուրք-ադրբեջանական դաշինքի քաղաքական ռազմավարության ազդեցությունը, որը, անշուշտ, նպատակ ունի Վրաստանն ամբողջությամբ ընդգրկելու իր ուղեծրում։ Կորսված են հույսերը Աբխազիայի ու Հարավային Օսիայի նկատմամբ վերահսկողության հաստատման և Ռուսաստանի հետ հակադրության հաղթահարման վերաբերյալ։ Բոլոր սպասումները, կապված «Եվրասիական միջանցք» նախագծի հետ, չարդարացան, իսկ ԱՄՆ-ի շարունակական փորձերը` վերակողմնորոշել Կենտրոնական և Հարավային Ասիան, ավելի ու ավելի լոկալ են դարձնում վրացական կոմունիկացիաների նշանակությունը։ Վրաստանն այդպես էլ չի ստացել երկար սպասված ռազմավարական ներդրումներ տնտեսության մեջ, որոնք կմղեին տնտեսական զարգացման, և առայսօր լուրջ կախվածություն ունի արտաքին օժանդակությունից։
Այս պայմաններում Հայաստանը կարող է դառնալ կարևոր տնտեսական գործընկեր, որի մասնակցությունը վրացական տնտեսության զարգացման գործում այլընտրանք կդառնա թուրքական ու ադրբեջանական ներդրումներին։ Վերջին երեք տարիներին Հայաստանը ցույց տվեց, որ կարող է ակտիվորեն ներկայացված լինել վրացական տնտեսության մեջ։ Ներդրումներ են կատարվել տրանսպորտային ոլորտի ձեռնարկություններում, ծխախոտի արդյունաբերության մեջ, բանկերում և կուրորտների զարգացման ոլորտում։ 2008-ին հայ-վրացական առևտրաշրջանառությունը հասավ 136 մլն դոլարի։ Անցած իրադարձություններն էլ ցույց տվեցին, որ Վրաստանը զգուշանում է Ադրբեջանի մասնակցությունից, մասնավորապես նավահանգիստների զարգացման ուղղությամբ ներդրումների առումով։ Այն դեպքում, երբ Հայաստանի մասնակցությունն այդ ոլորտում միանգամայն ողջունելի է։ Նկատի ունենալով դեպի թուրքական շուկաներ Հայաստանի առջև դրված սահմանափակումները, ինչպես նաև այն, որ իրանական շուկան ենթակա է ուժեղ պրոտեկցիոնիզմի, Վրաստանը Հայաստանի համար առավել մեծ հետաքրքրություն է ներկայացնում արդյունաբերական և տրանսպորտային ոլորտներում ներդրումների տեսանկյունից։ Այն բանից հետո, երբ Վրաստանում վրա հասավ հիասթափությունը «Եվրասիական միջանցքի» նախագծի հետ կապված, Թբիլիսիում սկսել են ավելի ուշադիր դիտարկել գեոտնտեսական նշանակության այլ նախագծերը` ամենից առաջ Իրանի հետ տնտեսական կապերի խորացման տեսանկյունից, և այդ համատեքստում հաշվի է առնվում հայկական փորձը։ Իրանի հետ կապված վրացական մտադրությունները հաշվի առնելով` Հայաստանի դերը մեծանում է, նկատի ունենալով կոմունիկացիաներն ու եռակողմ տնտեսական համագործակցության հնարավորությունները։ Վրաստանում ընդհանուր առմամբ շատ քաղաքական գործիչների և վարչարարների հրապուրում է Հայաստանի տնտեսական զարգացման փորձը, որը 1990-ականների երկրորդ կեսից ընթանում է տնտեսության իրական սեկտորի, ամենից առաջ արդյունաբերության զարգացման ուղղությամբ։ Վրացական կողմի համար հետաքրքրություն է ներկայացնում նաև Հայաստանում պետական մասնակցության ձևաչափը տարբեր արդյունաբերական նախագծերի իրագործման առումով։ Թբիլիսիում շատերն են հասկացել, որ հասել է ժամանակը, այսպես կոչված, լիբերալ մոտեցումներից անցնելու տնտեսական առաջնահերթությունների քաղաքականության։ Ինչը ենթադրում է հարաբերությունների զարգացում Ռուսաստանի ու Իրանի, այսինքն` խոշոր տերությունների հետ, որոնք տիրապետում են բազմաբնույթ ռեսուրսների, էներգիայի և հումքի աղբյուրների, խոշոր շուկաների։ Վրաստանում տեսակետ է ձևավորվում, որ ակտիվ տնտեսական ու սոցիալական զարգացումը հնարավոր է միայն բազմավեկտոր համագործակցության արդյունքում։ Այս դիրքորոշումը նպաստում է հետաքրքրության մեծացմանը Հայաստանի հետ հարաբերությունների առումով, որը մասնակի շրջափակման պայմաններում կարողացել է վերականգնել իր էներգետիկան, արդյունաբերությունը, ապահովել դինամիկ զարգացում` իրական տնտեսության ոլորտում համագործակցության շնորհիվ։
