Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին հրաժարվում է ներկայանալ դատախազություն՝ հարցաքննության։ «Դատախազությանը խորհուրդ կտայի զբաղվել իր գործով և խուսափել նախագահի հետ քաղաքական հաշիվներ մաքրելուց»,- ճեպազրույցում հայտարարել է Զուրաբիշվիլին: Ավելի վաղ Վրաստանի դատախազությունը հետաքննություն էր սկսել ընտրակեղծիքների մասին մեղադրանքներից հետո, որի առնչությամբ էլ Զուրաբիշվիլին հրավիրվել է հարցազրույցի։               
 

Մինչ մերօրյա Գողգոթայի ճանապարհին հայտնվելը

Մինչ մերօրյա Գողգոթայի ճանապարհին հայտնվելը
27.03.2009 | 00:00

ԴԻՄԱՆԿԱՐ` ԾՆՎԱԾ ՏՈՆԱՄՈՒՏԻՆ
Մարտի 27-ը Թատրոնի միջազգային օրն է։ Մինչ արդի հայ թատերաշխարհում գործունեության կայուն լծակներ ունեցողները յուրովի փորձում են նշանավորել մասնագիտական տոնն իրենց «թատերակղզյակներում», ստվերում մնացած վաստակաշատ մշակներն ակնկալում են այդ առիթով միայն ՀՀ նախագահի կողմից շնորհվող կոչումներով, ի վերջո, արժանանալ պաշտոնական հոգեպնդող գնահատության, ում անմիջական աջակցությունը, կարծում եմ, կրկին առանձնակի շուք կհաղորդի Հովնանյանների հովանու շնորհիվ ամենամեծ թատերահավաքի վերափոխված ՀԹԳՄ ամենամյա «Արտավազդ» մրցանակաբաշխությանը այս երեկո «Մոսկվա» կինոթատրոնում, ինքս հետահայաց համակարգում եմ խուռներամ տպավորություններս։ Անմնացորդ ներգրավված լինելով թատերական առօրյայում` դյուրությամբ տարանջատում եմ ի հայտ եկած միտումները։ Եվ նույնիսկ ինձ համար անսպասելի, հանգում առաջին հայացքից տարօրինակ թվացող, բաց և անհերքելի եզրակացությունների։ Իբր «բարենորոգումների շրջան անցնող» մայր թատրոնը հետևողականորեն օտարվում է ընթացիկ մշակութային կյանքից։ Կտրուկ կրճատվում է խաղարկվող ներկայացումների քանակը։ Շրջանցվելով` մերժվում երկու բարոյալքված թատերախմբեր վերստին ապրեցրած Վահե Շահվերդյանի 36-ամյա պատկառելի կենսափորձի անժխտելի պիտանիությունը։ Կասեցվում է Սուրեն Շահվերդյանի հետագա ստեղծագործությունը` բեմադրական չորս հայտերի (Իբսեն, Շեքսպիր, Լորկա, Ռավենհիլ) անժամկետ ու անփույթ «հետաձգմամբ»։ «Բարենորոգիչներին» ակնհայտորեն ճնշում է «Շահվերդյան» ազգանունն անգամ։
Ինչո՞վ բացատրել «2008-X» փառատոն-ստուգատեսի և «Արտավազդ» մրցանակաբաշխության բազմամարդ հավաքականության մեջ դրա բացակայությունը։ Մի՞թե «Արշակ թագավոր» նոր ներկայացումը մրցունակ չէր մյուս, հիմնականում թերարժեք, բեմադրություններին։ «2008-X»-ի 15 քննարկված աշխատանքներից հատկապես Նարեկ Դուրյանի «Մորաքույրը` Փարիզից» անտրեպրիզային ներկայացմանը մասնագիտական կաղացող մտքի հիացախտի ժայթքմամբ հստակվեց մի տխուր իրողություն. անտրեպրիզասերիալային մտածողությունը մեզանում արմատավորողների ստվարացող բանակը թեժացնում է լայնամասշտաբ հարձակումը լուրջ թատերարվեստում որոշակի դերակատարություն ունեցող անհատների դեմ` «մասնագիտորեն» հնարավորինս արժեզրկելով նրանց ստեղծագործությունը։ Առայժմ` խիստ անձնավորված։ Տոնամուտի դառնաթախիծ մտորումներում էլ պահանջը սրվեց, նախ, «խնամի-ծանոթ-բարեկամական» պղտոր մթնոլորտի թանձրուկով հանիրավի նսեմացվող արվեստագետի դիմանկարը ցեխազերծելու։ Կողմնորոշելու ազնիվ մտավորականներին, ճշմարիտ թատերասերներին Վահե Շահվերդյանի դեմ շարունակվող պայքարի ներթաքույց հեռահար նկրտումներում։ Ապա` հրապարակելու արդի թատերարվեստում խնդիրների շուրջ մեր զրույցը։
ԹԱՏՐՈՆՆ ԻՐ ՄԵՋ ԷՐ
Շահվերդյանների արմատները մխրճված են Լոռվա բնաշխարհում ծվարած Դանուշավան (Այգեհատ) գյուղում։ Պատահաբար ծնվեց Լենինականում, 1945-ին։ Հանրահայտ Ամիրբեկյանների տոհմից սերող բնիկ կիրովականցի մայրը գնացել էր մանկապարտեզի համար սննդամթերք ստանալու և գնացքում բռնվել երկունքի ցավերով։ Հետպատերազմական ծանր տարիներին Կիրովականում անցած մանկության օրերի ամենասիրելի զբաղմունքն է եղել թատրոն-թատրոն խաղալը` 5 տարեկանից սկսած։ Բնատուր արտիստիզմն իրեն էր փոխանցվել գուցե տատից, ում անվերջանալի հյութեղ պատմություններից ամեն մեկն ինքնին մի ներկայացում էր, ով տարված լինելով Գուստավ Ֆլոբերով` Ֆլոբեր էր կնքել անունը և ժառանգություն թողել իր սեղանի գիրքը` «Մադամ Բովարին»։ Բայց այդպես էլ ներփակ կմնար, եթե ուսանողական արձակուրդներին Մոսկվայից տուն դարձող արվեստասեր բժշկուհի քույրը` Ամալյան, չբացեր նրա առջև թատրոնի զարմանահրաշ աշխարհի դռները։ «Վենետիկյան երկվորյակներ»-ից ստացած վառվռուն տպավորությունները` բեմի ձևավորումից սկսած մինչև սյուժետային մանրամասներ, պարզապես դաջվեցին մտապատկերում: Թատրոնն այլևս նրա էությունն էր։ Իր մշտական տեղն ուներ Կիրովականի միակ դրամատիկական թատրոնի դահլիճի առաջին շարքում։ Տասնմեկ տարեկան էր, երբ մի փառատոնի ժամանակ նրան նկատեց ժյուրիի նախագահ, թատրոնի գլխավոր ռեժիսոր Հովհաննես Կարապետյանը, որը փոքրիկ տղայի հարմար դերակատար էր փնտրում Բալզակի «Խորթ մայրը» բեմադրության համար։ Ծնողների անդրդվելի ընդդիմության պատճառով ծածուկ հաճախեց փորձերին` քրոջ «գլխավոր հովանավորությամբ»։ Շուտով քաղաքում հայտնվեցին նոր ներկայացման ազդագրերը, որոնցում այն ժամանակ նշվում էին բոլոր մասնակիցների անունները։ Հարևաններից մեկը նկատում է, հարցուփորձում հորը, ով քաղաքի միլպետն էր, թե ինչ առնչություն ունի Ֆ. Շահվերդյանն իրենց հետ, և... Թույլ են տալիս խաղալ պրեմիերան` չփչացնելու համար տղայի ծննդյան օրը, գնում են նայելու իրենց «փոքրիկ Նապոլեոնին» (Բոնապարտի հետ կապ չուներ), բայց կտրուկ արգելում են հաջորդ քայլն անել։ Միևնույն է, շարունակում է փոքր դերեր խաղալ թատրոնում (Թոմի, Մանկլավիկ...)։ Երբ Մոսկվայում ասպիրանտուրան ավարտելուց հետո քույրն աշխատանքի է նշանակվում Երևանի բժշկական ինստիտուտում, ընտանիքով տեղափոխվում են Երևան։ Ծնողները զուր էին կարծում, թե, ի վերջո, թատրոնից կկտրվի։ Գնում է քաղաքային պիոներպալատի թատերական խմբակ, որը վարում էին ԵՊՀԹ դերասան Արշավիր Ղազարյանն ու նրա կինը` Պարզանուշ Պարոնյանը։ Այստեղ էլ ընկերանում է Լևոն Տեր-Պետրոսյանի հետ։ Կամոյի անվան դպրոցում 11-րդ դասարանն ավարտելուց հետո ողջ թատերախմբով տեղափոխվում են Կանազի մշակույթի տուն։ Ոչ մի կերպ չէին ուզում իրարից ու Արշավիր Ղազարյանից բաժանվել, բայց երկու տարի