Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

«Վարդան Օսկանյանը մեզ օտար չէ, մեր շրջանակի մարդ է»

«Վարդան Օսկանյանը մեզ օտար չէ, մեր շրջանակի մարդ է»
18.07.2008 | 00:00

«ՄԵՐ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՆ ԲՆՈՐՈՇ Է ՄԵԿ ՔԱՅԼԱՆՈՑ ՇԱԽՄԱՏԱՅԻՆ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆԸ»
«Իրավունք de facto»-ի զրուցակիցն է ՀՌԱԿ ատենապետ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ
ԱՌԱՔԵԼՅԱՆԸ
-Այսօր տարաբնույթ քննարկումների օրակարգային թեմա է դարձել քաղաքական նոր բևեռի կամ, ինչպես ընդունված է ասել, «երրորդ ուժի» ձևավորման խնդիրը։ Ձեր դիտարկումներն այս առնչությամբ։
-Տասնյոթ տարի է, ինչ քաղաքականության մեջ եմ, և այդ ընթացքում մի քանի անգամ հրապարակ է նետվել «երրորդ ուժի» գաղափարը, որպես այլընտրանք՝ գոյություն ունեցող իշխանական և ընդդիմադիր բևեռների, թեև «երրորդ ուժը» միայն խոսելով չէ, որ պիտի ձևավորվի, դա քաղաքական լուրջ գործընթաց է ենթադրում։ Բայց այսօր, կարծում եմ, թե՛ ժողովրդի, թե՛ քաղաքական համակարգի առջև ոչ թե «երրորդ ուժ» ձևավորելու խնդիր է դրված, ինչն առկա ներքաղաքական խառնաշփոթն է՛լ ավելի կարող է խճճել, այլ դրված է գոյություն ունեցող պետական ինստիտուտները նորովի աշխատեցնելու հրամայականը։ Որպեսզի օրենսդիրն իր գործն անի, դատական համակարգը՝ իր, կառավարությունը՝ իր, և ոչ մեկը մյուսի «թաթի» տակ չլինի։ Խոսքն իշխանության թևերի փոխլրացնող գործունեության մասին է, գործունեություն, որում ակտիվորեն պետք է ներգրավված լինի նաև սփյուռքը, որպեսզի հայկական գենը լավագույնս ծառայի հայկական անկախ պետությանը։ Սա է օրվա հրամայականը։ Ցավոք, ժողովուրդը մինչև հիմա միշտ էլ գնացել է անձերի հետևից, մինչդեռ անձը չի կարող առանց գաղափարախոսության, առանց ծրագրերի միայնակ պետություն կառուցել։ Սրանից ելնելով էլ Հայաստանի ռամկավար ազատական կուսակցությունը վարում է «բաց դռների» քաղաքականություն, ինչի արդյունքում երկու քաղաքական ուժ՝ «Դաշինքն» ու «Ազգային վերածնունդը», արդեն միավորվել են ՀՌԱԿ-ի դրոշի ներքո։ Չենք թաքցնում, որ բանակցություններ են ընթանում նաև լիբերալ-ազգային արժեքներ դավանող այլ կուսակցությունների հետ, այսինքն, միավորումը խարսխված է գաղափարական հենքի վրա, ոչ թե կոնյունկտուրային ինչ-ինչ նպատակների կամ վաղօրոք գծագրված իշխանական ինչ-որ «պրոյեկտի», ինչի մասին այսօր աղմկում են որոշ լրատվամիջոցներ։ Բայց մենք մեր խղճի առաջ մաքուր ենք, չենք «նեղանում» նրանցից, քանի որ կարևորը, ի վերջո, այն ծրագրի իրագործումն է, ինչը մենք նախանշել ենք։
-Եվ, այդուհանդերձ, ինչպես չի լինում ծուխ՝ առանց կրակի, չի լինում նաև աղմուկ՝ առանց իրարանցման։ Իսկ իրարանցում, համաձայնեք, կա, ինչի նախաձեռնողը, նույն «աղմկարար» լրատվամիջոցների համոզմամբ, էքսնախագահ Ռոբերտ Քոչարյանն է, ով փորձում է իր համար նոր հենարան ապահովել՝ «երրորդ ուժի» կամ «ազգային ընդդիմության» դրոշի ներքո միավորելով քաղաքական լուսանցք մղված, թող ներվի ասել՝ «մոսկա» կուսակցությունները (բնորոշումը Քոչարյանինն է)։
-Կարծում եմ այդ որակումները ՀՌԱԿ-ին չեն վերաբերում, քանի որ 123 տարվա պատմության ընթացքում չի եղել ազգային կարևորության մի հարց, մի խնդիր, որին իր գործուն մասնակցությունը ցուցաբերած չլինի մեր կուսակցությունը, առավել ևս՝ վերջին տարիներին։ Կուսակցությունը արտախորհրդարանական գործունեության մեծ փորձ ունի, որովհետև մենք չենք կարող չիրականացնել նաև հայապահպանման, բարեգործական, մշակութային ծրագրեր։ Այսպես թե այնպես, մեր գործունեության անկյունաքարերից մեկն էլ սփյուռքի ներուժը հայրենիք ուղղորդելն է, այդ թվում՝ տնտեսական ոլորտում։ Սա՝ հարցից դուրս։ Ինչ վերաբերում է բուն հարցին, ինձ համար երկրորդական է՝ Քոչարյանի՞ նախաձեռնությունը կհամարեն, այսպես կոչված, «երրորդ ուժի» ձևավորման գաղափարը, թե՞ մեկ ուրիշի։ Կրկնում եմ՝ մեր խիղճը մաքուր է, մեզ չեն կարող մեղադրել ո՛չ պետական թալանի մեջ, ո՛չ մականունավոր օլիգարխիկ շրջապատ ունենալու մեջ, ո՛չ կոռուպցիոն մեքենայությունների մեջ։ Չկա՛ այդ բանը։ Ռամկավար ազատական կուսակցությունն իր հոգևոր, մշակութային կապիտալով ձգտել է որքան հնարավոր է մաքուր մնալ, և, որպես ազգային ավանդական կուսակցություն, գործել ենք այնպես, ինչպես մեր պապերը՝ փորձելով համախմբել մտավորական, ինտելեկտուալ մարդկանց։ Ո՛չ թե անպայման ռամկավար դարձնել, այլ գտնել մարդկանց, ովքեր մեզ նման են մտածում, քանի որ ՀՌԱԿ-ի խնդիրը համակիրների լայն շրջանակ ունենալն է։ Չմոռանանք, որ աշխարհի մասշտաբով շահում են այն կուսակցությունները, որոնք համակիրների լայն դաշտ ունեն, ոչ թե՝ «խելքից դուրս» կուսակիցներ։ Համակիրների այդ ինստիտուտն է, որ Հայաստանում դեռևս ձևավորված չէ, և մենք փորձելու ենք նաև այդ ուղղությամբ գնալ։ Մեր խնդիրը կոնկրետ անձերը չեն, դիցուք՝ Քոչարյանը, ում անունը շեշտեցիք, այլ ազգային, պետական արժեքները, որոնց նկատմամբ նույնական գաղափարներ ունեցող համակիրների հետ էլ ուզում ենք պահպանել ու զարգացնել այդ արժեքները։ Դա է պատճառը, որ նախագահի վերջին ընտրություններում չպաշտպանեցինք ո՛չ Լևոն Տեր-Պետրոսյանին, ո՛չ Սերժ Սարգսյանին, որովհետև տեսանք, որ ազգային կարևորագույն հարցերում նրանց և մեր ծրագրերն իրար չեն «բռնում»։ Ավելին, ծայրահեղ արմատական ընդդիմությունն ընդհանրապես ծրագիր չներկայացրեց՝ իշխանափոխությունից բացի («դուք գնացեք, մենք գանք» հրամայականով), եթե սա ընդհանրապես ծրագիր կարելի է համարել։ Ինչ վերաբերում է հետընտրական զարգացումներին, դրանք բոլորիս աչքի առաջ են, և հենց դրանց արդյունքում է, որ այսօր առավել, քան երբևէ խոցելի ենք դարձել ղարաբաղյան հարցում, Հայ դատի հարցում, եվրաինտեգրման և այլ հարցերում։ Այսինքն, այն մարտահրավերները, որ նետված են այսօր, Սերժինը չեն, Լևոնինը չեն, դրանք ողջ հայության առջև ծառացած խնդիրներ են։ Այ, այստեղ է, որ պիտի հանդուրժողականություն, լայնախոհություն, պետական մտածողություն դրսևորենք՝ անկախ մեր քաղաքական հայացքներից։ Ռամկավարները միշտ եղել են համատեղ աշխատանքի կողմնակիցը, թեպետ այսօր նման կեցվածքը, կարծես, պահանջարկ չի վայելում քաղաքական ուժերի գերակշիռ մասի կողմից։
-«Եզան տակ հորթ փնտրող» և, որպես կանոն, գտնող որոշ տպագիր լրատվամիջոցներ, որոնց «շպիգելի» հետևից, իրազեկ աղբյուրների ծանուցմամբ, դարձյալ Քոչարյանի «ականջներն» են երևում, վերջերս հրապարակ են նետել Տեր-Պետրոսյան-Սերժ Սարգսյան տանդեմի թեման։ Տանդեմ, որի կողմից իշխանությունը կիսելու ծրագիր է մշակվել շատ ավելի վաղ, քան կարող էին ենթադրել բացառիկ պայծառ երևակայություն ունեցող վերլուծաբանները։ Քաղաքական դետեկտիվ հիշեցնող նման սցենարը, ըստ Ձեզ, որքանո՞վ է իրատեսական։
-Անկեղծ ասած, մի քիչ դժվարանում եմ հավատալ, որ հայաստանյան քաղաքականության մեջ հնարավոր են այդօրինակ բազմաքայլ կոմբինացիաները...
-Նույնիսկ այնպիսի վարպետ «շախմատիստների» խաղարկմամբ, ինչպիսիք Տեր-Պետրոսյանն ու Սերժ Սարգսյա՞նն են։
-Նո՛ւյնիսկ։ Հայաստանի քաղաքական համակարգին շատ ավելի բնորոշ է մեկ քայլանոց կարճ մտածողությունը, երբ քայլն արվում է, շատ արագ հետևում է պատասխան քայլը, ստեղծվում է երկկողմանի փակուղային իրադրություն, և կողմերն էլ սկսում են մտածել, որ լավագույն ավարտն իրենց համար «ոչ-ոքին» կարող է լինել։ Այնպես որ, իրոք, քաղաքական բազմաքայլ կոմբինացիաներին ես չեմ հավատում։ Երանի այդպես լիներ, և մեր քաղաքական այրերը մի յոթ-ութ քայլ առաջ կարողանային մտածել։ Ձեր ասած «բազմաքայլը» մամուլի մտածողության ոլորտից է, որը, ինչպես միշտ, սիրում է իրողությունները «ճոխացնել»։
-Այսինքն, ոչինչ չի ծրագրվում, ինքնահոսի մատնված գնում ենք, է՛լի։