Այս նոր իրողություններն էլ պայմանավորում են Վրաստանի ու Հայաստանի միջև քաղաքական հարաբերությունների զարգացումը։ Ճիշտ է, այդ հարաբերություններն առայժմ սահմանափակ են, չի ձևավորվել բավականաչափ վստահելի մթնոլորտ։ Սակայն Հայաստանին հաջողվել է պարտավորեցնել Վրաստանին` սկսելու մշտական երկխոսություն բարձր մակարդակով Ջավախքի խնդրի և, առհասարակ, Վրաստանում հայկական բնակչության ապագայի հետ կապված։ Այդ երկխոսությունն ընթանում է նախագահների, խորհրդարանների, վարչապետների և արտգործնախարարների մակարդակով։ Հայաստանի ջանքերին զուգահեռ` վրացական իշխանությունների վրա որոշակի ճնշում է ապահովվում նաև ԱՄՆ-ում ու Եվրամիությունում հայկական հասարակական կազմակերպությունների գործունեության արդյունքում։ Միաժամանակ Ջավախքը, որպես գործոն, ինքնին մեծ դեր է խաղում հայ-վրացական հարաբերություններում ու զսպող նշանակություն ունի Հայաստանի նկատմամբ Վրաստանի քաղաքականության առումով։ Ջավախքում հայկական ակտիվ համայնքի գոյությունը հավասարակշռող գործոն է հայ-վրացական հարաբերություններում։ Թբիլիսիում լավ են հասկանում, որ Հայաստանի շրջափակմանը իրենց մասնակցությունը կամ դիտավորյալ հրահրված հակահայկական քաղաքականությունը շատ բան կարժենան Վրաստանին։ Քանզի Ջավախքը, անկասկած, դուրս կգա վերահսկողությունից ու Վրաստանը կկանգնի երրորդ տարածաշրջանի անջատման փաստի առջև։ Հարկ է նկատել, որ Վրաստան-Հայաստան հակամարտության դեպքում անվերահսկելի կդառնա ոչ միայն Ջավախքը, այլև լայն իմաստով Սամցխե-Ջավախեթիի հայաբնակ տարածաշրջանը` Հայաստանի սահմանից մինչև Աջարիա։ Այսպիսով, հայկական բնակչության շահերի պաշտպանությունը Վրաստանում Հայաստանի համար ունի ոչ միայն պատմամշակութային և ազգային բնակեցման աշխարհագրությունը պահպանելու նշանակություն, այլև ռազմավարական կարևորություն` ուղղակիորեն առնչվող երկրի անվտանգությանը։
Ջավախքի ու Հայաստանի հասարակական կազմակերպությունները սովորաբար մեղադրում են Հայաստանի կառավարությանը հայրենասիրության բացակայության կամ չափից ավելի զուսպ լինելու մեջ` Վրաստանում հայ բնակչության շահերի պաշտպանության առումով։ Սա շատ կողմերով արդարացի և օբյեկտիվ մեղադրանք է։ Սակայն, միաժամանակ հարկ է ընդգծել, որ Հայաստանը ճիշտ ժամանակին, թեկուզ և երկար սպասելուց հետո, սկսել է իրագործել վիրահայերի հետ կապված որոշակի քաղաքականություն։ Որովհետև Հայաստանի իշխանությունները զգացին` Վրաստանը հայտնվել է բավականին բարդ իրավիճակում և, չնայած ԱՄՆ-ի ու արևմտյան հանրության ուժեղ աջակցությանը, շատ բարդ աշխարհաքաղաքական ու տնտեսական պայմաններում է, որոնց գումարվում է ներքաղաքական ճգնաժամը։ Հայաստանի կառավարությունը մշտապես վրացիների հետ շփումներում առաջ է քաշում տարբեր հարցեր, միաժամանակ առաջարկելով դրանց լուծման իր հնարավորությունների օգտագործումը։ Վրաստանը չի կարող անվերջ հրաժարվել այդ նախաձեռնություններից, քանզի դրանք քննարկվում են ոչ միայն պաշտոնական, այլև հասարակական մակարդակում։ Այսպիսով, ընդհանուր առմամբ, Հայաստանին հաջողվել է առաջ քաշել Ջավախքի խնդիրը իբրև միջազգային հարց, թեկուզ ոչ քաղաքական կոնտեքստով։
