ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Երկրի պաշտպանունակության կարևորագույն գործոնը

Երկրի պաշտպանունակության կարևորագույն գործոնը
28.08.2009 | 00:00

ԱԶԳԱՅԻՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆՐԲԵՐԱՆԳՆԵՐԻՑ
Իլյա Էրենբուրգը ժամանակին նշում էր, որ որքան էլ երկիրը նախապատրաստված լինի պատերազմի, մարդկային սիրտը չի կարող դրան պատրաստ լինել։ Սա անվիճելի ճշմարտություն է, և յուրաքանչյուր պետության կարևորագույն պարտքը կամ պարտավորությունն է` ժողովրդին նախապատրաստել հնարավոր պատերազմին։ Այսինքն` ունենալ նաև կարևորագույն, իսկ միգուցե որոշիչ բաղադրիչը` պատերազմի նախապատրաստման համակարգում։
Հայաստանի դրությունն այնպիսին է, որ հնարավոր չէ կառուցել պաշտպանության համակարգ առանց բնակչության լայն զանգվածներին ռազմական պատրաստության ուղեծրում ընդգրկելու, ինչը, այլ կերպ, կոչվում է հասարակության միլիտարիզացիա։ Այս խնդիրները Հայաստանում մնացել են չլուծված, և անհրաժեշտ է մշակել միջոցառումների ծրագիր, որոնք ամրագրված լինեն օրենսդրորեն ու ֆինանսավորվեն պետական բյուջեից։ Հասարակության նախապատրաստումը հայրենասիրական խնդիրների իրագործմանը Հայաստանում առայժմ սահմանափակված է սիրողական մակարդակի ոչ այնքան որակյալ տեսաձայնագրություններով, որոնք ունեն կարոտախտային բնույթ և նախապատրաստված են որոշակի արդիական խմբավորումների ակնհայտ և որոշակի հետաքրքրությունների հիմքի վրա։ Չնայած, եթե լավագույնը չկա, ապա դա էլ կարևոր է, թեպետ այդ քարոզչության իմաստային ծանրաբեռնվածությունը խիստ կասկածելի է։ Հայրենասիրական դաստիարակություն ստացած նոր սերունդը չի կարող ճիշտ կողմնորոշվել, տեսնելով, թե ինչպես հայկական քաղաքականության ու բիզնեսի ժողովրդականություն վայելող հաստլիկները ծաղիկներ են դնում զոհվածների շիրիմներին։ Գրագետ ազգը պետք է ունենա այլ բնույթի և ուղղվածության քարոզչություն, և խնդիրն այն է, թե ով պետք է զբաղվի այդ պրոբլեմներով։ Քարոզչությունը, անշուշտ, միշտ էլ խնդիրների լուծման միջոց է, բայց արդյո՞ք կզբաղվեն իրենց համար բացարձակապես օտար պրոբլեմների լուծումով այս կամ այն հայկական հեռուստաընկերությունները։
Ղարաբաղյան պատերազմից գրեթե անմիջապես հետո ստեղծված, այսպես կոչված, «երկրապահների» կազմակերպությունները բոլորովին էլ խնդիր չունեին կազմակերպելու պատերազմի փորձ ունեցող հայրենասերների։ Դրանք կոչված էին բավարարելու առանձին ազդեցիկ խմբավորումների շահերը և զերծ պահելու իշխանություններին անցանկալի ներքին տհաճություններից։ Այդ կազմակերպությունները ոչ մի բովանդակային բան չներդրեցին հասարակությանը երկրի պաշտպանության համար նախապատրաստելու, նոր սերունդներ դաստիարակելու, ինքնապաշտպանության իրական ջոկատներ ստեղծելու առումով։ Եթե այդ կազմակերպությունները պատերազմի վետերաններին համախմբելու բնույթ ունեն միայն, ապա այլ երկրներում դրանք սովորաբար ստեղծվում են պատերազմից 20-25 տարի