Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը նշվեց գրական, հասարակական, պետական գործիչ, գրողների միության երկարամյա ղեկավար ԷԴՈՒԱՐԴ ԹՈՓՉՅԱՆԻ 100-ամյակը: Երեկոյի գեղարվեստական մասը ներկայացնում էին Թոփչյանների ընտանիքի անդամները:
Էդուարդ Թոփչյանը գրողների միությունը ղեկավարել է 1954-75 թվականներին: «Թվում է` դյուրին տարիներ էին, անհատի պաշտամունքից հետո էր, հարաբերական ազատություն կար, հանրապետությունն էլ տնտեսական և հոգևոր ծաղկում էր ապրում, բայց կային լուրջ դժվարություններ,- մեզ հետ զրույցում ասաց գրող-գրականագետ Ալեքսանդր Թոփչյանը:- Նախ պետք էր ճիշտ հասկանալ այն ազատությունը, որ մի փոքր պատուհան էր բացել, որպեսզի այն չխառնվեր քաոսի և ամենաթողության հետ, և երկրորդ, որ անցյալ մեղքերի քննադատությունը և ճիշտ գնահատությունը չվերածվեին հաշվեհարդարի, այսինքն, այլ դիմակի տակ չշարունակվեր 37 թվականը»: Հարկ է նշել, որ այդ տարիներին գրողների միությունում էին քննարկվում հանրապետության, սփյուռքի ամենալուրջ խնդիրները: Գրականագետի խոսքով` հենց գրողների միությունն էր, որ քայլ առ քայլ ու խոհեմաբար նախապատրաստեց մեր ազգային զարթոնքը, որն սկսվեց Ցեղասպանության 50-ամյակին նվիրված 1965-ի հայտնի իրադարձություններից:
Այդ տարիներին, ինչպես ընդգծում է գրականագետը, հարաբերականորեն բացվել էին դռները, գրական նոր շարժում էր խմորվում, և հարկ էր հավասարակշռություն ստեղծել արդեն հաստատված հնի ու առաջին քայլերն անող նորի միջև: «Գրական աշխարհի ղեկավարը պիտի ունենար ոչ միայն մանկավարժի նրբանկատություն, հոգատարություն, այլև լայն հայացքներ ու գիտելիքներ,- ասում է Ալեքսանդր Թոփչյանը:- Պատկերացրեք` երիտասարդները խոսում են ամերիկյան, եվրոպական մեծ գրողներից, ու հանկարծ գրական ղեկավարը չգիտի այդ ամենը: Նա ծիծաղի առարկա կդառնար: Իսկ իմ սերունդը ոչ մեկին չէր խնայում: Դա ինչ-որ տեղ դարձել էր սերունդների պայքար` լավ առումով, ո՛չ կռիվ, այլ պայքար առաջնության համար` գրական արևի տակ իր տեղը գտնելու համար»:
Ալեքսանդր Թոփչյանը չցանկացավ համեմատել մերօրյա գրական դաշտը և ժամանակի ազդեցությունը գրականության վրա: «Ինքս էլ այդ գրական պրոցեսի ակտիվ դեմքերից եմ, ժամանակները տարբեր են, գրողի դերն ուրիշ է այսօր, գրողը մեր օրերում արհամարհված է, հետևողականորեն ստորացնում են գրողին, ինչում գրողներն էլ իրենց լուման ունեն... Չէի ուզենա այդ մասին խոսել»:
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