-Կոպիտ ասած՝ ես այսպես եմ պատկերացնում. մենք քնել-զարթնել ենք՝ գնում ենք Եվրոպա։ Հայ ժողովրդին ոչ ոք չի հարցրել, քաղաքական մեծամասնությունը որոշել է, որ գնում ենք Եվրոպա, ու հիմա մենք գնում ենք Եվրոպա՝ հայացքներս Մոսկվային հառած։ Նախանձով էլ հետ ենք նայում Չինաստանի կողմը, որի մեկ գյուղը Հայաստանի չափ բնակչություն ունի։ Սա է մեր դառը իրականությունը։ Դրա համար էլ հնարավոր չէ առանց շախմատային տախտակին նայելու յոթ-ութ քայլ առաջ մտածել։ Մեկ քայլանոց պարզունակ կոմբինացիաների դաշտում ենք դեռ։
-ՀՌԱԿ-«Դաշինք»-«Ազգային վերածնունդ» «կոմբինացիա՞ն» քանի «քայլանոց» է, և հաջորդ քայլն ո՞ւմն է լինելու է, եթե գաղտնիք չէ։
-Թե կոմբինացիան քանի՞ քայլանոց է՝ այդ հաշվարկը թողնում եմ Ձեզ, իսկ հաջորդ քայլն արած կուսակցությունը, որը պատրաստակամություն է հայտնել միավորվելու ՀՌԱԿ-ին, Էդուարդ Անտինյանի ղեկավարած ՀԱԱԿ-ն է (հիշեցնենք, որ Անտինյանը բոլորովին վերջերս շա՜տ «պարզունակ» մեկքայլանոց կոմբինացիայով Հայաստանի ազատական-առաջադիմական կուսակցությունը «կրեց» Հովհաննես Հովհաննիսյանից-Լ.Մ.)։ Ասեմ, որ մինչ այդ մասին օրերս հայտարարելը, Էդուարդ Անտինյանը քննարկումների մեջ էր նաև այլ ուժերի ներկայացուցիչների հետ (ԱՄԿ, ՀՔԴՄ, ԱԻՄ, ՀԴԿ, ՍԻՄ, այսպես կոչված, «վեցի ֆորմատը», որ հավակնում է դառնալու «չորրորդ ուժ»-Լ.Մ.)։
-Տիգրան Կարապետյանի հետ ի՞նչ հարաբերությունների մեջ եք։ Ի դեպ, նա իր գլխավորած Ժողովրդական կուսակցությունն արդեն «երրորդ ուժի» մեջ է տեսնում։
-Շատ նորմալ հարաբերությունների մեջ ենք Տիգրան Կարապետիչի հետ։ Ո՛չ թե միավորվելու, այլ ընդհանուր քաղաքական դաշտ, քաղաքական, տնտեսական մշակույթ ձևավորելու շուրջ հաճախ ենք տեսակետներ փոխանակում։ Ընդհանրապես, աշխարհում ընդունված բան է՝ չես կարող քաղաքականությունն ու տնտեսությունն իրարից զատել։ Իսկ Հայաստանին, տարածաշրջանային իր դիրքից ելնելով, տնտեսական թռիչքաձև զարգացումներ են պետք, ինչի հնարավորությունը հայ ժողովուրդն ունի։
-Վագրի թռիչք, կասեր Վարդան Օսկանյանը։ Ի դեպ, խոսակցություններ կան, որ նախկին արտգործնախարարը ևս «թռիչքից» հետո «վայրէջք» է կատարելու ՀՌԱԿ «գետնին վրա»՝ դարձյալ Քոչարյանի կողմից ուղղորդվող «հեռակառավարման վահանակով»։ Լո՞ւրջ խոսակցություններ են։
-Գիտե՞ք, շփումներ կան, բայց մենք այս պահին, նորից եմ ուզում կրկնել, համակիրների շրջանակի փնտրտուքների մեջ ենք։ Չեմ թաքցնում՝ շատ մարդկանց հետ ենք երկխոսել, և Վարդան Օսկանյանն էլ մեզ օտար չէ։ Այսպես ասեմ՝ մեր շրջանակի մարդ է։
-Դուք պատասխանեցիք իմ հարցին, պարոն Առաքելյան։
Զրուցեց Լիլի ՄԱՐՏՈՅԱՆԸ

Դիտվել է՝ 6148

Մեկնաբանություններ