Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

«ՑԱՆԿԱՑԱ, ՈՐ ԱՅՍ ԾԱՌԸ ՄՆԱ ՁԵԶ»

«ՑԱՆԿԱՑԱ, ՈՐ ԱՅՍ ԾԱՌԸ ՄՆԱ ՁԵԶ»
04.02.2011 | 00:00

Երբ նախապատրաստում էինք ՀՀ ժողովրդական արտիստ ԿԻՄ ԵՐԻՑՅԱՆԻ ծննդյան 80-ամյակին նվիրված երեկոն, բեմի և կինոյի մեծ վարպետը երկու ցանկություն հայտնեց. «Կուզեի, որ մի համեստ, մտերմիկ ու ջերմ երեկո լիներ դրամատիկական թատրոնում, և հրատարակվեր «Միշտ ափերի մեջ… նաև ծափերի» գիրքը»։
Առաջինը կազմակերպվեց, ինչպես ինքը ցանկացավ` հենց Երևանի դրամատիկական թատրոնում, ու մի հրաշալի ներկայացում-մենախոսություն ստացվեց։ Շուրջ մեկուկես ժամ բեմում ժողովրդի սիրելի դերասանն էր` իր մտքերով ու խոհերով։ Դա ավելի շատ երկխոսություն էր հանդիսատեսի հետ, քանի որ հենց նրա ջերմությամբ էին ողողված ողջ բեմն ու դահլիճը։ Ասաց, որ եկել է յուրովի հաշվետվություն տալու իր արածի ու չարածի, ապրածի ու չապրածի մասին։ Նրա խոսքում և՛ հուշ կար, և՛ ապրում, և՛ զարմանք, և՛ սեր, և՛ ջերմություն, և դա հաստատումն էր այն բանի, որ Հայաստանը, ինչպես ինքն էր ասում, «սիրում է միլիմետրերով, քանի որ քարտեզի վրա Հայաստանը մի մատիտի ծայրի չափ է, բայց մեկ է` ադամանդի պես փայլ է տալիս աշխարհի քարտեզին»։
Այդ օրը Կիմ Երիցյանն իր կենսափիլիսոփայությունն էր ներկայացնում, նաև իրական, բայց հետաքրքիր պատմություններ իր գործընկերների և մերձավորների կյանքից։ Պետք էր տեսնել այն ջերմությունը, որ նա ուներ նրանց նկատմամբ, լինեին իր վաղամեռիկ կինը` Բելլան, թե իր ընկերները` Պարույր Սևակը կամ Ֆրունզիկ Մկրտչյանը։ Եվ պատահական չէ, որ ոչ միայն հպարտանում էր այդ բարեկամությամբ, այլև սիրում էր մեջ բերել այն, ինչ գրել էր Պարույր Սևակը. «Սիրելի Կիմին` իմ բազմաշնորհ բարեկամին, անկեղծ սիրով ու նվիրվածությամբ։ Պարույր 28.06.60թ., Երևան»։
Ավանդույթի համաձայն` հոբելյանական երեկոյից հետո անցանք կուլիսների հետևը, բաժակ բարձրացինք մեծ դերասանի հոբելյանի առթիվ։
Իրեն յուրահատուկ ժպիտով ասաց, որ պատկերացրած երեկոն ստացվեց, միայն չկարողացավ երախտիքի խոսքեր ասել այն մարդկանց հասցեին, որոնց ընդհանրական ջանքերով կայացավ այս ամենը։ Այդ օրը հետաքրքիր իրադարձություն էլ եղավ։ Նրա երկրպագուներից մեկը` Լևոն Բարսեղյան անուն-ազգանունով մի երիտասարդ, որը վերջին տարիներին ջերմ ու մտերիմ բարեկամն էր դարձել, միշտ կողքին էր հրապարակային հանդիպումների ժամանակ, օգնում ու աջակցում էր դժվարությամբ տեղաշարժվող սիրված դերասանին, Կիմ Երիցյանին նվիրեց ժողովրդական դերասանի պատկերով ոսկե մեդալ։
Այդ օրը գնահատանքի ջերմ ու անկեղծ խոսքեր ասացին Կիմ Երիցյանի հասցեին նաև գործընկերները։ Դրամատիկականի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանի խոսքն ինչ-որ տեղ ամփոփող էր. «Շնորհակալություն Կիմ Երիցյանին, որ իր ապրած տարիների այս բարձունքում մի ինքնատիպ ու հարուստ ներկայացում պարգևեց մեզ»։
Տողերիս հեղինակը լոռեցիների, իր համերկրացիների անունից ջերմ բարեմաղթանքներ հղեց ու խոստացավ «Միշտ ափերի մեջ… նաև ծափերի» գիրքը լույս տեսնելուն պես նախաձեռնել և մինչև տարեվերջ կազմակերպել դրա շնորհանդեսը։ Գրքի հրատարակությունը ուշացավ։ Մահից մեկ օր առաջ այդ մասին էր խոսում, անհամբեր սպասում էր։ Այդպես էլ չտեսավ։ ՈՒղիղ 40 օր է անցել նրա մահվանից։ Վերջապես գիրքը լույս է տեսել, որտեղ ներկայացված է Կիմ Երիցյանի գրական հունձքը։
«Ի՞նչ են դրանք. նովելնե՞ր, մանրապատումնե՞ր, ուրվագծե՞ր, էսսենե՞ր, հուշե՞ր, մտորումնե՞ր, թե՞ պատմվածքներ. թող ընթերցողը քննի ու դատի, քանզի ամենամեծ, բոլոր տիտղոսներն ունեցող քննադատը ժողովուրդն է,- գրքի առաջաբանում գրում է Կիմ Երիցյանը և ավելացնում.- թեև ասել են, որ դերասանի գործը նման է ջրի վրա փայտով գրելուն, երբ գրում ես վերջին բառը, առաջինն արդեն ջնջվում է (այն ժամանակ նկարահանող սարքեր չկային), բայց որովհետև ամեն ինչ մնում է մարդկանց, ցանկացա, որ այս ծառը մնա ձեզ` իմ հանդիսատեսին, ունկնդրին, ընթերցողին»։
Գիրքն սկսվում է Լեոնիդ Ենգիբարյանին նվիրված «Փայտը» մանրապատումով։ Վերջին տարիներին ինքն էլ ձեռնափայտ էր օգտագործում, ու թերևս դա էր պատճառը, որ տպավորիչ էր նկարագրել փայտի ոդիսականը։ Տարբեր մարդկանց ծառայելով` փայտն իր փիլիսոփայական եզրահանգումն է անում. «Ես նայեցի պատուհանից դուրս և բակում ի՞նչ տեսա` կրակ։ Նոր հասկացա, որ փայտի վերջն անպայման վառվելն է, դա երջանկություն է, որ մի կտոր փայտ լինելով` պետք է ջերմություն, տաքություն տամ։ Եվ մտքովս անցավ. ինքնահրկիզում բառը չեմ սիրում, ինքնասպանությունը` նույնպես, ես ուզում էի ինձ գցել կրակը` որպես խունկ, որ ծուխս ծխալով` կամաց-կամաց գնամ հայտնվե՜մ իմ Տեր Տիրունի Տիրունյանի հետ… Մինչ հանդիպում, այս անգամ հպարտ «փայտ»։
Կիմ Երիցյանն ընթերցողին իր ծննդավայր Թիֆլիս է տեղափոխում` պապենական տուն, թատերական և կինոկենսագրության տարբեր հանգրվաններ, մարդկային փոխհարաբերությունների տարբեր խաչմերուկներ։
Այս ամենը մի փոքր հատված է այն գրական ժառանգությունից, որ նա թողել է մեզ։ Հարազատներն ասում են, որ գրում էր փոքրիկ, անգամ ծխախոտի թղթերի վրա։ Եվ այն պատառիկները, որ մեզ են մատուցվում, շատ էր սիրում պատմել հենց ինքը` հեղինակը։ Ընդամենը 40 օր է, որ հանդիսատեսի հետ չէ մեծ դերասանը, բայց նրա պակասը զգում ենք շատերս։
Սերգո ԵՐԻՑՅԱՆ
«Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր

Դիտվել է՝ 2648

Մեկնաբանություններ