Ներկայումս Ջավախքը քաղաքական, տնտեսական ու մշակութային առումով սերտ կապված է Հայաստանի հետ։ Տարածաշրջանի գյուղատնտեսությունը համաչափ կողմնորոշված է ինչպես դեպի վրացական, այնպես էլ հայկական շուկան։ Սակայն գրեթե ամբողջությամբ Հայաստանի հետ են կապված տարածաշրջանի էներգամատակարարումը, կրթական համակարգը, մշակութային կյանքը, հեռուստատեսությունն ու մամուլը։ Վերջին տարիներին Վրաստանի ու Հայաստանի խորհրդարանները որոշ քայլեր ձեռնարկել են հայաբնակ շրջաններում կայունության ապահովման առումով։ Միաժամանակ Վրաստանը կարողացավ վերջին տարիներին ապահովել հայկական բեռների անվտանգությունն ու կայուն փոխադրումն իր տարածքով։ Կան պայմանավորվածություններ Երևան-Թբիլիսի-Բաթում ավտոմայրուղու կառուցման վերաբերյալ` հայկական սփյուռքի միջոցների ներգրավումով։ Հնարավոր է հայ-վրացական համատեղ մասնակցությունը իրանական գազը Եվրոպա արտահանելու ուղղությամբ։ Այս ամենը ստեղծում է կայունության իրավիճակ։ Սակայն միաժամանակ կան բավական լուրջ քաղաքական գործոններ, որոնց ազդեցությունը որոշիչ է ոչ միայն Ջավախքում, այլև հայ-վրացական հարաբերություններում ընդհանուր մթնոլորտի առումով, և այդ կապակցությամբ հատկապես կարևոր են վրաց-թուրքական հարաբերությունները։ Դրանք ենթադրում են սերտ քաղաքական, տնտեսական ու ռազմատեխնիկական համագործակցություն։ Թուրքիան Վրաստանին էական ռազմատեխնիկական օգնություն է ցուցաբերել ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում, և Թուրքիայի քաղաքական ներկայությունը Վրաստանում բավականաչափ համոզիչ է թվում։ Հայաստանի մտահոգության առարկան է հատկապես Կարս-Ախալքալաք երկաթուղու կառուցումը, որ կնշանակի Հայաստանի ռազմավարական «շրջանցում»։ Այդ փաստով մտահոգ է նաև Ռուսաստանը, ինչն ավելի է մեծացնում լարվածությունը հայ-վրացական հարաբերություններում։
Ստեղծված պայմաններում կանխատեսելի է, որ Վրաստանի քաղաքականությունը Սամցխե-Ջավախեթիի ողջ տարածաշրջանում և հայերի նկատմամբ, առհասարակ, կդառնա ավելի նրբամիտ, խճողված, միաժամանակ ավելի մտածված ու երկարաժամկետ։ Վրաստանը հասկացել է, որ չի կարող իրագործել հայ բնակչության դուրսմղման քաղաքականություն ամբողջ ծավալով և հարկադրված է լինելու հարմարվել նոր պայմաններին։ Միաժամանակ, չնայած նոր հնարավոր մոտեցումների ի հայտ գալուն, փաստ է, որ Վրաստանը երբեք չի կարող ապահովել իրական ժողովրդավարական մոտեցում էթնիկ-տարածաշրջանային քաղաքականության մեջ։ Հայաստանը ոչ միայն իշխանությունների, այլև հասարակական մակարդակով սերտ կապեր է հաստատել Ջավախքի հասարակական կազմակերպությունների հետ։ Ստեղծվել է խաղարկային իրավիճակ, երբ Հայաստանն ու Վրաստանը փորձում են այդ երկրամասում խաղալ սեփական խաղը։ Այդ կապակցությամբ Վրաստանը վերջին շրջանում սկսել է «խաղագումարները դնել» ոչ թե առանձին կազմակերպությունների, այլ կոնկրետ անձանց, Ջավախքի տեղական իշխանությունների տարբեր ներկայացուցիչների վրա և այդպիսով երկրամասում ձևավորել «վրացական կուսակցություն»։ Հայաստանի ղեկավարությունը վերջին շրջանում, կարծես, հասկացել է, որ Վրաստանում, հատկապես Սամցխե-Ջավախեթիում, հայերի շահերի պաշտպանությունը պայմանավորված է լինելու Հայաստանի մշտական տնտեսական և սոցիալ-մշակութային ներկայությամբ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 3371

Մեկնաբանություններ