անց կյանքը տարբեր ճամփաներով տարավ նրանց։ Լևոնը համալսարանից հետո ուսումը շարունակեց Լենինգրադում, ինքը ԵՊՀ մաթեմատիկական կիբեռնետիկայի բաժնում 3 տարի սովորելուց հետո դիմեց գեղարվեստաթատերական ինստիտուտ` հենց որ ռեժիսորականում ընդունելություն եղավ։ (Կարճահասակ լինելը հետ էր պահում դերասան դառնալու մտքից, չնայած նրա մոտ 20 դերակատարումներն ինստիտուտում ու թատրոններում հետագայում տեսնողները միաբերան վկայում են օժտվածության մասին)։ Քրոջ առաջարկով նախապես ճշգրտելով մասնագիտական պիտանիությունը ռեկտոր Մարտին Չարյանի և ամբիոնի վարիչ Արտաշես Հովսեփյանի մանրակրկիտ քննությամբ` ընդունվում է Վավիկ Վարդանյանի կուրս։ Վերջինս էլ 22 տարեկանից նրան «մկրտում» է Վահե անունով։
ԱՃԵՄՅԱՆԻ ՕՐՀՆՈՒԹՅԱՄԲ
20 օրից, ցավոք, իր մահկանացուն է կնքում հայ մեծանուն թատերագործիչը, և Վահե Շահվերդյանը մասնագիտանում է հրաշալի մանկավարժ Ռաֆայել Ջրբաշյանի արվեստանոցում, ում աշխատաոճը էապես տարբերվում էր մյուսներից։ Անույի ու Արբուզովի, Էդուարդո դե Ֆիլիպոյի ու Չեխովի, Սարոյանի ու Կոգոուտի, Չարենցի, Դեմիրճյանի ու Շոուի` հայ բեմադրական ավանդներ չունեցող բազմաժանր պիեսների վրա քառամյա աշխատանքը ճշգրտում է յուրօրինակ ընտանիք դարձած կուրսի 10 անդամների ստեղծագործական հակումները։ «Առանց դերասան լինելու անհնար է լավ ռեժիսոր լինել» սկզբունքով զարգացվում են Լևոն Շարաֆյանի, Արմեն Խանդիկյանի, Սվետլանա Քոչարյանի, Սիրանուշ Ղուկասյանի, Կարլեն Վարժապետյանի, մյուսների դերասանական ունակությունները։ Երկամսյա գործուղումը մոսկովյան տարբեր թատրոններ վարպետության անփոխարինելի դասընթացի արժեք է ստանում։ Քրոջ շնորհիվ Շահվերդյանը մշտապես հաղորդակցվում էր ռուսական թատերական մշակույթին, ստեղծագործական հզոր լիցքերով հարստանում։
Կիրովականի թատրոնն անմխիթար վիճակից դուրս բերելու նպատակով մշակույթի նախարարության հրահանգով ու Աճեմյանի հեռատես կամքով մեկնում է հարազատ օջախ։ «Դու մկրտվեցիր,- ասում է Աճեմյանը։- Ես օրհնում եմ քեզ և ասում` անպայման գնա, քեզ ինքնուրույն աշխատանք է պետք։ Ես գիտեմ, որ դու կբարձրացնես թատրոնը»։ Աճեմյանի լենինականյան սկզբնաշրջանի պատմություններով գոտեպնդված` ստանձնում է Աբելյանի անվան թատրոնի գլխավոր ռեժիսորի պաշտոնը։ Շուրջը հավաքելով երիտասարդների` օրնիբուն համատեղ աշխատանքում հղկվում է ինքը, հասունացնում խենթ համախոհների ունակությունները։ Կարճ ժամանակում բեմ են բարձրանում Դումբաձեի «Մի՛ վշտանա, մայրիկ» և Էֆտիմիուի «Մահ տեսած մարդը»` յուրովի ազդարարելով սեփական գեղագիտության ձևավորման մեկնարկը։ Հյուրախաղերն Արցախում, Թբիլիսիում, ՀՀ մարզերում ամրապնդում են երիտասարդացած թատերախմբի ինքնավստահությունը, ճանաչում բերում։ 1979-ին Կիրովականի թատրոնում Շիրվանզադեի «Քաոսը», Շաթիրյանի «Կովկասի արտակարգ կոմիսարը», Չխաիձեի «Ազատ թեման», Սարգսյանի «Հորովելը», Կասոնայի «Ծառերը կանգնած են մահանում» (բեմադրիչ` Մ. Կոտոյան) ներկայացումները դիտած մայրաքաղաքային հանձնախումբը միահամուռ արձանագրում է աբելյանցիների վերընթացը։ «Երևում էր, որ լավ ռեժիսոր է դառնալու,- մտաբերում էր Շահվերդյանի ուսանողական շրջանը Ռուբեն Զարյանը,- բայց կարող էր լավ ղեկավար չլինել։ Երիտասարդ գեղարվեստական ղեկավարն այժմ անում է մի բան, որ Հայաստանի ոչ մի թատրոնում ոչ մի ռեժիսոր չի կարողացել անել»։ Թատրոնը շարունակում է կատարելագործել իր ստեղծագործական դիմանկարը։ Քննությունը մայրաքաղաքում` «Դիմակահանդես», «Կապույտ թռչուն», «Բերոյանների ընտանիքը», «Խնայեցեք տղամարդկանց», «Ցիլինդր» բազմաբնույթ ու վառ թատերայնացված ներկայացումներով, փայլուն է հանձնում։ Նրան ներկայացնում են ավելի բարձր պահանջներ, գնահատում ավելի խստահայաց։ Ընդարձակվում են ճանաչման աշխարհագրական սահմանները` Մոսկվա, Յալթա, Լիսաբոն, Ստրասբուրգ... «Ռիչարդ Երկրորդն» ու «Երեք քույրը» թատերական արարման նոր ուղենիշն են վավերացնում։ Չմարող ֆանատիզմով նոր բարձունքներ են նվաճվում` նույնիսկ 88-ի ավերիչ երկրաշարժով չկասեցվելով։ Խորեն Աբրահամյանը քանիցս դիմում է մշակույթի նախարարության միջնորդությանը` Շահվերդյանին մայր թատրոն բերելու անհետաձգելի պահանջով։ Ստեղծագործական ճգնաժամում հայտնված թատրոնում երերում էր Աբրահամյանի կազմակերպչական հեղինակությունը` բորբոքելով ժամանակի անվանի արվեստագետների դժգոհությունը, բուռն պաշտոնական քննարկումների տեղիք տալիս։ Դրանցից մեկում Շահվերդյանի պաշտպանական հանգամանալից ելույթի ներգործուն ուժը թշնամանք հրահրեց Աբրահամյանի հեղինակության գահավիժումը կասեցրած գործընկերոջ հանդեպ` մինչ օրս էլ չներվելով ոմանց, հատկապես անտրեպրիզասերիալային գեղագիտության ներկայիս գլխավոր տեսաբանի կողմից` հագեցում փնտրող վրեժխնդրության մոլուցքի վերածվելով։ Ավաղ, Աբրահամյանն ինքը չկարողացավ հաղթահարել եսակենտրոն մոլությունները։ Եվ ձախողման դատապարտվեցին իր իսկ առաջարկով Վահե Շահվերդյանի ձեռնարկած բեմադրությունները։ Երբ դրանց հանրագումարում, փաստորեն, լուծարվեց ստեղծագործական եռամյա պարապուրդի մատնված մայր թատրոնը, Շահվերդյանից ավելի հարմար թեկնածու չգտնվեց այն վերստին ապրեցնելու, և նա ստանձնեց Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարությունը։ Աստիճանաբար, տարեցտարի մանրադրամի վերածվեցին աբելյանցիների խոշոր ձեռքբերումները։ Բայց ուրիշ ելք չկար. կկործանվեր Հայաստանի առաջին թատրոնը։
ՄԱՅՐՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԻՑ ԶՐԿՎԱԾ ԹԱՏՐՈՆ
Շահվերդյանի դեմ թեժացած լայնամասշտաբ հարձակումը, զերծ լինելով իրական բարենորոգման հստակ ու խելամիտ ծրագրային բովանդակությունից, ակնհայտորեն ամլացման է մղում 1996-ից 12 տարիների դժվարին տքնանքով նոր ուղենիշային որակ ցուցանած, որոշակի զտման ու երիտասարդ ուժերով համալրման կարոտ դերասանախմբին, որի կատարողական վարպետությանն օտարազգի արվեստագետների տված բարձր գնահատականները միտումնավոր չարակամությամբ նսեմացվում են յուրայինների կողմից` նպատակ ունենալով արժեզրկել Շահվերդյան արվեստագետի գլխավոր դերակատարությունը մայր թատրոնի վերընձյուղման գործընթացում։ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի ստեղծագործական տարեգրության