հետո։ Եթե «երկրապահները» դրանք կենսագործող ակումբներ էին, որոնք կոչված էին երկիրը պաշտպանելու, ապա պետք է զբաղվեին մարտական պատրաստությամբ։ Սակայն, հավանաբար, ինչ-որ մեկին պետք էր հնարավորինս վարկաբեկել սկզբում ֆիդայական, այնուհետև նաև «երկրապահների» շարժումը։ Դրվեց և իրագործվեց այդ խմբավորումներին պատկանող մարդկանց բացարձակապես կառավարելի դարձնելու խնդիրը։ Մարդկանց, ովքեր անցել էին պատերազմով և կարող էին լուրջ ներդրում ունենալ հասարակության զարգացման մեջ։ Հայաստանը մնաց առանց հասարակական այնպիսի կարևոր տարրի, ինչպիսիք են մյուսներից տարբերվող հայացքներ ունեցող մարդիկ, ովքեր միաժամանակ իսկապես հայրենասիրական գաղափարների կրողներ են։
Հասարակությունը պետք է կազմակերպված լինի տարբեր մակարդակներում, այդ թվում նաև` պաշտպանության խնդիրների ու անվտանգության ապահովման առումով։ Չի կարելի սպասել, որ այդ հարցը լուծի պատերազմը, դա անթույլատրելի շքեղություն է Հայաստանի համար, իսկ ավելի պարզ` հանցագործություն։ Վարչական առումով երկիրը պետք է կազմակերպված լինի ջոկատների, ռազմականացված ճամբարների սկզբունքով, ուր հստակեցված են պատասխանատվության գոտիները և որոշակիացված է քաղաքացիական պարտքի կատարման ռեժիմը։ Այդպիսի կառույցների ստեղծման օրինակները բազմաթիվ են ու ավելի քան բավարար։ Այդպիսի կառույցների շնորհիվ ոչ մեծ երկրները կարողացել են արժանի դիմադրություն ցույց տալ շատ ավելի նշանակալի ուժեր ունեցող հակառակորդների։
Վերջին տասնամյակներում ԱՄՆ-ի զինված ուժերն իրականացրին միայն մեկ խոշոր ռազմական գործողություն` առանց ռեզերվիստների ընդգրկման։ Դա Գրենադայում իրականացված օպերացիան էր, որը փոքրիկ կղզյակ-պետություն է։ Մինչդեռ ռազմական օպերացիան Իրաքում ամերիկացիներից պահանջեց լուրջ մոբիլիզացիոն միջոցառումների իրականացում, ընդ որում, ըստ էության, արտասահմանյան լեգեոներների ընդգրկումով։ Երբ ենթադրվում է, որ երկու պետությունների միջև տեղի է ունենալու ռազմական բախում, իսկ զինված ուժերի թվակազմն ընդգրկում է միայն մի քանի տասնյակ հազար մարդ, հնարավոր չէ ռազմական պլանավորման մեջ ընդգրկել լայնամասշտաբ և երկարատև պատերազմ վարելու հնարավորությունը։ Միևնույն ժամանակ, առկա տեղեկությունների համաձայն, Հայաստանի ռազմական հրամանատարությունը բոլոր հնարավոր մարտական խնդիրների իրականացումը ենթադրում է առանց ռեզերվիստների օգտագործման։ Այսպիսի դիրքորոշումը զուրկ է որևէ տրամաբանությունից, բացարձակապես հիմնավորված չէ, արտահայտում է Հայաստանի քաղաքական ղեկավարության և ռազմական հրամանատարության անձնական ու խմբակային շահերը։ Ես կարծում եմ, որ ռազմական գործողությունները վերսկսելու հավանականությունը փոքր չէ, և աններելի սխալ կլիներ հնարավոր ռազմական գործողությունները դիտարկել իբրև «միջին մասշտաբի» ռազմական բախում։ Ոչ ոք իրավունք չունի կասկածի տակ դնելու երկրի անվտանգությունը և ռիսկի դիմելու սեփական համառությունից ելնելով, կամ խիստ կասկածելի հայացքները պաշտպանելու համար։ Գաղտնիք չէ, որ Հայաստանի ռազմական ղեկավարությունը կողմնորոշված է դեպի հակառակորդի արագ ջախջախումը` մասշտաբային օպերացիա իրականացնելու ճանապարհով։ Սակայն հազիվ թե այդ ծրագրերի իրագործումը հնարավոր է առանց զինված ուժերի անձնակազմի, ամենից առաջ գործող բանակի թվակազմի էական մեծացման։ Ռազմական փորձագետների գնահատմամբ, հայկական ռեզերվիստների թվակազմը և մարզվածությունը միանգամայն բավարար են հաջող ռազմական գործողություններ ծավալելու համար, բայց չնայած դրան, նպատակահարմար է դիտարկվում վերականգնել առաջին ղարաբաղյան պատերազմի ավանդույթները` վերստեղծելով ինքնապաշտպանական ջոկատներ։ Որոշակի պայմաններում ինքնապաշտպանական ջոկատները կարող էին լուծել շատ կարևոր մարտական խնդիրներ ոչ միայն դիրքային մարտերի ժամանակ, այլև մասնակցելով հարձակողական գործողությունների։
Սակայն ավելի անմիտ ու սխալ է մոբիլիզացիոն միջոցառումների ձեռնարկումը ռազմական գործողությունների սկսվելուց հետո։ Ամենայն վստահությամբ կարելի է պնդել, որ Հայաստանի զինվորական հրամանատարության այդպիսի տարօրինակ պահվածքի հիմնական պատճառներն են զինված ուժերի հասարակական-քաղաքական կարգավիճակը չբարձրացնելու ցանկությունը, հասարակության մեջ զինված մարդկանց թվակազմը չմեծացնելու ձգտումը, որը, իբր, կարող է հանգեցնել զինվորական շրջանակների միջամտությանը քաղաքական հարցերին։ Այդպիսի տեսակետ ունեն ոչ միայն պահեստի բազմաթիվ սպաներ, այլև առաջին ղարաբաղյան պատերազմի ինքնապաշտպանական ջոկատների բազմաթիվ հրամանատարներ։ Այս ամենը լուրջ հակասության մեջ է մտնում Հայաստանի զինված ուժերի կառուցման մասին ընդունված հայեցակարգի և մշակված օպերատիվ ծրագրերի հետ։ Կասկած չկա, որ ռազմական հրամանատարության այդպիսի դիրքորոշումը չի կարող հանգեցնել հաջողության ռազմական գործողությունների ծավալման պարագայում և մեծ վնաս կհասցնի երկրի պաշտպանունակությանը։
Բնութագրական է, որ Հայաստանի զինվորական հրամանատարության այս դիրքորոշումը պաշտոնապես պաշտպանում են նաև ԼՂՀ պաշտպանության նախարարությունում։ Ստեղծված իրավիճակում Հայաստանի ու ԼՂՀ-ի խորհրդարանները, համապատասխան խորհրդարանական հանձնաժողովները, քաղաքական կուսակցությունները, քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունները, ռազմական փորձագետները և ԶԼՄ-ները պետք է իրենց գնահատականը տան վերոնշյալ դիրքորոշման կապակցությամբ։ Ստեղծված իրավիճակում երկրի անվտանգությանը վերաբերող տարբեր հայացքները չպետք է լինեն բանավեճի շրջանակներից դուրս։ Չի կարելի թույլ տալ, որ այդպիսի էական պաշտպանական ներուժն արդյունավետ չօգտագործվի` քաղաքական գործիչների ու չինովնիկների անձնական և խմբակային շահերից ելնելով։ Վերոնշյալ խնդիրները պետք է ընդգրկվեն զինված ուժերի գլխավոր շտաբի իրավասության շրջանակների մեջ։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1793

Մեկնաբանություններ