ողջ պատկերն ինձ համար հստակվեց, երբ տպագրության էի պատրաստում «Բեմադրությունը` Վահե Շահվերդյանի» երկհատորյակը։ Տարբեր տարիներին Հայաստանում ու նրա սահմաններից անդին մամուլի էջերում զետեղված բազում անդրադարձներով, առանց կողմնակալ միջամտության, այն լիարժեք պատկերացում է տալիս ոչ միայն Շահվերդյանի տաղանդաշատ արարման ու բեղուն թատերաշինարարության մասին, այլև արժևորում նրա հետ համագործակցած դերասանների, բեմանկարիչների, երաժիշտների ու դրամատուրգների ավանդը։ Համաճարակի վերածված պնակալեզային հոգեբանությամբ համազգային շարժման հորձանքով իշխանության գահաթոռին հայտնված մանկության ընկերոջ` Լևոն Տեր-Պետրոսյանի գործոնը շահարկվելով, խթանում է ոմանց երևակայությունը` անձնավորված պայքարի բանակի մարտունակությունը պահպանելուն միտված։ Թե՛ մայր թատրոնի գեղարվեստական ղեկավար, թե՛ ԵԹԿԻ ռեկտոր նշանակվելը, թե՛ Գուգարքի շրջանից ԱԺ առաջին գումարման պատգամավոր առաջադրվելն ու թիվ 132 ընտրատարածքում ընտրվելը բխեցվում են միմիայն սրանից` բացառելով սեփական գործերով ձեռք բերած արժանավորությունը։ Քանի դեռ Տեր-Պետրոսյանը պետության առաջին դեմքն էր, այդ գործոնը քաղցր-մեղցր հաճոյանքների անսպասելի ժայթքումներով էր ողողում Շահվերդյանին։ Նույն հոգեբանության ու մտածողության թելադրանքով` այնուհետև վերածվեց սևամաղձ հրաբխային լավայի` թատերաշխարհում ամրացած նորին մեծություն միջակության մատուցած արջի ծառայությամբ կործանարար զորեղ ուժ ստանալով։ Ոմանց լեդիմակբեթյան բարդույթով բորբոքված փառատենչությունը, գերագնահատության չարժանանալով, գտնելով ազդեցիկ հովանավորներ, բեմում ստեղծագործելու փոխարեն ավելի ու ավելի տարվեց ցեխաշպրտմամբ` շուրջը համախմբելով սեփական կարողություններով վաղաժամ զմայլվածներին ու ինքնապարապուրդի (միայն գլխավոր դերեր պիտի խաղային) դատապարտվածներին։ Գայթակղվեցին նաև սեփական կազմակերպչական ու մասնագիտական կարողությունների կոնկրետ դրսևորումներով Շահվերդյանի հետ մրցակցելու հավակնություններ չունեցողները։ Համընդհանուր դարձող իրարանցումը ծավալվելու աննախադեպ հնարավորություն ստացավ «վերևների» նախաձեռնած «բարեփոխումների» հովանու ներքո` զգալիորեն ջլատելով ստեղծագործական խմբի արդեն խարխլվող համախոհությունը։ Սունդուկյանի անվան թատրոնի 85-ամյա կենսագրության մեջ ժամանակ առ ժամանակ ի հայտ եկած «գահընկեցության» հիվանդագին դրսևորման հերթական զոհը, փաստորեն, Վահե Շահվերդյանը դարձավ, և մայրության իրավունքից համառ հետևողականությամբ սկսեցին զրկել փորձադաշտի վերափոխված ազգային ակադեմիական թատրոնը` անհայր կազմալուծվող երբեմնի ընտանիքը։ Առանց գեղագիտական առաջնորդի գեղարվեստական ղեկավարության, արտիստական դպրոց պահպանող ու զարգացնող շրջահայաց խաղացանկային մարտավարության անկարելի է բարենորոգել ու առույգացնել այս ստեղծագործական առայժմ կենսունակ օրգանիզմը։
Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ
Հ. Գ.- Վահե Շահվերդյանի հետ հարցազրույցը` «Իրավունքը de facto»-ի առաջիկա համարներից մեկում։

Դիտվել է՝ 5739

Մեկնաբանություններ